Sunday, July 22, 2012

Արսեն Վենգերը բացում է ֆուտբոլային սկաուտինգի գաղտնիքները

Հայկական ֆուտբոլի նկատմամբ ուշադրությունը վերջին տարիներին աճում է, մոտեցումները դառնում են ավելի պրոֆեսիոնալ, սակայն առանձնացնենք մի  կարևոր ոլորտ, որտեղ տեղաշարժեր դեռ չկան, բայց որը կարող է լուրջ հաջողությունների գրավականը դառնալ. խոսքը սկաուտինգի մասին է: «Գոլիզեում» բլոգը ձեզ է ներկայացնում ֆուտբոլային սկաուտինգի ոլորտում ամենահայտնի մասնագետներից մեկի` Արսեն Վենգերի հարցազրույցը, որտեղ նա բացում է մի շարք մասնագիտական գաղտնիքներ.


-«Արսենալում» ձեր աշխատանքի տարիներին այս ակումբը հայտնի դարձավ տաղանդավոր կատարողներ գտնելու իր ունակությամբ: Կա՞ ինչ-որ հոտառություն կամ ինտուիցիա խաղացողի փնտրման ընթացքում: Եվ առկա՞ է այն Ձեր մոտ:

-Այո, այդպիսի բան իրոք առկա է: Որոշ մարդկանց մոտ այդ զգացողությունն ավելի ուժեղ է, քան մյուսների մոտ, նրանք ղեկավարվում են որոշակի առաջնահերթություններով: Իմ կողմից հավակնոտ կհնչի ասելը, որ ես այս մարդկանց շարքին եմ դասվում, բայց ես այդ ուղղությամբ աշխատել եմ շատ վաղուց: Ես ձեռք եմ բերել շատ երիտասարդ խաղացողների, բայց ես միաժամանակ իմ մեծ երախտապարտությունն եմ հայտնում սկաուտներին և մարզիչներին այդ գործում օգնության համար: Երբ ես հավատում եմ խաղացողին, նրան հնարավորություն եմ տալիս:

-Ո՞րն է այն նվազագույն տարիքը, որի դեպքում դուք կարող եք որոշել խաղացողի ներուժը: Եղե՞լ է դեպքեր, որ դուք նայեք խաղացողին և ամեն ինչ ակնթարթորեն հասկանաք:

-12 տարեկանում կարելի է որոշել խաղացողի տեխնիկական ցուցանիշները, կխաղա՞ նա արդյոք, թե ոչ: 14-16 տարեկան հատվածում պարզ է դառնում, թե արդյո՞ք խաղացողը կհասցնի ֆիզիկական առումով, կկարողանա՞ նա բավարարել պրոֆեսիոնալ ֆուտբոլի պահանջները: 16-18 տարեկանում որոշվում է` արդյո՞ք խաղացողը գիտի ինչպես աշխատել մյուս կատարողների հետ: 20 տարեկանում առաջին պլան են դուրս գալիս հոգեբանական բնութագիրները: Ինչպե՞ս է նա պատրաստվում խաղերին: Ինչպե՞ս է նա հաղթահարում կյանքի գայթակղությունները, պատրա՞ստ է դրանք զոհաբերել: Պետք է պատրաստ լինել սեփական աշխատանքի կատարմանը: Եթե քեզ շանս են տալիս, դու պետք է դրանից օգտվես:

-Ինչքա՞ն ժամանակ է Ձեզ անհրաժեշտ, որպեսզի հասկանաք` կարո՞ղ է արդյոք տվյալ խաղացողը լիարժեք կարիերա անել:

-Առաջին տպավորությունը հանդիսանում է որոշիչ, դրա համար պետք է մոտ 20 րոպե: Իհարկե, այդ ցուցանիշը կարող է փոփոխվել, քանի որ կան ակնհայտ տաղանդավոր խաղացողներ: Կան նաև առաջին հայացքից առավել համեստ կատարողներ, նրանց պետք է տալ մոտ կես տարի, որպեսզի պարզ դառնա` իրո՞ք նրանք ինչ-որ բան արժեն: Լիոնել Մեսսիի համար 13 տարեկան հասակում կպահանջվեր ընդամենը մեկ րոպե: Ես դիտել եմ նրա գործողությունների տեսագրությունը, երբ նա տասներեք է: Նա ստանում է գնդակը, շրջանցում է բոլորին և գրավում է դարպասը: Նա տաղանդ ունի: Որոշների մոտ դա ընդհանրապես չկա, իսկ մեծ մասի մոտ այն ուղղակի քիչ ակնհայտ է:

-Ինչքա՞ն հաճախ է Ձեզ պատահել դիտելու խաղացողի, ով չի կարողանում հաղթահարել պրոֆեսիոնալ միջավայրում առկա ճնշումը:

-Այո, ես շատերին եմ տեսել, ովքեր չեն դիմանում դրան: Երբեմն խանգարում է առողջական վիճակը, իսկ դա շատ կարևոր է: Լավ երիտասարդ խաղացողը կարող է ունենալ ուղղակի վատ գեներ, որի պատճառով էլ ծնկերի կամ սրունքների վատ վիճակը կարող է խաչ քաշել կարիերայի վրա հենց դրա սկզբից: Առողջությունը շատ կարևոր է: Խաղացողները պետք է վաղ արթնանան, չունենան հիվանդագին զգացողություններ, և ամբողջովին ներդնեն իրենց մարզումներին: Այս ամենը տրամաբանական է հնչում, սակայն այսպիսի երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ:

-Հաշվի առնելով Ձեր փորձը, ինչքա՞ն ավելի քիչ հավանական է դարձել իրավիճակը, որի դեպքում պոտենցիալ բարձրակարգ խաղացողը սխալմամբ չի հայտնվում Ձեր թիմում:

-Անկեղծ ասած, նման հավանականությունը բավականին նվազել է սկաուտինգի համակարգի և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ: Երբ ես երիտասարդ էի, ես ընդամենը գյուղից դուրս եկած մի տղա էի, և չկար ինչ-որ արժեքավոր բան գտնելու հնարավորություն: Իսկ հիմա, եթե դու քեզ դրսևորում ես ինչ-որ տեղ Անգլիայում, դու ունես հնարավորություն: Ես խաղացողներ եմ փնտրում 40 տարիների ընթացքում, քանի որ ես սկսել եմ դրանով զբաղվել շատ վաղ, բայց  նույնիսկ հիմա ես երբեմն սխալներ եմ թույլ տալիս: Ամեն ինչ կախված է կարծիքներից, նույնիսկ թոփ-մակարդակում, դրա համար էլ ես իմ որոշ սաների ասում եմ, որ նրանք չթողնեն իրենց երազանքները:

-Տեխնիկական առաջընթացի և հաղորդակցման հնարավորությունների շնորհիվ, կարելի՞ է ասել, որ հիմա բոլոր երիտասարդ խաղացողները ուսուցանվում են մի համակարգով: Անգլիայում ամեն ինչ նույն կե՞րպ է, թե՞ նախկինի նման կան մշակութային տարբերություններ:

-Ոչ, նախապատրաստության մակարդակները մշտապես փոփոխվում են, նոր մեթոդները միշտ ներդրվում են: Անձամբ ես գտնում եմ, որ երիտասարդ խաղացողների մակարդակը մշտապես աճում է: Ես հանդիպեցի իմ առաջին մարզչին, երբ ես արդեն տասնինը տարեկան էի: Այսօր մարզվող թիմի խաղացողը կարող է լինել հինգ տարեկան, դրա համար էլ նա պատրաստվում է շատ ավելի վաղ հասակից:

-2007 թվականին դուք ասացիք, որ Անգլիայում արդեն ներդրվում են անհրաժեշտ փոփոխությունները երիտասարդ ֆուտբոլիստների նախապատրաստական գործընթացում, և որ ապագայում ավելի տաղանդավոր խաղացողներ կարող են լինել հենց անգլիացիները: Դուք հիմա պաշտպանու՞մ եք այդ տեսակետը:

-Այո: Վերջերս ես ասում էի մեր մարզիչներին, որ առաջին անգամ այս ակումբում աշխատելու տարիների ընթացքում ես տեսնում եմ այսքան լավ երիտասարդ անգլիացիների: Ինձ հաճախ մեղադրում են այն բանի համար, որ ես գնում եմ խաղացողների հիմնականում արտասահմանից, բայց դա այդպես չէ:

-Կարելի՞ է արդյոք համեմատել երիտասարդ բրիտանացիներին մայրցամաքի խաղացողների հետ:

-Տաս տարի առաջ նրանք ավելի թույլ էին, բայց հիմա նրանք արդեն նույն մակարդակի վրա են: Նրանց հանդեպ մոտեցումը այնքան էլ ճիշտ չէր, պակասում էր ընդհանուր տեխնիկական վարպետությունը, սակայն դա արդեն անցյալում է: Դրա մասին են խոսում նաև Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականների ելույթների արդյունքները. իրավիճակը բարելավվել է: Հիմնվելով դպրոցական համակարգի վրա` վերացվել էր սպորտի մրցակցային բնույթը, բայց հիմա պրոֆեսիոնալ ակումբները իրենց հսկողության տակ են առել դպրոցականների մարզման գործընթացը, և դա տալիս է իր պտուղները:

-Բոլոր այն խաղացողներից, որոնց հետ Ձեզ բախտ է վիճակվել աշխատել, ումո՞վ եք առավել շատ հպարտանում:

-Ես հրաժարվում են անուններ տալ, քանի որ չեմ ցանկանում նեղացնել մյուսներին: Որոշները   դրսևորել են իրենց առավել լավ, չնայած որ եղել են ավելի քիչ տաղանդավոր: Անհավատալի զգացողություն է առաջանում, երբ հիշում ես քեզ Լիլիան Թյուրամի կողքին իր կարիերայի սկզբին, որի ընթացքում նա անցկացրեց 142 հանդիպում Ֆրանսիայի ազգային հավաքականում: Նա ամենատաղանդավորը չէր, բայց իր ջանքերը ցնցող էին. ես հպարտ եմ այն բանի համար, որ մասնակցություն եմ ունեցել իր զարգացման գործին: Մարդիկ միշտ ունակ են զարմացնել, հենց դրանում է կայանում հուզիչ պահը: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons