Friday, July 20, 2012

«Շիրակը» նվերներ չի ընդունում

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Գյումրու «Շիրակը» ցավալի պարտություն կրեց իսրայելական «Բնեյ Եհուդա» ակումբից: Հանդիպումը չէր հեռարձակվում  հայկական հեռուստաեթերով, և դա, թերևս, միակ հուսադրող հանգամանքն էր գյումրեցի երկրպագուների համար, քանի որ նրանք չտեսան «Շիրակի» ցուցադրած ֆուտբոլը, որն  առավել հիասթափեցնող էր, քան վերջնական հաշիվը:
Խաղը սկսվեց շատ հանդարտ, հետախուզական տրամադրություններով, և ինչպես ցույց տվեց խաղի հետագա ընթացքը, նույն «հետախուզական» տրամադրությունը գերիշխող էր ամբողջ խաղի ընթացքում: Նման ծանր խաղի պատճառներից մեկը անձրևոտ եղանակն էր, մյուսն էլ, հավանաբար, երկրպագուների աջակցության իսպառ բացակայությունը: Այսպիսի խաղը շատ հազվադեպ էր բերում վտանգավոր պահերի, ավելի շատ էին ստանդարտ դիրքերը և անկյունայինները, սակայն ստանդարտներից ոչ մի վտանգավոր հարված կամ մտածված կոմբինացիա չհետևեց ողջ խաղի ընթացքում: «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանը մեկ-երկու դեպքերում մտավ խաղի մեջ և բավականին վստահ գործեց: Ինչպես «Ռուդարի» հետ խաղում, այս անգամ էլ «Շիրակը» թույլ էր տալիս մրցակցին հեշտությամբ անցնել միջին գիծը և մոտենալ տուգանային հրապարակին, սակայն մրցակցի կողմից սուր գործողությունները բացակայում էին: Խաղակեսի կեսից միայն մեր թիմը կարողացավ որոշակիորեն կարգավորել խաղը և գնդակ պահել, սակայն լուրջ գրոհներ, այնուամենայնիվ, չկազմակերպվեցին: Վարդան Բիչախչյանը հարձակողական գիծը վստահել էր թիմի սևամորթ եռյակին, սակայն նրանց խաղը առանձնապես չէր ստացվում: Բացակայում էին Յորոյի եզրային անցումները, իսկ Բեկոյին էլ մեծ մասամբ գնդակը չէր հասնում: Առավել ակտիվ էր Դամե Դիոպը, որը երբեմն կարողանում էր լարվածություն ստեղծել իսրայելական թիմի պաշտպանությունում: Խաղակեսի վերջին րոպեին Բեկոյի դեմ կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց «Բեյ Եհուդայի» պաշտպան Հադադ Ավիվը: «Շիրակը» ստացավ լուրջ հնարավորություն` երկրորդ կեսի ընթացքում բեկելու խաղի ընթացքը և որոշել դիմակայության ելքը Գյումրի վերադառնալուց առաջ:


Երկրորդ խաղակեսը հայկական թիմը սկսեց առավել ակտիվ ու վստահ, և տպավորություն ստեղծվեց, որ «Շիրակը» ձեռքից բաց չի թողնի նման նվերը: Մեր թիմը տիրեց նախաձեռնությանը և սկսեց մերթընդմերթ գրոհներ կազմակերպել: Տեմպը շատ ցածր էր, սակայն գյումրեցիներին շատ հաճախ հաջողվում էր հասնել մինչև մրցակցի տուգանային հրապարակ և լարվածություն ստեղծել: «Բնեյ Եհուդան» էլ կարողանում էր պարբերաբար օգտվել հակագրոհների հնարավորություններից և վտանգավոր պահեր ստեղծել: Մի դեպքում Մարինկովիչի հարվածից հետո մեր թիմին փրկեց դարպասաձողը: Այս պարագայում գյումրեցի մարզիչը դաշտ մտցրեց ևս մեկ հարձակվողի` Անդրանիկ Բարիկյանին` հույս ունենալով, որ վերջինս իր գործողություններով կկարողանա որոշել հանդիպման ելքը: Այդպես էլ պատահեց, Բարիկյանը որոշեց խաղի ելքը, սակայն գյումրեցիների համար ցավալի վերջաբանով: Հարձակվողը դաշտ մտնելուց 13 րոպե անց կոպիտ խաղաց մրցակցի պաշտպանի նկատմամբ և արժանացավ կարմիր քարտի: Խաղադաշտում կրկին թվային հավասարություն տիրեց, և իսրայելցի ֆուտբոլիստները հանգիստ շունչ քաշեցին: Ամեն դեպքում այս հեռացումը առանձնապես չակտիվացրեց խաղը: Շարունակվում էր նույն ծանր ֆուտբոլը, և տպավորությունը այնպիսին էր, որ «Բնեյ Եհուդան» արդեն բավականին հոգնել է և ուժեր չեն մնացել գրոհելու համար: «Շիրակն» էլ հետ քաշվեց և փորձեց ուղղակի խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով: Խնդիրն այնքան էլ բարդ չէր, պետք էր ուղղակի խուսափել կոպիտ սխալներից և հետևողականորեն պաշտպանվել: Սակայն, դժբախտաբար, մեր ֆուտբոլիստները չկարողացան լուծել այդ խնդիրը: 82-րդ րոպեին մեր պաշտպանների անփույթ խաղի արդյունքում գնդակը չափազանց նպաստավոր դիրքում հայտնվեց Էնդլովուի մոտ և վերջինս չվրիպեց: Հետագա 11 րոպեներին «Շիրակը» խաղը փրկելու լուրջ քայլեր չձեռնարկեց: Ավելին, խաղային տարբեր դիրքերում տարրական սխալները շարունակվում էին, և ելքը չափազանց ցավալի ստացվեց: Խաղի ավելացրած վերջին րոպեին շիրակցիների պաշտպան Կադիո Բորիսը հասարակ իրադրությունում կորցրեց գնդակը և մրցակիցը վարպետորեն օգտվեց իրավիճակից: Մտնելով տուգանային հրապարակ` Էնդլովուն գնդակը փոխանցեց Գալվանին, որն էլ առանց խոչընդոտների վերջակետ դրեց հանդիպմանը: Արդյունքը չափից դուրս հիասթափեցնող էր, հատկապես նման խաղի համար:
Հետադարձ հայացք գցելով խաղին, պետք է նշել, որ ելքը արդարացի էր, իսկ հաշիվը` ոչ: «Շիրակը» իրականում պարտվեց մրցակցին, որովհետև խաղի ընթացքում թիմը հաղթելու լուրջ հավակնություններ չներկայացրեց, չնայած որ իրավիճակը ավելի քան նպաստավոր էր:


Վերլուծելով պարտության պատճառները` կարելի է առանձնացնել երկու կարևոր հանգամանք.
1. «Շիրակի» անտեսված մարտավարությունը: «Շիրակը» Թել-Ավիվում չխաղաց իր ֆուտբոլը, և դրա մեղավորը ոչ թե մարզիչն էր, այլ հիմնականում ֆուտբոլիստները: «Շիրակի» միջին գծի խնդիրների մասին խոսել էինք դեռ «Ռուդարի» հետ Գյումրիում կայացած մրցավեճից հետո, և այդ խնդիրները առկա էին նաև այս խաղում: «Շիրակը» առաջին կեսում հետ քաշված էր խաղում, սակայն այս պարագայում թիմին բնորոշ սուր հակագրոհները այդպես էլ տեղի չունեցան, չնայած որ Բիչախչյանը հենց դրա համար էր դաշտ դուրս բերել արագաշարժ սևամորթ հարձակվողների եռյակին: Այս դեպքում կարելի է կարծել, որ ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել ոչ-ոքի խաղալու համար, ինչը անընդունելի է, քանի որ խաղի նախնական «հետախուզական» հատվածից հետո ակնհայտ էր, որ մրցակիցը ամենևին էլ ահարկու չէ: Երկրորդ կեսում «Շիրակն» արդեն, ստեղծված պայմաններից ելնելով, պարտավոր էր գրոհել, սակայն մեր թիմը չէր գործում իրեն հատուկ եզրային սուր անցումների և տուգանային փոխանցումներ կատարելու տարբերակով, այլ փորձում էր կենտրոնում խաղարկել գնդակը և ինչ-որ կերպ ուղի գտնել դեպի դարպասը, որը ակնհայտորեն «Շիրակի» ֆուտբոլը չէր: Բարիկյանի հեռացումից հետո էլ «Շիրակը» կարծես թե լավ վերադասավորվեց պաշտպանությունում, սակայն առաջին գոլի հետ կապված անհեթեթ դրվագից հետո ամեն ինչ փլվեց, և նման արդյունքը դարձավ անխուսափելի:
2. Հայկական ֆուտբոլային հիվանդություն: Ինչպես գրեթե բոլոր հայկական թիմերի մոտ է, գյումրեցիներն էլ եվրագավաթային այս հանդիպմանը աչքի ընկան չափազանց մեծ քանակությամբ անհեթեթ և անբացատրելի գործողություններով: Մի դեպքում ինքնագոլի փորձ եղավ, ավելի հաճախ կրկնվում էին սխալ փոխանցումները: Իսկ ամենաանհեթեթ պահերը բաժին ընկան «Շիրակի» քիչ թե շատ փորձառու և հուսալի ֆուտբոլիստներին: Դժվար էր ըմբռնել, թե ինչ կարիք կար նման կերպ խաղալու մրցակցի պաշտպանի դեմ, որի համար Բարիկյանը պատժվեց կարմիր քարտով: Նույն կերպ հիասթափեցրեց գյումրեցիների պաշտպանությունում ամբողջ մրցաշրջանում ամենահուսալի և ամենակայուն ֆուտբոլիստ համարվող Կադիո Բորիսը, ով հասարակ իրադրությունում կորցրեց գնդակը և դա հանգեցրեց երկրորդ գնդակին: Իհարկե, չպետք է մոռանալ եվրագավաթում հանդես գալու հետ կապված մեծ լարվածությունը, ինչպես նաև մրցակցի հարկի տակ խաղալու գործոնը, սակայն մի բան պարզ է` Գյումրիում այդպիսի խաղը երկրպագուները չեն ների «Շիրակի» ֆուտբոլիստներին:


Ինչևէ, պատասխան խաղից առաջ իրավիճակը շատ անբարենպաստ է, սակայն մյուս կողմից էլ մրցակիցը այնպիսին չէ, որին անհնար է երկու գոլ խփել: Գյումրիում «Շիրակի» ֆուտբոլիստներին պետք է կենտրոնանալ և հավատալ սեփական ուժերին, իսկ երկրպագուների աջակցության պակաս նրանք հաստատ չեն ունենա: Ի վերջո, այս իրավիճակից մեր թիմին կարող է դուրս բերել միայն  ֆուտբոլային խարիզման և գյումրեցուն հատուկ թասիբը, որին անվերապահորեն պետք է հավատան թե ֆուտբոլիստները, և թե գյումրեցի երկրպագուները: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons