Wednesday, July 18, 2012

450 րոպե եվրագավաթներում առանց գոլի


Ուլիս, Չեմպիոնների լիգա
5 խաղ եվրագավաթներում և ոչ մեկում գոլի հեղինակ չդառնալ, դա, մեղմ ասած, չի խոսում թիմի բարձր կարգի մասին: Եվ ցավալի է, որ այդ թիմը Հայաստանի չեմպիոն "Ուլիս" ակումբն է: Մինչ այսօրվա խաղը "Ուլիսը" 2010-11 թվականների մրցաշրջանում խաղացել է Եվրոպա լիգա խաղարկությունում և հենց առաջին փուլում 2 խաղերի արդյունքում զիջել է "Շիրակի" այժմյան մրցակից Թել Ավիվի  "Բնեյ Եհուդա" ակումբին: Հիշեցնենք, որ երևանյան մրցավեճը ավարտվեց ոչ ոքի 0:0 հաշվով, իսկ մեկ շաբաթ անց էլ Թել Ավիվում "Ուլիսը" զիջեց 0:1 հաշվով: 2011-12 թվականներին էլ "Ուլիսը" նորից դուրս եկավ Եվրոպա լիգա խաղարկության առաջին փուլ և հանդիպեց Հունգարիան ներկայացնող "Ֆերենցֆարոշ" ակումբին: Մրցակցի հարկի տակ "Ուլիսը" զիջեց 0:3 հաշվով, իսկ սեփական հարկի տակ էլ "Ուլիսը" զիջեց 0:2 հաշվով: Իսկ ահա երբ 2011 թվականին էլ "Ուլիսը" հաղթեց Հայաստանի առաջնությունում, իրավունք վաստակեց խաղալու Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլի խաղերին: Եվ ահա 2012-13 թվականներին Չեմպիոնների լիգայում Հայաստանի չեմպիոն "Ուլիսի" մրցակիցը հայ ֆուտբոլասերներին քիչ թե շատ ծանոթ մրցակից Մոլդովայի չեմպիոն "Շերիֆ" ակումբն էր: Հիշեցնենք, որ 2006-07 թվականների Չեմպիոնների լիգայի 1-ին փուլում Տիրասպոլի  "Շերիֆի" մրցակիցը Երևանի մեկ այլ ակումբ "Փյունիկն" էր: Առաջին խաղն Երևանում ավարտվեց ոչ ոքի 0:0 հաշվով, իսկ պատասխան խաղում "Շերիֆը" կարողացավ առավելության հասնել "Փյունիկի" նկատմամբ` հաղթելով 2:0 հաշվով: Բայց պետք է նշենք, որ այն ժամանակվա "Շերիֆն" ավելի ուժեղ էր և հագեցած էր ավելի բարձրակարգ լեգեոներներով: Դե այն, որ "Շերիֆն" ավելի շատ փորձ ունի եվրագավաթներում խաղալու, իհարկե, այդտեղ ոչ ոք չի վիճում, սակայն դա չի նշանակում, որ պետք է դա մեզ դրոշակ ընդունենք և փաստենք, որ "Շերիֆն" անկասելի մրցակից է: Մինչխաղային մամուլի ասուլիսում "Շերիֆի" գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը առավել քան վստահ էր, որ իր թիմն անպայման անցնելու է "Ուլիսի" արգելքը, իսկ ահա "Ուլիսի" գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն էլ ասեց, որ թիմերը խաղալու են հավասար 11 ֆուտբոլիստներով, ու 2 թիմերի հնարավորությունները գնահատեց հավասար: Խաղից առաջ "Ուլիսն" ուներ դարպասապահի դիրքի և կենտրոնական կիսապաշտպանի դիրքի ուժեղացման կարիք, այդ իսկ պատճառով թիմ հրավիրվեցին Հայաստանի հավաքականի թեկնածու 2 ֆուտբոլիստներ "Միկայից"` դարպասապահ` Գևորգ Կասպարովին, և կենտրոնական կիսապաշտպան Աղվան Մկրտչյանին: Սակայն մինչ հանդիպումը 2 ֆուտբոլիստներն էլ վնասվածք ստացան և չկարողացան օգնել "Ուլիսին": Սակայն, պետք է նշել, որ Էդուարդ Հովհաննիսյանը աչքի ընկավ դարպասապահի հուսալի խաղով, իսկ կենտրոնական կիսապաշտպանի դիրքն էլ փորձեց փակել թիմի ավագ Դավիթ Գրիգորյանը: Այժմ անդրադառնանք Երևանում կայացած հանդիպմանը:

Գնդակի համար պայքարում է Արտակ Գրիգորյանը
      Ժամը 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, հունգարացի մրցավար Տամաշ Բոգնարը ազդարարեց հանդիպման սկիզբը: "Ուլիսը" միանգամից անցավ գրոհների ու արդեն 2-րդ րոպեին իրավունք ստացավ տուգանային խաղարկելու: Իսկ ահա 7-րդ րոպեին էլ խառնաշփոթ իրավիճակ եղավ "Շերիֆի" տուգանային հրապարակում, բայց "Ուլիսը" չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսի 15 րոպեներից հետո խաղի թելը հետզհետե անցավ "Շերիֆի" ձեռքը: 22-րդ րոպեին, երբ կոպիտ կերպով սխալվեց "Ուլիսի" կենտրոնական պաշտպան Միխել Սիմոնյանը, գնդակն ուղղակի հրաշքով չհայտնվեց "Ուլիսի" դարպասում. օգնության հասավ դարպասաձողը: Իսկ ահա 30-րդ րոպեին էլ, ևս մեկ անգամ բախտը ժպտաց երևանցի ֆուտբոլիստներին, և նորից գնդակը չհայտնվեց "Ուլիսի" դարպասում: Սերգեյ Գեորգիևը, միայնակ մնալով դաևրպասապահի դեմ դիմաց, չկարողացավ գրավել Հովհանիսյանի պաշտպանած դարպասը: 35-րդ րոպեից հետո խաղը նորից թեքվեց "Ուլիսի" կողմը: Իսկ 41-րդ րոպեին էլ "Ուլիսն" ունեցավ այս խաղում իր միակ ռեալ հնարավորությունը աչքի ընկնելու, սակայն Շոթա Ջիկիան, խաբս տալով "Շերիֆի" 2 պաշտպանների, շատ վտանգավոր հարված կատարեց  սուր անկյունից դեպի վերևի ձախ անկյունը. գնդակը ցնցեց դարպասաձողը և չհայտնվեց "Շերիֆի" դարպասում: Առաջին խաղակեսում այդպես էլ հաշիվը չբացվեց: 2-րդ խաղակեսն սկսվեց "Շերիֆի" գրոհների նշանաբանով: Եվ ահա "Շերիֆի" ստանդարտների հիմնական իրականացնող Մարիան Մարիանովիչը 59-րդ րոպեին, երբ իրացրեց անկյունային հարված գնդակը նորից "Ուլիսի" ֆուտբոլիստներից դուրս եկավ անկյունային:  60-րդ րոպեին էլ "Շերիֆի" սերբ կիսապաշտպան Մարիանովիչի իրականացրած հերթական անկյունայինը խոցեց հայկական ֆուտբոլի "աքիլեսյան գարշապարը", և տուգանային հրապարակի խառնաշփոթ իրավիճակից օգտվեց Տիրասպոլը ներկայացնող ակումբի 21-ամյա մոլդովացի կիսապաշտպան Սերգեյ Գեորգիևը` դիպուկ հարվածով բացելով հանդիպման հաշիվը: Գոլից անմիջապես հետո, Սևադա Արզումանյանը միանգամից կատարեց 2 փոփոխություն` խաղադաշտ դուրս բերելով Արտյոմ Ադամյանին և Արամ Բարեղամյանին, որոնք փոխարինեցին համապատասխանաբար Արսեն Բալաբեկյանին և քիչ թե շատ աչքի ընկնող ֆուտբոլիստ` բրազիլացի Արագոնեյ Սանթոսին: Սակայն, պետք է նշել, որ կատարված փոփոխությունները բեկում չմտցրեցին խաղի մեջ և "Ուլիսը", սեփական հարկի տակ զիջելով մրցակցին, պատասխան խաղից առաջ հայտնվեց դժվարին կացության մեջ: Շերիֆցիներից հիանալի խաղ ցուցադրեց բուլղարացի դարպասապահ Վլադիմիր Ստոյանովը,  շատ ակտիվ էր կոտ դ'իվուարցի աջ պաշտպան Մարսել Մետուան, իսկ "Ուլիսի" պաշտպաններին անընդհատ լարվածության մեջ էին պահում Սերգեյ Գեորգիևը, և 21-ամյա բոլիվիացի հարձակվող Դարվին Ռիոսը:



     Հատկանշական է, որ "Ուլիսը" խաղին ներկայացավ կարճ պահեստայինների նստարանով:  Պատկերացրեք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում "Ուլիսի" պահեստայինների թվում էին հայտնվել Օրբելի Համբարձումյանը և Հովհաննես Մաճկալյանը, որոնք անգամ Հայաստանի առաջնությունում հանդես գալու շատ քիչ փորձ ունեն, ուր մնաց, թե հանդես գային Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Կարծում ենք` պահեստայինների նստարանից միայն կարող էին օգնության հասնել Արտյոմ Ադամյանը և Արամ Բարեղամյանը, որոնք եվրագավաթներում հանդես գալու փորձ ունեին: Ինչպես վերը նշեցինք` "Ուլիսին" չկարողացան օգնել դարպասապահ Գևորգ Կասպարովը և կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը: Բացի այս ֆուբոլիստներից, "Ուլիսից" վնասվածքներ ունեին պաշտպան` Արտակ Անդրիկյանը, պաշտպանողական ոճի կիսապաշտպան` Վահագն Մինասյանը և հարձակվող` Ալբերտ Թադևոսյանը: Եվ ահա այսքան խնդիրների առկայության պարագայում, "Ուլիսի" գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը ստիպված էր վերացնել նշված խնդիրները: Սևադա Արզումանյանի մարզչական գիտելիքների վրա, բնականաբար, ոչ ոք չի էլ կասկածում, և միայն այն փաստը, որ նա "Ուլիսի" հետ անցյալ մրցաշրջանում հասել է Հայաստանի չեմպիոնի կոչմանն` արդեն իսկ, շատ բանի մասին է խոսում: Այսօրվա խաղում Սևադա Արզումանյանը ստիպված էր վերադասավորումներ կատարել, վերոնշյալ ֆուտբոլիստների բացակայության պայմաններում: Արդեն խոսեցինք դարպասապահի խնդրի մասին, և մարզիչը ստիպված էր ընտրություն կատարել Էդուարդ Հովհաննիսյանի և Մանվել Աֆրիկյանի միջև, և կարծում ենք` շատ ճիշտ որոշում կայացրեց խաղադաշտ դուրս բերելով Էդուարդ Հովհանիսյանին: Աջ պաշտպանի դիրքում հանդես էր գալիս Նորայր Սահակյանը, որը այդ դիրքում սկսել է հանդես գալ Հայաստանի 2012-13 թվականների առաջնությունից սկսած, մինչ այդ այս ֆուտբոլիստը հանդես էր գալիս աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: Պաշտպանության կենտրոնում գործում էին Միխել Սիմոյանը և Թենգիզ Ուգրեխելիձեն: Վերջինս չեմպիոն դարձած "Ուլիսի" կազմում հանդես էր գալիս հենց աջ պաշտպանի դիրքում, սակայն կենտրոնական պաշտպան Տիգրան Հախնազարյանի անվստահ խաղի հետևանքով, Ուգրեխելիձեն հայտնվեց կենտրոնական պաշտպանի դիրքում: Ձախ պաշտպանի դիրքում հանդես էր գալիս Նորայր Գրիգորյանը, որը մինչ այս խաղում էր աջ պաշտպանի դիրքում. սա էլ ձախ պաշտպան` Արտակ Անդրիկյանի, բացակայության հետևանքն էր: Հենակետային կիսապաշտպանի դիրքում հանդես էր գալիս Արտակ Գրիգորյանը, որը "Ուլիսում" ավելի շատ գործում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, իսկ հենակետայինի դիրքն էլ զբաղեցնում էր Գեորգի Կրասովսկին, որը ևս լքել է "Ուլիսը": Կենտրոնական կիսապաշտպանի դիրքը զբաղեցնում էր թիմի ավագ Դավիթ Գրիգորյանը, որը նոմինալ ձախ կիսապաշտպան է: Ձախ եզրայինի դիրքում հանդես էր գալիս վրացի Շոթա Ջիկիան, որը ավելի լավ է գործում կենտրոնում: Ենթահարձակվողի դիրքում խաղում էր Արագոնեյ Սանթոսը, որը ցուցաբերեց ակտիվություն, սակայն ունիվերսալ այս կիապաշտպանը ավելի լավ է գործում կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Աջ եզրայինի պարտականությունները կատարում էր կոնգոցի Լիե Պատոն, որը ակտիվ է ընդամենը մեկ խաղակես, իսկ առաջ քաշված հարձակվողի դիրքում էլ ընտրություն չունենալու պատճառով խաղում էր Արսեն Բալաբեկյանը. այստեղ էլ երևի զգացվեց Ալբերտ Թադևոսյանի վնասվածքը: Կարծում ենք ֆուտբոլիստների ընտրություն չունենալու հետևանքն էր պատճառը, որ "Ուլիս" ակումբը չկարողացավ հաղթել Տիրասպոլի "Շերիֆին", որի մարզիչն ունի ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն, և պահեստայինների երկար նստարան: Կարծում ենք` Հայաստանի չեմպիոն դարձած թիմը, որը ներկայանում է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, յուրաքանչյուր դիրքում պետք է ունենա առնվազն 2 հավասարազոր ֆուտբոլիստ, ինչը այսօր բացակայում է "Ուլիսում":

Ջիկիայի վտանգավոր հարվածը
     Սեփական հարկի տակ "Շերիֆին" 0:1 հաշվով պարտվելուց հետո,  պատասխան խաղից առաջ "Ուլիսին" հաջորդ փուլ անցնելու շատ քիչ շանսեր են մնացել, սակայն հույս ունենանք, որ Հայաստանի չեմպիոնը կկարողանա Մոլդովայում վերացնել եվրագավաթների գոլային "երաշտը" և կկարողանա անցնել հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է Մոլդովայում` Տիրասպոլի  13.300 հանդիսական տեղավորող "Շերիֆ" մարզադաշտում, հուլիսի 24-ին:     
     

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons