Saturday, October 13, 2012

Հայաստան - Իտալիա. Մտքեր խաղից հետո

ԱԱ ընտրական փուլի այս տարվա իր վերջին  խաղում Հայաստանի հավաքականը «Հրազդան» մարզադաշտում ընդունեց Եվրոպայի փոխչեմպիոններին` Իտալիայի հավաքականին: Խաղ, որին Հայաստանում երկար էին սպասում, որին լուրջ էին նախապատրաստվել թե մեր թիմը, թե ֆուտբոլային ղեկավարությունը և թե երկրպագուները: Խաղ, որը մենք պարտվեցինք, բայց որը տվեց զգացմունքների ահռելի մի փունջ և հստակ գիտակցում, որ մեր ֆուտբոլը, ամեն դեպքում, շարժվում է առաջ:



Խաղից առաջ մեր հավաքականը խնդիրների բավականին հետաքրքիր տեսականի էր կուտակել: Կիսապաշտպանությունը զրկվել էր Գևորգ Ղազարյանից և Մարկոս Պիցելիից, իսկ պաշտպանությունում Վարդան Մինասյանը դժվար խնդիր ուներ եզրերում փոխարինելու Սարգիս Հովսեփյանին և Լևոն Հայրապետյանին: Աջից խաղաց Վալերի Ալեքսանյանը, իսկ ձախից` Արտակ Եդիգարյանը: Կիսապաշտպանության եզրերում ձախից խաղաց Դավիթ Մանոյանը, իսկ աջից` Արաս Օզբիլիզը: Այս որոշումները կարող են երկար քննարկումների առարկա դառնալ, սակայն մի բան պարզ է, որ ակնհայտորեն ավելի օպտիմալ տարբերակ մեր ֆուտբոլն այսօր չունի:
Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմին մենք արդեն արդրադարձել էինք, միակ փոփոխությունը Ջիովինկոյի ներկայությունն էր Բալոտելիի փոխարեն, որը հիվանդացել էր գրիպով:

ՀԱՅԱՍՏԱՆ. Ռոման Բերեզովսկի, Արտակ Եդիգարյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիզ, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:


ԻՏԱԼԻԱ. Ջանլուիջի Բուֆոն, Դոմինիկո Կրիշիտո, Լեոնարդո Բոնուչչի, Անդրեա Բարցալի, Քրիստիան Մաջիո, Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո, Դանիելե դե Ռոսսի, Ռիկարդո Մոնտոլիվո, Սեբաստիան Ջիովինկո, Պաբլո Դանիել Օսվալդո:



Խաղը սկսվեց մերոնց վախեցած խաղով: Հենց առաջին վայրկյաններից զգացվեց մեր ֆուտբոլիստների լարվածությունը, և իտալացիները ժամանակ չկորցնելով, սկսեցին ակտիվորեն գրոհել: Մեր ֆուտբոլիստները շատ մեծ դժվարությամբ էին կարողանում կանգնեցնել մրցակցին, իսկ երբեմն էլ` միայն խախտման գնով, ինչպես օրինակ 5-րդ րոպեին, երբ Մկոյանը խախտեց կանոնները Ջիովինկոյի նկատմամբ վտանգավոր դիրքում: Պիրլոյի հարվածին հետևեց Բերեզովսկու հիասքանչ սեյվը: Սակայն իտալացիները, միևնույն է, շատ հեշտ էին կարողանում կտրել անցնել Հայաստանի հավաքականի պաշտպանական վերջին գիծը, և արդյունքը իրեն երկար սպասել չտվեց. 11-րդ րոպեին Կրիշիտոն ձախ եզրում վարպետորեն ազատվեց պաշտպաններից և լավ փոխանցում ստացավ, իսկ ապա շարժվելով  դեպի տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց Մոնտոլիվոյին: Վերջինիս առաջին հարվածը հետ մղվեց Բերեզովսկու, իսկ երկրորդը` Հրայր Մկոյանի ձեռքի կողմից: Մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, իսկ րոպեներ անց «Հրազդանը» «լռեց»:


Խաղի այս առաջին 11 րոպեները ցույց տվեցին, թե փորձի և պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ինչքան մեծ ճեղքվածք է առկա երկու թիմերի միջև: Մերոնք, նույնիսկ երբ գնդակ էին ստանում, գործում էին շատ կաշկանդված և արագ կորցնում էին այն: Պաշտպանությունում ինչ-որ կազմակերպվածության մասին նույնպես դժվար է խոսել: Իրոք, վերջին տարիներին պարբերական հաջողությունների ֆոնին տխուր էր տեսնել մեր հավաքականը այսպիսի վիճակում, սակայն սա բոլորին հասկացրեց, որ մենք շտապում ենք արդյունքների սպասելիս: Պետք է հասկանալ, որ ազգային ֆուտբոլին, ի մասնավորի` ազգային հավաքականին կայանալու համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ տարիներ, այլ ոչ թե մեկ հաջող որակավորման շրջափուլ: Իրոք, նախորդ երկու տարիները հայկական ֆուտբոլի համար հեղափոխական էին, սակայն այդքանով մերոնք երբեք չէին կարողանա դիզել ֆուտբոլային այն հարստությունը, որ տրվել էր մեր մրցակցին 100-ից ավելի տարիների ընթացքում: Հայկական ֆուտբոլը իրոք աճում է, սակայն ճանապարհը երկար է, ու մենք պետք է նաև սպասողներ լինենք, այլ ոչ միայն պահանջողներ:


Վերադառնալով խաղին, նշենք, որ այս գոլից հետո իտալացիների ճնշումը թուլացավ, և մեր ֆուտբոլիստները սկսեցին կամաց-կամաց վստահություն ձեռք բերել: Այնուամենայնիվ, իտալացիները շարունակում էին ժամանակ առ ժամանակ վտանգավոր պահեր ստեղծել: Բացի պաշտպանական առանձին դիրքերում կադրային խնդիրներից մեր հավաքականը պաշտպանությունում ուներ նաև տակտիկական բնույթի գլուխկոտրուկներ, որոնք մասամբ  անլուծելի մնացին: Կախարդ Պրանդելին բազմաթիվ անգամ օգտագործված 3-5-2 տակտիկական մոդելից անցել էր 4-3-1-2-ի` առջևի գծում օգտագործելով եռանկյունի, կամ ինչպես իտալացիներն են ասում` «Տրեկվարտիստա»: Հենց այս խճճված անունով խճճված մոդելն էլ խճճեց մեր պաշտպաններին: Մեր պաշտպանները հսկողության գոտում էին վերցրել միայն եռանկյունու վերին գագաթները` ի դեմս երկու հարձակվողների, իսկ մյուս գագաթը` Մոնտոլիվոն, մնացել էր հսկողությունից դուրս, և ինչպես տեսանք ողջ առաջին կեսում, հենց նա էր ամենաշատը հայտնվում վտանգավոր դիրքերում առանց մեր ֆուտբոլիստների ուղեկցության: Ինչպես նշեցինք, պաշտպանները նրան չէին հսկում, քանի որ զբաղված էին հարձակվողներով, իսկ մեր հենակետայինները առանց այդ էլ հազիվ էին հասցնում Մարկիզիո-Պիրլո-Դե Ռոսսի եռյակի հետևից: Մոնտոլիվոն անհրաժեշտ պահին պոկվում էր առաջ ու գնդակ ստանում, և վտանգավոր պահն ապահովված է: Սա տակտիկական գլխավոր զենքը դարձավ Պրանդելիի համար: Նույն կերպ վտանգավոր էին միանում նաև եզրային պաշտպանները: Ի վերջո, մեր ընդունած երկու գնդակներն էլ իրականացան հենց եզրային պաշտպանների սկսած գործողություններով: 
Այս ամենին պետք էր նախօրոք պատրաստ լինել, սակայն առաջին խաղակեսը ցույց տվեց, որ մեր թիմը պատրաստ չէր դրան: Դեռ լավ է, որ խաղակեսի միջնամասից արդեն մեր ֆուտբոլիստների մոտ սկսեցին ստացվել արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելու փորձերը, այլապես վիճակը կարող էր առավել տխուր լինել: 
Պաշտպանական մյուս սխալը դիրքերի սխալ ընտրությունն էր կիսապաշտպանների կողմից: Պաշտպանվելիս մեր կիսապաշտպանները չէին կարողանում ճիշտ դասավորվել սեփական կիսադաշտում և դիրքային գրագետ պաշտպանություն կազմակերպել, առավել հաճախ ստեղծվում էր գծային կուտակումներ մեր պաշտպանների հետ: Բազմաթիվ անգամ կարող եք խաղում տեսնել իրավիճակներ, երբ մեր հավաքականի պաշտպանական վերջին գծում հայտնվում էին միանգամից 6 ֆուտբոլիստներ, իսկ իտալացիներին 6 հոգուց բաղկացած մեկ գիծը անցնել ավելի հեշտ էր, քան եթե կիսապաշտպանները կարողանային երկրորդ գիծը ստեղծել միջին հատվածում: Այս խնդիրների որոշ մասը կարգավորվեցին խաղի ընթացքում, սակայն կորցրածը հետ բերելը ուրիշ բան է, չկորցնելը` մեկ այլ բան:


Հարձակման գծում մեր հավաքականի խաղին իրոք շատ հաճելի էր հետևել: Գրոհները շատ արագ ու կրքոտ էին ստացվում, տեխնիկապես մերոնք բավականին գեղեցիկ էին նայվում, և դա իսկական նվեր էր «Հրազդան» եկած 30.000-ից ավելի երկրպագուների համար: Ամենակարևորն այն էր, որ մերոնք արագ էին տեղափոխում գնդակը, թե փոխանցումների, և թե անհատական անցումների ձևով, և մրցակիցը հաճախ չէր հասցնում: Իրոք, սա շատ ճիշտ մոտեցում էր, որովհետև իտալացիներին հենց դա խոցեց ամառային հայտնի եզրափակիչում: Գնդակի թեկուզ մեկ ավելորդ խաղարկում, և իտալացիները կհասցնեին հարմարավետ տեղավորվել սեփական կիսադաշտում, և ամեն ինչ անօգուտ կլիներ: Մերոնց մոտ երբեմն ստացվում էին նաև կարճ փոխանցումների միջոցով տարբեր դիրքերի հաղթահարումը և գրոհների հաջող շարունակությունը, ինչը նույնպես գովեստի արժանի հանգամանք է: Այս ամենը կարիք ունի հետագա կատարելագործման, և սա անշուշտ օգտակար համալրում կլինի մերոնց հարձակողական զինանոցի համար:

Ով կարող է ուժեղացնել
Հայաստանի հավաքականի
պաշտպանությունը
Այս ամենին զուգահեռ, գրոհների կազմակերպման փուլում մեր հավաքականի խնդիրները սկսվում էին հենց դրանց սկզբից: Մեր պաշտպանները շատ վատ էին սկսում գրոհները, իսկ ավելի հաճախ դա նրանց մոտ չէր ստացվում: Մեր պաշտպանության ձախ եզրը, ընդհանրապես, վերածվել էր յուրատեսակ «բերմուդյան եռանկյունու», որտեղ հայտնված գնդակը այլևս չէր վերադառնում մեր ֆուտբոլիստներին: Մեր պաշտպանների կողմից գրոհների կազմակերպման հաջող փորձեր դժվարանում եմ հիշել: Ավելի շատ իմ հիշողությունը ողողված է անընդհատ փոխանցումներով դեպի Բերեզովսկի, իսկ վերջինս երեկ սարսափելի անհաջող էր գնդակը խաղի մեջ մտցնելու հարցում: Մեր պաշտպանները այս տեսակետից դեռ շատ աշխատանք պետք է տանեն, սակայն այս խնդրում իրենց բաժինն ունեն նաև կիսապաշտպանները, որոնք չէին շտապում բացվել և գնդակ պահանջել: Չեմ կարող ասել որն էր դրա պատճառը, սակայն այդ մասին պետք էր նախօրոք մտածել, քանի որ եթե մեր հավաքականը նախապատրաստական փուլում դիտել է Իտալիայի հավաքականի գոնե մեկ հանդիպում, ապա անշուշտ պետք է նկատած լինի, թե Պիրլոն ինչքան է տեղաշարժվում խաղադաշտում առանց գնդակի և բացվում խաղընկերների համար: Սա էր պատճառը, որ մեր բազմաթիվ գրոհներ ուղղակի չէին սկսվում:


Այս խնդիրներով հանդերձ, առաջին կեսի երկրորդ հատվածը և երկրորդ կեսի առաջին հատվածը հենց այն ֆուտբոլն էր, որի համար մարզադաշտ էին եկել երկրպագուները: Մխիթարյանի գոլը, իհարկե, նրա մեծագույն տաղանդի մասին էր վկայում: Մեր թիմի ստեղծած վտանգավոր պահերը իրոք շատ ոգևորիչ էին, քանի որ դրանք ստեղծվում էին թե անսահման նվիրման, և թե մեր ֆուտբոլիստների պրոֆեսիոնալիզմի և անհատական որակների հաշվին: Սակայն, մրցակիցը այնպիսին էր, որ նույն անհատական որակներով շատ զիջել ուղղակի չի կարող, իսկ Բուֆոնի մասին այս տեսակետից ուղղակի դժվար է որևէ հարց բարձրացնել: Ինչքան էլ որ ցավալի է, արդյունքը օրինաչափ էր: Գուցե Պիցելիի և Գևորգ Ղազարյանի առկայության պայմաններում որոշ բաներ այլ կերպ դասավորվեին, սակայն դա արդյունքի տեսակետից շատ բան չէր փոխի:


Երկրորդ կեսի միջնամասում արդեն, իտալացիները հստակ գիտակցելով մերոնց գրոհների վտանգը, կարողացան նորից մի քանի րոպեով վերցնել խաղը իրենց ձեռքը և արագ արդյունքի հասնել: Մեր պաշտպանները այստեղ արժանի պատասխան չունեցան: Գոլը դաշտում տիրող իրավիճակի արտացոլումն էր, իսկ կոնկրետ գոլային դրվագը` մեր պաշտպանների անհատական որոշ որակների բացակայության: Արզումանյանը երկու գոլերի դեպքում էլ երկրորդ հարկում արժանի պայքար մղել չկարողացավ, և այս դեպքում ոչինչ ասել չենք կարող: Սակայն վերջին երկու գոլերը բխում էին խաղի տրամաբանությունից, քանի որ մերոնք հոգնել էին, և այդ պայմաններում բարձր կարգը չէր կարող չասել իրենը:

«Հրազդանում» տոն էր
Ինչևէ, արդյունք, որից մենք հայերս, ինչպես տեսնում եմ, առանձնապես չենք տխրել: Սա միանգամայն ճիշտ մոտեցում է, քանի որ այս խաղում մենք բարեհաջող ելք կարող էինք ակնկալել միան իտալացիները վատ կամ միջակ խաղի դեպքում: Իսկ իտալացիների մոտ երեկ խաղը իրականում շատ լավ ստացվեց, շատ ավելի լավ, քան ընտրական փուլի առաջին երկու խաղերում: Սա մեր թերացման հետևանքը չէ, այլ նրանց աշխատանքի: Աշխատել էին նաև մերոնք, և մենք դա նույնպես տեսանք խաղադաշտում: Տեսանք, որ մենք առաջ ենք ընթանում, և այդ առաջընթացի ճանապարհին երբեմն փորձում ենք մեր գլխից վերև թռչել: Երեկ չստացվեց, կստացվի վաղը, կարևորը մենք մնանք մեր հավաքականի հետ և աջակցենք նրանց: Առաջ, տղաներ:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons