Thursday, July 26, 2012

Ֆուտբոլն Օլիմպիական խաղերում. Մաս-3` Մեծ Բրիտանիայի հավաքական

Լոնդոնը հերթական անգամ ընդունում է Օլիմպիական խաղերը, և բրիտանացի ֆուտբոլիստները այս անգամ հայտնվել են տանտիրոջ իրավիճակում: Սակայն ով է իրական տանտերը, դա արդեն վիճարկվող հարց է, քանի որ ֆուտբոլային աշխարհին հայտնի չորս բրիտանական հավաքականները այստեղ խաղալու են մեկ դրոշի ներքո: Դժվար է ասել` ինչքանով մրցունակ կլինի այդ հավաքականը, բայց դա այս դեպքում միակ խնդիրը չէ: Բրիտանացիների համար նույնիսկ այս թիմը որպես հավաքական ըմբռնելը դժվար է, ուր մնաց երկրպագելը: Վերջիվերջո` ի՞նչ երգել խաղերի ժամանակ: 
Խնդիրը ամեն դեպքում նոր չէ, Մեծ Բրիտանիայի հավաքականը որպես այդպիսին մասնակցել է Օլիմպիական խաղերին, բայց դա վերջին անգամ եղել է հեռավոր 1960-ին, և երկրպագուները վաղուց մոռացել են այդ մասին: Իսկ հիշելու բան առանձնապես չկա էլ, Մեծ Բրիտանիան օլիմպիական մրցաշարերում հաղթել է 1908-ին և 1912-ին, սակայն այդ ժամանակ մրցաշարին մասնակցել են սիրողական թիմեր: Իսկ վերջին 50 տարիներին, ինչպես նշվեց, թիմը խաղերին երբևէ չի մասնակցել: 
Այս տարի թիմի վերադարձը խաղեր, այն էլ բրիտանական մայրաքաղաքում, ընդ որում այն ժամանակահատվածում, երբ շատերը խոսում են բրիտանական ֆուտբոլի ճգնաժամի մասին,  բրիտանական ֆուտբոլային շրջանակների համար առավել է կարևորում մրցաշարը: Իսկ հաջողության հասնելու համար գործը վստահվեց Սթյուարտ Պիրսին: 


Մարզիչ` Սթյուարտ Պիրս
Պիրսը որպես մարզիչ լուրջ հաջողություններ դեռ չունի, մարզչական փորձ էլ առանձնապես չի կուտակել, մինչ այս մարզել է Անգլիայի Մ-21 հավաքականը, իսկ 2005-2007թթ. գլխավորել է «Մանչեսթր Սիթին»: Որպես ֆուտբոլիստ Պիրսը առավել հայտնի է, կարիերայի մեծ մասն անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեսթ» ակումբ` երկար ժամանակ լինելով նաև թիմի ավագ: Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 78 հանդիպում: 


Կազմը.
Ստանձնելով օլիմպիական հավաքականի ղեկը` Պիրսը արդեն հասցրել է ընդունել բրիտանական քննադատների հարվածները` հավաքական չհրավիրելով Դևիդ Բեքհեմին: Դրա փոխարեն նա ավագի թևկապը վստահեց ոչ պակաս փորձառու Ռայան Գիգզին: Ընդհանուր առմամբ, բրիտանական հավաքականում տեղ են գտել 12 անգլիացիներ և 6 ուելսցիներ, իսկ շոտլանդացիների և հյուսիսիռլանդացիների համար Պիրսը տեղ չգտավ: 
Դարպասապահներ` Ջեկ Բատլենդ («Բիրմինգհեմ»), Ջեյսոն Սթիլ («Միդլսբրո»),
Պաշտպաններ` Ռայան Բերտրան («Չելսի»), Ստիվեն Քոլկեր («Տոտենհեմ»), Միկա Ռիչարդս («Մանչեսթր Սիթի»), Քրեյգ Դոուսոն («Վեսթ Բրոմվիչ»), Դենի Ռոուզ («Տոտենհեմ»), Նեյլ Թեյլոր («Սուոնսի»), Ջեյմս Թոմկինս («Վեսթ Հեմ»),
Կիսապաշտպաններ` Ջո Ալեն («Սուոնսի»), Թոմ Քլեվերլի («Մանչեսթր Յունայթեդ»), Ջեք Քորկ («Սաութհեմփթոն»), Ռայան Գիգզ  («Մանչեսթր Յունայթեդ»), Աարոն Ռեմսի («Արսենալ»), Սքոտ Սինքլեյր («Սուոնսի»),
Հարձակվողներ` Քրեյգ Բելամի («Լիվերպուլ»), Մարվին Սորդել («Բոլթոն»), Դանիել Ստարիջ («Չելսի»):
Բրիտանական հավաքականը ակնհայտորեն կարող էր ուժեղացնել Գարեթ Բեյլը, սակայն նա դուրս մնաց թիմից վնասվածքի պատճառով: 23 տարեկանից մեծ երեք խաղացողներն են Միկա Ռիչարդսը, Քրեյգ Բելամին և ավագ Ռայան Գիգզը, ով իր ուսերին տանելու է պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը Պիրսից հետո: 


Մրցակիցները.
Մեծ Բրիտանիան A խմբում է, որտեղ մրցակիցներն են Սենեգալի, Արաբական Էմիրությունների և Ուրուգվայի հավաքականները: Խումբը բավական ուժեղ է, հատկապես Ուրուգվայի հավաքականը, ով դաշտ դուրս կգա Սուարես-Կավանի հարձակողական զույգով: Սենեգալի հավաքականը նույնպես կարող է լուրջ հավակնություններ ներկայացնել. աֆրիկյան թիմերը սովորաբար հաջողակ են օլիմպիական խաղերում: Հուլիսի 26-ին բրիտանացիները կմրցեն Սենեգալի, 29-ին` Արաբական Էմիրությունների, իսկ օգոստոսի 1-ին` Ուրուգվայի հավաքականների հետ: 


Մեծ Բրիտանիայի հավաքականը այս կազմով արդեն կրել է առաջին անհաջողությունը` հուլիսի 20-ին Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Բրիտանացիները պարտվեցին 0-2 հաշվով զիջելով խաղային գրեթե բոլոր առումներով: Մեկ շաբաթվա ընթացքում կկարողանա՞ արդյոք Պիրսը կառուցել մարտունակ թիմ` պարզ կդառնա առաջիկա օրերին: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons