Tuesday, July 17, 2012

«Լա Ռոխայի» ապագա աստղերը

Էստոնիայում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը: Իսպանիայի հավաքականը ոչ մի անակնկալի հնարավորություն չթողեց և 6-րդ անգամ իր պատմության մեջ նվաճեց տվյալ տարիքային խմբում Եվրոպայում լավագույնի տիտղոսը:
Այն, որ նրանք ֆավորիտներ էին, ակնհայտ էր, իսկ ավագ ընկերների հաղթանակն էլ լրացուցիչ ոգևորություն և պարտավորության զգացում հաղորդեց պատանի իսպանացիներին: Հերթական տիտղոսը կարող է բերել իր հետևից ևս մեկը օլիմպիական խաղերում, ամեն դեպքում իսպանացիները դժվար առանց ջանքերի բաց թողնեն շղթայի հերթական օղակը: Իսկ որ այս կազմը ապագայում լրջորեն կպայքարի ոչ միայն օլիմպիական մեդալների, այլ առավել հեղինակավոր տիտղոսների համար, դա կասկածի տակ չի առնվում:

«Լա Ռոխիտան» /այսպես են անվանում իսպանացիները իրենց պատանեկան հավաքականներին/, նույն այն հավաքականը, որի հետ մայիսի վերջին մրցեց նաև մեր  պատանեկան հավաքականը և պարտվեց, բավականին վստահ անցկացրեց մրցաշարը: Ավելի շուտ ձեռագիրը գրեթե նույնն է, ինչ մեզ ավելի ծանոթ ազգային հավաքականի դեպքում: Իսպանացիները առաջնության 5 խաղերից հաղթել են 3-ում, երկուսը` ոչ-ոքի ավարտել` մի դեպքում առավելության հասնելով 11 մետրանոցներով: Եզրափակիչում իսպանացիները բազում փորձերից հետո կարողացան գտնել հույների դարպասը տանող ճանապարհը: Առավել ուշադրության արժանի են պատանի իսպանացիների անհատական ցուցանիշները: Չեմպիոնների առաջատար հարձակվող Խեսե Ռոդրիգեսը ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու` 5 գոլերով: Գոլային փոխանցումների թվով էլ առաջատարները իսպանացիներն էին` Պակո Ալկասերը և Ժերար Դելոֆեն` 3-ական գոլային  փոխանցումներով: Ուսումնասիրենք Եվրոպայի նորաթուխ չեմպիոնների նորաթուխ ֆուտբոլիստներին` միաժամանակ փորձելով տարիներ առաջ ճանաչել ապագա աստղերին:


Դարպասապահ` Կեպա Առիսաբալագա:

Իսպանացիների 17-ամյա դարպասապահը Բիլբաոյի «Ատլետիկի» կանտերանո է: Բասկ պատանին մինչ այս Մ-18 հավաքականի կազմում մասնակցել էր «Կոպա Ատլանտիկո» մրցաշարին, որից հետո պարբերաբար հրավիրվել է պատանեկան հավաքական: Լա Լիգայի 2011-12 մրցաշրջանի վերջին խաղում Կեպան Մարսելո Բիելսայի կողմից հրավիրվել է նաև «Ատլետիկի» առաջին թիմ, սակայն հետևել է խաղին պահեստայինների նստարանից: Առիսաբալագայի համար այս մրցաշարը հիանալի հնարավորություն էր աչքի ընկնելու համար, և նա օգտվեց այդ հնարավորությունից: Կեպան կիսաեզրափակիչում հետ մղեց ֆրանսիացիների երկու 11 մետրանոցները և լուծեց եզրափակիչ դուրս գալու հարցը: Պատանի դարպասապահին կարող եք նաև հետևել թվիթերում :




Ալեխանդրո Գրիմալդո, պաշտպան
Ալեխանդրո Գրիմալդոն ամենափոքրն էր «Լա Ռոխիտայի» կազմում` 16 տարեկան: Ձախ պաշտպանը 13 տարեկանից ընդգրկվել է «Բարսելոնայի» ակադեմիայում, իսկ 2011թ. սեպտեմբերի 4-ին իր առաջին խաղն է անցկացրել «Բարսելոնա-Բ»-ի կազմում: Այդ պահին նա 15 տարեկան 349 օրեկան էր, և դարձավ Սեկունդայի ողջ պատմության մեջ դաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը: Գրիմալդոն շատ դինամիկ խաղացող է, և կատալոնյան մարզիչները նրան դիտարկում են որպես ապագա ձախլիկ Դանի Ալվեշ: Գրիմալդոն հանդես է եկել Իսպանիայի Մ-16 և Մ-17 տարեկանների հավաքականներում, իսկ Էստոնիայում տաղանդավոր պաշտպանը հաղթական թիմի անբաժան մասնիկներից մեկն էր: Գրիմալդոյի հետ նույնպես կարող եք կապ հաստատել` ֆեյսբուքում և թվիթերում:

Խոնաս Ռամալյո, պաշտպան
Խոնաս Ռոմալյոն` 19-ամյա աջ պաշտպանը, միաժամանակ Իսպանիայի և Անգոլայի քաղաքացիություն ունի: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նա Բիլբաոյի «Ատլետիկի» 100-ամյա պատմության մեջ առաջին սևամորթ, այսինքն նաև ոչ բասկ խաղացողն է: Ռոմալյոն հաջողությամբ հանդես է գալիս «Ատլետիկ-Բ»-ում, իսկ մեկ անգամ էլ մասնակցել է Լա Լիգայում «Սևիլիայի» դեմ խաղին, իհարկե, ընդամենը 5 րոպե: Աջ պաշտպանը նվաճեց Մ-19 Եվրոպայի առաջնության իր երկրորդ տիտղոսը, քանի որ անցած տարի նա նույնպես չեմպիոնական կազմի անդամ էր: Նրա փորձն ու անհերքելի տաղանդը կարևոր դեր խաղացին իսպանացիների հաջողություններում: Ահա և թվիթերը:





Դենիս Սուարես, կիսապաշտպան
18-ամյա Դենիս Սուարեսը արդեն 1 տարի համարվում է «Մանչեսթր Սիթիի» խաղացող: Նախքան Անգլիա մեկնելը` երիտասարդ կիսապաշտպանը խաղում էր Վիգոյի «Սելտայում»: Անգլիայում Սուարեսը 2012-ին երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվեց Սիթիի լավագույն երիտասարդ խաղացող: Այստեղ նրան տեսնում են որպես Դավիդ Սիլվայի փոխարինող: Դենիսը խաղում է կիսապաշտպանությունում և կատարում է կազմակերպչի դեր, լավ է տեսնում խաղադաշտը, ճշգրիտ է կարճ փոխանցումներում, կարողանում է տեմպ հաղորդել խաղին: Կիսապաշտպանը խաղացել է տարբեր մակարդակների պատանեկան հավաքականներում, Էստոնիայում էլ կարևոր դեր խաղաց հաղթանակի կերտման գործում: Այս մրցաշրջանում Սուարեսը կարող է վարձավճարով հանդես գալ հոլանդական «Ֆեյենորդում», սակայն արդեն իսկ պարզ է, որ երկու-երեք տարի անց Սուարեսը կդառնա քաղաքաբնակների գլխավոր աստղերից մեկը: Դենիսը` թվիթերում:

Ժերար Դելոֆե, հարձակվող
«Բարսելոնա-Բ»-ի երիտասարդ հարձակվողը այս մրցաշարում աչքի ընկավ 2 գոլերով և 3 գոլային փոխանցումներով: Չնայած փոքր տարիքին, նրան հասցրել են բազում անգամներ անվանել ապագա Մեսսի կամ Ռոնալդինյո: Ունենալով մշտական տեղ «Բարսելոնա-Բ»-ում, Դելոֆեն հասցրել է նաև փոխարինման դուրս գալ մի քանի խաղերում կատալոնյան հիմնական թիմի կազմում: Երիտասարդը հատկապես տաղանդավոր է իր բազմազան խաբքերով և անցումներով, բացի այդ, նա հիանալի փոխանցումներ է կատարում: Դելոֆեն, իհարկե, խաղացել է տարբեր տարիքային հավաքականներում և ընդհանուր առմամբ խփել է 9 գնդակ: Կարծում եմ, շատ շուտով նրան կտեսնենք կատալոնյան հիմնական թիմի կազմում:



Խուանմի, հարձակվող
Խուանմին իսպանացիների երիտասարդ կազմի` արդեն քիչ թե շատ կայացած աստղերից է: Սկսելով «Մալագայի» ֆուտբոլային ակադեմիայում, Խուան Միգել Խիմենես Լոպեսը արդեն 16 տարեկանում դաշտ է դուրս եկել հիմնական թիմի կազմում 2010-ին և աչքի ընկել գոլով, որի շնորհիվ դարձել է «Մալագայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել պաշտոնական խաղերում: Խուանմին դրանից հետո մի քանի անգամ մասնակցել է հիմնական թիմի հանդիպումներին, սակայն 2011-ին «Մալագայի» հնչեղ ձեռքբերումները ստվերում թողեցին երիտասարդին: Խուանմին հսկայական փորձ ունի պատանեկան հավաքականների մակարդակով, և անցկացրած 21 խաղերում աչքի է ընկել 15 անգամ: Այդ փորձի շնորհիվ էլ նրան էր վստահվել ավագի թևկապը այս մրցաշարում: Խուանմին արդեն 19 տարեկան է, և մինչ այս բազմաթիվ հեղինակավոր ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել նրա հանդեպ: Եթե գալիք մրցաշրջանում «Մալագայում» նրան լուրջ առաջարկներ չներկայացնի, հավանաբար նա կփորձի գտնել մեկ այլ ակումբ:

Պակո Ալկասեր, հարձակվող
Պակո Ալկասերը «Վալենսիայի» ակադեմիայի տաղանդավոր սաներից մեկն է: 18-ամյա հարձակվողը խաղում է «Վալենսիայի» դուստր «Մեստալիա» թիմում, Սեկունդայում, որտեղ 2010-11-ին խփել էր 28, իսկ 2011-12-ին 11 գոլ: Երիտասարդը բախտ է ունեցել դաշտ դուրս գալու չղջիկների կազմում, և դարձել է գոլի հեղինակ «Ռոմայի» դեմ ընկերական խաղում: Ալկասերը հիանալի վիճակագրություն է թողել նաև պատանեկան հավաքականներում: 2010-ին Մ-17 Եվրոպայի առաջնությունում 5 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ 2011-ին Մ-19-ի ժամանակ` 3 գոլի հեղինակ, ընդ որում դրանցից երկուսը խփել է Չեխիայի դեմ եզրափակիչ խաղի ավելացրած ժամանակում և այդպիսով ապահովել թիմի հաղթանակը: Տաղանդավոր հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել բազմաթիվ թիմեր, այդ թվում` «Լիվերպուլը» և «Բարսելոնան»: Հիանալի խաղը այս մրցաշարում միանշանակ նոր առաջարկներ կբերի իր հետ 18-ամյա խաղացողի համար:

Խեսե Ռոդրիգես, հարձակվող
Մրցաշարի լավագույն ռմբարկուն Մադրիդի «Ռեալի» սան է: Հարձակվողը հանդես է գալիս «Կաստիլյայում», սակայն հասցրել է մի քանի անգամ դաշտ դուրս գալ նաև Արքայական ակումբի կազմում: Նա փոխարինման է դուրս եկել մի քանի ընկերական խաղերում, մեկական անգամ էլ մասնակցել է Արքայական գավաթի և Լա Լիգայի խաղերին: Նրան բնականաբար համեմատում են Ռոնալդուի հետ: Խեսեն փորձառու է նաև պատանեկան հավաքականների մակարդակով և մասնակցել է տարբեր մրցաշարերի սկսած 2010 թվականից: Էստոնիայում ցուցադրած բարձրակարգ խաղից հետո երիտասարդին մնում է հուսալ, որ այս մրցաշրջանում Ժոզե Մոուիրնյոն վերջապես կբացի առաջին թիմի դռները իր առջև:

Այս պատանիները երկրորդ տարին անընդմեջ լավագույնն են Եվրոպայում իրենց տարիքային խմբում: Կարո՞ղ են նրանք շարունակել «Լա Ռոխայի» փառահեղ պատմությունը, ահա գլխավոր հարցը որին փորձելու են դրական պատասխան գտնել այս ֆուտբոլիստները մի քանի տարի անց:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons