Tuesday, July 24, 2012

Ֆուտբոլն Օլիմպիական խաղերում. Մաս-2` Իսպանիայի հավաքական

Արդեն անցյալում է Եվրոպայի առաջնությունը, և Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը, որտեղ հաղթողներ ճանաչվեցին Իսպանիայի հավաքականները, այժմ հերթը Իսպանիայի մինչև 23 տարեկանների օլիմպիական հավաքականինն է, որը պայքարի է ներգրավելու Լոնդոնի 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում` հուլիսի 25-ից օգօստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում: Այժմ Իսպանիայի հավաքականների ֆուտբոլասերներին մի հարց է մտահոգում` կհաջողվի՞ արդյոք, Իսպանիայի հավաքականին նվաճել Օլիմպիական խաղերի հաղթողի կոչումը` 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերից հետո, 20 տարի անց, Լոնդոնի Օլիմպիական խաղերում:  Ինչպես արդեն նշել ենք` "Գոլիզեում" բլոգը կանդրադառնա Օլիմպիական խաղերի ընթացքին, իսկ այժմ ծանոթանանք մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի` Իսպանիայի օլիմպիական հավաքականի հետ:


1992թ. Իսպանացիների հարձակվող Կիկոն տոնում է գոլը
Պատմությունը: 
 Օլիմպիական հավաքականների պատմությունը բաժանվում է 2 ժամանակահատվածի` 1920-1988 թվականները և 1992 թվականի օլիմպիական խաղերից հետո: Սկսած 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերից, որոշում կայացվեց, որ տղամարդկանց հավաքականներում ֆուտբոլիստների տարիքը չպետք է գերազանցի 23 տարեկանը, բացառությամբ 3 ֆուտբոլիստների, իսկ մինչ այդ` այդպիսի որոշում չկար: Նոր ֆորմատով օլիմպիական խաղերը առաջին անգամ անցկացվեց Բարսելոնայի օլիմպիական խաղերում, և հաղթող ճանաչվեց Իսպանիայի օլիմպիական հավաքականը: Խմբային փուլում իսպանացիները նախ հաղթեցին Կոլումբիայի օլիմպիական հավաքականին 4:0 հաշվով, այնուհետև միևնույն 2:0 հաշվով հաղթանակներ տարան համապատասխանաբար` Քաթարի և Եգիպտոսի օլիմպիական հավաքականների նկատմամբ և բացարձակ արդյունքով դուրս եկան քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչում իսպանացիների ճանապարհը փորձեցին փակել իտալացիները, սակայն չհաջողվեց, և Իսպանիան, հաղթելով 1:0 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում իսպանացիներին փորձեցին դիմադրել գանացիները, սակայն աֆրիկացիներին նույնպես դա չհաջողվեց և իսպանացիների` 2:0 հաշվով հաղթանակը նրանց դուրս բերեց եզրափակիչ: Եզրափակիչը կայացավ Բարսելոնայի "Կամպ Նոու" մարզադաշտում, և 95 հազար ֆուտբոլասերների առջև Իսպանիայի օլիմպիական հավաքականը գոլառատ խաղում 3:2 հաշվով կարողացավ առավելության հասնել Լեհաստանի օլիմպիական  հավաքականի նկատմամբ: Սա իսպանացիների թերևս միակ փառավոր հաղթանակն է օլիմպիական խաղերում: Նշենք նաև, որ իսպանացիները ևս 1 անգամ հասել են եզրափակիչ 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում և զիջել են Կամերունի ընտրանուն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով` 5:3 հաշվով: 2000 թվականից հետո իսպանացիները ուղեգիր չեն նվաճել  խաղալու 2004 թվականի Աթենքի և 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում: Եվ այժմ իսպանացիները, 12 տարի անց նորից նվաճելով օլիմպիական խաղերի ուղեգիր, հաղթանակի ծարավով նորից կներգրավեն պայքարի և կփորձեն ապացուցել, որ ուժեղ են նաև օլիմպիական հավաքականների մակարդակով:

Մարզիչը:
Իսպանիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչն է 2011 թվականի Իսպանիայի մինչև 21 տարեկաննների հավաքականների Եվրոպայի առաջնության հաղթող մարզիչ Լուիս Միլլան: Միլլան, որպես ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում, և հանդես է եկել իսպանական 3 գրանդ ակումբնրում` "Բարսելոնայում", Մադրիդի "Ռեալում" և "Վալենսիայում": Խաղացել է նաև Իսպանիայի ազգային հավաքականում 1989-1990
թվականներին և անցկացրել է 3 հանդիպում: 2001 թվականից սկսած Միլլան ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ` սկսած 2006 թվականից: 2006-07 թվականներին Միլան մարզել է համեստ "Պուկոլ" ակումբը: 2007-08 մրցաշրջանում էլ աշխատել է "Խետաֆե" ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական: Սկսած 2008 թվականից` իսպանացի մասնագետը սկսել է մարզել Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները: Նախ` 2008-2010 թվականներին,  մարզել է մինչև 19 և 20 տարեկանների հավաքականները, այնուհետև, սկսած  2010 թվականից  էլ, Միլլան սկսել է մարզել, կարելի է ասել, նույն թիմը` որոշ փոփոխություններով, արդեն` մինչև 21 տարեկանների Իսպանիայի հավաքականը: 2011 թվականի հաղթանակից հետո էլ Միլլային վստահվեց նաև Իսպանիայի մինչև 23 տարեկանների օլիմպիական հավաքականը, քանի որ գրեթե նույն ֆուտբոլիստներն են ընդգրկված օլիմպիական հավաքականում, ում հետ որ Միլլան 2011 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Կազմը:
Իսպանիայի օլիմպիական հավաքականը, ինչպես մնացած հավքականները իրավունք ուներ ընդգրկելու ընդամենը 18 ֆուտբոլիստների: Ամենահետաքրքիր նորությունը կապված կազմի հետ  այն է, որ Լուիս Միլլան իր 18 ֆուտբոլիստների շրջանակում չի ընդգրկել Իսպանիայի չեմպիոն հռչակված Մադրիդի "Ռեալից" ոչ մի ֆուտբոլիստի: Այսպես 18 ֆուտբոլիստների շրջանակներում են. դարպասապահներ` Դավիդ դե Գեա("Մանչեսթեր Յունայթեդ", Անգլիա),Դիեգո Մարինո ("Վիլյառեալ"), պաշտպաններ` Սեզար Ասպիլիսուետա ("Օլիմպիկ" Մարսել, Ֆրանսիա),Ալվարո Դոմինգես ("Բորուսիա" Մյունխենգլադբախ, Գերմանիա), Ինիգո Մարտինես ("Ռեալ Սոսիեդադ"), Խորդի Ալբա ("Բարսելոնա"), Ալբերտո Բոտիա ("Սպորտինգ" Խիխոն), Մարտին Մոնտոյա ("Բարսելոնա"): Կիսապաշտպաններ` Խավի Մարտինես ("Ատլետիկ" Բիլբաո), Իկեր Մունիային ("Ատլետիկ" Բիլբաո), Խուան Մատա ("Չելսի", Անգլիա),Կոկե ("Ատլետիկո" Մադրիդ), Իսկո ("Մալագա"), Օրիոլ Ռոմեու ("Չելսի", Անգլիա), Անդեր Հերերա ("Ատլետիկ" Բիլբաո): Հարձակվողներ` Ադրիան Լոպես ("Ատլետիկո" Մադրիդ,) Ռոդրիգո Մորենո ("Բենֆիկա", Պորտուգալիա), Քրիստիան Տելլո ("Բարսելոնա"): Ինչպես տեսնում ենք` չկա Մադրիդի "Ռեալից" ոչ մի ֆուտբոլիստ, փոխարենը "Ռեալի" գլխավոր հակառակորդ` "Բարսելոնայից", Միլլան իր ընտրանու կազմ է վերցրել միանգամից 3 ֆուիտբոլիստի: Թիմի ավագը ֆրանսիական "Օլիմպիկ" Մարսել ակումբի պաշտպան Սեզար Ասպիլիսուետան է: 23 տարեկանից բարձր 3 ֆուտբոլիստներն են. կիսապաշտպաններ`24-ամյա Խավի Մարտինեսը` Բիլբաոի "Ատլետիկից", 24-ամյա Խուան Մատան` Լոնդոնի "Չելսիից" և հարձակվող` 24-ամյա Ադրիան Լոպեսը Մադրիդի "Ատլետիկոյից"
Թիմի ավագ` Սեզար Ասպիլիսուետա
Մրցակիցները:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Իսպանիայի հավաքականը ընդգրկվել է D խմբում, որտեղ մրցակիցներն են Ճապոնիայի, Հոնդուրասի և Մարոկկոյի օլիմպիական հավաքականները: Առաջին խաղը իսպանացիները կանցկացնեն Գլազգոյի "Հեմփդեն Պարկ" մարզադաշտում, հուլիսի 26-ին կընդունեն ճապոնացիներին, հուլիսի 29-ին Նյուքասլի "Սենթ Ջեյմս Պարկ" մարզադաշտում կխաղան հոնդուրասցիների դեմ, իսկ ահա վերջին` 3-րդ խաղն էլ կկայանա օգոստոսի 1-ին` Մանչեսթրի "Օլդ Թրաֆորդ" մարզադաշտում: Լա Ֆուրիա Ռոխա-յի (այսպես են անվանում իսպանացիները իրենց օլիմպիական հավաքականին խմբ.) մրցակիցը կլինի Մարոկկոյի Օլիմպիական հավաքականը:
Իսպանիայի օլիմպիական հավաքականը
Վերջում հավելենք նաև, որ Իսպանիայի օլիմպիական հավաքականում բոլորից շատ հանդիպումների է մասնակցել  նախկինում հայտնի ֆուտբոլիստ, իսկ այժմ մարզիչ` Լուիս Էնրիկեն, որը 1991-92 թվականների ընոացքում մասնակցել է 14 հանդիպման, իսկ լավագույն ռմբարկուն էլ` Կիկոն է, որը նույնպես խաղացել է 1991-92 թվականներին, մասնակցել է 12 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ: Հիմա արդեն ժամանակն է նոր հերոսների:


  

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons