Wednesday, July 3, 2013

«Շիրակ» 3-0 «Տրե Պենե». Թե ինչպես «Շիրակը» տանջեց գյումրեցիներին

Եվրոպական մրցաշրջանը սկսվեց Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Շիրակ» - «Տրե Պենե» հանդիպումով, և սկսվեց այն Գյումրիում: Հայաստանի չեմպիոնը ստիպված էր ընդունել կարգով ցածր մի թիմի, որը չեմպիոն էր ընդամենը Սան Մարինոյի սիրողական լիգայում: 


Դժվար էր գլխի չընկնել, որ մրցակիցը շատ թույլ է լինելու: Հենց դա էր երևի պատճառը, որ թեև «Շիրակը» երկար ընդմիջումից հետո վերադարձել էր Չեմպիոնների լիգա, գյումրեցիները այնքան էլ եռանդով չէին լցրել տրիբունաները, և ի տարբերություն անցյալ տարվա Եվրոպա լիգայի խաղերի, դատարկ նստատեղեր կային: Մրցակցին թերագնահատելու տենդը, ինչպես հետագայում պարզվեց, վարակել էր նաև ֆուտբոլիստներին: Ամեն դեպքում, պարզ էր, որ անհրաժեշտ էր վստահ հաղթանակ, որը ոչ միայն կոգևորի բոլորին հաջորդ փուլի «Պարտիզանի» հետ խաղին ընդառաջ, այլև ևս մեկ անգամ կապացուցի, որ հայկական ակումբները իզուր են սկսում Չեմպիոնների լիգան որակավորման առաջին փուլից:


Ֆուտբոլային առումով հետաքրքիր էր տեսնել «Շիրակի» մարզավիճակը և նոր խաղային լուծումները մրցաշրջանի ավարտից հետո: Լի Յորոյի և Պաչաջյանի հեռանալուց հետո որոշակի վերադասավորումների կարիք կար առջևի գծում, որի փորձերը մենք տեսանք այս խաղում: Թիմի նախկին սուր եզրային խաղը այնքան էլ չէր նկատվում, այլ եզրային անցումները առավել շատ միտված էին կենտրոն փոխանցումներ կատարելու: Փաստորեն նախկին 4-3-3-ը փոփոխվել էր առավել համեստ 4-4-2-ի: Պաշտպանության կենտրոնում Կադիո Բորիսն ու Գևորգ Հովհաննիսյանն էին, աջ եզրում` Սամուել Կյերեն, ձախում` Աղվան Դավոյանը: Կիսապաշտպանության կենտրոնում գործում էին  ավագի պարտականությունները ստանձնած Կարեն Ալեքսանյանը և Կարեն Մուրադյանը: Աջից խաղում էր Ջորջ Օդիամբոն, ձախից Դավիթ Հակոբյանը, իսկ առջևի գծում Դամե Դիոպն ու Ֆոֆանա Բեկոն էին: Հիմնական կազմի խաղացողներից բացակայում էին որակազրկված Անդրանիկ Բարիկյանը, դեռ լավ չվերականգնված ավագ Տիգրան Դավթյանը և վիրահատություն տարած Արմեն Տիգրանյանը:
Խաղի մեկնարկային մի քանի րոպեներից միանգամայն պարզ էր, որ խաղալու է հիմնականում «Շիրակը»: Գյումրեցիները առաջին րոպեներին գործում էին ոչ այնքան սուր, սակայն թե նրանք, թե երկրպագուները սպասում էին արագ գոլի: 11-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը վաստակեց 11 մետրանոց, որը սակայն չկարողացավ իրացնել Դամե Դիոպը: «Շիրակի» խաղում սկսվեց լճացում: Ֆուտբոլիստները հիմնականում տիրում էին գնդակին և թույլ չէին տալիս մրցակցին նույնիսկ գրոհի փորձ կատարել, սակայն գնդակի խաղարկումը ոչ մի լուրջ արդյունքի չէր հանգեցնում: Շիրակցիները մեկ փորձում էին եզրային անցումներ անել, մեկ խաղարկել արագ կոմբինացիաներ կենտրոնում, սակայն լուրջ գոլային պահեր չէին ստեղծվում: «Շիրակի» գործողություններում նկատվում էր խաղարկվածության պակաս, ինչպես նաև հարձակման գործող մոդելների բացակայություն: Բնական էր, որ մրցակիցը կենտրոնանալու է պաշտպանությունում, սակայն այդ րոպեներին «Շիրակը» կարծես թե հակակշիռ չուներ առաջադրելու: Երբեմն կատարվում էին եզրային անցումներ, որոնցից հետո փոխանցումներին հարձակվողների արձագանքը չէր հետևում կամ ուշանում էր: Ձախից գրոհներին ակտիվորեն միանում էր Աղվան Դավոյանը` հաջող խաղարկելով գնդակը Դավիթ Հակոբյանի հետ: Վերջինս նույնպես երբեմն ակտիվություն էր դրսևորում, սակայն վերջնական հարվածի կամ փոխանցման հարցում թերանում էր: Գնդակի տեղաշարժի առումով կային լուրջ դժվարություններ, և այս պարագայում հատկապես մեծ ծավալի աշխատանք կատարեց Կարեն Մուրադյանը: Կենտրոնում Կարեն Ալեքսանյանը ավելի շատ կատարում էր հենակետային կիսապաշտպանի պարտականություններ, իսկ Կարեն Մուրադյանը միտված էր հիմնականում կառուցողական գործողությունների: Շատ էին անկյունայինները, սակայն միևնույն է, արդյունքը չկար: Միաժամանակ, պետք է նշել, որ գյումրեցիները վճռական քայլերի չէին գնում, խաղում էին իներտ ու անշտապ: Այս ամենը ստիպեց նյարդայնանալ թե մարզիչ Վարդան Բիչախչյանին, թե գյումրեցի երկրպագուներին: 
Փաստենք նաև, որ խաղի այս պատկերը բնորոշ էր հանդիպման գրեթե ողջ ընթացքին:


Առաջին գոլը գրանցվեց ընդամենը 36-րդ րոպեին, երբ Ֆոֆանա Բեկոն վերջապես կարողացավ ներխուժել տուգանային և գրավել դարպասը: Երկրորդ կեսում Բեկոն կարողացավ ևս երկու գնդակ խփել: Մի դեպքում հաջող ստացվեց Դիոպի հետ համագործակցությունը, մյուս դեպքում էլ Աղվան Դավոյանի փոխանցումը խուճապ առաջացրեց «Տրե Պենեի» պաշտպանությունում, որից օգտվեց աֆրիկացին: 
Մրցակցի միակ գրոհը արձանագրվեց 82-րդ րոպեին, սակայն հարկ է նշել, որ այն գրեթե գոլային էր, և «Շիրակի» բախտը այդ դրվագում բերեց: 
Վարդան Բիչախչյանը երկրորդ կեսում խաղալու հնարավորություն տվեց նաև երկու նոր ֆուտբոլիստների` աջ պաշտպան Դավիթ Մարիկյանին և ձախ կիսապաշտպան Էդուարդ Փանոսյանին: Երկու ֆուտբոլիստներն էլ վատ չդրսևորեցին իրենց դաշտում անցկացրած րոպեների ընթացքում: Խաղն ավարտվեց 3-0 հաշվով` գործնականում ապահովելով «Շիրակի» ելքը հաջորդ փուլ, սակայն թողնելով ոչ վառ տպավորություններ և հաջորդ մրցակցի դեմ խաղի տխուր հեռանկարներ գյումրեցի երկրպագուների մոտ: Իսկ մրցակից թիմի մասին բազմաթիվ գյումրեցիների համեմատությունը Թաիթիի հավաքականի հետ գործնականում չհաստատվեց:
Ինչպես և երկրպագուները, մարզիչ Վարդան Բիչախչյանը ևս դժգոհ էր թիմի խաղից: Ըստ մարզչի թիմը բավականաչափ ագրեսիվ չէր գործում և թերագնահատել էր մրցակցին, ինչը անթույլատրելի է նման մակարդակի խաղերում: «Տրե Պենեի» մարզիչն էլ հույս հայտնեց, որ իր թիմը սեփական հարկի տակ գոնե կպահպանի 0-0 հաշիվը:




Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons