Tuesday, July 17, 2012

Մեր թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում. Մաս 1` «Բնեյ Եհուդա»

Բնեյ Եհուդա
«Բնեյ Եհուդա», Թել-Ավիվ, Իսրայել` «Շիրակի» մրցակիցը.
«Բնեյ Եհուդա» ակումբը հիմնվել է 1936 թվականին` Նադան Սուլամի և նրա ընկերների կողմից: Առաջին անգամ Իսրայելի  բարձրագույն  խմբի առաջնության ուղեգիր նվաճել է 1959 թվականին:
Առաջին լուրջ հաջողությանը թիմը հասել է 1965 թվականին, երբ դուրս է եկել Իսրայելի գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն զիջել է Թել Ավիվի «Մաքաբիին» 1:2 հաշվով: Դրանից 2 տարի անց նորից դուրս է եկել գավաթի եզրափակիչ, այս անգամ էլ զիջել է Պետահ Տիկվա քաղաքի «Հապոել» թիմին: 
2000-01 թվականների մրցաշրջանից սկսած թիմը սկսել է մասնակցել Իսրայելի Պրեմիեր լիգայի խաղերին: 2005-06 մրցաշրջանի ընթացքում թիմը դուրս է եկել Իսրայելի գավաթի եզրափակիչ և 1:0 հաշվով հաղթել է Թել ավիվի «Հապոելին»: Հենց գավաթը նվաճելուց 1 տարի անց էլ «Բնեյ Եհուդան» դուրս է եկել եվրոպական մրցասպարեզ: 2006-07 թվականին թիմը դուրս է եկել Ուեֆայի գավաթի խաղարկություն և 2 խաղերի ընթացքում խոշոր 0:6 հաշվով զիջել է Սոֆիայի Լոկոմոտիվին` տանը զիջելով 0:2 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ էլ պարտվել է 0:4 հաշվով: Այս խաղարկությունից հետո նորից թիմը 3 տարի հնարավորություն չստացավ խաղալու եվրոպական մրցասպարեզում: Իսկ 2009-10 մրցաշրջանից սկսած «Բնեյ Եհուդան» անընդմեջ սկսել է մասնակցել Եվրոպա լիգա խաղարկության հանդիպումներին: 2009-10 Եվրոպա լիգա խաղարկության 1-ին փուլում 2 խաղերի ընթացքում հաղթել է ադրբեջանական «Սիմուրք» ակումբին խոշոր 4:0 հաշվով` սեփական հարկի տակ առավելության հասնելով 3:0 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ էլ հաղթելով 1:0 հաշվով: Հաջորդ փուլում «Բնեյ Եհուդայի» ճանապարհին փորձեց կանգնել լատվիական «Դինաբուրգ» ակումբը: Առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթելով 4:0 հաշվով, այնուհետև`  մրցակցի հարկի տակ հաղթելով «Դինաբուրգին» 0:1 հաշվով, իսրայելական թիմն անցավ Եվրոպա լիգայի 3-րդ փուլ: 3-րդ փուլում «Բնեյ Եհուդայի» մրցակիցը պորտուգալական «Պասուշ Ֆերեյրան» էր. 2 խաղերում էլ հաղթելով միևնույն 1:0 հաշվով «Բնեյ Եհուդան» դուրս եկավ Եվրոպա լիգա խաղարկության 4-րդ Play-of փուլ, որտեղ հաղթելու դեպքում դուրս կգար խմբային փուլ: Սակայն մրցակիցը` հոլանդական «ՊՍՎ էյնդհովեն» ակումբն էր : Այս անգամ «Բնեյ Եհուդան» 2 խաղերում էլ զիջելով միևնույն 1:0 հաշվով դուրս մնաց Եվրոպա լիգա խաղարկությունից, սակայն պետք է փաստել նաև, որ այս արդյունքը դեռևս լավագույնն է «Բնեյ Եհուդայի» համար եվրագավաթներում: 2010-11 թվականներին «Բնեյ Եհուդան» հերթական անգամ հանդես եկավ Եվրոպա լիգա խաղարկությունում: Սա երևի հայ ֆուտբոլասերների համար «Բնեյ Եհուդա» ակումբի անունն լսելու առաջին դեպքն էր, քանի որ իսրայելական թիմի մրցակիցը Երևանի «Ուլիս» ակումբն էր: Ինչպես հիշում են հայ ֆուտբոլասերները, 2010 թվականի հուլիսի 1-ին երևանյան մրցավեճում այդպես էլ հաշիվը չբացվեց, սակայն մեկ շաբաթ անց Թել Ավիվում «Բնեյ Եհուդան» առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կարողացավ գրավել «Ուլիսի» դարպասը, և ինչպես ցույց տվեց խաղի հետագա ընթացքը, դա միակ գրանցված գոլն էր, և Թել Ավիվը ներկայացնող ակումբը, կարողացավ հաղթել «Ուլիսին» 1:0 հաշվով, դուրս եկավ Եվրոպա լիգա խաղարկության 2-րդ փուլ, որտեղ մրցակիցը Իռլանդիան ներկայացնող «Շեմրոկ Ռովերս» ակումբն էր: Առաջին խաղում մրցակցի հարկի տակ ոչ ոքի 1:1 ավարտվեց հանդիպումը: Պատասխան խաղում սպասվում էր, որ «Բնեյ Եհուդան» դուրս կգա Եվրոպա լիգայի 3-րդ փուլ և կխաղա Թուրինի «Յուվենտուսի» հետ, սակայն սեփական հարկի տակ «Բնեյ Եհուդան» կրեց անակնկալ պարտություն 0:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: 2011-12 թվականների Եվրոպա լիգա խաղարկությունում էլ «Բնեյ Եհուդան» պայքարը սկսեց 2-րդ փուլից և մրցակիցը Անդորրան ներկայացնող «Սանտա Խուլիա» ակումբն էր: Երկու խաղերում էլ հաղթելով միևնույն 2:0 հաշվով` իսրայելական ակումբը  դուրս եկավ Եվրոպա լիգայի  3-րդ փուլ, որտեղ մրցակիցը Շվեդիան ներկայացնող «Հելսինգբորգ» ակումբն էր: Դրսում զիջելով 0:3 հաշվով, այնուամենայնիվ, թիմը կարողացավ սեփական հարկի տակ հաղթել 1:0 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: Ինչպես տեսնում ենք «Բնեյ Եհուդան» 2009-10 թվականի մրցաշրջանից սկսած  հաղթահարել է առնվազն մեկ փուլի արգելք: Եվ ահա 2011-12 թվականների Իսրայելի առաջնությունում նվաճելով բրոնզե մեդալ «Բնեյ Եհուդան» հերթական անգամ իրավունք ստացավ խաղալու Եվրոպա լիգա խաղարկությունում և պայքարին պետք է ներգրավի 2-րդ փուլից, որտեղ մրցակիցը Գյումրիի «ՇԻՐԱԿՆ» է: Հույս ունենանք, որ այս անգամ «Բնեյ Եհուդան» չի կարողանա հաղթահարել 2-րդ փուլի արգելքը և մենք կունենանք մեր առաջին ակումբը, որը դուրս կգա եվրագավաթների խաղարկության 3-րդ փուլ:
Բնեյ Յեհուդա
Հատված «Բնեյ Եհուդա»-«Շեմրոկ Ռովերս» դիմակայությունից
         «Բնեյ Եհուդան» հիմնականում խաղում է իսրայելցի ֆուտբոլիստներով, և իր հայտացուցակում ունի ընդամենը 4 լեգեոներ: Լեգեոներներից ամենահայտնին, կարծում ենք, 28-ամյա Նիգերիայի հավաքականի դարպասապահներից մեկը` Բամիդելե Մատեո Անյուգբան է կամ ավելի կարճ Դելե Անյուգբան է, որը Նիգերայի հավաքականի կազմում սկսել է հանդես գալ 2005 թվականից, և անցկացրել է 17 հանդիպում : Թիմում է խաղում նաև Լիտվայի հավաքականի թեկնածու Կեստուտիս Իվասկեվիչիուսը, որը Լիտվայի հավաքականում  խաղում է սկսած 2008 թվականից և անցկացրել է 23 հանդիպում: Հաջորդ լեգեոները Սերբիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Նենադ Մարինկովիչն է, որը Սերբիայի մինչև 21 տարեկաններ հավաքականում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում, հավաքականում խաղալով 2006-2010 թվականներին: Եվ ահա վերջին լեգեոները արգենտինացի Պեդրո Խուակին Գալվանն է, որը հանդես է գալիս «Բնեյ Եհուդայում», սկսած 2008 թվականից: Հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքն զբաղեցնելով, Պեդրո Խուակին Գալվանը, «Բնեյ Եհուդայում» անցկացրել է 107 հանդիպում և հեղինակել է 49 գնդակ:  Թիմում հանդես եկող իսրայելցի ֆուտբոլիստներից ամենահայտնին թիմի ավագ Կֆիր Էդրին է: 35-ամյա կիսապաշտպանը խաղում է «Բնեյ Եհուդայում», սկսած 2008 թվականից և անցկացնելով 126 հանդիպում, դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ: Նաև պետք է նշել,  Իսրայելի հավաքականի թեկնածու կենտրոնական պաշտպան Դեն Մորիին, որը Իսրայելի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում, և հարձակվող Պինի Ֆելիքս Բալիլիին, որն Իսրայելի հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ: Պինի Բալիլին «Բնեյ Եհուդայում» է հանդես գալիս 2010 թվականից և անցկացնելով 60 հանդիպում,  դարձել է ընդամենը 6 գոլի հեղինակ: 


Բնեյ Եհուդա - թիմի ավագ
Թիմի ավագ Կֆիր Էդրին
          «Բնեյ Եհուդա» ակումբի նախագահը` Մոշե Դամաիոն է: Իսկ ահա ակումբը գլխավորում է իսրայելցի հայտնի մասնագետ Դրոր Կաշտանը: Կաշտանը իր ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1962 թվականից` զբաղեցնելով հենակետային կիսապաշտպանի դիրքը հանդես է եկել Պետահ Տիկվա քաղաքի «Հապոել» ակումբում,  մինչև 1975 թվականը: Պետահ Տիկվայի «Հապոելում» անցկացրել է 95 հանդիպում և ոչ մի անգամ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Իսկ 1975-76 թվականներին էլ հանդես է եկել Կֆար Շաբայի «Հապոելում», որտեղ անցկացրել է 45 խաղ և նորից ոչ մի անգամ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: 1962-63 թվականներին էլ` Դրոր Կաշտանը, հանդես է եկել Իսրայելի ազգային հավաքականում և անցկացրել է 3 հանդիպում: 1977 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո` Դրոր Կաշտանը, սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ գլխավորելով Կֆար Շաբայի «Հապոել» ակումբը: 1984-1985 թվականներին իսրայելցի մասնագետը գլխավորել է Իսրայելի մինչև 21 տարեկանների հավաքականը: Իսկ ահա Իսրայելի հավաքականը Դրոր Կաշտանը գլխավորել է 2006-2010 թվականներին: 2010 թվականին հենց Իսրայելի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո, Դրոր Կաշտանը սկսեց գլխավորել «Բնեյ Եհուդա» ակումբը: 2010-11 մրցաշրջանից հետո սկսեց գլխավորել  ավելի հայտնի Թել Ավիվի «Հապոել» ակումբը, սակայն չկարողանալով լուրջ հաջողության հասնել` մրցաշրջանից հետո, լքեց Թել Ավիվի «Հապոելի» գլխավոր մարզչի պաշտոնը և նորից վերադարձավ «Բնեյ Եհուդա»: 

Դրոր Կաշտան
Մարզիչ Դրոր Կաշտանը
          «Բնեյ Եհուդան» իր տնային հանդիպումները անցկացնում է Թել ավիվի «Բլումֆիլդ» մարզադաշտում, որը տեղավորում է 14960 հանդիսական:  Նշենք նաև, որ հենց այս մարզադաշտում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում նաև Թել ավիվի «Մաքաբի»  և «Հապոել» ակումբները: Հարկ է նշել նաև, որ այժմ «Բլումֆիլդ» մարզադաշտը վերանորոգվում է, և հուլիսի 19-ին, «Բնեյ Եհուդան» Գյումրիի «Շիրակին» կնդունի Թել Ավիվի «Ռամատ Գան» մարզադաշտում: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons