Saturday, September 1, 2012

Եվրոպայի սուպերգավաթը նույնպես ուղևորվեց Մադրիդ

Եվրոպայի հերթական սուպերգավաթի խաղարկությունը արդեն պատմություն է: Այս անգամ սուպերգավաթը վիճարկում էին Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի "Չելսին" և Եվրոպա լիգա խաղարկության հաղթող Մադրիդի "Ատլետիկոն": Հանդիպումը կայացավ Մոնակոյի "Լուի 2-րդ" մարզադաշտում: Հարկ է նշել, որ  վերջին տարիներին միայն Մոնակոյում էին անցկացվում Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումները, սակայն ՈւԵՖԱ-ն արդեն փոխել է որոշումը, և սկսած 2013 թվականից սուպերգավաթի հանդիպումները նորից վիճակահանությամբ անցկացվելու են տարբեր մարզադաշտերում, իսկ 2013 թվականի սուպերգավաթի հանդիպումը նախատեսված է անցկացնել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի "Էդեն" մարզադաշտում:
Իսկ մինչ բուն "Չելսի"-"Ատլետիկո" խաղին անդրադառնալը մի քանի անդրադարձ անենք կախված այս թիմերի հետ: Այսպես` մինչ խաղը 2 թիմերն էլ անցկացրել էին խաղեր ներքին առաջնություններում: "Չելսին" նոր մեկնարկած Անգլիայի պրեմիեր լիգայի խաղարկությունում անցկացրել էր 3 հանդիպում և 3-ում էլ տոնել էր հաղթանակ, և 9 միավորով միանձնյա գլխավորում էր Անգլիայի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: "Ազնվականները" իրենց վերջին հանդիպումը անցկացրել էին օգոստոսի 25-ին և 2:0 հաշվով հաղթանակ էին տոնել "Նյուքասլի" նկատմամբ: Իսկ ահա Մադրիդի "Ատլետիկոն" Իսպանիայի լա լիգայում անցկացրել է 2 հանդիպում և վաստակելով 4 միավոր զբաղեցնում էր Իսպանիայի լա լիգայի 5-րդ հորիզոնականը: "Ատլետիկոն" իր վերջին հանդիպումը անցկացրել էր օգոստոսի 28-ին և 4:0 հաշվով ջախջախիչ առավելության էր հասել Բիլբաոյի "Ատլետիկի" նկատմամբ: Այսպիսով` կարելի է ասել, որ 2 թիմերն էլ խաղին մոտեցել էին կազմ ու պատրաստ վիճակով, և միայն հաղթանակի հասնելու համար: Իհարկե, Մադրիդի "Ատլետիկոյի" համար սուպերգավաթին տիրանալու համար նաև ոգեշնչող և պարտավորեցնող էր այն հանգամանքը, որ իրենց համաքաղաքացիները Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստները տիրացել էին Իսպանիայի սուպերգավաթին: Սակայն մինչ խաղի կայանալը "Չելսիի" գլխավոր մարզիչը ասել էր, որ գիտի "Ատլետիկոյի" ուժը և խաղային որակները, շատ է հարգում այս թիմին, բայց անպայման ուզում է տիրանալ Եվրոպայի սուպերգավաթին: Իսկ այժմ անդրադառնանք հանդիպմանը:
  "Չելսին" խաղին մոտեցել էր շատ լուրջ կորստով: Որակազրկման պատճառով "Չելսիի" հայտացուցակից և հիմնական կազմից բացակայում էր թիմի ավագ և կենտրոնական պաշտպան Ջոն Տերին: Կարծում ենք` այս հանգամանքը իր ազդեցությունն ունեցավ խաղի ընդհանուր ելքի վրա և սա թերևս առաջին պատճառն էր "Չելսիի" անհաջող ելույթի համար, քանի որ պաշտպանության կենտրոնում իսկապես զգացվում էր բացեր: Ջոն Տերիի բացակայության պայմաններում Ռոբերտո դի Մատեոն ստիպված էր պաշտպանության կենտրոնը վստահել Գարի Կեհիլին և Դավիդ Լուիսին: Իսկ "Ատլետիկոն" խաղին մոտեցել էր մարտական կազմով: Եվ այսպես Մոնակոյի "Լուի 2-րդ" մարզադաշտ եկած 14.312 հանդիսականների առաջ սլովենացի մրցավար Դամիր Սկոմինան ազդարարեց խաղի սկիզբը:  "Ատլետիկոյի" ֆուտբոլիստները միանգամից նետվեցին գրոհի, և գրոհներից մեկը հանդիպման 7-րդ րոպեին արդեն արդյունք տվեց, քանի որ այս երեկոյի լավագույն ֆուտբոլիստ և խաղի "հերոս" կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաո Գարսիան, խորքից ստանալով Ադրիանի փոխանցումը, շրջանցեց "Չելսիի" պաշտպաններին և Պետր Չեխի վրայով գնդակը դարպասաձողի օգնությամբ ուղարկեց "Ազնվականների" դարպասը. 1:0 հօգուտ "Ատլետիկոյի": Այս գոլից հետո մադրիդցիների արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն ընտրեց հակագրոհների մարտավարությունը, ինչը առաջ անցնելով նշենք` արդարացրեց մադրիդցիների սպասելիքները: Հակագրոհներից մեկի արդյունքում` հանդիպման 19-րդ րոպեին, Ֆալկաոն ստանալով Կոկեի փոխանցումը ճիշտ գնահատեց իրավիճակը, և "Չելսիի" պաշտպանների ու դարպասապահի գլխավերևով ճշգրիտ հարվածով գնդակն ուղարկեց "Կապույտների" դարպասի ինյակը. 2:0 ի օգուտ մադրիդցիների:


Այս գոլից հետո "Չելսին" միանգամից նետվեց առաջ կորցրածը վերադարձնելու: Հասցրեցին "Չելսիի" ֆուտբոլիստները մի քանի ռեալ գոլային պահեր ստեղծել, սակայն "Ատլետիկոյի" դարպասում իր բարձրության վրա էր բելգիացի 20-ամյա դարպասապահ Տիբո Կորտուան: Ի դեպ` Կորտուան հանդիսանում է "Չելսիի" ֆուտբոլիստ և մինչև 2013 թվականի հուլիսն է լինելու Մադրիդի "Ատլետիկոյում": Եթե բելգիացի դարպասապահը այսպես շարունակի, կարծում ենք` կվերադառնա Լոնդոն և կլինի Չեխին արժանի փոխարինող: Այսպիսով, նորից անդրադառնանք հանդիպամը: "Չելսիի" ֆուտբոլիստների շատ վտանգավոր գրոհներից մեկն էլ պրեսինգի շնորհիվ կասեցնելով "Ատլետիկոյի" ֆուտբոլիստները դիմեցին հակագրոհի, և Ֆալկաոյի օգնությամբ հանդիպման 45-րդ րոպեին գնդակն 3-րդ անգամ հայտնվեց "Չելսիի" դարպասում: Ֆալկաոն ձևակերպեց "հեթտրիկ" և թիմերը գնացին ընդմիջման 3:0 հաշվով հօգուտ մադրիդցիների: 2-րդ խաղակեսի հենց սկզբում Ռոբերտո դի Մատեոն Ռամիրեսին փոխարինեց Օսկարով` փորձելով խաղի մեջ թարմություն մտցնել: Բայց "Ատլետիկոն" շարունակում էր նույն ոճով` հակագրոհների տարբերակով խաղալ և գրագետ պաշտպանվել: Իսկ հակագրոհներից մեկի արդյունքում էլ մադրիդցիները վաստակեցին անկյունային հարվածի իրավունք: Հենց այդ անկյունայինի խաղարկումից էլ օգտվելով, հանդիպման 60-րդ րոպեին Մարիո Սուարեսի փոխանցումից հետո "Ատլետիկոյի" կենտրոնական պաշտպան Միրանդան 4-րդ գնդակն ուղարկեց "Ազնվականների" դարպասը: Սա արդեն կատարյալ ֆիասկո էր "Չելսիի" համար` մեկ ժամում բաց թողնել 4 գնդակ: Միայն հանդիպման 75-րդ րոպեին "Չելսիի" ֆուտբոլիստները կարողացան խփել հեղինակության գնդակը և թրջել հանդիպման հաշիվը: Գոլը իր հաշվին գրանցեց Գարի Կեհիլը: Ավելին անել "Չելսիին" չհաջողվեց և մրցավարի ազդարարած եզրափակիչ սուլիչից հետո ցնծում էին "Ատլետիկոյի" ֆուտբոլիստները, քանի որ տիրացել էին Եվրոպայի սուպերգավաթին: Անդրադառնալով խաղին հարկ է նշել, որ "Չելսիի" հարձակման կրակագծում ոչինչ չէր ստացվում: Ֆերնանդո Տորեսի մոտ կարծես խորը հուզմունք կար կախված այն հանգամանքից, որ խաղում էր իր նախկին և առաջին թիմի դեմ: Հիշեցնենք` Տորեսը հենց "Ատլետիկոյից" 2007 թվականին տեխափոխվեց "Լիվերպուլ", իսկ 2011-ին էլ տեղափոխվեց "Չելսի": Սա էլ կարծում ենք` երկրորդ պատճառն էր "Ազնվականների" պարտության: Սուպերգավաթի եզրափակիչ մրցավեճը "Չելսիին" զղջալու ևս 2 առիթ տվեց: "Կապույտները" առաջին հերթին զղջացին, որ վարձավճարով "Ատլետիկոյին" էին զիջել դարպասապահ Տիբո Կորտուային, որի դարպասը չէին կարողանում գրավել և դա հաջողվեց ընդամենը մեկ անգամ, քանի որ երիտասարդ դարպասապահը իր բարձրության վրա էր: Եվ երկրորդ` "Չելսին" զղջաց, որ 2011 թվականին "Պորտուին" չվճարեց պահանջված 40 միլիոն եվրոն, որպեսզի Ֆալկաոն տեղափոխվեր "Ազնվականների" ճամբար, այլ դա արեց "Ատլետիկոն" և Ֆալկաոն 3 անգամ գրավեց Ռոբերտո դի Մատեոյի թիմի դարպասը:


Ինչևէ` ամփոփելով հանդիպումը նշենք, որ "Ատլետիկոն" իսկապես արժանի էր տիրանալու սուպերգավաթին, քանի որ առաջին հերթին շատ էր ուզում հաղթել և դա ապացուցեց խաղադաշտում, հետո էլ` ամբողջ հանդիպման ընթացքում ցուցադրեց գրավիչ ֆուտբոլ: Դրա մասին է խոսում նաև ամբողջ հանդիպման վիճակագրությունը: Այսպիսով` հաշվի առնելով նաև Մադրիդի "Ռեալի" Իսպանիայի սուպերգավաթին տիրանալու փաստը նշենք, որ "Ատլետիկոյի" օգնությամբ էլ` Եվրոպայի սուպերգավաթը նույնպես ուղևորվեց Մադրիդ:

1 comments:

Blog News said...

Շնորհակալություն, Ձեր գրառումը տեղ գտավ http://blognews.am/arm կայքում:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons