Wednesday, July 25, 2012

450+90 կամ 5+1

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի "Շերիֆ" (Տիրասպոլ, Մոլդովա) - "Ուլիս" (Երևան, Հայաստան) հանդիպումը: Պետք է մեծ ափսոսանքով հավելենք նաև, որ Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Երևանի "Ուլիսը" լքեց ասպարեզը պատասխան խաղում` նորից պարտվելով Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի "Շերիֆին": Նախախաղային մամուլի ասուլիսում "Շերիֆի" գլխավոր մարզիչ, սերբ մասնագետ` Միլան Միլանովիչը ասել էր, որ, չնայած առաջին խաղի գրանցված արդյունքին, իր թիմը պատասխան խաղում էլ անպայման հաղթելու համար է մտնելու մարզադաշտ և կարծիք էր հայտնել, որ շատ դժվար հանդիպում է սպասվում իր թիմին: Նմանատիպ կարծիք էր հայտնել նաև "Շերիֆի" ավագ, սլովենացի կենտրոնական պաշտպան Միլար Սամարջիչը: Իսկ ահա "Ուլիսի" գլխավոր մարզիչ  Սևադա Արզումանյանն էլ համոզմունք էր հայտնել, որ իր թիմը խաղալու է ինքնանվիրումով և փորձելու է անցնել Տիրասպոլի "Շերիֆի" արգելքը, միաժամանակ հավելելով նաև, որ մրցակցի հնարավորությունները` հաջորդ փուլում հայտնվելու, ավելի բարձր են: Մինչ խաղին անդրադառնալը նշենք, որ "Ուլիսին" այս անգամ էլ չհաջողվեց գոլ խփել և տխուր ավանդույթը շարունակվեց: Սա "Ուլիսի" 6-րդ հանդիպումն էր եվրագավաթներում և 6-րդ խաղն անընդմեջ "Ուլիսին" չի հաջողվում գրավել մրցակիցների դարպասը: Հանդիպումից առաջ շատ էր խոսվում նաև մրցավարի գործոնի մասին, քանի որ հանդիպումը սպասարկելու էր սերբ մրցավար` Վլադո Գլոժովիչը, իսկ Շերիֆի գլխավոր մարզիչը սերբ մասնագետ Միլան Միլանովիչն է, և "Շերիֆի" հայտացուցակում կան 4 սերբ ֆուտբոլիստներ: Սակայն պետք է հավելել, որ սերբ մրցավարը պատվով կատարեց իր գործը, և ամբողջ հանդիպման ընթացքում կոպիտ սխալներ ի օգուտ "Շերիֆի" չեղան: Այսինքն` "Ուլիսի" պարտության գործում մրցավարի գործոնը բացառվում է:
Մինչ խաղին անդրադառնալը, նաև նշենք, որ 2 թիմերի հիմնական կազմերում էլ կատարվել էին մեկական փոփոխություն: "Ուլիսի" կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտում հայտնվեց Արամ Բարեղամյանը, որը հիմնական կազմում էր հայտնվել Արսեն Բալաբեկյանի փոխարեն, զբաղեցրել էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքը, իսկ առաջ քաշված հարձակվողի պարտականություննրը կատարում էր Շոթա Ջիկիան: Իսկ "Շերիֆից" էլ մեկնարկային կազմում չէր բոլիվիացի 20-ամյա հարձակվող Ռիոսը. նրա փոխարեն խաղադաշտում էր հայտնվել Մարկո Ստանոեվիչը: Իսկ այժմ անդրադառնանք "Շերիֆ" "Ուլիս" պատասխան հանդիպմանը:


Խաղը սկսվեց Երևանի ժամանակով ժամը 21-ին Տիրասպոլի "Շերիֆ" մարզադաշտում: Եվ որքան էլ զարմանալի էր` առաջին խաղի գրանցված արդյունքն էլ "Շերիֆի" համակիրներին չէին ստիպել մարզադաշտ գնալ և պատկերացրեք, որ 13.300 հանդիսական ընդունող մարզադաշտում շատ էին ազատ նստատեղերը: Մրցավարի` խաղի սկիզբն ազդարարող սուլիչից հետո "Ուլիսը" միանգամից անցավ գրոհների: Ակտիվ խաղի սկիզբը հուսադրող էր, որ "Ուլիսը" կհասնի հաջողության, սակայն պետք է նշել, որ կրկնվեց գրեթե նույն հանդիպման սցենարը, ինչ Երևանում էր: Միայն "Ուլիսի" կողմից բացակայում էր վերջնական հարվածը, վերջնական ճիշտ փոխանցումը և Շոթա Ջիկիայի հարվածի նման կատարված վտանգավոր հարվածը: Նորից անդրադառնալով հանդիպման առաջին կեսի ընթացքին` պետք է նշել այն ուրախալի հանգամանքը, որ "Ուլիսի" ակտիվությունն այնքան էր նկատվում, որ "Շերիֆն" ընտրել էր հակագրոհների մարտավարությունը: Սակայն "Շերիֆի" հակագրոհներն շատ ավելի վտանգավոր էին, քան "Ուլիսի" գրոհները, քանի որ "Ուլիսի" գրոհներում պակասում էին վերջին կարևոր փոխանցումը և վերջնական դիպուկ հարվածը: Իսկ ահա "Շերիֆն" առնվազն 2 անգամ կարող էր գրավել "Ուլիսի" դարպասը: Նախ 21-րդ րոպեին մոլդովական ակումբի կիսապաշտպան Մարիան Մարիանովիչի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին. պետք է նշել, որ իրոք Մարիանովիչը տիրապետում էր շատ հուժկու հարվածների և իզուր չէ, որ հանդիսանում է իր թիմի ստանդարտների հիմնական խաղարկողը:  Իսկ ահա 43-րդ րոպեին էլ "Ուլիսին" 2-րդ անգամ օգնության հասավ դարպասաձողը. Դեդովի հարվածից հետո գնդակը նորից դիպչեց դարպասաձողին: Իսկ "Ուլիսի" գրոհներից պետք է առանձնացնել 16-րդ րոպեին վրացի հարձակվող Շոթա Ջիկիայի գլխի հարվածը, որը բարձր ստացվեց և 33-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի շատ վտանգավոր փոխանցումը դեպի Դավիթ Գրիգորյանը, սակայն վերջինս կամ չէր սպասում գնդակին, կամ էլ արագությունը չբավարարեց գնդակը կասեցնելու և միայնակ մնալու համար դարպասապահի դեմ-դիմաց: Նշենք նաև, որ "Ուլիսի" կոնգոցի կիապաշտպան Լիե Պատոն առաջին խաղակեսում աջ եզրում շատ ակտիվ էր և անընդհատ լարվածության մեջ էր պահում "Շերիֆի" ֆուտբոլիստներին: Առաջին խաղակեսում այդպես էլ հաշիվը չբացվեց 0:0:
Եկավ  2-րդ խաղակեսը, և "Շերիֆի" ֆուտբոլիստները միանգամից տիրեցին նախաձեռնությանը` ստիպելով "Ուլիսին" գամվել պաշտպանությունում: 2-րդ խաղակեսում էլ "Ուլիսն" ստիպված ընտրեց հակագրոհների մարտավարություն, քանի որ մրցակիցը ավելի ակտիվ էր գրոհում: Առաջին քիչ թե շատ մտածված հակագրոհը երևանցիները կազմակերպեցին 50-րդ րոպեին, սակայն այս անգամ էլ բացակայում էր վերջնական հարվածը: "Ուլիսի" ֆուտբոլիստների մոտ շատ լավ ստացվում էր կիսապաշտպանական գիծն անցնելը, սակայն բացակայում էր վերջնական ճշգրիտ փոխանցումը, քանի որ առջևում "Ուլիսը" կատարող էլ չուներ: 2-րդ խաղակեսի 64-րդ րոպեին Սևադա Արզումանյանը գրոհներին սրություն հաղորդելու հույսով խաղադաշտ դուրս բերեց Արսեն Բալաբեկյանին, որը երևանյան մրցավեճում հանդես էր գալիս հարձակման կիզակետում: Այս խաղն էլ բացառություն չեղավ և Արսեն Բալաբեկյանի խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագ Դավիթ Գրիգորյանի փոխարեն, Շոթա Ջիկիան շարժվեց ձախ եզր և Արսեն Բալաբեկյանը զբաղեցրեց առաջ քաշված հարձակվողի գոտին: Սակայն այս անգամ էլ չարդարացան Սևադա Արզումանյանի սպասելիքները և նորից Արսեն Բալաբեկյանը գոլով աչքի չընկավ: Եվ ահա եկավ չարաբաստիկ 66-րդ րոպեն: "Շերիֆի" 20-ամյա սերբ կիսապաշտպան  Ալեքսանդր Պեշիչը ներխուժեց "Ուլիսի" տուգանային հրապարակ և նրա նկատմամբ կանոնները խախտեց վրացի պաշտպան Թնգիզ Ուգրեխելիձեն, որը ի դեպ կատարում էր թիմի ավագի պարտականությունները Դավիթ Գրիգորյանին փոխարինելուց հետո: Մրցավար Գլոդժովիչը առանց վարանելու իրավացիորեն ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Գնդակին մոտեցավ "Շերիֆի" ավագը` Միրալ Սամարջիչը և չվրիպեց 11 մետրից` բացելով հանդիպման հաշիվը: Այս գոլից հետո, խաղի առանց այն էլ ցածր տեմպը էլ ավելի ընկավ: Եվ 2-րդ խաղակեսից էլ հիշարժան մնացին ընդամենը 2 պահ: Նախ` 81-րդ րոպեին Արսեն Բալաբեկյանը փորձեց ներխուժել տիրասպոլցիների տուգանային հրապարակ, և տուգանայինի մատույցներում նրա նկատմամբ խախտեցին խաղի կանոնները: Արագոնեյ դա Սիլվայի հարվածից հետո "Շերիֆի" դարպասապահ Ստոյանովը գնդակն հեռացրեց սեփական տուգանայինից: Իսկ հանդիպման 91-րդ րոպեին էլ "Շերիֆի" փոխարինման դուրս եկած Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան` Վիլֆրեդ Բենջամին Բալիման մեն-մենակ հայտնվեց "Ուլիսի" դարպասապահի դեմ, շրջանցելով դեմ դուրս եկած Հովհանիսյանին` հարվածեց  դարպասին, և վրա հասած "Ուլիսի" պաշտպան Թենգիզ Ուգրեխելիձեն սեփական տուգանային հրապարակից հեռացրեց գնդակը, որը ընթանում էր դեպի դատարկ դարպաը: Այս խաղում ևս վստահ և հուսալի խաղով աչքի ընկավ "Ուլիսի" դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը: 
Կարծում ենք` "Ուլիսի" պարտության գլխավոր պատճառը գոլահար հարձակվողի կամ հարձակվող-կատարողի բացակայությունն էր: Ընդհանրապես խաղը աչքի չընկավ դիտարժանությամբ և 2 թիմերի մոտ էլ շատ էին փոխանցումների խոտանն ու մանկական սխալները: Ինչևէ, ցավով պետք է փաստել, որ Հայաստանի չեմպիոնը շատ անվստահ հանդիպում անցկացրեց և լքեց Չեմպիոնների լիգան որակավորման 2-րդ փուլից, ի դեպ` շատ անփառունակ խաղով: Այս անգամ էլ "Ուլիսը" գոլ չխփեց և չվերացրեց եվրագավաթային հանդիպումնեում գոլ չխփելու տխուր ավանդույթը. 450 րոպեներին գումարվեց ևս 90-ը և եվրագավաթներում անցկացրած 5 գոլազուրկ հանդիպումներին գումարվեց ևս 1-ը:   

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons