Friday, September 28, 2012

Հայաստանի 21-րդ առաջնության լավագույն 15 լեգեոներները

"Գոլիզեում" բլոգը ձեզ է ներկայացնում իր վարկածով Հայաստանի ընթացիկ առաջնության լավագույն լեգեոներներից 15-ին: Եվս մեկ այսպիսի ամփոփում նորից կներկայացնենք Ձեր դատին Հայաստանի 21-րդ առաջնության ավարտից հետո:Այժմ անդրադառնանք լավագույն լեգեոներներին առանձին-առանձին:

15. Դեյան Վուկոմանովիչ - "Գանձասար", Սերբիա
Դեյան Վուկոմանովիչ
Դեյան Վուկոմանովիչը` Եվրոպա լիգայում "Ստրեյմուրի" դեմ խաղում
Բոսնիայում ծնված այս սերբ կիսապաշտպանը հանդիսանում է Կապանի "Գանձասարի" ֆուտբոլիստ: 21-ամյա ֆուտբոլիստը "Գանձասար" է տեղափոխվել սերբական "ԲՍԿ Բորցա" ակումբից` կապանյան թիմի կիսապաշտպանությունը ուժեղացնելու նպատակով: Մինչ մրցաշրջանի պատրաստվելը հիանալի արդյունավետություն ցույց տվեց Վուկոմանովիչը, սակայն մրցաշրջանի ընթացքում հաճախակի գոլով աչքի չի ընկնում, բայց հիանալի կատարում է ձախ կիսապաշտպանի պարտականությունները` 21 խաղում խփելով  4 գնդակ:

14. Նոա Բաբադի Կասուլե - "Գանձասար", Ուգանդա
Նոա Բաբադի Կասուլե
Կասուլեի դեմ պայքարում են "Փյունիկի" երկու ֆուտբոլիստներ
"Գանձասարի" ուգանդացի լեգեոնականը միակ օտարերկրացի ֆուտբոլիստն է համարվում Հայաստանի 21-րդ առաջնությունում, որ կատարում է հենակետային կիսապաշտպանի պարտականություն: Կասուլեն կապանյան թիմում է հայտնվել հայկական մեկ այլ ակումբից` "Բանանցից": Իր դիրքում Կասուլեն համարվում է "Գանձասարում" անփոխարինելի ֆուտբոլիստ և կարելի է ասել շատ լավ է կատարում իր աշխատանքը: Կասուլեն նաև համարվում է Ուգանդայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ և հաճախակի է հրավիրվում իր երկրի դրոշի ներքո միջազգային հանդիպումների մասնակցելու համար:

13. Լիե Նգավուկա-Ցեկե Պատո - "Ուլիս", Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Լիե Նգավուկա-Ցեկե Պատո - "Ուլիս"
Պատոին մնում է գնդակն ուղարկել դատարկ դարպասը
Լիե Պատոն 19 տարեկան հասակում հայտնվեց "Ուլիսում", իսկ այժմ 21 տարեկան է: Տարեցտարի այս ֆուտբոլիստը բարելավում է իր խաղային որակները, և այժմ մեկ խաղակես հիանալի է կատարում աջ եզրային կիսապաշտպանի պարտականությունները: Կոնգոցի ֆուտբոլիստը շատ լավ տիրապետում է խաբքերի: Պատոյի մոտ մի փոքր ցածր է ֆիզիկական տվյալները, ֆուտբոլիստը չի կարողանում ողջ խաղի ընթացքում ցույց տալ իր խաղային բոլոր որակները և ամբողջ խաղը անցկացնել բարձր տեմպով:

12. Արագոնեյ դա Սիլվա Սանթոս - "Ուլիս", Բրազիլիա
Արագոնեյ դա Սիլվա Սանթոս
Արագոնեյ Սանթոսին կանգնեցնելը բարդ գործ է
Պորտուգալական "Պոնտիմոնենշե" ակումբից "Ուլիս" տեղափոխված 25-ամյա բրազիլացի կիսապաշտպանը համարվում է ունիվերսալ ֆուտբոլիստ, շատ լավ կատարում է կենտրոնական կիսապաշտպանի և ենթահարձակվողի պարտականությունները:  Արագոնեյը երբեմն նաև "Ուլիսում"  հեղինակում է գոլեր: 15 խաղում խփել է 2 գնդակ:

11. Շոթա Ջիկիա - "Ուլիս", Վրաստան
Շոթա Ջիկիա
Շոթա Ջիկիան կրկին մրցակցի տուգանայինում է
1984 թվականի դեկտեմբերի 30-ին ծնված այս վրացի հարձակվողը "Ուլիսի" կազմում ընթացիկ առաջնությունում մասնակցել է  21 հանդիպման և խփելով 6 գնդակ համարվում է "Ուլիսի" լավագույն ռմբարկուն: Վրացի հարձակվողը հարկ եղած դեպքում կարող է նաև խաղալ հարձակման ձախ եզրում, որտեղից ևս ցուցաբերում է բարձր ակտիվություն:

10. Դիեգո Լոմբա Ֆարիաս - "Գանձասար", Բրազիլիա
Դիեգո Լոմբա Ֆարիաս
Լոմբա Ֆարիասը ձեռնունայն է թողնում "Միկայի" ֆուտբոլիստին
 24-ամյա բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբա Ֆարիասը պաշտպանում է Կապանի "Գանձասարի" մարզական պատիվը` հանդես գալով աջ եզրային հարձակվողի գոտում: Այս ֆուտբոլիստը 21 խաղում խփել է 4 գնդակ, գրեթե բոլորն էլ եղել են հաղթական և հենց այս ֆուտբոլիստի խփած գոլի շնորհիվ "Գանձասարը" հաղթահարեց Ֆարերների "Ստրեյմուրի" արգելքը:

9. Ֆիլիպ Տիմով - "Իմպուլս", Մակեդոնիա
Ֆիլիպ Տիմով
Տոմովի նկատմամբ կոպիտ են խաղում
20-ամյա մակեդոնացի ֆուտբոլիստը Մակեդոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականում խաղալիս գրավեց "Իմպուլսի" մարզիչների ուշադրությունը և հայտնվեց դիլիջանյան ակումբում: Հարձակողական ոճի կիսապաշտպան է և հիանալի հանդես է գալիս թե աջ և թե ձախ եզրային հարձակվողի գոտում: Հաճախակի աչքի չի ընկնում գոլ խփելով` 20 խաղում խփել է ընդամենը 6 գնդակ, փոխարենը շատ լավ կատարում է գոլային փոխանցումներ:

8. Ռոժելիո Զեեդորֆ - "Գանձասար", Հոլանդիա
Ռոժելիո Զեեդորֆ
Զեեդորֆի դեմ հաճախ են կոպիտ խաղում
Հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆի եղբորորդին հանդես է գալիս Կապանի "Գանձասարում" և խաղում է հարձակման սուր ծայրում: Մինչ "Գանձասար" տեղափոխվելը 24-ամյա ֆուտբոլիստը հանդիսացել է լիտվական "Տաուրասի" ֆուտբոլիստ: Տեղափոխվել էր "Գանձասար" Եվրոպա լիգայի խաղարկությունում թիմին օգնելու համար, սակայն այս ֆուտբոլիստի մոտ միջազգային ասպարեզում ոչինչ չստացվեց: Փոխարենը անցկացնելով 8 հանդիպում խփել է 3 գնդակ, որոնք բոլորն էլ հաղթական են եղել "Գանձասարի" համար:

7. Թենգիզ Ուգրեխելիձե - "Ուլիս", Վրաստան
Թենգիզ Ուգրեխելիձե
Թենգիզ Ուգրեխելիձե
"Ուլիսի" 31-ամյա վրացի պաշտպան Թենգիզ Ուգրեխելիձեն երևանյան ակումբում է հանդես գալիս սկսած 2010 թվականից: Գլխավոր նվաճումը բնականաբար "Ուլիսի" հետ Հայաստանի 20-րդ առաջնության չեմպիոն հռչակվելն էր: Այդ ժամանակ վրացի այս պաշտպանը խաղում էր պաշտպանության աջ եզրում, սակայն այս տարի կենտրոնական պաշտպան Տիգրան Հախնազարյանի անփույթ խաղից հետո "Ուլիսի" մարզիչները վրացի այս ունիվերսալ պաշտպանին տեղափոխեցին կենտրոն, որտեղ ևս Ուգրեխելիձեն իրեն դրսևորում է պաշտպանի բարձրակարգ խաղով և "Ուլիսում" համարվում է անփոխարինելի ֆուտբոլիստ:

6. Գորան Օբրադովիչ - "Գանձասար", Սերբիա
Գորան Օբրադովիչ
Գորան Օբրադովիչ /աջից/
25-ամյա սերբ պաշտպանը, որը դեկտեմբերի 26-ին կդառնա 26 տարեկան "Գանձասար" է տեղափոխվել սերբական "Մլադի Ռադնիկ" ակումբից, որը այժմ խաղում է Սերբիայի առաջին դիվիզիոնում: "Գանձասարում" Արմեն Տատինցյանի հետ այս ֆուտբոլիստը ուղղակի "ցեմենտում" է պաշտպանության կենտրոնը և անխոս համարվում է "Գանձասարի" առաջատարներից մեկը` թիմում անփոխարինելի ֆուտբոլիստ:

5. Իսմայիլ Ֆոֆանա Բեկո - "Շիրակ", Կոտ դ'Իվուար
Իսմայիլ Ֆոֆանա Բեկո
Բեկոն օդում գնդակ է ընդունում
Իվուարցի 24-ամյա հարձակվող Ֆոֆանա Բեկոն "Շիրակում" խաղում է հարձակման սուր ծայրում և համարվում է թիմի լավագույն 2 ռմբարկուներից մեկը` 21 խաղում խփած 9 գնդակներով: Հանդիսանում է Գյումրիի "Շիրակի" ֆուտբոլիստ, որտեղ տեղափոխվել է Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող "Չերբուրգ" ակումբից: "Շիրակում" հիմնական կազմի ֆուտբոլիստ է, հիանալի է խաղում գլխով և անընդհատ լարվածության մեջ է պահում մրցակից թիմերի պաշտպաններին:

4. Դիդիե Կադիո Բորիս - "Շիրակ", Կոտ դ'Իվուար
Դիդիե Կադիո Բորիս
Կադիո Բորիսը ակտիվ է նաև երկրորդ հարկում
Գյումրիի "Շիրակի" 22-ամյա պաշտպան Դիդիե Կադիո Բորիսը ունի ընդամենը 178սմ հասակ, սակայն հիանալի է խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում և գրեթե միշտ հաղթող է դուրս գալիս օդային պայքարում: Հիանալի է համագործակցում "Շիրակի" և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանի հետ: Այս պաշտպանը նաև փորձ ունի պաշտպանության աջ եզրում խաղալու, բայց անշուշտ պետք է փաստել, որ Բորիսը հիանալի կենտրոնական պաշտպան է:

3. Լի Լամին Յորո - "Շիրակ", Սենեգալ
Յորոն յուրահատուկ է նաև գոլերը նշելիս
Մեր վարկածով լավագույն 15 լեգեոներների եռյակը բացում է 24-ամյա սենեգալցի ձախ եզրային հարձակվողական ոճի կիսապաշտպան Յորոն, որը հանդես է գալիս Գյումրիի "Շիրակում": Այս ֆուտբոլիստը տիրապետում է հիանալի խաբքերի և ունի ֆիզիկական բարձր պատրաստվածություն: "Շիրակում" հաճախակի դառնում է գոլերի հեղինակ և պատահական չէ, որ կիսապաշտպանի դիրքում խաղալով` 21 խաղում խփել է 9 գնդակ և Բեկոյի հետ միասին համարվում են "Շիրակի" ավագույն ռմբարկուները: Յորոն նաև աչքի է ընկել Եվրոպա լիգա խաղարկությունում` Չեռնոգորիայում գրավելով տեղի "Ռուդարի" դարպասը: Յորոն նաև շատ հաճախ տարվում է անհատական խաղով, որը երբեմն բերում է արդյունքի: Սենեգալցի ֆուտբոլիստը նաև 7 հանդիպում է անցկացրել Սենեգալի ազգային հավաքականում:

2. Ալհասան Իլիասու Շիլա - "Իմպուլս", Գանա
Ալհասան Իլիասու Շիլա
Իլիասու Շիլան ամուր պատնեշ է մրցակիցների համար
Գանացի  պաշտպան Իլիասու Շիլան, որը հոկտեմբերի 26-ին կդառնա 30 տարեկան հանդիսանում է Դիլիջանի "Իմպուլսի" ֆուտբոլիստ: Մինչ "Իմպուլս" տեղափոխվելը 2006-2008 թվականներին խաղացել է Ռուսաստանի "Սատուրնում", որը լուծարվեց 2010 թվականին, իսկ վերջին տարիներին հանդիսանում էր Գանայի "Ռեալ Թամալե Յունայթեդ" ակումբի ֆուտբոլիստ, որտեղից էլ տեղափոխվեց "Իմպուլս": Այս ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում և կարելի է ասել, որ հանդիսանում է ցանկացած հարձակվողի համար շատ դժվար անցանելի պաշտպան` գրեթե միշտ հաղթող դուրս գալով օդային մենամարտերում: Մեկ կարևոր հանգամանք ևս` կապված Շիլայի հետ. գանացի այս պաշտպանը դեռևս միակ ֆուտբոլիստն է, որը խաղալով Հայաստանի առաջնությունում նաև հանդես է եկել Աշխարհի առաջնությունում: Գերմանիայի 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ խաղադաշտ է դուրս էեկել Գանայի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցել է բոլոր` 4 հանդիպումներին: Ընդհանուր առմամբ Գանայի հավաքականում խաղալով 2006-08 թվականներին անցկացրել է 10 հանդիպում:

1. Ալեքս Էնրիկե դա Սիլվա - "Միկա", Բրազիլիա, Հայաստան
Ալեքսը գլխով գրավում է դարպասը
"Միկայի" 30-ամյա պաշտպան Ալեքսը մեր կարծիքով այսօր համարվում է լավագույն լեգեոները Հայաստանի առաջնությունում, և այս ֆուտբոլիստի վաստակը շատ մեծ է, որ "Միկան" այժմ ընթանում է առաջատարի դիրքում: Պատահական չէ, որ այս ֆուտբոլիստը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, բայց քանի դեռ չի անցկացրել ոչ մի հանդիպում հավաքականում, համարվում է լեգեոներ: Ալեքսը "Միկայում" է խաղում սկսած 2009 թվականից, ուր տեղափոխվել է Ուլյանովսի "Վոլգայից": Սկզբում խաղում էր պաշտպանության աջ եզրում, այնուհետև մարզիչները 1.84մ հասակ ունեցող բրազիլացի ֆուտբոլիստին տեղափոխեցին պաշտպանության կենտրոն: 2 դիրքում էլ պաշտպանը իրեն հիանալի է դրսևորում և երբեմն էլ դառնում է շատ կարևոր գոլերի հեղինակ: 

Ամփոփելով մեր այս նյութը, ինչպես տեսնում ենք Հայաստանի ընթացիկ առաջնության լեգեոներների լավագույն 7-նյակից 5-ը հանդիսանում են պաշտպանական գծի ֆուտբոլիստ, ինչը խոսուն փաստ է, որ Հայաստանը այսօր ունի բարձրակարգ պաշտպանների կարիք:

Wednesday, September 26, 2012

Յուրա Մովսիսյանը նույնպես դարձավ լավագույն ռմբարկու

Ռուսաստանի պրեմիեր լիգայում անցյալում մնացին 9-րդ տուրի հանդիպումները, իսկ Ուկրաինայում` առաջնության հանդիպումներ տեղի չունեցան, փոխարենը կայացան Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16-րդ  փուլի հանդիպումները: Այժմ անդրադառնանք Ռուսաստանի պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումներին, որտեղ ծավալվեցին հետաքրքիր իրադարձություններ և նորից փոփոխության ենթարկվեց լավագույն եռյակը, այնուհետև` կտեղեկացնենք, թե ինչպես են խաղացել հայ ֆուտբոլիստների թիմերը Ուկրաինայի գավաթի խաղարկությունում:
Ռուսաստանում տուրը սկսվեց Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, և հենց այդ օրը խաղադաշտ դուրս եկավ Յուրա Մովսիսյանի "Կրասնոդար" թիմը, որը սեփական հարկի տակ ընդունել էլ Սարանսկի "Մորդովիային": Իր երկրի անկախության օրը Հայաստանի հավաքականի և "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանը նշանավորեց 2 գոլով` ձևակերպելով "դուբլ", և իր թիմը հաղթանակ տոնեց առաջնության նորեկի նկատմամբ խոշոր` 6:1 հաշվով: Սա միակ խաղն էր, որ նախատեսված էր խաղային առաջին օրվա համար:


4 հանդիպում կայացավ սեպտեմբերի 22-ին: Նախ` Նիժնի Նովգորոդում "Վոլգան" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մոսկվայի "ԲԿՄԱ-ին": Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 2:0 հաշվով: Խաղի 22-րդ րոպեին աչքի էր ընկել Մաքսիմովը, իսկ 44-րդ րոպեին իր թիմի 2-րդ գնդակն էր խփել Սապոգովը: Սակայն 2-րդ խաղակեսում "բանակայիններին" ոչ միայն հաջողվեց խուսափել պարտությունից, այլև, դրսևորելով կամային բարձր հատկանիշներ, կարողացան կամային հաղթանակ տոնել "Վոլգայի" նկատմամբ 2:3 հաշվով: Հյուրերից 57-րդ և 69-րդ րոպեներին աչքի ընկավ Ալան Ձագոեվը, որը ձևակերպելով "դուբլ" վերականգնեց հանդիպման հաշվի հավասարությունը, իսկ հաղթական գնդակը խփեց Նիգերիայի ազգային հավաքականի հարձակվող Ահմեդ Մուսան հանդիպման 87-րդ րոպեին: "Վոլգայի" հայտացուցակից ընդհանրապես բացակայում էր Արթուր Սարկիսովի անունը:
Իրենց համաքաղաքացիների հաղթանակով ոգեշնչված` Մոսկվայում "Դինամոն" հյուրընկալել էր Պերմի "Ամկարին": Միանգամից նշենք, որ "Դինամոյի" դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը արդեն 2-րդ խաղն է անընդմեջ դուրս է գալիս մրցասպարեզ իր թիմի մեկնարկային կազմում: Այս անգամ Ռոման Բերեզովսկու մեղքով հյուրերը առաջ անցան հաշվի մեջ , սակայն  հետո Բերեզովսկին կարգավորեց իր խաղը, իսկ "Դինամոն" էլ հաղթանակ տոնեց 3:2 հաշվով և հեռացավ վերջին հորիզոնականից:
Սամարայում Սանկտ Պետերբուրգի "Զենիթը" հյուրնկալվել էր տեղի "Կռիյլա Սովետովին": Առաջին խաղակեսից հետո տանտերերը Սերգեյ Կոռնիլենկոյի և Լուիս Կաբալերոյի խփած գոլերի շնորհիվ առջևում էին 2:0 հաշվով: Սակայն "Կռիյլա Սովետովը" չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով: Հյուրերից իր գոլերի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Հալկը հանդիպման 65-րդ րոպեին կրճատելով հանդիպման հաշիվը, իսկ 78-րդ րոպեին հանդիպման հաշվի հավասարակշռությունը վերականգնեց  Ռոման Շիրոկովը:
Խաղային 2-րդ օրվա համար նախատեսված վերջին խաղում խաղադաշտ դուրս եկան առաջատար Գրոզնիի "Թերեքը" և այս առաջնությունոմ շատ լուրջ հավակնություններ ունեցող Մոսկվայի "Լոկոմոտիվը": Սլավեն Բիլիչի սաները հյուրնկալվելիս 25 րոպեների ընթացքում կարողացավ 3 գնդակ խփել տանտերերի դարպասը և հաղթանակի հասնել 0:3 հաշվով: "Երկաթուղայիններից" գոլերի հեղինակ դարձան Մարտին Գրիգորեվը 62-րդ րոպեին, Վիկտոր Օբինան 83-րդ րոպեին և բրազիլացի հարձակվող Մաիկոնը 87-րդ րոպեին: Այս պարտությունից հետո Գրոզնիի "Թերեքը" զիջեց առաջին հորիզոնականը "ԲԿՄԱ-ին":
Խաղային 3-րդ օրվա համար նախատեսված էր 2 հանդիպում: Առաջինը` Մոսկվայի "Լուժնիկի" ստադիոնում խաղադաշտ դուրս եկան "Սպարտակը" և "Ռոստովը": Այս խաղում տանտերերը` "Սպարտակի" ֆուտբոլիստները, տոնեցին վստահ հաղթանակ 3:1 հաշվով: Տանտերերից "դուբլ" ձևակերպեց Նիգերիայի հավաքականի հարձակվող Էմանուել Էմենիկեն:
Խաղային 3-րդ օրվա համար նախատեսված վերջին խաղում Կազանի "Ռուբինը" սեփական հարկի տակ ընդունել էր Կրասնոդարի "Կուբանին": Հանդիպման 45-րդ րոպեին տանտերերի իտալացի պաշտպան Սալվատորե Բոկետիի հեղինակած գոլը հաղթական եղավ տանտերերի համար, որոնք հաղթեցին նվազագույն` 1:0 հաշվով: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Մարկոս Պիցելին, որին 70-րդ րոպեին փոխարինեց Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան` Արազ Օզբիլիսը: Պետք է փաստել, որ այս խաղում 2 ֆուտբոլիստներն էլ աչքի չընկան ակտիվ գործողություններով:
Ռուսաստանի ընթացիկ առաջնության 9-րդ տուրը ավարտվեց սեպտեմբերի 24-ին խաղային 4-րդ օրվա համար նախատեսված վերջին խաղով, որտեղ Մախաչկալայի "Անժին" հյուրընկալվելիս կարողացավ նվազագույն` 0:1 հաշվով, հաղթանակ տոնել Վլադիկավկազում տեղի "Ալանիայի" նկատմամբ: Հանդիպման հաղթական գնդակը խփեց Լասինա Տրաորեն:
Ամփոփելով Ռուսաստանի պրեմիեր լիգայի 9-րդ տուրը նշենք, որ 9 խաղից հետո վաստակած 21 միավորով Մոսկվայի "ԲԿՄԱ-ն" սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը, հաղթանակի շնորհիվ 2-րդ հորիզոնական բարձրացավ Մախաչկալայի "Անժին" վաստակած 20 միավորով, իսկ 3-րդ և 4-րդ տեղերն էլ վաստակած 19-ական միավորներով կիսում են Մոսկվայի "Լոկոմոտիվը" և Գրոզնիի "Թերեքը":

Ուկրաինայի գավաթի խաղարկությունում կայացավ 1/16-րդ փուլի հանդիպումները: Ուկրաինայի գավաթի խաղարկությունում հաջորդ փուլ դուրս գալու հարցը լուծվում է մեկ խաղով:
Արթուր Եդիգարյանի և Եղիշե Մելիքյանի "Հովերլա Զակարպատիեն" հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթանակ տոնեց Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող "Հելիոսի" նկատմամբ և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: 1/8-րդ եզրափակիչում չկարողացավ հայտնվել Գևորգ Ղազարյանի, Կառլեն Մկրտչյանի և Արտակ Եդիգարյանի Դոնեցկի "Մետալուրգը", որը հյուրընկալվելիս Օդեսայում 2:0 հաշվով զիջեց տեղի "Չեռնոմորեցին": Իսկ ահա Ուկրաինյի հերթական "սուպեր կլասիկոն" Դոնեցկի "Շախտյորի" և Կիևի "Դինամոյի" միջև, կայացավ գավաթի 1/16-րդ եզրափակիչում: Դոնեցկում "Շախտյորը" խոշոր` 4:1 հաշվով, հաղթանակի հասավ Կիևի "դինամոյականների" նկատմամբ, և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ փուլ, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: "Դինամոյի" այս պարտությունից հետո պաշտոնանկ արվեց թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը:
Վերջում անդրադառնանք հաճելի մի հանգամանքի Ուկրաինայում 9 խաղից խփած 12 գնդակներով Հենրիխ Մխիթարյանը համարվում է Ուկրաինայի ընթացիկ պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն, իսկ Ռուսաստանի պրեմիեր լիգայի 9-րդ տուրում ձևակերպելով "դուբլ" Յուրա Մովսիսյանը նույնպես դարձավ լավագույն ռմբարկու:


Tuesday, September 25, 2012

Պայքարն ավելի հետաքրքիր է դառնում

Արդեն պատմություն դարձավ Հայաստանի 21-րդ առաջնության 23-րդ տուրի հանդիպումները: Տուրը անցավ գոլառատ և հետաքրքիր պայքարում, և կայացած 4 խաղերում գրանցվեց 11 գոլ: Չեմպիոնության համար պայքարում վերականգնվեց ինտրիգը, քանի որ "Միկայի" սայթաքումից արդյունավետ օգտվեց "Շիրակը": Այսպիսով անդրադառնանք Հայաստանի 21-րդ առաջնության հանդիպումներին առանձին-առանձին:



23-րդ տուրի 2 հանդիպում կայացավ մի փոքր ավելի շուտ, քանի որ Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի սուպերգավաթը վիճարկվելու էր սեպտեմբերի 24-ին` հենց Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը: Քանի որ սուպերգավաթը վիճարկվելու էր Հայաստանի գործող չեմպիոն "Ուլիսի" և նախորդ առաջնության գավաթակիր "Միկայի" միջև, հենց այս 2 թիմերի մասնակցությամբ խաղերն էլ կայացան սեպտեմբերի 19-ին, որպեսզի  թիմերը  ժամանակ ունենան պատրաստվելու սուպերգավաթի վիճարկման կարևոր ստուգատեսին:
Առաջինը խաղադաշտ դուրս եկան լավագույն եռյակում գտնվող 2 թիմեր "Միկան" և "Իմպուլսը": Իհարկե, նայելով մրցաշարային աղյուսակին, որտեղ "Միկան" ընթանում է առաջին տեղում, իսկ "Իմպուլսն" էլ 3-րդն է, այս հանդիպումը կարելի էր անվանել տուրի կենտրոնական հանդիպումը: Խաղն աչքի ընկավ դիտարժանությամբ և գրանցվեց 4 գոլ, և որ հետաքրքիր է` գրանցված 4 գոլերն էլ խփվեցին վերջին 30 րոպեների ընթացքում: Հանդիպման 60-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը Նարեկ Դավթյանի գոլի շնորհիվ, սակայն 6 րոպե անց հերթական անգամ աշխատեց Ժոլտ Հոռնյակի "ոսկե" փոփոխությունը, քանի որ 66-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սեմյոն Մուրադյանը` խփելով իր 10-րդ գնդակը, և որ ամենահետաքրքիրն է` բոլորն էլ փոխարինման դուրս գալով: Հանդիպման 80-րդ րոպեին Անդրանիկ Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ "Միկան" առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն հյուրերը ամենևին չէին համակերպվում պարտության մտքի հետ, և 87-ր րոպեին բրազիլացի հարձակվող Դիեգո Կաստրոյի խփած գոլի շնորհիվ խույս տվեցին պարտությունից, իսկ հանդիպումն էլ ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով:

Կապանի "Լեռնագործ" մարզադաշտում Հայաստանի գործող չեմպիոն "Ուլիսը" հյուրընկալվել էր գործող բրոնզե մեդալակիր տեղի "Գանձասարին": Այստեղ էլ խաղադաշտ էին դուրս եկել Հայաստանի 20-րդ` ավարտված առաջնության 1-ին և 3-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը: Այս խաղի ելքը վճռվեց հանդիպման 63-րդ րոպեին, երբ հյուրերին առաջ մղեց Արսեն Բալաբեկյանը, և հանդիպումն ավարտվեց "Ուլիսի"` 0:1 հաշվով հաղթանակով:
Վերջին 2 հանդիպումները կայացան սեպտեմբերի 22-ին` շաբաթ օրը: Նախ` խաղադաշտ դուրս եկան ընթացիկ առաջնության առաջատարներից մեկը` Գյումրիի "Շիրակը" և հետնապահ "Արարատը": Արդեն իսկ տեղյակ լինելով "Միկայի" ոչ ոքի խաղալու հանգամանքին` "Շիրակի" ֆուտբոլիստները իրենց վրա էլ ավելի պարտավորության բեռն էին կրում այս խաղում անպայման հաղթելու և "Միկայի" հետ միավորների տարբերությունը կրճատելու համար: Իսկ "Արարատն" էլ իր առջև պայման է դրել հեռանալ վերջին հորիզոնականից և դուրս չմնալ Հայաստանի բարձրագույն խմբից, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խաղում "Արարատն" էլ "կենաց մահու" կռիվ է տալիս յուրաքանչյուր միավորի համար: Գյումրիում կայացած խաղում գրանցվեց միանգամից 5 գոլ, որոնցից 4-ը առաջին 33 րոպեների ընթացքում: Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ռաֆայել Պալտաջյանը գնդակը ուղարկեց սեփական դարպասը և առաջ մղեց հյուրերին: Բայց ընդամենը 12 րոպե պահանջվեց "շիրակցիներին" հանդիպման հաշիվը վերականգնելու համար, երբ գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն: 28-րդ րոպեին արդեն տանտերերին առաջ մղեց Անդրանիկ Բարիկյանը, որը արդեն ձեռք է բերել "Արարատի դահիճ" անվանումը, քանի որ վերջին տարիներին այս ֆուտբոլիստը շատ հաճախակի է գրավում "Արարատի" դարպասը:  33-րդ րոպեին հյուրերը Տիգրան Ոսկանյանի հստակ իրացված 11 մետրանոցի շնորհիվ նորից վերականգնեցին հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման ելքը վճռվեց 53-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Արա Մկրտչյանը և հաղթանակ պարգևեց տանտերերին` "Շիրակի" ֆուտբոլիստներին: Այս հաղթանակից հետո գյումրեցիները զգալիորեն կրճատեցին միավորների տարբերությունը  "Միկայի" հետ:

Տուրի վերջին հանդիպումը կայացավ Եվրոպական մրցասպարեզում Հայաստանի պատիվը բազմաթիվ անգամ պաշտպանած 2 թիմերի` "Փյունիկի" և "Բանանցի" միջև: Տանտիրոջ կարգավիճակով հանդես եկող "Փյունիկը" կարողացավ հաղթել "Բանանցին": Հանդիպման միակ և հաղթական գնդակը խփեց Դավիթ Մանոյանը հանդիպման 62-րդ րոպեին: Մանոյանը սկսել է կրել թիմի ավագի թևկապը "Փյունիկի" և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: Թիմում նոր "պաշտոնը" Մանոյանը նշանավորեց գոլով, և երիտասարդ ավագի համար սկիզբը կարելի է հաջողված համարել:
Դրվագ "Փյունիկ" - "Բանանց" հանդիպումից
Դրվագ "Փյունիկ" - "Բանանց" հանդիպումից /լուսանկարը` armsport.am-ի/
Այսպիսով ամփոփելով Հայաստանի 21-րդ առաջնության 23-րդ տուրը նշենք, որ չեմպիոնության համար պայքարում ինտրիգը սրվեց, քանի որ Գյումրիի "Շիրակը" կորցրած միավորներով այժմ ընդամենը 3 միավորով է զիջում "Միկային": "Իմպուլսի" ոչ ոքիից օգտվելով  և "Բանանցին" հաղթելով` "Փյունիկը"  կորցրած միավորներով ընդամենը 2 միավոր է զիջում 3-րդ հորիզոնականում ընթացող "Իմպուլսին", իսկ "Ուլին" ու "Արարատն" էլ սկսել են էլ ավելի արդյունավետ խաղալ նորանշանակ մարզիչների գլխավորությամբ:
Վերոշարադրյալից ելնելով հստակորեն կարող ենք ասել, որ Հայաստանի 21-րդ առաջնությունում պայքարն  ավելի հետաքրքիր է դառնում:   
   

Monday, September 24, 2012

Ա սերիա. 4-րդ տուրի տեսություն

«Յուվենտուսը» 4-րդ տուրից հետո կարողանում է առաջ պոկվել մրցակիցներից, իսկ «Սան Սիրոյում» սեփական պատերը ավելի շատ խանգարում են միլանցիներին, քան օգնում: Գոլիզեում բլոգը ամփոփում է Իտալիայի առաջնության 4-րդ տուրը: 


Տուրի գլխավոր խնդիրը

Իտալական առաջատար ակումբները անցած շաբաթ առաջին հանդիպումներն էին անցկացրել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլերում: Դրա հետ մեկտեղ` հաջորդ` 5-րդ տուրը կայանալու է սեպտեմբերի 25-27-ին, այսինքն այս թիմերը լուրջ խնդիր ունեին ֆիզիկական բավարար մակարդակի ներկայանալու այս հանդիպումներին: Իսկ դրա համար պետք էր արդյունավետ վերադասավորել ուժերը: Առաջին անգամ այս մրցաշրջանում «երկար» պահեստայինների նստարանի խնդիրն առաջ եկավ, որն էլ փաստորեն լուծում գտավ միայն «Յուվենտուսի» մոտ: Առանց մի քանի առաջատարների «Ծեր սենյորան» ամեն դեպքում կարողացավ հերթական երեք միավորը վաստակել և 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մյուս թիմերից միայն «Ուդինեզեն» կարողացավ հաղթանակ տանել, ընդ որում «Միլանի» նկատմամբ, «Նապոլին» ոչ ոքի ավարտեց խաղը, իսկ «Ինտերը», «Լացիոն» և ինչպես արդեն նշել էինք` «Միլանը» պարտություններ կրեցին:


Մեկնարկ ապագայի համար

«Յուվենտուս» 2-0 «Կիեվո»
«Յուվեի» կազմում այս խաղում հանգստանալու հնարավորություն էր տրվել Պիրլոյին, Լիխշտայներին և Վիդալին: Պիրլոյի դիրքում իր նորամուտը նշեց Պոգբան: Իհարկե, դեռ միանշանակ չէ, որ Պիրլոյի դիրքում մարզիչները տեսնում են հենց Պոգբային, բայց ակնհայտ է, որ «Յուվեն» սկսում է փորձարկումներ անել` աստիճանաբար վերացնելու համար թիմի խաղի կախվածությունը Պիրլոյից: Որոշումը միանգամայն արդարացված է և բխում է թիմի երկարաժամկետ զարգացման շահերից: Սակայն, հարց է արդյոք, կստացվի դա «Յուվեին», թե ոչ: Խաղին անդրադառնալով` պետք է կրկնել մի անուն` Ֆաբիո Կուալիարելլա: Հարձակվողը, որի մասին ժամանակավորապես մոռացել էին, դարձավ դուբլի հեղինակ և ապահովեց թիմի հաղթանակը: Այս խաղում կայացավ նաև Բենտդների նորամուտը, ով փոխարինեց հենց Կուալիարելլային: «Յուվենտուսը» հաղթահարեց հերթական արգելքը և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, ընդ որում` արդեն միայնակ:


Քննություն Ալեգրիի համար

«Ուդինեզե» 2-1 «Միլան»
Չեմպիոնների լիգայում «Անդերլեխտի» հետ տնային ոչ ոքիից հետո Իտալիայում խոսում էին, որ «Ուդինեզեի» դեմ խաղը որոշիչ է լինելու Մաքսիմելիանո Ալեգրիի համար, և այն ձախողելու դեպքում մարզիչը կհեռացվի աշխատանքից: Չնայած եվրագավաթային հանդիպումներից հետո «Միլանը» 2 օր ավել էր հանգստացել մրցակցից, Ալեգրին չկարողացավ հանձնել այս քննությունը, սակայն անմիջապես խաղից հետո «Միլանի» ղեկավարությունը շտապեց հայտարարել, որ Ալեգրիին «վերաքննության» հնարավորություն է տրվում: Ալեգրին մյուս փորձելու է առաջին հաղթանակը տանել «Սան Սիրոյում» իր նախկին թիմի` «Կալյարիի» նկատմամբ, իսկ Ֆրանչեսկո Գվիդոլինի «Ուդենեզեն» առաջին հաղթանակն է տանում այս մրցաշրջանում:

Մյուս արդյունքները
«Պարմա» 1-1 «Ֆիորենտինա»
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռոնկալյայի հիասքանչ գնդակից հետո խաղի ընթացքում նշանակվեց երեք 11 մետրանոց, որից իրացվեց միայն մեկը: «Պարմայի» հարձակվող Խայմե Վալդեսը միայն երկրորդ փորձից կարողացավ գրավել դարպասը, իսկ «Մանուշակներից» վրիպեց առաջնության գլխավոր ռմբարկու Յովետիչը: Խաղը դրամատիկ ստացվեց, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր ոչ մի կողմի համար:
«Կատանիա» 0-0 «Նապոլի»
«Նապոլին» Եվրոպա լիգայում խփած 4 գնդակներից հետո ոչ մեկը չէր պահել 2-րդ րոպեից 10 հոգով խաղացող «Կատանիայի» համար: Արդյունքում նեապոլցիները կորցրեցին երկու միավոր և առաջատարի դիրքը կիսելու իրավունքը:
«Բոլոնիա» 1-1 «Պեսկարա»
«Դելֆինները» վաստակում են իրենց առաջին միավորը առաջնությունում, իսկ Դիամանտին և թիմակիցները ափսոսում են բաց թողնված հաղթանակի համար: 
«Ատալանտա» 1-0 «Պալերմո»
«Պալերմոյի» նոր մարզիչ Ժան Պիեռ Գասպերինիի նորամուտը չստացվեց, սակայն նա դեռ ժամանակ կունենա աշխատելու նոր թիմի հետ:
«Ինտեր» 0-2 «Սիենա»
«Սիենան» դեռ ոչ մի անգամ չէր հաղթել «Ինտերին», իսկ վերջինս, ինչպես և «Միլանը», այս մրցաշրջանում դեռ չի կարողանում հաղթանակ տոնել «Սան Սիրոյում»:
«Սամպդորիա» 1-1 «Տորինո»
«Սամպդորիային» չհաջողվեց շարունակել հաղթական մեկնարկը, սակայն ամեն դեպքում թիմի ցուցադրած արդյունքը գովելի է:
«Լացիո» 0-1 «Ջենոա»
«Լացիոն» նույնպես չկարողացավ վերականգնել ուժերը եվրագավաթային հանդիպումից հետո և առաջին պարտությունը կրեց առաջնությունում թափ հավաքած «Ջենոայից»:
«Կալյարի» ?-? «Ռոմա»
Խաղը հետաձգվեց մարզադաշտի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Արդեն այսօր «Ռոմայի» ղեկավարությունը որոշում կայացվեց տանտերերին տեխնիկական պարտություն արձանագրելու մասին դիմում ներկայացնելու ԻՖՖ:
Սիենայի ֆուտբոլիստները Կասսանոյին չեն խնայում
«Յուվենտուսը» 4-րդ տուրից հետո առաջ է պոկվում մրցակիցներից և դառնում է միանձնյա առաջատար: Հաջորդ տուրում, արդեն վաղը «Ծեր սենյորան» մրցելու է 5-րդ հորիզոնականում հանգրվանած «Ֆիորենտինայի» հետ: Մրցաշարային աղյուսակում անսովոր պատկեր է ստեղծում «Միլանը», որը 15-րդ տեղում է:

Որպես հավելում` առաջարկում ենք դիտել հերթական տուրի լավագույն գոլերից երեքը.
1. Կուալիարելլայի «մկրատը»
2. Ռոնկալյայի հեռահար հարվածը
3. Էլ Շարավիի գոլը «Ուդինեզեի» դարպասը

Friday, September 21, 2012

Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի տեսություն

Չեմպիոնների լիգայի 2012-13թթ. խաղարկությունը ունեցավ փառահեղ մեկնարկ, որի մասին կարող էին երազել միայն ամենալավատես երկրպագուները: Հենց առաջին տուրում ականատես եղանք մի քանի խելահեղ հանդիպումների, որոնք սպասելի էին 1/8 և ավելի ուշ փուլերում: Այս մեկնարկը նշանակալի եղավ նաև հայկական ֆուտբոլի համար, քանի որ առաջին անգամ հայ ֆուտբոլիստը գոլով աչքի ընկավ այս հեղինակավոր մրցաշարում, և այն էլ ոչ մեկ գոլով: Այս ամենի մասին` չեմպիոնների լիգայի առաջին տուրի մեր տեսությունում:

Չեմպիոնական դիմակայություն

Ռոնալդոն և Մարսելոն տոնում են հաղթական գնդակը
Ռոնալդոն և Մարսելոն տոնում են հաղթական գնդակը
«Ռեալ» Մադրիդ 3-2 «Մանչեսթեր Սիթի» (D խումբ)
Աշխարհի երկու առաջատար առաջնությունների չեմպիոնների դիմակայությունը հավակնում է դառնալ ՉԼ այս տարվա խմբային մրցաշարի զարդը: Խաղը արդարացրեց իր սպասելիքները և գոլառատ ստացվեց: Սակայն առավել հետաքրքիր է ոչ թե գոլերի քանակը, այլ դրանց հերթականությունը, որն էլ ապահովեց խաղի ողջ ինտրիգը: «Ռեալը», չնայած ունեցած խաղային առավելությանը, առաջին գոլը խփելու իրավունքը ամեն դեպքում զիջեց հյուրերին: Աչքի ընկավ փոխարինման մտած Ջեկոն: Մարսելոյի համարժեք պատասխանից հետո Մանչինին դաշտ դուրս բերեց Կոլարովին, որը նույնպես շուտով աչքի ընկավ: Հետևելով իր կոլեգային` Մոուրինյոն պայքարի նետեց Բենզեմային, որը նույնպես աչքի ընկավ և հավասարեցրեց հաշիվը: Այն պահին, երբ ոչ ոքին թվում էր տրամաբանական, տանտերերը կարողացավ գործի դնել այն միակ խաղաքարտը, որով «Ռեալը» առավել էր «Սիթիից»: Կրիշտիանո Ռոնալդոն հաղթական վերջակետ դրեց հանդիպմանը: Հանդիպումը փառահեղ ստացվեց, արդյունքն էլ օրինաչափ էր:


Փայլուն մեկնարկ / վերադարձ

«Չելսի» - «Յուվենտուս»
«Չելսի» - «Յուվենտուս»
«Չելսի» 2-2 «Յուվենտուս» (E խումբ)
«Յուվենտուսը» այնքան է փոխվել ՉԼ-ում իր վերջին մրցաշրջանից հետո, որ այս տարվա մասնակցությունը կարելի է նույնիսկ մեկնարկ անվանել: Սակայն այս բառի բուն իմաստը այս խաղում անհատապես նախատեսված էր բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստ Լուկասի համար, ով վերջապես կարողացավ լոնդոնցիներին ցույց տալ իր իրական ուժը: Բրազիլացու երկու գոլերը խոսում են իր փայլուն տաղանդի մասին: Իսկ «Յուվենտուսը», կարելի է ասել, հաջող մեկնարկեց, քանի որ չնայած ընդունած երկու գնդակներին, կարողացավ հավաքվել և անշտապ գործելով` աստիճանաբար ետ բերել կորցրած երկու գնդակները: ՉԼ գործող չեմպիոնին պարտվելը մեծ հարված չէր լինի «Յուվեի» համար, սակայն այս ոչ ոքին առավել ոգևորող է, քանի որ սա փաստում է թուրինցիների վաստակած որոշակի մակարդակի մասին, որից ներքը թիմն այլևս չի իջնի: Իսկ կարևորն այն է, որ այդ մակարդակը կբավարարի ՉԼ-ում հաջող ելույթներ ունենալու համար:


Միլիոնների խաղեր

Իսկոն ձեռնունայն է թողնում «Զենիթի» ողջ պաշտպանությանը
Իսկոն ձեռնունայն է թողնում «Զենիթի» ողջ պաշտպանությանը
«Մալագա» 2-0 «Զենիթ» (C խումբ)
«Զենիթը» կուրորեն հավատում էր, որ Հալկի վրա ծախսած միլիոնները մեխանիկորեն հաղթանակ են բերելու այդ միլիոններից զրկված «Մալագայի» դեմ, սակայն իսպանացիները դաժանորեն հակառակը ապացուցեցին: Փայլեց երիտասարդ ֆուտբոլիստ Իսկոն, ով շատ շուտով միլիոնների առաջարկներ կստանա տարբեր գրանդներից:

ՊՍԺ 4-1 «Դինամո» Կիև (A խումբ)
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում նույնպես կարողացավ ցույց տալ, որ ներդրված միլիոնները տվել են իրենց արդյունքը: Փարիզցիների վստահ հաղթանակը վերահաստատում է թիմի բարձր դիրքերը Ա խմբում, իսկ Իբրահիմովիչը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում եվրագավաթներում 6 տարբեր ակումբների կազմում:


Չկայացած անակնկալ

Ռոմուլոն գրավում է Վալդեսի դարպասը
Ռոմուլոն գրավում է Վալդեսի դարպասը
«Բարսելոնա» 3-2 «Սպարտակ» (G խումբ)
Կատալոնյան թիմի երկու եզրային պաշտպանների` Դանի Ալվեսի և Ադրիանոյի անփույթ գործողությունների արդյունքում հենց առաջին տուրում կարող էր գրանցվել ՉԼ այս խաղարկության առաջին խոշոր սենսացիան: «Սպարտակը» խաղի միջնամասում կարողացավ առաջ անցնել, և պետք է նշել, դա նաև ռուսական թիմի ահռելի աշխատանքի վաստակն էր: Սակայն «կարմիր ավտոբուսը» չկարողացավ դիմակայել մինչ խաղի վերջ և Մեսսին երկու անգամ գրավեց դարպասը: Արդյունքում Ունաի Էմերիի թիմը պարտվեց, սակայն կարող է գլուխը բարձր հեռանալ «Կամպ Նոուից»:

Կայացած անակնկալ
«Լիլլ» 1-3 ԲԱՏԵ (F խումբ)
Բելառուսական թիմը առաջին կեսից հետո «Գրան Ստադ Լիլ Մետրոպոլ» մարզադաշտի հանդերձարան գնաց խփած երեք գնդակներով: Սա ծանր շոկ էր ֆրանսիական թիմի համար, որը երկրորդ կեսում կարողացավ հետ բերել ընդամենը մեկ գնդակ: Արդյունքում ԲԱՏԵ-ն տոնեց իր պատմության մեջ առաջին հաղթանակը ՉԼ-ում:


Հայկականը ՉԼ-ում

Հենրիխ Մխիթարյանի հարվածը
Հենրիխ Մխիթարյանի հարվածը
«Շախտյոր» 2-0 «Նորդսելլանդ» (E խումբ)
«Շախտյորը» առաջին հանդիպումն անցկացրեց ՉԼ նորեկ նորվեգական «Նորդսելլանդի» դեմ: Լուչեսկուի թիմը ակնհայտորեն թերագնահատել էր մրցակցին, և ողջ առաջին խաղակեսը ուկրաինացիները համակերպվում էին այն մտքի հետ, որ իրենց մրցակիցը նույնպես ֆուտբոլ խաղալ գիտի: Սակայն մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի գոլը «հանդերձարանից» իր տեղը դրեց ամեն ինչ: Երկրորդ կեսում «Շախտյորը» շտկեց իր խաղը, իսկ Մխիթարյանը խփեց երկրորդ գնդակը: Սա աննախադեպ հաջողություն է հայկական ֆուտբոլի համար: Հայ ֆուտբոլիստը ամենաբարձր մակարդակով հայտարարեց իր մասին ողջ Եվրոպայում, ինչը ոչ միայն հպարտանալու, այլև նոր առաջարկների սպասելու առիթ է տալիս մեր հերոսի համար:


Հիասթափություններ

Պացցինիի մոտ ոչինչ չի ստացվում
Պացցինիի մոտ ոչինչ չի ստացվում
«Միլան» 0-0 «Անդերլեխտ» (C խումբ)
Նույնիսկ ամենածանր տարիներին «Միլանի»` Ա սերիայի և ՉԼ ելույթները որակապես տարբերվում էին միմյանցից. որպես կանոն «Միլանը» ՉԼ-ում առավել ճարպիկ ու հաջողակ է:  Սակայն թիմի մեկնարկային խաղը ևս մեկ անգամ հիասթափեցրեց երկրպագուներին: Տնային գոլազուրկ ոչ ոքին լավագույն մեկնարկը չէր «ռոսոներիների» համար:

«Բրագա» 0-2 «Կլուժ» (H խումբ)
«Բրագայի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Բաստոսը հաղթանակ է պարգևում «Կլուժին» արտագնա խաղում: Պորտուգալական թիմի պարտությունը հատկապես ցավալի է թիմի վիճակագրության ֆոնի վրա. «Բրագան» կատարել է 23 հարված դարպասին մրցակցի 4 հարվածի դիմաց, բացի այդ ունեցել է գնդակին տիրելու առավելություն` 65-35:

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Գալաթասարայ» (H խումբ)
«ՄՅՈՒ»-ն տարավ նվազագույն հաշվով հաղթանակ, որը չափազանց դժվար տրվեց: Բացի այդ Նանին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, և այդ խնդիրը թվում է խրոնիկական «Կարմիր սատանաների մոտ»:

Դուբլեր
ՉԼ առաջին տուրում գրանցվեցին միանգամից 5 դուբլեր: Դրանց հեղինակները դարձան Ռաֆայել Բաստոսը «Կլուժից», Լիոնել Մեսսին «Բարսելոնայից», Լուկասը «Չելսիից», Իսկոն «Մալագայից» և մեր Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից»:

Մյուս արդյունքները.
A խումբ. «Դինամո» Զագրեբ 0-2 «Պորտու»
B խումբ. «Օլիմպիակոս» 1-2 «Շալկե 04»
B խումբ. «Մոնպելիե» 1-2 «Արսենալ»
D խումբ. «Բորուսիա» Դորտմունդ 1-0 «Այաքս»
F խումբ. «Բավարիա» 2-1 «Վալենսիա»
G խումբ. «Սելթիկ» 0-0 «Բենֆիկա»

Մյունխենում կարոտել էին ՉԼ-ն
Մյունխենում կարոտել էին ՉԼ-ն
Ինչպես տեսնում ենք, Չեմպիոնների լիգան այս տարի հիանալի մեկնարկ վերցրեց: Ընդհանուր առմամբ գրանցվեց 42 գնդակ, և ընդամենը 2 հանդիպում ավարտվեց առանց գոլերի: Խմբային փուլի հաջորդ տուրը հոկտեմբերի 2-3-ին է:

Thursday, September 20, 2012

Անգլիայում 4-րդ տուրից հետո առաջատար քառյակը առանձնանում է

Պատմություն դարձավ Անգլիայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումները, որոնք աչքի ընկավ հիմնականում օրինաչափ հաղթանականերով և կարելի է ասել գրեթե աչքի չընկան անակնկալներով: Մրցաշարային աղյուսակում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ ու չեմպիոնի կոչման համար պայքարող ֆավորիտներն էլ պարտություններ չկրեցին: Տուրն աչքի ընկավ ոչ ոքիների առատությամբ, և կայացած 10 խաղերում գրանցվեց 5 խաղաղ ելք: Այժմ ավելի մանրամասն ծանոթանանք Անգլիայի 2012-13 մրցաշրջանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի արդյունքներին:
Անգլիայում տուրն սկսվեց սեպտեմբերի 15-ին և առաջին օրվա համար նախատեսված էր 8 հանդիպում: Առաջինը` Նորվիչում տեղի համանուն թիմը ընդունել էր "Վեսթ Հեմ Յունայթեդին": Խաղն ավարտվեց խաղաղ արդյունքով և 90 րոպեների ընթացքում հանդիսականները գոլի ականատես չեղան և խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Բիրմինգհեմի "Վիլա Պարկ" մարզադաշտում "Աստոն Վիլան" սեփական հարկի տակ ընդունեց և 2:0 հաշվով առավելության հասավ ընթացիկ առաջնությունում շատ հաջող մեկնարկած "Սուոնսի Սիթիի" նկատմամբ: "Սուոնսին" ընթացիկ առաջնության առաջին երկու տուրերում խոշոր հաշվով հաղթանակներ տանելուց հետո արդեն 2 հանդիպում է չի կարողանում տոնել հաղթանակ և 4-րդ տուրից հետո դուրս է մնում լավագույն քառյակից:
Լոնդոնի "Քրեվեն Քոթեջ" մարզադաշտ եկած երկրպագուները ականտես եղան իրենց սիրելի թիմի` "Ֆուլհեմի", խոշոր հաշվով հաղթանակին, առաջնության առաջին 3 տուրերի ընթացքում 7 միավոր վաստակած "Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի" նկատմամբ: Տանտերերից "դուբլ" ձևակերպեց Դիմիտար Բերբատովը, որը բացեց իր գոլերի հաշիվը "Ֆուլհեմում":
Մանչեսթերի "Օլդ Թրաֆորդ" մարզադաշտում "Մանչեսթեր Յունայթեդը" սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց "Ուիգան Ատլետիկի" դարպասը: Սա "կարմիր սատանաների" 3-րդ անընդմեջ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում, առաջին տուրում "Էվերթոնից" պարտություն կրելուց հետո, և առաջին խոշոր հաշվով հաղթանակն էր նախորդ 2 տուրերում միևնույն 3:2 հաշվով հաղթելուց հետո:
Լոնդոնի "Լոֆտուս Ռուս Ստադիոնում" շատ լուրջ ֆուտբոլիստներով հագեցած "Քուինզ Պարկ Ռեյնջերսը" սեփական հակի տակ ընդունեց, և արժանի դիմադրություն ցույց տվեց ընթացիկ առաջնության առաջատար Լոնդոնի "Չելսիի" նկատմամբ: Լոնդոնյան դերբին ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի` 0:0 հաշվով:
Ստոկի "Բրիտանիա" մարզադաշտում "ամուր ընկույզի" համբավ ունեցող "Ստոկ Սիթին" սեփական հարկի տակ ընդունել էր գործող չեմպիոն "Մանչեսթեր Սիթիին": Հանդիպման
15-րդ րոպեին տանտերերի հարձակվող Պիտեր Քրաուչը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 35-րդ րոպեին "Մանչեսթեր Սիթիի" նորեկ Խավի Գարսիան օգտվելով Կառլոս Տեվեսի փոխանցումից հավասարեցրեց հանդիպման հաշիվ: Այս խաղում այլևս գոլ չգրանցվեց և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:
Լուկաս Պոդոլսկին տոնում է հաջողությունը "Արսենալի" երկրպագուների հետ
Լուկաս Պոդոլսկին տոնում է հաջողությունը "Արսենալի" երկրպագուների հետ
 Լոնդոնի "Էմիրեյթս" ստադիոնում "Արսենալը" ընդունել էր առաջնության նորեկներից մեկին` "Սաութհեմփթոնին": Տանտերերը "քարը քարի" վրա չթողեցին հյուրերի պաշտպանությանը և առավելության հասան 6:1 "թենիսի" հաշվով: "Սաութհեմփթոնի" ֆուտբոլիստները 2 անգամ գնդակն ուղարկեցին սեփական դարպասը, իսկ "Արսենալից" "դուբլ" ձևակերպեց Կոտդ'իվուարցի հարձակվող Ժերվինյոն, և մեկական անգամ էլ աչքի ընկան Թեո Վոլքոտը և Լուկաշ Պոդոլսկին: Վերջինս արդեն 2-րդ խաղն է անընդմեջ դառնում է գոլի հեղինակ և ապացուցում է, որ Արսեն Վենգերը անիմաստ փող չի վատնել իր հարցով:
Խաղային առաջին օրվա համար նախատեսված վերջին հանդիումը կայացավ Սանդերլենդի "Օֆ լայթ" պարզադաշտում, որտեղ "Սանդերլենդը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր  Անգլիայի ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրներից մեկին` "Լիվերպուլին": Միանգամից նշենք, որ Լիվերպուլի նորանշանակ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի համար 4-րդ տուրը նույնպես անհաջող դասավորվեց, և "Մերսիսայդցիները" ընթացիկ առաջնության 4-րդ խաղում անընդմեջ չկարողացան հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Հանդիպման 29-րդ րոպեին տանտերերի հարձակվող Սթիվեն Ֆլետչերի գոլին 71-րդ րոպեին գոլով պատասխանեց և "Լիվերպուլի" պատիվը փրկեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:
Խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էր ընդամենը մեկ հանդիպում: Սեպտեմբերի 16-ին Ռիդինգի "Մատեյսկի" ստադիոնում միմյանց դեմ դուրս եկան տեղի "Ռիդինգը" և Լոնդոնի "Տոտենհեմը": Հաղթանակի հասան հյուրերը 1:3 հաշվով, բայց պետք է նշել որ հաղթանակը "շպորներին" հեշտ չտրվեց: Ի դեպ սա առաջին հաղթանակն էր "Տոտենհեմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի համար: Հյուրերից "դուբլ" ձևակերպեց Ժերմիեն Դեֆոն, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ ուելսցի Գարեթ Բեյլը:
Անգլիայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրն ավարտվեց խաղային 3-րդ օրվա համար նախատեսված վերջին` մեկ խաղով: Հանդիպումն կայացավ սեպտեմբերի 17-ին` երկուշաբթի օրը, Լիվերպուլի "Գուդիսոն Պարկ" մարզադաշտում, որտեղ "Էվերթոնը" սեփական հարկի տակ ընդունել էր "Նյուքասլին": Տանտերերից Սթիվեն Պիենարի 2 գոլային փոխանցումները օգտագործեցին Լեյթոն Բեյնսը և Վիկտոր Անիչեբեն, իսկ "կաչաղակներից" "դուբլ" ձևակերպեց Սենեգալի հավաքականի և "Նյուքասլի" առաջատար հարձակվող Դեմբա Բան", և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 արդյունքով:
Ամփոփելով Անգլիայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրը նշենք, որ 4 տուրից վաստակած 10 միավորով "Չելսին" շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, 2-րդ հորիզոնականում է 9 միավոր վաստակած "Մանչեսթեր Յունայթեդը", իսկ 3-րդ և 4-րդ հորիզոնականները հավասար 8-ական միավորներով կիսում են "Արսենալն" և գործող չեմպիոն  "Մանչեսթեր Սիթին": Այսպիսով` Անգլիայում 4-րդ տուրից հետո առաջատար քառյակը առանձնանում է:
 

Tuesday, September 18, 2012

Ա սերիայի 3-րդ տուրի տեսություն

Իտալիայում կայացավ հերթական` երրորդ տուրը: Մրցաշարային առաջատարները «Յուվենտուսի» գլխավորությամբ տարան հերթական հաղթանակները, իսկ «Միլանը» դարձավ յուրօրինակ հակառեկորդի հեղինակ: Տուրը աչքի ընկավ մի քանի կամային հաղթանակներով, բացի այդ այս տուրից հետո հայտարարվեց Ա սերիայի առաջին մարզչական պաշտոնանկության մասին: Այս ամենի մասին` Ա սերիայի երրորդ տուրի մեր տեսությունում:
Առաջին մարզչական նվաճումները.

«Կիեվո» 1-3 «Լացիո»
0-1` Էռնանես 5´, 0-2` Կլոզե 37´, 0-3` Էռնանես 74´, 1-3` Պելիսիե 83´ 11մ.
Վլադիմիր Պետկովիչը դարձավ «Լացիոյի» պատմության մեջ երկրորդ մարզիչը, ում գլխավորությամբ թիմը հաղթանակներ է տանում մեկնարկային երեք տուրերում: Վերոնայում  հռոմեացիները ոչ մի շանս չտվեցին տանտերերին, իսկ Պետկովիչի սաներից հատկապես փայլեց Էռնանեսը, ով ոչ միայն երկու հրաշալի գնդակներ հեղինակեց, այլև օգնեց Կլոզեին նույնպես աչքի ընկնել: Այս խաղում «Լացիոն» ընդունեց ընդամենը առաջին գնդակը այս մրցաշրջանում, ինչը միանշանակ գովասանքի խոսքեր է պահանջում նոր գլխավոր մարզչի հասցեին:
Վլադիմիր Պետկովիչ
Վլադիմիր Պետկովիչ
«Ջենոա» 1-3 «Յուվենտուս»
1-0` Իմմոբիլե 18´, 1-1` Ջիակկերինի 61´, 1-2` Վուչինիչ 78´ 11մ, 1-3` Ասամոա 84´
Չեմպիոնների լիգայում «Չելսիի» դեմ խաղից առաջ Կարերան որոշել պահեստայինների նստարանին թողնել իր հիմնական խաղացողներին և փորձարկել մյուս ֆուտբոլիստներին: Առաջին կեսի ընթացքը ցույց տվեց, որ մարզչի փորձարկումը ձախողման է գնում, քանի որ ընդունելով առաջին գնդակը իրենց նախկին ֆուտբոլիստ Իմմոբիլեից, հյուրերը չէին կարողանում ոչ մի լուրջ քայլ ձեռնարկել` փրկելու համար խաղը: Պաշտպանությունում նույնպես սխալները շատ էին, և «Ջենոան» դեռ շատ է զղջալու չօգտագործված պահերի համար: «Յուվեի» կազմում ակտիվությամբ առանձնանում էին միայն Ջիակկերինին և Ջիովինկոն, իսկ եզրային պաշտպանները և հարձակվող Մատրին անցկացրեցին շատ վատ խաղ և արդյունքում փոխարինվեցին: Կարերան դաշտ հանեց երկու խաղացողների` Ասամոային ու Վուչինիչին, որոնք էլ կամային հաղթանակ պարգևեցին «Յուվեին»: Եթե հաշվի առնենք, որ խաղի ընթացքում Կարերան չի կարող օգտվել Կոնտեի օգնությունից և կայացնում է ինքնուրույն որոշումներ, կարելի է ասել, որ սա Կարերայի համար յուրօրինակ նվաճում էր: Դաշտ դուրս եկած Վուչինիչը կարգավորեց խաղը հարձակման գծում, սկսեց գնդակներ ստանալ և սրություն ստեղծել առջևի գծում: Խաղի բեկումնային պահը դարձավ 61-րդ րոպեն, երբ «Ջենոան» չկարողացավ օգտագործել «100 տոկոսանոց» համարվող գոլային պահը, որին հետևած արագ հակագրոհի արդյունքում Վուչինիչը ստացավ գնդակը և հարվածի դուրս բերեց վրա հասած Ջիակկերինիին, ով հիանալի հարված կատարեց և վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Շուտով «Յուվեի» նորեկ Ասամոան ձախից անցում կատարեց և վաստակեց 11 մետրանոց, ի դեպ այս մրցաշրջանում «Յուվեի» երրորդ 11 մետրանոցը, սակայն առաջինը, որը ընդհանրապես կասկածի տեղիք չտվեց: Վուչինիչը վարպետորեն իրացրեց այն: Խաղի վերջնամասում «Ծեր սենյորան» երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը և բարձր տրամադրությամբ դաշտ դուրս կգա Չեմպիոնների լիգայում, որտեղ նրանց շատերն են կարոտել:



Տուրի անհաջողակները.

«Միլան» 0-1 «Ատալանտա»
0-1`Չիգարինի 64´
Մաքսիմելիանո Ալեգրիի «Միլանը» սեփական հարկի տակ մեկնարկային երկրորդ խաղում երկրորդ պարտությունը կրեց, ինչը վատագույն արդյունքն է վերջին 82 տարիներին: Հուսահատեցնողէ ոչ միայն երկրորդ պարտության հանգամանքը, այլ առաջին հերթին թիմի ցուցադրած «գունատ» ֆուտբոլը: Կենտրոնում փորձում է ակտիվություն ստեղծել Բոատենգը, ով ակնհայտորեն դեռ չունի թիմը առաջ տանելու համար անհրաժեշտ որակները: Հարձակման գծում էլ այս խաղում Պացցինին չկարողացավ գտնել իր խաղը, և արդյունքը այսպիսին է: Ամեն դեպքում «Միլանը» փորձեց քայլեր ձեռնարկել, սակայն անսխալ էին գործում ինչպես հյուրերի պաշտպանները, այնպես էլ դարպասապահ Կոնսիլյին:

«Պեսկարա» 2-3 «Սամպդորիա»
0-1` Լոպես 31´, 0-2` Էստիգարիբիա 60´, 1-2` Չելիկ 75´, 1-3` Լոպես 76´, 2-3` Կապրարի 90´
«Պեսկարան», Ա սերիա վերադառնալով, կրում է երրորդ պարտությունը` հերթական անգամ իր դարպասն ընդունելով երեք գնդակ: «Դելֆինների» վերադարձը ուժեղագույնների մրցաշար առայժմ շատ անփառունակ է ստացվում, և միայն «Սիենայի» միավորների բացասական տարբերությունն է, որ փրկում է նրանց մրցաշարային աղյուսակի վերջին տեղում հայտնվելուց: Միակ դրական կողմը այս պարտությունից կարելի է համարել խփված երկու գնդակները, որոնք առաջիններն էին Ա սերիայում: Իսկ ահա «Սամպդորիան» հրաշալի է մեկնարկում առաջնությունը, և երեք տուրերից հետո դժվար է հավատալ, որ այս թիմը Բ սերիայից է հասել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, այն էլ ունենալով մեկ «բացասական» նշանով միավոր առաջնությունից առաջ:

Կամային հաղթանակ

«Ռոմա» 2-3 «Բոլոնիա»
1-0` Ֆլորենցի 6´,2-0` Լամելա 16´,2-1` Ջիլարդինո 72´,2-2` Դիամանտի 73´,2-3` Ջիլարդինո 90´
«Ռոմայի» համար խաղի մեկնարկը հրաշալի ստացվեց, քանի որ առաջին 16 րոպեներից հետո թիմն առջևում էր երկու գնդակի առավելությամբ: Սակայն պարզվեց, որ Զդենեկ Զեմանի սաները իրոք պատրաստ չեն կազմակերպված պաշտպանական գործողությունների, և նրանք նախ մեկ րոպեում կորցրեցին իրենց առավելությունը, իսկ հետո նաև բաց թողեցին երրորդ գնդակը և ցավալի պարտություն կրեցին: «Բոլոնիայի» կազմում արդյունավետ համագործակցությամբ աչքի ընկավ Դիամանտի-Ջիլարդինո զույգը, որոնք իրենց հաշվին գրանցեցին խփված գնդակները:



«Տորինո» 0-2 «Ինտեր»
0-1` Միլիտո 13', 0-2` Կասսանո 84'
«Ինտերը» առաջնության երրորդ տուրում արդեն երկրորդ անգամ էր մրցում Ա սերիա նոր վերադարձած թիմի հետ, սակայն «Տորինոյին» ոչ մի դեպքում «Պեսկարայի» հետ համեմատել չի կարելի: Թուրինյան թիմն ունի Ա սերիայում հանդես գալու հարուստ փորձ և կարող է արժանի դիմադրություն ցույց տալ ցանկացած մրցակցի, ինչն էլ արեց այս խաղում ևս: Ճիշտ է, «Ցուլերը» արագ գոլ ընդունեցին, սակայն Ռոլանդո Բիանկիի գլխավորությամբ թիմը թիմը շատ արժանի պայքարեց և բազմաթիվ տհաճ պահեր ստեղծեց Միլանից ժամանած հյուրերի համար: Սակայն վերջիններս իրենց բարձր կարգի հաշվին ևս մեկ անգամ աչքի ընկան և հաղթանակ տարան: Ստրամաչիոնին կարող է գոհ լինել իր խաղացողներից, քանի որ վերջիններս ամբողջ խաղի ընթացքում ուշադիր գործեցին և լուրջ սխալներ թույլ չտվեցին:

Տուրի մյուս խաղերը.
Գորան Պանդևը հաղթում է Անտոնիո Միրանտեի դեմ մենամարտը
Գորան Պանդևը հաղթում է Անտոնիո Միրանտեի դեմ մենամարտը
«Նապոլի» 3-1 «Պարմա»
«Պալերմո» 1-1 «Կալյարի»
«Ֆիորենտինա» 2-0 «Կատանիա»
«Սիենա» 2-2 «Ուդինեզե»

Թվեր.


Ջուզեպպե Սանինո
Ջուզեպպե Սանինո
  • «Պալերմոյի» մարզիչ Ջուզեպպե Սանինոն այս տուրում թիմի ոչ ոքի արդյունքից հետո հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նա դարձել է  «Պալերմոյի» ամբիցիոզ ղեկավար Մաուրիցիո Ձամպարինիի կողմից հեռացված արդեն 50-րդ մարզիչը: Նրա փոխարեն մարզիչ է նշանակվել Ժան Պիերո Գասպերինին:
  • «Ջենոա» -  «Յուվենտուս» խաղում հյուրերը եզրերից հասցրել են կատարել 52 փոխանցում դեպի տուգանային հրապարակ, ինչը ռեկորդային արդյունք է թոփ 5 եվրոպական առաջնություններում այս մրցաշրջանում: Զավեշտալին այն է, որ այդ փոխանցումներից և ոչ մեկը գոլով չավարտվեց:
  • «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին անցկացրեց իր 300-րդ հանդիպումը մարզչի կարգավիճակով:
Նոստալգիա
Լուկա Տոնի
Լուկա Տոնի
Իտալիայի հավաքականի նախկին գոլահար Լուկա Տոնին, վերադառնալով «Ֆիորենտինա», կրկին դարձավ գոլի հեղինակ: Հենց այստեղ էր Տոնին տարիներ առաջ փայլել իր տաղանդով և հայտնի դարձել Եվրոպայում: Վերջին տարիների անհաջող փնտրտուքներից հետո հարազատ ակումբի կազմում խփված գնդակը, անշուշտ, լավ հուշեր առաջացրեցին ինչպես Տոնիի, այնպես էլ «Մանուշակների» երկրպագուների մոտ:

Լավագույն գնդակները.
3. Էռնանեսի գոլը  «Կիեվոյի» դարպասը
2.Դիեգո Միլիտոյի գոլը «Տորինոյի» դարպասը
1.Դուշան Բաստայի գնդակը «Ուդինեզեի» դարպասը

Երրորդ տուրից հետո 4 թիմեր գրանցել են 3-ական հաղթանակներ և գլխավորում են մրցաշարային աղյուսակը` «Յուվենտուս», «Նապոլի», «Լացիո» և «Սամպդորիա»: Մինչ մյուս տուրը որոշ թիմեր անցկացնելու են հանդիպումներ Չեմպիոնների և Եվրոպա լիգաներում: Հատկապես նշանակալի է «Յուվենտուսի» վերադարձը ՉԼ, որի հենց առաջին խաղում թիմը կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ:

Monday, September 17, 2012

Հայ ֆուտբոլիստները դարձան գոլերի հեղինակ

Անցյալում մնացին Ուկրաինայի պրեմիեր լիգայի 9-րդ, և Ռուսաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումները: Ուկրաինայում լավագույն եռյակում փոփոխություններ չկատարվեցին, իսկ ահա Ռուսաստանում` լավագույն եռյակը ամբողջությամբ վերափոխվեց: Այժմ անդրադառնանք յուրաքանչյուր առաջնությանը առանձին-առանձին:
Ուկրաինայում 9-րդ տուրը սկսվեց սեպտեմբերի 14-ին և կայացավ ընդամենը մեկ հանդիպում, որտեղ Կիևի "Դինամոն" սեփական հարկի տակ ընդունել էր Լվովի "Կարպատներին": "Դինամոյականները" հաղթեցին 3:1 հաշվով: Յուրի Սյոմինի սաներից մեկ գոլ հեղինակեց Իդայե Բրաունը, իսկ "դուբլ" ձևակերպեց Նիկո Կրանչարը: 4 հանդիպում կայացավ սեպտեմբերի 15-ին: Նախ` Մարիուպոլում "Իլյիչեվեցը" ընդունեց Լուցկի "Վոլինին", և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի` 0:0 հաշվով: Այնուհետև` Դնեպրոպետրովսկում "Դնեպրը" սեփական հարկի տակ մրցեց Օդեսայի "Չեռնոմորեցի" հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի 1:0 հաշվով հաղթանակով: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Եվգենի Սելեզնյովը հանդիպման 15-րդ րոպեին: Առաջնության առաջատար Դոնեցկի "Շախտյորը" Լուգանսկում հյուրնկալվել էր տեղի "Զարյաին": Միրչա Լուչեսկուի սաները տոնեցին 9-րդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ 0:3 հաշվով: Հանդիպման 41-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալեքս Տեյշերան, 62-րդ րոպեին խաղի հաշիվը կրկնապատկեց ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Հենրիխ Մխիթարյանը, իսկ 65-րդ րոպեին Լուիս Ադրիանոն խփեց "Շախտյորի" 3-րդ գնդակը և "հանքափորները" տոնեցին հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 59-րդ րոպեին, և ընդամենը 3 րոպե պահանջվեց գոլի հեղինակ դառնալու համար:

Խաղային 2-րդ օրվա համար նախատեսված վերջին հանդիպումը կայացավ Խարկովում, որտեղ "Մետալիստը" ընդունել էր Պոլտավայի "Վորսկլային: 2-րդ խաղակեսում խփելով 4 անպատասխան գնդակ տանտերերը հաղթեցին 4:0 հաշվով, իսկ թիմի լավագույն ռմբարկու Շելթոն Խավիերը ձևակերպեց "դուբլ": Վերջին 3 հանդիպումները կայացան սեպտեմբերի 16-ին: Առաջինը` Զապորոժեում "Մետալուրգը" ընդունել էր "Հովերլա Զակարպատիեին": Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Արթուր Եդիգարյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 34-րդ րոպեին Օլեգ Դոպիլկայի փոխարեն, իսկ Եղիշե Մելիքյանը հայտավորված էր խաղին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Այս խաղից անմիջապես հետո Դոնեցկի "Մետալուրգը" սեփական հարկի տակ հյուրնկալել էր Կիևի "Արսենալին": Միանգամից նշենք, որ Վլադիմիր Պյատենկոյի սաները տոնեցին 3-րդ անընդմեջ հաղթանակը այս անգամ խոշոր` 5:0 հաշվով: Խաղի 61-րդ րոպեին իր թիմի 2-րդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Գևորգ Ղազարյանը: 

 Դոնեցկի "Մետալուրգի" հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ Կառլեն Մկրտչյանը, որին 46-րդ րոպեին փոխարինեց Գևորգ Ղազարյանը , դե իսկ Արտակ Եդիգարյանն էլ հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Իսկ տուրի վերջին հանդիպումն էլ կայացավ Սեմֆերոպոլում, որտեղ "Տավրիան" ընդունել էր Կրիվոյ Ռոգի "Կրիվբասին": Տանտերերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:
9 տուրից հետո ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք "Շախտյորը" վաստակած 27 միավորով առաջինն է, իսկ 2-րդ և 3րդ հորիզոնականներում հավասար` 21 ական, միավոր վաստակած "Դնեպրն" ու "Դինամոն"  են: Ռմբարկուների ցուցակը 12 գոլով գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը, իսկ 2-րդը` Բրաունն է "Դինամոյից", որը հողինակել է 8 գնդակ:
Ռուսաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրը մեկնարկեց սեպտեմբերի 14-ին 2 առաջատարների խաղով: Սանկտ Պետերբուրգում "Զենիթը" ընդունել էր Գրոզնիի "Թերեքին": Խաղն ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով 0:2 հաշվով, և "Թերեքը" շրջանցելով "Զենիթին" սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2 հանդիպում կայացավ սեպտեմբերի 15-ին: Նախ` Մոսկվայում "Լոկոմոտիվը" ընդունեց և 1:0 հավով հաղթանակ տոնեց Կազանի "Ռուբինի" նկատմամբ: "Երկաթուղայիններից" միակ գնդակը խփեց Դմիտրի Տարասովը 52-րդ րոպեին: Այնուհետև` "Կուբանը" Կրասնոդարում ընդունեց Մոսկվայի "Սպարտակին": 13-րդ  րոպեին հյուրերին առաջ մղեց Այդեն Մաք'գիդին, իսկ 27-րդ րոպեին տանտերերից հաշվի հավասարությունը վերականգնեց Ֆիդլերը: 2-րդ խաղակեսում ևս մեկ անգամ "Սպարտակը" առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպման 53-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ Էմանուել Էմենիկեն, սակայն 63-րդ րոպեին տանտերերը նորից վերականգնեցին հանդիպման հաշիվը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի գոլի շնորհիվ:

Այլևս գոլ չգրանցվեց և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով: Արազ Օզբիլիսը  դուրս եկավ խաղադաշտ "Կուբանի" մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Մարկոս Պիցելին հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: 3 հանդիպում նախատեսված էր խաղային 3-րդ օրվա համար: Առաջատարներից մեկը` "ԲԿՄԱ"-ն, սեփական հարկի տակ ընդունեց և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց "Ալանիայի" նկատմամբ: Վլադիկավկազից ժամանած հյուրերին 2 անգամ ստիպեց գնդակը սեփական դարպասից հանել Կեյսուկե Հոնդան, որը ձևակերպեց "դուբլ":  Այս խաղի հետո "Անժին" Մախաչկալայում հյուրնկալեց "Կրասնոդարին" և հաղթեց 5:2 հաշվով: Գուս Հիդինկի սաներից Սամուել Էտո'ոն ձևակերպեց "դուբլ": Հյուրերի մեկնարկային  կազմում խաղադաշտ դուրս եկավ և առանց փոխարինման խաղաց Յուրա Մովսիսյանը, որը ոչնչով աչքի չնկավ: Խաղային 3-րդ օրվա համար նախատեսված վերջին հանդիպումը կայացավ Դոնի Ռոստովում, որտեղ "Ռոստովը" հյուրնկալել էր Ռոման Բերեզովսկու Մոսկվայի "Դինամոյին": Ի ուրախություն հայ ֆուտբոլասերների Ռոման Բերեզովսկին խաղադաշտ դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և անցկացրեց շատ լավ հանդիպում, սակայն "Դինամոն" պարտվեց 0:1 հաշվով: Իսկ վերջին 2 հանդիպումները կայացան սեպտեմբերի 17-ին` երկուշաբթի օրը: Խաղայի 4-րդ օրվա համար նախատեսված առաջին հանդիպումը կայացավ Պերմում, որտեղ "Ամկարը" սեփական հարկի տակ ընդունեց Նիժնի-Նովգորոդի "Վոլգային" և հաղթեց 3:2 հաշվով: Հյուրերի կազմում ընդհանրապես խաղին հայտավորված չէր Արթուր Սարկիսովը: Իսկ Ռուսաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Սարանսկում, որտեղ "Մորդովիան" սեփական հարկի տակ ընդունել էր Սամարայի "Կռիյլա Սովետովին" և զիջել 2:3 հաշվով: Հյուրերի կազմում հաղթական` 3-րդ, գնդակը խփել է հայազգի ֆուտբոլիստ Ռոման Գրիգորյանը: Ռուսաստանի պրեմիեր լիգայի կայացած 8 տուրերից հետո վաստակած 19 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գրոզնիի "Թերեքը", 18 միավորով 2-րդը` Մոսկվայի "ԲԿՄԱ"-ն է, իսկ վաստակած 17 միավորով 3-րդը` Մախաչկալայի "Անժին" է: Դե իսկ լավագույն ռմբարկուներն էլ 4-ն են խփած 6-ական գնդակով, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Ամփոփելով Ուկրաինայի պրեմիեր լիգայի 9-րդ և Ռուսաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրերը նշենք, որ հայ ֆուտբոլասերները ևս մեկ անգամ ուրախանալու առիթ ունեցան, քանի որ հերթական անգամ հայ ֆուտբոլիստները դարձան գոլերի հեղինակ:

Sunday, September 16, 2012

"Միկան" պոկվում է առաջ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականի խաղից հետո 15-ին վերսկսվեց Հայաստանի 21-րդ առաջնության 2-րդ կեսը: 4 հանդիպումներն էլ կայացան նույն օրը` սեպտեմբերի 15-ին: Կարելի է ասել տուրն աչքի ընկավ արդյունավետությամբ և կայացած 4 խաղերում գրանցվեց 15 գնդակ: Այսինքն` մեկ խաղում միջինը 3.75 գնդակ: Այժմ անդրադառնանք 22-րդ տուրի հանդիպումներին առանձին-առանձին:
Առաջինը խաղադաշտ դուրս եկան Դիլիջանի "Իմպուլսը" և Երևանի "Բանանցը": Հաշվի առնելով այն հանգամանքը, որ "Բանանցը" շատ ցածր արդյունավետություն է ցուցաբերում ընթացիկ առաջնությունում, իսկ "Իմպուլսն" էլ ընթանում էր 3-րդ տեղում, այս խաղում ակնհայտ ֆավորիտ համարվում էր "Իմպուլսը": Սակայն խաղի ընթացքը ցույց տվեց, որ "Բանանցը" բոլորովին համաձայն չէր "Իմպուլսի" ֆավորիտ լինելու հանգամանքին: Հանդիպման 17-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Կարապետյանը: Սակայն տանտերերից ընդամենը 5 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար, երբ 22-րդ րոպեին "Բանանցի" նախկին հարձակվող Նորայր Գյոզալյանը գոլի հեղինակ դարձավ: Նույն Գյոզալյանը իր նախկին թիմի դարպասը  խփեց նաև 2-րդ գնդակը, այս անգամ հանդիպման 44-րդ րոպեին և ձևակերպելով "դուբլ" առաջ մղեց տանտերերին: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց և թիմերը գնացին ընդմիջման 2:1` դիլիջանցիների հաղթանակով: Թվում էր, թե 2-րդ խաղակեսում "Իմպուլսը" կզարգացնի իր հաջողությունը, սակայն հանդիպման 75-րդ րոպեին Հայաստանի հավաքականի թեկնածու Արարատ Առաքելյանը վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:
"Իմպուլս"-"Բանանց" խաղին զուգընթաց խաղադաշտ դուրս եկան նաև "Արարատի" և "Գանձասարի" ֆուտբոլիստները: Կապանցիները խաղին մոտեցել էին լուրջ կորուստներով, մասնավորապես խաղից բացակայում էին Արմեն Տատինցյանը, Արտաշես Զաքարյանը, Հայրապետ Ավագյանը, Դեյան Վուկոմանովիչը, Արա Խաչատրյանը և Ալեն Համբարձումյանը, իսկ տանտերերը խաղին մոտեցել էին մարտական կազմով: Այս խաղում նաև ապացուցելու բան ուներ տանտերերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, որը մինչև "Արարատի" ղեկն ստանձնելը գլխավորում էր հենց Կապանի "Գանձասարը": Կարելի է ասել տանտերերի կիսապաշտպան Տիգրան Ոսկանյանը բարձր պահեց Աբրահամ Խաշմանյանի պատիվը, երբ 68 րոպեների ընթացքում 3 անգամ ստիպեց "Գանձասարի" ֆուտբոլիստներին գնդակը հանել սեփական դարպասից, և ձևակերպեց "հեթ-տրիկ": Գոլերը խփվեցին հանդիպման` 35-րդ, 47-րդ և 64-րդ րոպեներին: Վերջին գոլը Ոսկանյանը խփեց 11 մետրանոց հարվածից, իսկ հյուրերին հաջողվեց միայն կրճատել հանդիպման հաշիվը, երբ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբա Ֆարիասը:


Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ "Միկա" մարզադաշտում, որտեղ առաջնության 2 առաջատարները` "Միկան" և "Շիրակը" մրցեցին միմյանց դեմ: Հաշվի առնելով 2 թիմերի առաջնության առաջատար լինելու հանգամանքը, և միավորների տարբերությունը` 2 թիմերն էլ մոտիվացված էին խաղադաշտ դուրս եկել: Հանդիպման 21-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Արեգ Ազատյանը, սակայն հանդիպման 41-րդ րոպեին հյուրերի հարձակողական ոճի կիսապաշտպան Արա Մկրտչյանը վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը, և թիմերը գնացին ընդմիջման 1:1 հաշվի պարագայում: 2-րդ խաղակեսում "Միկայի" գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը հերթական անգամ օգտագործեց իր պահեստային լավագույն տարբերակը և խաղադաշտ դուրս բերեց Սեմյոն Մուրադյանին: Սլովակիայի "Տատրանից" "Միկա" վերադարձած Նարեկ Բեգլարյանը հանդիպման 77-րդ րոպեին նորից առաջ մղեց տանտերերին, իսկ հանդիպման 84-րդ րոպեին էլ հերթական անգամ աշխատեց Հոռնյակի փոփոխությունը և աչքի ընկավ Սեմյոն Մուրադյանը: 3:1 հաշվով հաղթանակ տարավ "Միկան":


"Միկա" - "Շիրակ" խաղից հետո տուրի ևս մեկ կենտրոնական հանդիպման ժամանակ միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն "Ուլիսը" և փոխչեմպիոն "Փյունիկը"` "Ուլիսի" հարկի տակ: Հանդիպումն ավարտվեց գործող չեմպիոնների խոշոր հաշվով հաղթանակով: Հանդիպման 28-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Սամվել Մելքոնյանը, 84-րդ րոպեին "Ուլիսի" առավելությունը կրկնապատկեց Դավիդ Գրիգորյանը, իսկ հանդիպման 90-րդ րոպեին էլ իր թիմի 3-րդ գնդակը խփեց և "Ուլիսին" 3:0 հաշվով հաղթանակ պարգևեց Նորայր Սահակյանը:


Այսպիսով` ամփոփելով Հայաստանի 21-րդ առաջնության 22-րդ տուրը, նշենք, որ "Արարատը" հաղթանակի շնորհիվ վաստակեց 11 միավոր, սակայն շարունակում է ընթանալ վերջին` 8-րդ հորիզոնականում: 7-րդ հորիզոնականում վաստակած 16 միավորով շարունակում է ընթանալ "Բանանցը", 6-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցնում "Ուլիսը" վաստակած 23 միավորով: 5-րդ և 4-րդ հորիզոնականներում նույնքան` 30 ական միավորներով ընթանում են "Գանձասարն" ու "Փյունիկը": Լավագույն եռյակը բացում է "Իմպուլսը" վաստակած 37 միավորներով, 2-րդ հորիզոնականում է գտնվում "Շիրակը" 43 միավորով, դե իսկ հաղթելով "Շիրակին" և վաստակելով 51 միավոր "Միկան" պոկվում է առաջ: 

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons