Monday, July 30, 2012

Հայկական ֆուտբոլը այս անգամ էլ չունեցավ 3-րդ փուլի իր “Ծիծեռնակը”

Կայացան Եվրոպա լիգա խաղարկության 2-րդ փուլի` «Շիրակ» (Գյումրի, Հայաստան) - «Բնեյ Եհուդա» (Թել Ավիվ, Իսրայել) և «Գանձասար» (Կապան, Հայաստան) - «Սերվետ» (Ժնև, Շվեյցարիա)  պատասխան հանդիպումները: Ցավոք, մեր 2 մարզային թիմերն էլ, արդեն իսկ 2-րդ փուլում լքեցին մրցասպարեզը: Հիշեցնենք,  որ մեր 2 ակումբներն էլ առաջին հանդիպումներն անցկացրել էին մրցակցի հարկի տակ և երկուսն էլ պարտվել` միևնույն 0:2 հաշվով: Պատասխան հանդիպումներից առաջ հայ ֆուտբոլասերները քիչ թե շատ հավատում էին Գյումրիի «Շիրակի» հաջորդ փուլ դուրս գալու հեռանկարին, իսկ ահա «Գանձասարի» հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը քիչ էր, քանի որ շվեյցարական ակումբը այս պահին ակնհայտ ուժեղ էր «Գանձասարից»: 
Պատասխան խաղերում էլ, մեր 2 ակումբներն էլ զիջեցին սեփական հարկի տակ: Գյումրիում` «Շիրակը» զիջեց «Բնեյ Եհուդային» 0:1 հաշվով: Հյուրերից միակ գոլը հեղինակեց Շալեմ Մենաշեն: Ի դեպ,  սա այն նույն ֆուտբոլիստն է, որը կարողացավ գոլ խփել «Ուլիսի» դարպասը 2010 թվականի Եվրոպա լիգա խաղարկության պատասխան խաղում, և դուրս թողեց հետագա պայքարից: Մենաշեի խփած գոլը, ինչու չէ, նաև «Շիրակին» դուրս թողեց հետագա պայքարից, և կարելի է ասել, որ այս ֆուտբոլիստը դարձել է հայկական ֆուտբոլային ակումբների «դահիճը»: Կապանի «Գանձասարն» էլ սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական «Սերվետին» և զիջեց 1:3 հաշվով: Վազգեն Սարգսյանի անվան` «Հանրապետական» մարզադաշտում, հյուրերից հաշիվը բացեց բրազիլացի Դե Ասեվեդոն, այնուհետև` «Սերվետից» դուբլ ձևակերպեց Պոնտը: Հետաքրքիր է, որ հյուրերի կիսապաշտպանը 2 գոլն էլ խփեց դարպասապահ Արսեն Բեգլարյանի անդրադարձից հետո: Եվ երբ հաշիվն արդեն 0:3 էր հօգուտ հյուրերի, հանդիպման 91-րդ րոպեին կապանցիներից հաշիվը թրջեց փոխարինման դուրս եկած Հայրապետ Ավագյանը:   
Ցավալի է, երբ մեր 3 ակումբներն էլ 2-րդ փուլի ժամանակ զիջեցին իրենց մրցակիցներին բոլոր 6 հանդիպումներում:  2-րդ փուլերը հայկական ֆուտբոլին չբերեցին ոչ մի վարկանիշային միավոր: Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ վարկանիշային միավորներով է որոշվում, թե որ թիմերն են միմյանց դեմ խաղալու եվրագավաթային հանդիպումներում: Վարկանիշն էլ հաշվարկվում է տվյալ երկրի ակումբների վերջին 5 տարվա եվրագավաթային ելույթներից: Վարկանիշն հաշվարկվում է հետևյալ կերպ` հաղթանակի դեպքում այդ երկրի վարկանիշին գումարվում է մեկ միավոր, իսկ ոչ-ոքու դեպքում` կես միավոր: Հիշեցնենք, որ հայկական թիմերից հաղթանակներ տոնեցին «Շիրակը»` Չեռնոգորիայի «Ռուդարի» նկատմամբ, 1:0 հաշվով մրցակցի հարկի տակ, «Գանձասարը»` Ֆարերյան կղզիների «Ստրեյմուրի» նկատմամբ, 2:0 հաշով սեփական հարկի տակ, և «Փյունիկը»` չեռնոգորական «Զետայի» նկատմամբ, 1:2 հաշվով մրցակցի հարկի տակ: Այսինքն` այս 3 ակումբները, հայկական ֆուտբոլին բերեցին 3 միավոր, և սրան գումարվեց Գյումրիի «Շիրակի» սեփական հարկի տակի ոչ-ոքին` 1:1 հաշվով` ընդհանուր առմամբ կազմելով 3.5 վարկանիշային միավոր: Իսկ այս 3.5-ն էլ բաժանվում է մասնակից թիմերի քանակի վրա: Եվ եթե հաշվի առնենք, որ հայկական թիմերի քանակն էլ 4 է, ապա ստացվում է 0.875 վարկանիշային միավոր: Սրան գումարվում է նաև նախկին 4 տարիների վարկանիշային միավորը: Ամենահետաքրքին այն է, որ հայկական ֆուտբոլի նախկին 4 տարիների վարկանիշն միասին վերցրած կազմում է նույն 0.875-ը: Եվ երկու 0.875-ների գումարը ստացվում է 1.75: Այս վարկանիշով, Հայաստանն իրենից հետ է թողնում միայն` Ֆարերյան կղզիներին, Անդորրային և Սան Մարինոյին: Եվ զարմանալի է նաև այն հանգամանքը, որ Հայաստանից առաջ են գտնվում այնպիսի գաճաճ պետություններ, ինպիսիք են` Լյուքսեմբուրգը, Մալթան, ինչպես նաև Լիխտենշտեյնը: Հայկական ֆուտբոլային ակումբներին 2013-14 թվականների մրցաշրջանում Եվրոպա լիգայում կարող են բաժին ընկնել ոչ շատ ուժեղ մրցակիցներ` ամենայն հավանականությամբ` չեռնոգորական, մոլդովական, վրացական, մակեդոնական կամ նույն մակարդակի այլ ակումբներ:    
Ինչևէ, մեր վերջին հույսերը` 2 մարզային ակումբները, զիջեցին իրենց մրցակիցներին և թողեցին պայքարը, արդեն իսկ 2-րդ փուլում:  Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ «Ուլիսն» էլ Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլում զիջեց Մոլդովայի «Շերիֆին», ապա պետք է փաստել, որ այս անգամ էլ հայկական ֆուտբոլը  չունեցավ 3-րդ փուլի իր “ծիծեռնակը”:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons