Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը արդեն իսկ ի հայտ բերեց փլեյ-օֆֆի մի շարք մասնակիցների` միաժամանակ բորբոքելով մի քանի հակամարտություններ վերջին տուրի համար: Սակայն այս տուրից մեր հիշողություններում կմնան միանգամայն այլ իրադարձություններ` «Շախտյորի» խայտառակությունը, Դի Մատեոյի պաշտոնանկությունը և Մեքսեսի հրաշալի գոլը:A խումբ.
Կիևի «Դինամոն» նախավերջին տուրից առաջ միայն տեսականորեն որոշ հույսեր ուներ հայտնվելու փլեյ-օֆֆում: Սակայն դրա համար պետք էր հաղթել ՊՍԺ-ին սեփական հարկի տակ, ինչը անհնար եղավ Օլեգ Բլոխինի սաների համար: Փարիզցիները հաղթեցին 2-0 հաշվով: Մյուս` Զագրեբի «Դինամոն», ընդհանրապես, կարող է ավարտել Չեմպիոնների լիգայում իր այս մասնակցությունը այդպես էլ միավոր չվաստակելով: Այս տուրում թիմը մրցակցի հարկի տակ երեք անպատասխան գնդակ ընդունեց «Պորտուից»: Արդյունքում «Պորտուն» և ՊՍԺ-ն 1/8-րդ եզրափակիչում են, իսկ Կիևի «Դինամոն» կարող է շարունակել պայքարը Եվրոպա լիգայում:
Խ Մ1. «Պորտու» 5 13
2. ՊՍԺ 5 12
3. «Դինամո»Կ 5 4
4. «Դինամո» Զ 5 0
B խումբ.
Այս խմբում ևս 5-րդ տուրը վերջնականապես որոշեց ամեն ինչ: «Արսենալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակի հասավ Ֆրանսիայի չեմպիոն «Մոնպելյեյի» նկատմամբ: Լոնդոնցիների կազմում աչքի ընկավ երկարատև վնասվածքից ապաքինված Ջեկ Ուիլշերը: Մյուս խաղում «Շալկե 04»-ը 1-0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին», որը ուղևորվեց Եվրոպա լիգա: Այս խմբում անակնկալներ չեղան, ինչպես և սպասվում էր «Արսենալը» և «Շալկե 04»-ը նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր: Իսկ «Մոնպելյեյի» առաջին եվրոպական ճամփորդությունը տխուր ավարտ ունեցավ:
Խ Մ1. «Շալկե 04» 5 11
2. «Արսենալ» 5 10
3. «Օլիմպիակոս» 5 6
4. «Մոնպելյե» 5 1
C խումբ.
Այս խումբը Եվրոպային պարգևեց մի նոր հրաշագործ կոլեկտիվ: Ահռելի ներդրումներից հետո ռուսները սպասում էին այդպիսի կոլեկտիվի դերում տեսնել «Զենիթին», սակայն «Մալագան» ցույց տվեց բոլորին, որ ի տարբերություն «Զենիթի»` այստեղ փողերը զուր չեն ծախսվել: Պետերբուրգյան խաղում արդեն 9-րդ րոպեին «Զենիթի» ֆուտբոլիստները հայտնվեցին 2 գոլանոց «լծի» տակ, և միայն խաղի վերջում կարողացան հավասարեցնել հաշիվը: Ավելին անել պետերբուրգցիները չկարողացան, և «ավելին» անել կկարողանան միայն Եվրոպա լիգայում, որի ուղեգրի համար դեռ պետք է պայքարել: Իսկ «Միլանը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Անդերլեխտին»: Այս խաղի զարդը իհարկե Մեքսեսի հրաշք գնդակն էր: «Մալագան» և «Միլանը» ապահովեցին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆ փուլին:
Խ Մ
1.«Մալագա» 5 11
2. «Միլան» 5 8
3. «Զենիթ» 5 4
4. «Անդերլեխտ» 5 4
D խումբ
«Մահվան» խմբի առաջին զոհը հայտնի էր արդեն վաղուց` «Մանչեսթր Սիթին», որը սեփական հարկի տակ «Ռեալի» դեմ խաղում փորձեց կենդանության նշաններ ցույց տալ: Ընդունելով գնդակ 10-րդ րոպեին` «քաղաքաբնակները» այնուամենայնիվ կարողացան ոչ ոքի ավարտել հանդիպումը: Գուցե և դա ընդամենը զուգահեռ խաղի շնորհիվ եղավ, քանի որ «Բորուսիայի» հաղթանակի դեպքում «Ռեալի» համար անիմաստ էր դառնում հաղթանակի համար պայքարելը: Իսկ «Բորուսիան» իրոք հիացրեց ողջ Եվրոպային ՉԼ այս խաղարկությունում: Ամստերդամում 4-1 հաշվով ջախջախելով «Այաքսին»` «Բորուսիան» դաժան թեթևությամբ գրավեց առաջին տեղը «մահվան» խմբում: Եվրոպա լիգայի ուղեգրի համար կարող են պայքարել «Այաքսը» և «Մանչեսթր Սիթին», եթե իհարկե դրա ցանկությունը ունենան:
Խ Մ1. «Բորուսիա» Դ 5 11
2. «Ռեալ» Մ 5 8
3. «Այաքս» 5 4
4. «Մանչեսթր Ս.» 5 3
E խումբ
Մեկ այլ հետաքրքիր խմբում այս տուրում կայացան վերջին օրերի երկու ամենաքննարկվող խաղերը: «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 5-2 հաշվով հաղթանակ տարավ «Նորշելանդի» նկատմամբ, սակայն իր թիմի երկրորդ գոլը Լուիս Ադրիանոն խփեց Fair Play-ի կանոնների խայտառակ խախտումով: Այս գոլից հետո «Շախտյորը» թույլ չտվեց հակառակորդին վերականգնել հաշվի հավասարությունը և միաժամանակ արդարությունը: Չնայած ուկրաինական թիմի հաղթանակին` «Շախտյորը» կեղտոտեց իր տարիներով կերտած հեղինակությունը Եվրոպայում: Հաղթանակը թիմին ապահովեց տեղը փլեյ-օֆֆում: Հենրիխ Մխիթարյանը մի քանի անգամ հայտնվեց նպաստավոր դիրքերում, սակայն առանձնապես աչքի չընկավ: Խմբի մյուս խաղում հանդիպեցին «Յուվենտուսը» և «Չելսին»: Թուրինցիները տանտերերի իրենց կարգավիճակին համապատասխան` վստահ խաղով հաղթանակ տարան` մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ: Խաղից անմիջապես հետո հայտարարվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի պաշտոնանկության մասին: Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիրը բարդացրեց իր վիճակը խմբում և այժմ պետք է հուսա, որ «Շախտյորը» հաղթանակ կտանի «Յուվենտուսի» նկատմամբ: Եթե «Չելսին» դուրս մնա հետագա պայքարից, դա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դեպքը կլինի, որ լիգա գավաթակիրը հաջորդ խաղարկությունում արդեն խմբային փուլում լքում է մրցաշարը:
Խ Մ
1. «Շախտյոր» 5 10
2. «Յուվենտուս» 5 9
3. «Չելսի» 5 7
4.«Նորշելանդ» 5 1
F խումբ
Հերթական խումբը, որտեղ այս տուրից հետո բոլոր դերերը արդեն բաշխված են: Ինչպես և գերմանական և իսպանական մյուս թիմերը, «Բավարիան» և «Վալենսիան» նույնպես նախօրոք ապահովեցին իրենց մասնակցությունը ՉԼ գարնանային մասին` ոչ-ոքի` 1-1 խաղալով «Մեստալիայում»: Իսկ ԲԱՏԵ-ն կարոք է իր բելառուսական հեքիաթը շարունակել արդեն Եվրոպա լիգայում: Թիմը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն կրեց «Լիլլից»:
Խ Մ
1. «Վալենսիա» 5 10
2. «Բավարիա» 5 10
3. ԲԱՏԵ 5 6
4. «Լիլլ» 5 3
G խումբ
«Բարսելոնան» փլեյ-օֆֆին իր մասնակցությունը հաստատելու հետ մեկտեղ բացառեց «Սպարտակի» հայտնվելը այնտեղ` Մոսկվայում 3-0 հաղթելով դաշտի տերերին: Երկու գնդակներով աչքի ընկավ Մեսսին: «Բենֆիկան» սեփական հարկի տակ հաղթելով «Սելթիկին» 2-1 հաշվով, ամեն ինչ թողեց վերջին տուրում որոշելու: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Բենֆիկան» պետք է հաղթի «Բարսելոնային», իսկ «Սելթիկին» բացի «Սպարտակի» դեմ հաղթանակից պետք է նաև, որ «Բարսելոնան» չպարտվի «Բենֆիկային»: Վերջին տուրից առաջ այս խմբում լարված իրավիճակ է:
Խ Մ
1. «Բարսելոնա» 5 12
2. «Բենֆիկա» 5 7
3. «Սելթիկ» 5 7
4. «Սպարտակ» 5 3
H խումբ
Դեռ նախորդ տուրում հաջորդ փուլի ուղեգիր նվաճած «Մանչեսթր Յունայթեդը» «Գալաթասարայի» դեմ հանել էր երկրորդ կազմ, և թուրքական թիմը դժվարությամբ /1-0/ առավելության հասավ նույնիսկ այս կազմի դեմ: Խմբի մյուս խաղում «Կլուժը» 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Բրագայի» նկատմամբ: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Գալաթասարայը» և «Կլուժը», սակայն թուրքական թիմը ունի առավելություն, քանի որ միմյանց դեմ հանդիպումներում թուրքերը գերազանցել են մրցակցին: «Գալաթասարայի» հաղթանակը վերջին տուրում թիմին անմիջապես դուրս կբերի փլեյ-օֆֆ:
Խ Մ
1. «Մանչեսթր Յուն.» 5 12
2. «Գալաթասարայ» 5 7
3. «Կլուժ» 5 7
4. «Բրագա» 5 3
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր արդեն նվաճել են` «Պորտու», ՊՍԺ, «Շալկե 04», «Արսենալ», «Մալագա», «Միլան», «Բորուսիա» Դորտմունդ, «Ռեալ» Մադրիդ, «Շախտյոր», «Վալենսիա», «Բավարիա», «Բարսելոնա», «Մանչեսթր Յունայթեդ»: Այս թիմերին կմիանան ևս երեք թիմեր: Ընդհանուր առմամբ, առայժմ լուրջ անակնկալներ չկան` ի տարբերություն ՉԼ նախորդ խաղարկության: Հերթական անգամ «Մանչեսթր Սիթին» չճաշակեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլի «քաղցրությունը»: Եվրոպային զարմացրեցին «Բորուսիան», «Մալագան» և «Շախտյորը», որոնք հաղթահարեցին բավականին լուրջ խմբեր: «Միլանը» անհաջող մեկնարկից հետո այնուամենայնիվ կարողացավ գեղեցիկ խաղով ապահովել անցումը հաջորդ փուլ: Վերջին տուրի գլխավոր իրադարձությունը տեղի կունենա «Դոնբաս Արենայում», որտեղ կորոշվի թե որ թիմն է շարունակելու պայքարը` «Յուվենտուսը» թե «Չելսին»:
0 comments:
Post a Comment