Tuesday, July 31, 2012

Լոնդոն-2012. Ֆուտբոլի մրցաշարի 2-րդ տուրի տեսություն

Իսպանացիների վաղաժամ հրաժեշտը, Գիգզի նոր նվաճումը, ռեժիսորների վրիպակը Բրազիլիա-Բելառուս խաղում, մեքսիկացի Ֆաբիանի աղոթքը և շատ ու շատ ավելին Լոնդոնից` օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի 2-րդ տուրի մեր տեսությունում:
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը, արդեն խմբային փուլի 2-րդ տուրում, տվեց մի քանի կարևոր հարցերի պատասխաններ, միաժամանակ առաջադրելով նոր հարցեր: Գլխավոր պատասխաններից մեկը բացասական էր. Իսպանիան հերթական մրցաշարում հաղթող չի դառնա: Մյուս, թեկուզ անվստահ պատասխանը այն էր, որ` այո, Մեծ Բրիտանիայի հավաքականը որպես ֆուտբոլային թիմ ամեն դեպքում իրավունք ունի գոյություն ունենալ: Իսկ առաջացած հարցերից մեկն այն է, թե կհաջողվի՞ արդյոք Ուրուգվայի հավաքականին դուրս գալ խմբից: Բրազիլիայի հավաքականն էլ աչքի է ընկնում իր «կայուն զորությամբ» և հավանաբար բոլոր հարցերին պատասխանի իր տարբերակը կառաջարկի միայն  օգոստոսի 11-ին` եզրափակիչում:

Ռայան Գիգզ
Գիգզը տոնում է ռեկորդային գոլը
А խումբ
Մեծ Բրիտանիա 3-1 ՄԱԷ
1-0` Գիգզ (16'), 1-1` Էիզա (60'), 2-1` Սինքլեյր (73'), 3-1 Ստարիջ (76'):
Հուլիսի 29-ին ֆուտբոլի մրցաշարը վերջապես հասավ օլիմպիական մայրաքաղաք Լոնդոն: Լեգենդար «Ուեմբլիում» հերթական անգամ հնչեց անգլիական թագուհուն նվիրված տողերով բրիտանական օրհներգը, իհարկե, առանց ուելսցի ֆուտբոլիստների ձայնարկման: Խաղը, ինչպես սպասվում էր, անցավ բրիտանացիների առավելությամբ, սակայն դա չէր խանգարում արաբ ֆուտբոլիստներին մերթընդմերթ վտանգավոր գրոհներ կազմակերպելու: Իսկ բրիտանացիները, ինչպես և առաջին խաղում, կարծես հույսերը դրել էին հենց «երգել չսիրող» ուելսցիների վրա, համենայնդեպս, առջևի գծում ամենաակտիվը հենց Բելամին էր, որի փոխանցումից հետո 38 տարեկան և 243 օրեկան Գիգզը գրավեց դարպասը և դարձավ օլիմպիական խաղերում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը: Ու հենց այդ 38 տարիների ընթացքում կուտակած փորձը ուելսցուն օգնեց հայտնվել ճիշտ պահին ճիշտ տեղում: Ավագի գոլից հետո խաղն առավել հանգստացավ և բրիտանացիները վստահորեն վերահսկում էին խաղը:
Սակայն երկրորդ կեսի 60-րդ րոպեին արաբների գրոհներից մեկն այնուամենայնիվ պսակվեց հաջողությամբ: Էիզան, ընթացքից ստանալով գնդակը, արագությամբ շրջանցեց բրիտանացիների երկու պաշտպաններին և գրավեց դարպասը: Այստեղ վերջապես գործին խառնվեց Սթյուարտ Պիրսը և դաշտ դուրս բերեց Սքոթ Սինքլեյրին: Վերջինս դաշտ մտնելուց մեկ րոպե անց արդեն տոնում էր իր գոլը: Երեք րոպե անց աշխատեց նաև Պիրսի մյուս փոփոխությունը. գոլի հեղինակ դարձավ երկրորդ կեսում դաշտ դուրս եկած Դանիել Ստարիջը: Մեծ Բրիտանիայի հավաքականը կարողացավ ոչ միայն արագորեն դուրս գալ անցանկալի իրավիճակից և հաղթանակ տոնել, այլև դրսևորեց իրեն որպես միանգամայն կառավարելի ֆուտբոլային կոլեկտիվ, աշխատող մեքենա, որը դեռ աճելու է մրցաշարի ընթացքում` հիշեցնելով նաև տանտիրոջ իր կարգավիճակի մասին:
Սենեգալ 2-0 Ուրուգվայ
1-0` Կոնատե (9'), 2-0` Կոնատե (37')
Սենեգալի հավաքականը լուրջ հայտ ներկայացրեց` խմբից դուրս գալու առաջին տեղով: Ուրուգվայի հետ խաղում աֆրիկացիները դաշտ դուրս եկան տանտերերի դեմ ոչ-ոքիից կուտակած մեծ ինքնավստահությամբ, և արդեն 9-րդ րոպեին Կոնատեն բացեց խաղի հաշիվը: Շրջադարձային կարող էր լինել խաղի 30-րդ րոպեն, երբ սենեգալցի ֆուտբոլիստ Աբդուլայե Բան լքեց խաղադաշտը կարմիր քարտը իր գլխավերևում տեսնելուց հետո: Մինչ ուրուգվայցիները փորձում էին հասկանալ, թե ինչպես են օգտագործելու ստացված թվային առավելությունը, սենեգալցիները երկրորդ գնդակը ուղարկեցին նրանց դարպասը: Գոլի հեղինակ դարձավ նույն Կոնատեն և 3 գոլերով առայժմ մրցաշարի լավագույն ռմբարկուներից մեկն է: Խաղի հետագա ընթացքը ոչինչ չտվեց, և ուրուգվայցիների աստղային հարձակումը այդպես էլ չկարողացավ գնդակը հասցնել աֆրիկյան թիմի դարպասը: Արդյունքում` Սենեգալը երկու խաղից հետո ունի 4 միավոր և մնացած միակ հանդիպում համեմատաբար թույլ ՄԱԷ-ի հետ, իսկ ուրուգվայցիները քառորդ եզրափակիչի ուղեգիր կարող են խլել միայն տանտերերի ձեռքից` այն էլ միայն հաղթանակի դեպքում: 

Դոս Սանթոսը անվրեպ է իրացնում 11 մետրանոցը
B խումբ
Մեքսիկա 2-0 Գաբոն
1-0` Դոս Սանթոս (62'), 2-0` Դոս Սանթոս (91', 11մ)
Խաղը սկսվեց մեքսիկացի հարձակվող Մարկ Ֆաբիանի աղոթքով` դաշտի կենտրոնից: Հավանաբար նա աղոթում էր իր խաղընկեր Ջիովաննի դոս Սանթոսի համար, քանի որ վերջինս դուրս եկավ փոխարինման և հեղինակեց մեքսիկացիները երկու գոլերը: Դա թույլ տվեց մեքսիկացիներին խմբից դուրս գալու համար ընդամենը պայքարել շվեյցարացիներին չպարտվելու համար:
Հարավային Կորեա 2-1 Շվեյցարիա
1-0` Պակ Չու Յուն (57'), 1-1` Էմեգարա (59'), 2-1` Կիմ (64')
Երկու թիմերն էլ առաջին տուրում ոչ-ոքիներից հետո խաղադաշտ էին դուրս եկել իրենց առաջին հաղթանակը տոնելու վճռականությամբ: Երկրորդ կեսի 57-59-րդ րոպեներին թիմերը փոխանակվեցին երկու իրար նման գոլերով` խփված գլխի հարվածներով: Իսկ դրանից մի քանի րոպե հետո Կիմը վերջապես հաստատեց իր թիմի առավելությունը` ինչպես այս խաղում, այնպես էլ քառորդ եզրափակիչների ուղեգիրների համար պայքարում: Կորեացիներին մնում է ընդամենը ոչ-ոքի խաղալ գաբոնցիների հետ:

Նեյմարը և Պատոն` բրազիլացիների առաջին գոլից հետո
C խումբ
Բրազիլիա 3-1 Բելառուս
0-1` Բրեսան (8'), 1-1` Պատո (15'), 2-1` Նեյմար (65'), 3-1` Օսկար (90')
Բրազիլացիները ինչպես ողջ մրցաշարում, այնպես էլ այս խաղում, համարվում էին ֆավորիտներ, և դրա հետ ոչ ոք չի վիճում: Այս պարագայում խաղի 8-րդ րոպեին բելառուս ֆուտբոլիստ Բրեսանի խփած գնդակը զարմացրեց բոլորին, այդ թվում հեռուստահեռարձակման ռեժիսորներին, ովքեր բելառուսների գոլից հետո գնդակը սխալմամբ գրանցեցին Բրազիլիայի դիմաց: Կազմակերպիչներին իրենց սխալն ուղղելու համար պահանջվեց 1 րոպե, իսկ բրազիլացիներին` իրենց սխալն ուղղելու համար` 7 րոպե: Նեյմարի հստակ փոխանցումից օգտվեց Պատոն և հավասարեցրեց հաշիվը: Խաղը շարունակվեց տրամաբանական զարգացումներով, և բրազիլացիները հաջողությամբ իրացրեցին իրենց առավելությունը խաղի ընթացքում` վերահաստատելով իրենց հավականությունները ոսկե մեդալի համար պայքարում:
Եգիպտոս 1-1 Նոր Զելանդիա
0-1` Վուդ (17'), 1-1` Սալահ (40')
Նորզելանդացիները դարպասին կատարած իրենց միակ հարվածով 17-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Եգիպտոսը չշտապեց խուճապի մատնվել և աստիճանաբար տիրելով խաղային առավելությանը` առաջին կեսի վերջում հավասարեցրեց հաշիվը: Եգիպտացիներին թվում էր, որ նույն առավելության հաշվին նրանք նույն կերպ շատ հանգիստ հաղթանակ են տոնելու, սակայն երկրորդ գոլը անընդհատ ուշանում էր ողջ երկրորդ կեսի ընթացքում: Այն այդպես էլ տեղի չունեցավ, փոխարենը նորզելանդացիները խաղի վերջնամասում կարող էին հաղթանակ տոնել մի քանի վտանգավոր հակագրոհների արդյունքում: Խաղն այսպես էլ ավարտվեց, և եգիպտացիները բարդացրեցին հաջորդ փուլ դուրս գալու իրենց հնարավորությունը:

Հոնդուրասցի Բենգստոնը տոնում է իսպանացիների դարպասն ուղարկած գնդակը
D խումբ
Իսպանիա 0-1 Հոնդուրաս
0-1` Բենգստոն (7')
Երկրորդ տուրի գլխավոր սենսացիան տեղի ունեցավ «Սենթ Ջեյմս Պարկում»: Այստեղ Հոնդուրասի հավաքականը պայքարից դուրս թողեց իսպանացիներին: Ունենալով երեք Եվրոպայի չեմպիոններ իրենց կազմում, ինչպես նաև ներկայումս աշխարհում ամենաարդյունավետ մարտավարական սխեման, իսպանացիները խաղի սկզբում ընդունած գոլից հետո այդպես էլ չկարողացան արժանի պատասխան տալ մրցակցին: 0 միավոր և 0 խփած գնդակ երկու խաղում`այս ցուցանիշների կողքին իրոք անսովոր է տեսնել իսպանական դրոշը: Առաջին խաղից հետո մեղավորներ կամ պատճառներ գտնել մի կերպ ստացվեց, իսկ հիմա արդեն Լուիս Միլլային ոչ ոք լսել չի ուզում: Իսկ հոնդուրասցիները, հավանաբար, ճապոնացիների հետ կանցնեն հաջորդ փուլ: 
Ճապոնիա 1-0 Մարոկկո
1-0` Նագայի (84')
Ճապոնացիները լարված ու անհետաքրքիր խաղի վերջնամասում, այնուամենայնիվ, կարողացան խփել խաղի միակ գնդակը և ապահովել քառորդ եզրափակիչի ուղեգիրը:

Սենեգալ-Ուրուգվայ խաղից հատված
Ինչևէ, իսպանացիների բացակայությամբ ավելի ու ավելի ակնհայտ է թվում Բրազիլիայի հավաքականի առավելությունը մրցաշարում: Իսկ որպես բրազիլացիների հնարավոր մրցակիցներ` պետք է Մեծ Բրիտանիային ավելացնել ևս մի քանի թիմեր, ինչպիսիք կարող են լինել Սենեգալը, Հարավային Կորեան, Մեքսիկան, Ճապոնիան: Ավելի հստակ պատկեր կստանանք օգոստոսի 1-ին, երբ խմբային փուլը կավարտվի: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons