Saturday, July 14, 2012

Ֆուտբոլն Օլիմպիական խաղերում. Մաս-1` Բրազիլիայի հավաքական

Օլիմպիական խաղեր: Ֆուտբոլ
Եվրոպայի առաջնության կրքերն արդեն վաղուց հանդարտվել են, և ֆուտբոլային աշխարհում տարվա այս հատվածում տիրում է առավելապես ոչ ֆուտբոլային աղմուկը` կապված ֆուտբոլիստների առքուվաճառքի և տրանսֆերային խոշոր գումարների հետ: Այս «բարդ» շրջանում Լոնդոնը հավակնում է իր կողմը թեքել ֆուտբոլասերների` կարոտով լի հայացքները` օլիմպիական ֆուտբոլի կիսաֆուտբոլային-կիսասպորտային մրցաշարով:
Ֆուտբոլն օլիմպիական մարզաձև է դարձել արդեն երկրորդ օլիմպիական խաղերից` 1900թ., իսկ 1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերում մեկնարկ է ստացել նաև կանանց ֆուտբոլի մրցաշարը:
Այս խաղերին մասնակցելու են 16 տղամարդկանց և 12 կանանց թիմեր` 18-ական խաղացողներով: Տղամարդկանց հավաքականներում ֆուտբոլիստների տարիքը չի կարող գերազանցել 23 տարեկանը, բացառությամբ 3 խաղացողների, իսկ ահա կանանց հավաքականներում սահմանափակումներ չկան: Տղամարդկանց 4 և կանանց 3 խմբերից 8-ական թիմեր դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ և օլիմպիական մրցակարգով կորոշեն ուժեղագույններին: Մրցաշարերը տեղի կունենան հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը` Մեծ Բրիտանիայի 6 քաղաքների մարզադաշտերում`  «Սիթի օֆ Քովենթրի սթադիում» մարզադաշտ` Քովենթրի, «Հեմփդեն Փարկ»` Գլազգո, «Միլլենիում Ստադիում»` Քարդիֆ, «Օլդ Թրաֆֆորդ»` Մանչեսթր, «Սենթ Ջեյմս Փարկ»` Նյուքասլ և «Ուեմբլի Սթադիում»` Լոնդոն: 
«Գոլիզեում» բլոգը կանդրադառնա օլիմպիական ֆուտբոլին մրցաշարի ողջ ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացնում ենք մրցաշարի հիմնական հավակնորդներին: Այսպիսով, տղամարդկանց մրցաշար, Բրազիլիայի հավաքական.
Պատմություն. 
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլային տիտղոսների ցանկը ամենահարուստներից մեկն է ֆուտբոլային աշխարհում, բայց ահա օլիմպիական խաղերում, ինչքան էլ որ զարմանալի է, բրազիլացիները դեռ ոսկե մեդալ չեն վաստակել: Երկու անգամ «պենտակամպիոնները» բավարարվել են արծաթե մեդալներով` 1984-ին և 1988-ին, նույնքան անգամ էլ բրոնզե մեդալներով` 1996-ին և 2008-ին: Այս խաղերին բրազիլացիների տրամադրվածությունը էականորեն այլ կլինի, քանի որ բրազիլացիները պատրաստվում են ընդունելու Աշխարհի առաջնությունը 2014թ-ին, և մինչ այդ պետք է վերահաստատել ֆուտբոլային գերտերության իրենց դիրքերը: Բացի այդ, սա հիանալի հնարավորություն է երիտասարդ կազմի համար` թե լավ խաղ ցույց տալու և հետագայում ազգային հավաքականում ընդգրկվելու, և թե բրազիլացիների փառահեղ հավաքածուին միակ պակասող տիտղոսը լրացնելու համար:

Նեյմար, Պատո
Նեյմարը և Պատոն` բրազիլացիների հարձակողական զույգը

Մարզիչը` Մանո Մենեզես: Մենեզեսը գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը, և օլիմպիական հավաքականի համար նոր մարզիչ գտնելու կարիք չկար: Մենեզեսը որպես ֆուտբոլիստ լուրջ արդյունքներ չի ունեցել, խաղացել է բրազիլական երկրորդ դիվիզիոնում, իսկ ահա որպես մարզիչ հայտնի է դարձել 2003թ.-ին, երբ համեստ «Կամպու-Բոն» թիմին հասցրել է Բրազիլիայի գավաթի կիսաեզրափակիչ: Այնուհետև մարզել է «Գրեմիո» և «Կորինտիանս» ակումբները, վերջինիս հետ նվաճելով Բրազիլիայի գավաթը և Սան Պաոլո նահանգի առաջնությունը: 2010թ.-ից մարզում է Բրազիլիայի հավաքականը: Առաջին խոշոր մրցաշարը Մենեզեսը ձախողեց. դա Ամերիկայի գավաթն էր, որտեղ բրազիլացիները պայքարը լքեցին դեռ 1/4 եզրափակիչում` 11 մետրանոցներով զիջելով Պարագվայի ընտրանուն: Չնայած անփառունակ ելույթին, մարզիչը խաղից հետո համոզմունք էր հայտնել, որ Բրազիլիայի հավաքականը ճիշտ ուղու վրա է և նրանք շարունակելու են աշխատել նույն ոճով: Ահա և բավականին լավ հնարավորություն մարզչի համար` տեր կանգնելու մեկ տարի առաջ իր հնչեցրած խոսքերին:

Մանո Մենեզես
Մանո Մենեզես

Կազմը.
Դարպասապահներ` Ռաֆաել Քաբրալ (Սանթոս), Նետո (Ֆիորենտինա), 
Պաշտպաններ` Մարսելո (Ռեալ), Ռաֆայել դա Սիլվա (Մանչեսթր Յունայթեդ), Դանիլո (Պորտո), Ալեքս Սանդրո (Պորտո), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Ժուան (Ինտեր), Բրունո Ուվինի (Սան Պաոլո), 
Կիսապաշտպաններ` Ռոմուլո (Վասկո դա Գամա), Գանսու (Սանթոս), Օսկար (Ինտերնասիոնալ), Սանդրո (Տոտենհեմ), Լուկաս (Սան Պաոլո), 
Հարձակվողներ` Նեյմար (Սանթոս), Ալեքսանդր Պատո (Միլան), Լեանդրո Դամիաո 
23 տարեկանից բարձր երեք ֆուտբոլիստներն են Մարսելոն, Տիագո Սիլվան և Հալկը: Ինչպես տեսնում ենք, մարզիչ Մանո Մենեզեսը փորձառու խաղացողներին օգտագործել է հատկապես պաշտպանությունը ուժեղացնելու համար: Պաշտպանական խնդիրները ակնհայտ են դարձել հավաքականի վերջին երկու ընկերական խաղերից հետո, որոնցում բրազիլացիները պարտություն են կրել և ընդունել ընդհանուր հաշվարկով 6 գնդակ են ընդունել: Իսկ հարձակման գծում Մենեզեսը ընդգծել է 25-ամյա Հալկի կարևորությունը, որի փորձը և որոշումներ կայացնելու կարողությունը չափազանց անհրաժեշտ են թիմին:
Առանց փորձառուների էլ Բրազիլիայի հավաքականը հնչեղ անունների պակաս չունի: Պատոն, Ռաֆայելը, Ժուանը վաղուց ծանոթ են եվրոպացի երկրպագուներին, իսկ Գանսոյի և Նեյմարի մասին խոսակցությունները լսելի են նաև օվկիանոսից այս կողմ: Այս աստղային կազմը դաշտում առաջնորդելու է 27-ամյա «վետերան» Տիագո Սիլվան:


Հալկ, Բրազիլիա
Հալկը` բրազիլացիների առաջատարներից մեկը


Մարտավարություն: Մենեզեսի «Սելեսաոն» հիմնականում խաղում է 4-2-3-1 մարտավարությամբ: Պաշտպանների քառյակի առջևում գործում են երկու կիսապաշտպաններ, որոնք ապահովագրում են պաշտպանական գործողությունները և սկսում են գրոհները: Առջևում երեք հարձակողական ոճի կիսապաշտպաններն են, ովքեր տարբեր կողմերից «շրջապատում» են միակ կենտրոնական հարձակվողին: 


Բրազիլիայի հավաքական
Բրազիլացիների հնարավոր կազմը


Մրցակիցներ: Բրազիլիայի հավաքականը ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Եգիպտոսի, Նոր Զելանդիայի և Բելառուսի հավաքականները: Հուլիսի 26-ին պենտակամպիոնները կմրցեն Եգիպտոսի, 29-ին` Բելառուսի, իսկ օգոստոսի 1-ին` Նոր Զելանդիայի դեմ: Խմբային փուլը հաղթահարելու դեպքում «Սելեսաոն» կհանդիպի D խմբի թիմերից մեկի հետ, իսկ այնտեղ ընդգրկված են Իսպանիայի, Ճապոնիայի, Հոնդուրասի և Մարոկկոյի հավաքականները:


Բրազիլացի երկրպագուները


Անկախ մրցակիցներից` բրազիլացիները համարվում գլխավոր հավակնորդներից մեկը, ինչպես նաև օլիմպիական ֆուտբոլի մրցաշարում երկրպագուների ֆուտբոլային ծարավի հագեցման գլխավոր հույսը: Բոլորն են կարոտել բրազիլական խելահեղ ֆուտբոլը, և հենց Լոնդոնը կարող է դառնալ այդ ֆուտբոլի թատերաբեմը, քանզի մրցաշարը ամեն դեպքում պաշտոնական չի համարվում և կարելի է ուղղակիորեն խաղալ երկրպագուների համար: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons