Friday, July 13, 2012

«Գանձասարն» էլ վերջապես կարողացավ հաղթահարել եվրագավաթների պատնեշը

Լուսանկարը` totalfootball.am կայքի
Ի ուրախություն մեր բազմահազար ֆուտբոլասերերի` Կապանի «Գանձասար» ակումբն էլ կարողացավ անցնել Եվրոպայի լիգայի խաղարկության հաջորդ փուլ` հաղթահարելով համեստ Ֆարերները ներկայացնող «Ստրեյմուր» ակումբի արգելքը: Վիճակահանության ժամանակ ամենացանկալի մրցակիցը, կարելի է ասել, հասել էր հենց «Գանձասարին», սակայն, առաջին խաղում պարտվելով 1:3 հաշվով, պատասխան խաղից առաջ կասկածի տակ էր հայտնվել հայկական հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը: Սակայն, ի պատիվ «Գանձասար» ակումբի, պետք է նշել, որ «Գանձասարի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել անպայման հաղթանակ տոնելու համար, և վերելքով անցկացրեցին ամբողջ 90 րոպեները` մրցակցին, կարելի է ասել, շնչելու հնարավորություն չտալով: «Գանձասարին» հաջորդ փուլ անցնելու համար հարկավոր էր խփել 2 գնդակ և սեփականը բաց չթողնել ոչ մեկը: Առաջին խաղակեսից հետո, երբ հաշիվը 0:0 էր, արդեն շատերը հուսալքվել էին, սակայն չէին հուսալքվել «Գանձասարի» համակիրները, ովքեր 90 րոպե առանց դադարի վանկարկում էին «Գանձասար» անունը: Եվ ի պատիվ հայկական ֆուտբոլի` 67-րդ և 74-րդ րոպեներին Հայրապետ Ավագյանի և բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբա Ֆարիասի հեղինակած գոլերը «Գանձասարին» դուրս բերեցին հաջորդ փուլ: Սա «Գանձասարի» առաջին հաղթանակն էր եվրագավաթներում 3 անընդմեջ պարտություն կրելուց հետո: Հիշեցնենք` «Գանձասարը» իր նորամուտը եվրագավաթներում նշել էր 2009 թվականի հուլիսի 16-ին` հոլանդական «Նակ Բրեդայի» հետ պայքարով. պետք է նշել, որ նորամուտը «Գանձասարի» մոտ շատ անհաջող ստացվեց և մեր թիմը Հոլանդիայում կայացած առաջին խաղում պարտվեց 6:0 խոշոր հաշվով, իսկ պատասխան խաղը, որը, կարելի է ասել, կրում էր ձևական բնույթ, առաջին մրցավեճից մեկ շաբաթ անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Գանձասարը» զիջեց մրցակցին 0:2 հաշվով: Այսինքն, նորամուտին միանգամից կրեց 2 պարտություն: Իսկ ահա 2-րդ փորձը «Գանձասարին» բաժին հասավ 2012-13 թվականների Եվրոպայի լիգայի խաղարկությունում: 2012 թվականի հուլիսի 5-ին «Գանձասարը» հյուրնկալվեց Ֆարերներում «Ստրեյմուրին» և կրեց անակնկալ պարտություն` 1:3 հաշվով, և միայն մեկ շաբաթ անց սեփական հարկի տակ կարողացավ 3 անընդմեջ պարտություն կրելուց հետո վերջապես հաղթանակ տոնել, և այդ հաղթանակը ուներ 2-րդ փուլի ուղեգրի արժեք: Այժմ «Գանձասարը» Գյումրիի «Շիրակից» հետո դարձավ 2-րդ հայկական թիմը, որ իրավունք վաստակեց խաղալու Եվրոպայի լիգայի խաղարկության 2-րդ փուլում, իսկ 2-րդ փուլին Գանձասարին բաժին է հասել շատ լուրջ մրցակից` Շվեյցարիան ներկայացնող «Սերվետ» ակումբը: Այսպիսով, հաջողություն մաղթենք մեր կապանյան ակումբին և ցանկանանք, որ կարողանա հաղթահարել 2-րդ փուլի արգելքը ևս:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons