Thursday, July 19, 2012

Մեր թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում. Մաս-2` "Սերվետ"

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Կապանի "Գանձասարին" բաժին է ընկել բավականին հայտնի մրցակից` Շվեյցարիան ներկայացնող "Սերվետ" ակումբը: "Սերվետը" ունի հարուստ ֆուտբոլային պատմություն: Թիմը ստեղծվել է 1890թ., երբ ֆուտբոլը նոր էր սկսել տարածվել եվրոպական մայրցամաքում: Ժնև քաղաքը ներկայացնող թիմը եղել է Եվրոպայում կազմակերպված առաջին ֆուտբոլային մրցաշարերից մեկի` Torneo Internazionale Stampa Sportiva /Սպորտային լրատվության միջազգային մրցաշար/ հաղթողը` 1908-ին: 1930-ին "Սերվետը" նախաձեռնել է Ազգերի գավաթը, որը հանդիսացել է այժմյան Չեմպիոնների լիգայի նախատիպը: Շվեյցարական թիմի ոսկե մրցաշրջանը 1978-79-նն էր, երբ թիմը հաղթել է իր մասնակցած բոլոր մրցաշարերում` բացառությամբ Գավաթակիրների գավաթի: 
Թիմը 17 անգամ նվաճել է Շվեյցարիայի չեմպիոնի կոչումը, վերջին անգամ` 1998-99 մրցաշրջանում: 12 անգամ "Սերվետը" եղել է երկրորդը, 7 անգամ երրորդը: Թիմը բավականին հաջող է հանդես եկել նաև Շվեյցարիայի գավաթի խաղարկությանը` 19 մասնակցած եզրափակիչներից 7-ում հաղթելով և նվաճելով տիտղոսը:
Չնայած այսպիսի փառավոր անցյալին` թիմի վերջին տարիների պատմությունը աղմկոտ է և տխուր: 2005-ին թիմը կուտակած 10 մլն շվեյցարական ֆրանկ պարտքի ծանրությանը չդիմացավ և սնանկ հայտարարվեց: "Սերվետը" 6 տարի անցկացրեց շվեյցարական երրորդ և երկրորդ դիվիզիոններում և միայն 2011-12 մրցաշրջանից կարողացավ վերադառնալ շվեյցարական Սուպեր լիգա: Ներգրավելով մի քանի նոր խաղացողների և բավականին հայտնի սպորտային տնօրենի` ի դեմս պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Կոշտինյայի` վերադարձի հենց առաջին տարում "Սերվետը" գրավեց չորրորդ տեղը Սուպեր լիգայում և իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը:

"Սերվետ" ակումբը հայ ֆուտբոլասերներին ծանոթ է նաև այն պատճառով, որ 2003-04 մրցաշրջանում այնտեղ է հանդես եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Հարություն Վարդանյանը: Գյումրեցին այնտեղ անցկացրել է 28 խաղ, սակայն մյուս մրցաշրջանում լքել է ակումբը:
Եվրագավաթներում խաղալու փորձի առումով նույնպես "Սերվետը" թվացյալ առավելություն ունի, քանի որ թիմը 28 անգամ մասնակցել է եվրոպական տարբեր ակումբային մրցաշարերի: Սակայն եթե նկատի ունենանք, որ շվեյցարական թիմը վերջին անգամ եվրագավաթների մասնակցել է 2004 թվականին, կարելի է ասել, որ մեր ներկայիս թիմը առավել փորձառու է:
2004-ին "Սերվետը" Ուեֆայի գավաթի որակավորման երկրորդ փուլում զիջել է Հունգարիան ներկայացնող "Ույպեստ" ակումբին` տանը 0:2 և մրցակցի դաշտում 1:3 հաշիվներով: Դրանից առաջ, 2002-ին, "Սերվետը" Ուեֆայի գավաթի որակավորման առաջին փուլում երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5:0 (3:0, 0:2) հաշվով ջախջախել է Հայաստանը ներկայացնող "Սպարտակ" ակումբին: Հաջորդ փուլում արդեն "Սերվետը" երկու խաղերի արդյունքում տանն ընդունած մեկ ավել գնդակի պատճառով զիջել է հետագա պայքարը լեհական "Ամիկային": Իսկ եվրալիգաների ամենահաջող փորձը 2001-02թթ. Ուեֆայի գավաթի խաղարկությունում էր, որտեղ "Սերվետը" ընթացքում հաղթահարելով չեխական "Սլավիայի", իսպանական "Սարագոսայի", գերմանական "Հերտայի" արգելքները, հասել է մինչև 1/16 եզրափակիչ, որտեղ միայն զիջել է իսպանական "Վալենսիային": Սրանք են եվրագավաթներում "Սերվետի" վերջին փորձերը, որոնք արժանի են հիշատակման: Ամեն դեպքում այս տարիների ընթացքում թիմում փոխվել է գրեթե ամեն ինչ, և եվրագավաթներին մասնակցության վերոհիշյալ փորձը չի կարելի համարել առաջիկա հանդիպման վրա ազդող կարևոր գործոն:
"Սերվետի" պաշտպան Քրիստոֆեր Ռուտիսը
Կազմը:
"Սերվետի" կազմը առանձնապես  հնչեղ անուններ չունի: Ֆուտբոլիստների մեծ մասը շվեյցարացիներ են, լեգեոներները հինգն են: Դարպասապահը 25-ամյա իսպանական ծագումով շվեյցարացի Դավիդ Գոնսալեսն է, ով միջազգային ասպարեզում հանդիպումների փորձ չունի: Շվեյցարացիների պաշտպանությունում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են` Քրիտոֆեր Ռուտիս, Վինսենտ Ռեուլֆի, Ֆրանսուա Մուբանջե, Իսագա Դիալլո, Պատրիկ Բաուման և այլոք: Իհարկե այս անունները ֆուտբոլասերներին անծանոթ են, նշենք միայն, որ վերոհիշյալ պաշտպաններից միայն Վինսենտ Ռեուլֆին է երկու անգամ հրավիրվել Շվեյցարիայի ազգային հավաքական, այն էլ` ընկերական խաղերին: Կիսապաշտպանությունում շվեյցարական թիմի առաջատարը բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Անտոնիո Մարկոս դե Ազեվեդոն է: Վերջինս նախորդ մրցաշրջանում դարձել է 7 գոլի հեղինակ` միաժամանակ հանդիսանալով գրոհների հիմնական կազմակերպիչը` 6 գոլային փոխանցումներով: Մյուս կիսապաշտպանների թվում արժե նշել կոտ դ'իվուարցի Լեգլե Խավիեր Կուասսիին, Լիոնել Պիզինատին, Տիբեր Պոնտին: Հարձակման գծում "Սերվետի" առաջատարն է սերբական ծագում ունեցող Գորան Կարանովիչը, ով նախորդ մրցաշրջանում խփել է 8 գնդակ: Մյուս հարձակվողներն են Տերի Մուտինյոն, Ջուլիան Էստեբանը և պորտուգալացի երիտասարդ ֆուտբոլիստ Դանիել Սոարեսը: Շվեյցարացիների ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը կիսապաշտպան Լեգլե Խավիեր Կուասսին է, ում տրանսֆերը գնահատվում է 1.250.000 եվրո: Իսկ թիմի ընդհանուր տրանսֆերային արժեքն է 9.8 մլն եվրո:
Ինչպես տեսնում ենք, "Սերվետը" առանձնապես փորձառու և ուժեղ ֆուտբոլիստներով աչքի չի ընկնում: Հաշվի առնելով նաև շվեյցարական թիմի նոր վերադարձը եվրոպական մրցասպարեզ, կարելի է ասել, որ "Գանձասարը" մրցակցի ընտրությունից բողոքելու փաստարկներ առանձնապես չունի:
Գորան Կարանովիչը խաղընկերների հետ տոնում է իր հերթական գոլը
Մարզիչը` Ժոաո Ալվես
Պորտուգալացի մարզիչը "Սերվետի" ղեկը ստանձնել է մոտ մեկ տարի առաջ, սակայն ընթացքում մի քանի ամիս մարզչական աշխատանքը վստահված է եղել մեկ այլ պորտուգալացու` Ժոաո Պերեյրային: Ժոաո Ալվեսի որոք թիմն անցկացրել է 21 խաղ, որից հաղթել է 10-ում, 4-ն ավարտել է ոչ-ոքի, և 7-ում էլ պարտություն է կրել: Ժոաո Ալվեսը 60-ամյա պորտուգալացի մասնագետ է, ով նախկինում մարզել է պորտուգալական մի շարք ակումբներ` այդ թվում` "Բոավիշտան", "Գիմարաեշը", "Ակադեմիկա դե Կոիմբրան" և իսպանական "Սալամանկան", որին կարողացել է Սեկունդայից վերադարձնել Լա Լիգա: Առավել աչքի ընկնող արդյունքներ Ալվեսը գրանցել է որպես ֆուտբոլիստ, "Բենֆիկայի" և "Բոավիշտայի" հետ երկուական անգամ նվաճել է Պորտուգալիայի գավաթը և երկու անգամ էլ Պորտուգալիայի չեմպիոն է դարձել "Բենֆիկայի" կազմում: Պորտուգալացին մասնակցել է հավաքականի 36 խաղերի և խփել 3 գնդակ:

"Սերվետի" մարզիչ Ժոաո Ալվեսը
Մարզադաշտը` "Ստադ դե Ժնև"
Վերադառնալով շվեյցարական բարձրագույն լիգա` 2011-ից "Սերվետը" սկսեց իր հանդիպումներն անցկացնել "Ստադ դե Ժնև" մարզադաշտում, որը Եվրո-2008-ն ընդունած մարզադաշտերից մեկն է և տեղավորում է ավելի քան 30,000 երկրպագու:
"Ստադ դե Ժնև"
Ամփոփելով` պետք է նշել, որ Կապանի "Գանձասարը" կարող է արժանի պայքարել այս մրցակցի դեմ և նույնիսկ հաջորդ փուլ անցնել: Այստեղ կապանցիները ավելի շուտ պետք է լուծեն ներքին խնդիրները, քան թե մտածեն մրցակցին դիմակայելու մասին: Այսօրվա հանդիպումը կարող է մի շարք հարցերում պարզություն մտցնել, սակայն հուսանք, առավել որոշիչ կլինի Հայաստանում կայանալիք պատասխան խաղը: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons