Monday, February 13, 2017

Vote: Which match will you watch today?

Wednesday, July 3, 2013

«Շիրակ» 3-0 «Տրե Պենե». Թե ինչպես «Շիրակը» տանջեց գյումրեցիներին

Եվրոպական մրցաշրջանը սկսվեց Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Շիրակ» - «Տրե Պենե» հանդիպումով, և սկսվեց այն Գյումրիում: Հայաստանի չեմպիոնը ստիպված էր ընդունել կարգով ցածր մի թիմի, որը չեմպիոն էր ընդամենը Սան Մարինոյի սիրողական լիգայում: 


Դժվար էր գլխի չընկնել, որ մրցակիցը շատ թույլ է լինելու: Հենց դա էր երևի պատճառը, որ թեև «Շիրակը» երկար ընդմիջումից հետո վերադարձել էր Չեմպիոնների լիգա, գյումրեցիները այնքան էլ եռանդով չէին լցրել տրիբունաները, և ի տարբերություն անցյալ տարվա Եվրոպա լիգայի խաղերի, դատարկ նստատեղեր կային: Մրցակցին թերագնահատելու տենդը, ինչպես հետագայում պարզվեց, վարակել էր նաև ֆուտբոլիստներին: Ամեն դեպքում, պարզ էր, որ անհրաժեշտ էր վստահ հաղթանակ, որը ոչ միայն կոգևորի բոլորին հաջորդ փուլի «Պարտիզանի» հետ խաղին ընդառաջ, այլև ևս մեկ անգամ կապացուցի, որ հայկական ակումբները իզուր են սկսում Չեմպիոնների լիգան որակավորման առաջին փուլից:


Ֆուտբոլային առումով հետաքրքիր էր տեսնել «Շիրակի» մարզավիճակը և նոր խաղային լուծումները մրցաշրջանի ավարտից հետո: Լի Յորոյի և Պաչաջյանի հեռանալուց հետո որոշակի վերադասավորումների կարիք կար առջևի գծում, որի փորձերը մենք տեսանք այս խաղում: Թիմի նախկին սուր եզրային խաղը այնքան էլ չէր նկատվում, այլ եզրային անցումները առավել շատ միտված էին կենտրոն փոխանցումներ կատարելու: Փաստորեն նախկին 4-3-3-ը փոփոխվել էր առավել համեստ 4-4-2-ի: Պաշտպանության կենտրոնում Կադիո Բորիսն ու Գևորգ Հովհաննիսյանն էին, աջ եզրում` Սամուել Կյերեն, ձախում` Աղվան Դավոյանը: Կիսապաշտպանության կենտրոնում գործում էին  ավագի պարտականությունները ստանձնած Կարեն Ալեքսանյանը և Կարեն Մուրադյանը: Աջից խաղում էր Ջորջ Օդիամբոն, ձախից Դավիթ Հակոբյանը, իսկ առջևի գծում Դամե Դիոպն ու Ֆոֆանա Բեկոն էին: Հիմնական կազմի խաղացողներից բացակայում էին որակազրկված Անդրանիկ Բարիկյանը, դեռ լավ չվերականգնված ավագ Տիգրան Դավթյանը և վիրահատություն տարած Արմեն Տիգրանյանը:
Խաղի մեկնարկային մի քանի րոպեներից միանգամայն պարզ էր, որ խաղալու է հիմնականում «Շիրակը»: Գյումրեցիները առաջին րոպեներին գործում էին ոչ այնքան սուր, սակայն թե նրանք, թե երկրպագուները սպասում էին արագ գոլի: 11-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը վաստակեց 11 մետրանոց, որը սակայն չկարողացավ իրացնել Դամե Դիոպը: «Շիրակի» խաղում սկսվեց լճացում: Ֆուտբոլիստները հիմնականում տիրում էին գնդակին և թույլ չէին տալիս մրցակցին նույնիսկ գրոհի փորձ կատարել, սակայն գնդակի խաղարկումը ոչ մի լուրջ արդյունքի չէր հանգեցնում: Շիրակցիները մեկ փորձում էին եզրային անցումներ անել, մեկ խաղարկել արագ կոմբինացիաներ կենտրոնում, սակայն լուրջ գոլային պահեր չէին ստեղծվում: «Շիրակի» գործողություններում նկատվում էր խաղարկվածության պակաս, ինչպես նաև հարձակման գործող մոդելների բացակայություն: Բնական էր, որ մրցակիցը կենտրոնանալու է պաշտպանությունում, սակայն այդ րոպեներին «Շիրակը» կարծես թե հակակշիռ չուներ առաջադրելու: Երբեմն կատարվում էին եզրային անցումներ, որոնցից հետո փոխանցումներին հարձակվողների արձագանքը չէր հետևում կամ ուշանում էր: Ձախից գրոհներին ակտիվորեն միանում էր Աղվան Դավոյանը` հաջող խաղարկելով գնդակը Դավիթ Հակոբյանի հետ: Վերջինս նույնպես երբեմն ակտիվություն էր դրսևորում, սակայն վերջնական հարվածի կամ փոխանցման հարցում թերանում էր: Գնդակի տեղաշարժի առումով կային լուրջ դժվարություններ, և այս պարագայում հատկապես մեծ ծավալի աշխատանք կատարեց Կարեն Մուրադյանը: Կենտրոնում Կարեն Ալեքսանյանը ավելի շատ կատարում էր հենակետային կիսապաշտպանի պարտականություններ, իսկ Կարեն Մուրադյանը միտված էր հիմնականում կառուցողական գործողությունների: Շատ էին անկյունայինները, սակայն միևնույն է, արդյունքը չկար: Միաժամանակ, պետք է նշել, որ գյումրեցիները վճռական քայլերի չէին գնում, խաղում էին իներտ ու անշտապ: Այս ամենը ստիպեց նյարդայնանալ թե մարզիչ Վարդան Բիչախչյանին, թե գյումրեցի երկրպագուներին: 
Փաստենք նաև, որ խաղի այս պատկերը բնորոշ էր հանդիպման գրեթե ողջ ընթացքին:


Առաջին գոլը գրանցվեց ընդամենը 36-րդ րոպեին, երբ Ֆոֆանա Բեկոն վերջապես կարողացավ ներխուժել տուգանային և գրավել դարպասը: Երկրորդ կեսում Բեկոն կարողացավ ևս երկու գնդակ խփել: Մի դեպքում հաջող ստացվեց Դիոպի հետ համագործակցությունը, մյուս դեպքում էլ Աղվան Դավոյանի փոխանցումը խուճապ առաջացրեց «Տրե Պենեի» պաշտպանությունում, որից օգտվեց աֆրիկացին: 
Մրցակցի միակ գրոհը արձանագրվեց 82-րդ րոպեին, սակայն հարկ է նշել, որ այն գրեթե գոլային էր, և «Շիրակի» բախտը այդ դրվագում բերեց: 
Վարդան Բիչախչյանը երկրորդ կեսում խաղալու հնարավորություն տվեց նաև երկու նոր ֆուտբոլիստների` աջ պաշտպան Դավիթ Մարիկյանին և ձախ կիսապաշտպան Էդուարդ Փանոսյանին: Երկու ֆուտբոլիստներն էլ վատ չդրսևորեցին իրենց դաշտում անցկացրած րոպեների ընթացքում: Խաղն ավարտվեց 3-0 հաշվով` գործնականում ապահովելով «Շիրակի» ելքը հաջորդ փուլ, սակայն թողնելով ոչ վառ տպավորություններ և հաջորդ մրցակցի դեմ խաղի տխուր հեռանկարներ գյումրեցի երկրպագուների մոտ: Իսկ մրցակից թիմի մասին բազմաթիվ գյումրեցիների համեմատությունը Թաիթիի հավաքականի հետ գործնականում չհաստատվեց:
Ինչպես և երկրպագուները, մարզիչ Վարդան Բիչախչյանը ևս դժգոհ էր թիմի խաղից: Ըստ մարզչի թիմը բավականաչափ ագրեսիվ չէր գործում և թերագնահատել էր մրցակցին, ինչը անթույլատրելի է նման մակարդակի խաղերում: «Տրե Պենեի» մարզիչն էլ հույս հայտնեց, որ իր թիմը սեփական հարկի տակ գոնե կպահպանի 0-0 հաշիվը:




Tuesday, January 22, 2013

Հայաստանի առաջնության դարպասապահների լավագույն հնգյակը

«Գոլիզեում» բլոգը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի առաջնությունը: Այս երկարատև արձակուրդի ընթացքում մենք կամփոփենք առաջին 32 տուրերը և կներկայացնենք մեր վարկածով լավագույններին: Ինչպես գիտենք, սկսած Հայաստանի 21-րդ առաջնությունից որոշում ընդունվեց, որ առաջնության հանդիպումները անց են կացվելու աշուն-գարուն մրցակարգով, իսկ հայկական ակումբների դարպասներն էլ առաջնության և գավաթային հանդիպումների ժամանակ պաշտպանելու են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող դարպասապահները: Իսկ թե ինչքանով լավ կամ վատ անդրադարձավ մեր հայկական ֆուտբոլի վրա` դրան կանդրադառնանք Հայաստանի 21-րդ առաջնության ավարտից հետո: Այժմ այս պոստի ընթացքում կներկայացնենք մեր կարծիքով Հայաստանի 21-րդ առաջնության առաջին հատվածի լավագույն դարպասապահների հնգյակին:

5-րդ տեղ. Ալբերտ Օհանյան «Փյունիկ» Երևան:

Ալբերտ Օհանյան

Առաջնության մեկնարկում, երբ «Փյունիկից»  հեռացավ դարպասապահ Կարեն Իսրայելյանը, և մի քանի տուր չանցած թիմից հեռացվեց նաև թիմի մյուս դարպասապահ Արսեն Պետրոսյանը, դարպասապահի ամբողջ պատասխանատվությունը ընկավ երիտասարդ Ալբերտ Օհանյանի ուսերին: Երիտասարդ դարպասապահը կարողացավ պատվով կատարել իր գործը. ճիշտ է, մրցաշրջանի ընթացքում Օհանյանի կողմից եղան տարրական սխալներ, սակայն քիչ չէին դեպքերը, երբ դարպասապահը կարողանում էր փրկել իր թիմին վերահաս գոլերից: Օհանյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահներից մեկը:

4-րդ տեղ. Արսեն Բեգլարյան «Գանձասար» Կապան:

Արսեն Բեգլարյան

Երբ լուծարվեց ռուսական «Կրասնոդար» ակումբի մինչև 19 տարեկանների թիմը, անգործ մնացած դարպասապահ Արսեն Բեգլարյանը հրավեր ստացավ կապանյան ակումբից, որպես հիմնական դարպասապահներ Գևորգ Պռազյանին և Արմեն Խաչատրյանին փոխարինող: Սակայն, երբ երիտասարդ դարպասապահին հնարավորություն ընձեռնվեց Գևորգ Պռազյանի բացակայության պայմաններում կատարել թիմի հիմնական դարպասապահի պարտականությունները, Բեգլարյանը ձեռքից բաց չթողեց հնարավորությունը և ամրապնդվեց թիմի հիմնական դարպասապահի դերում: Դա չվրիպեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչների աչքերից և Բեգլարյանը հայտնվեց Հայաստանի երիտասարդական հավաքականում:

3-րդ տեղ. Գևորգ Կասպարով «Միկա» Երևան:

Գևորգ Կասպարով

Երբ «Միկա» ակումբը որոշում կայացրեց ամբողջովին երիտասարդացնել թիմը, թիմում մնացին միայն փորձառու 3 ֆուտբոլիստներ՝ Ալեքսը, Աղվան Մկրտչյանը և Գևորգ Կասպարովը: Վերջինս սկսեց կատարել նաև թիմի ավագի պարտականությունները: Հայաստանի ազգային հավաքականի 2-րդ դարպասապահը շատ լավ կատարեց իր գործը և շատ մեծ է Կասպարովի դերը Միկայի այսօրվա հաջողությունների գործում: Մրցաշրջանի ընթացքում, երբ Կասպարովը վնասվածք ստացավ, նրան փոխարինեց Արմեն Ֆիշյանը, որը ևս կարողացավ մի քանի լավ հանդիպում անցկացնել երևանյան ակումբի կազմում: Այժմ Գևորգ Կասպարովը պայմանագիր է ստորագրել իրանական «ՌԱՀ ԱՀԱՆ» ակումբի հետ և մինչև մայիս հանդես է գալու այդ ակումբի կազմում:

2-րդ տեղ. Գոռ Էլազյան. «Իմպուլս», Դիլիջան:

Գոռ Էլազյան

Սկսած 2011 թվականից «Իմպուլսի» դարպասը վստահվեց երիտասարդ Գոռ Էլազյանին. որը տարեցտարի բարելավեց իր խաղային որակները և ամրապնդվեց «Իմպուլսի» հիմնական կազմում: Գոռ Էլազյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահներից մեկը, և մեր կարծիքով Էլազյանի վստահ ելույթների շրքում շատ հեռու չէ այն ժամանակները, երբ դարպասապահը կհայտնվի նաև Հայաստանի ազգային հավաքականում:

1-ին տեղ. Արթուր Հարությունյան «Շիրակ», Գյումրի:

Արթուր Հարությունյան

Գյումրիի «Շիրակի» դարպասապահը այնպիսի վստահությամբ կատարեց իր ստանձնած դարպասապահի պարտականությունները, որ հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականում: Մեծ էր նաև Արթուր Հարությունյանի ավանդը «Շիրակի» բավարար ելույթներին եվրագավաթների հանդիպումներում: Այնուհետև պետք է նշել նաև Հարությունյանի մեծ վաստակը Շիրակի այսօրվա հաջողության գործում, քանի որ Գյումրու ակումբը առաջին 32 տուրերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Հաշվի առնելով այս ամենը մեր վարկածով կայացած 32 տուրերից հետ լավագույնը Արթուր Հարությունյանն է:
Այս ընտրությունը կատարելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձրել դարպասապահների կարևոր դերին իրենց ակումբներում, բաց թողած գնդակների քանակին,  և ցույց տված խաղերին առաջին 32 տուրերի  ընթացքում, և այս ամենը հաշվի առնելով առանձնացրել ենք այս՝ դարպասապահների լավագույն հնգյակը:

Wednesday, January 16, 2013

Յուրա Մովսիսյանը, Դեմբա Բան և ևս 5 ֆուտբոլիստներ, որոնք փոխեցին իրենց ակումբները այս ձմռանը

Մինչ «Գոլիզեում» բլոգը արձակուրդում էր, ֆուտբոլային աշխարհում ակտիվ էին ոչ միայն ֆուտբոլիստները, այլև նրանց գործակալները: Մի շարք ակումբներ օգտվեցին ձմեռային տրանսֆերային պատուհանից` ուժեղացնելու իրենց կազմերը: Ներկայացնում ենք կարևորագույն ձմեռային տրանսֆերներից 7-ը, իսկ մյուսների մասին` մեր հաջորդ նյութերում: 

Դեմբա Բա - «Չելսի»
Որտեղից` «Նյուքասլ»
Պայմանագիր` 3.5 տարի, 8.5 մլն եվրո


Սենեգալցի 27-ամյա հարձակվողը համարվում է այս տարվա առայժմ ամենահաջող ձեռքբերումներից մեկը: Այդպես էլ հույսեր չարթնացնող Ֆեռնանդո Տորեսը հասունացրեց նոր հարձակվողի պահանջը Ռաֆա Բենիտեսի համար: «Նյուքասլի» նախկին հարձակվողը այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրած 20 խաղերում դարձել էր 13 գոլերի հեղինակ: «Չելսիում» նույնպես Բան հաջող մեկնարկեց` հենց առաջին խաղում դառնալով դուբլի հեղինակ: Շատ է քննարկվում` արդյոք Բան և Տորեսը կկարողանան խաղալ իրար հետ, սակայն դրա կարիքը իրականում կարող է նաև չլինել, քանի որ Բենիտեսը հիմնականում օգտագործում է մեկ առաջ քաշված հարձակվողով մարտավարություն: Առավել կարևոր է այն, որ հարձակվողը կարողանա լուծել «Չելսիի» խնդիրները առջևի գծում, ինչպես նաև կարողանա մրցակցության մեջ քաշել Տորեսին և «սթափեցնել» վերջինիս: Կհաջողվի դա անել սենեգալցուն, թե ոչ, կտեսնենք առաջիկայում, իսկ «ազնվականների» երկրպագուներից շատերն արդեն շտապել են համեմատել նրան Դրոգբայի հետ:

Ալեշանդրե Պատո - «Կորինտիանս»
Որտեղից` «Միլան»
Պայմանագիր` 4 տարի, 15 մլն եվրո


Պատոյին կարծես բոլորս գիտենք արդեն երկար տարիներ, մինչդեռ նա ընդամենը 23 տարեկան է, և այս տարիքում վերադարձը «Կորինտիանս» կարող է հետընթաց համարվել բրազիլացու կարիերայում: Սակայն սա ունի մեկ պարզ բացատրություն. Պատոն ցանկանում է խաղալ Բրազիլիայում, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել 2014-ի «տնային» աշխարհի առաջնությանը: «Միլանում» նա իրեն դրսևորելու քիչ հնարավորություն էր ստանում, և ստիպված էր բավարարվել ընդամենը Բարբարա Բեռլուսկոնիի հետ իր սիրավեպով, իսկ ահա «Կորինտիանսում» Պատոն մշտապես կլինի հավաքականի մարզիչների աչքի առաջ: 

Նուրի Շահին - «Բորուսիա» Դորտմունդ
Որտեղից` «Ռեալ» Մադրիդ
Պայմանագիր` 1.5 տարի, վարձակալություն


2010-11թթ. Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը վերադառնում է տուն` փորձելով կրկնել իր աստղային տարիները: Հենց այդ աստղային տարիների փայլը նրան կուրորեն ուղղորդեց Մադրիդ, որտեղ ֆուտբոլիստը այդպես էլ չգտավ իրեն: Վնասվածքից երկար ապաքինումից հետո Շահինը հասկացավ, որ չի կարողանա հիմնական կազմից պահեստայինների նստարան ուղարկել Խաբի Ալոնսոյին ու Խեդիրային, իսկ ամռանը Մոդրիչի և Էսիենի ձեռքբերումները վերջնականապես հաստատումն էին այն բանի, որ Շահինին նոր ակումբ է պետք: Լիվերպուլում նրան չվստահեցին, իսկ ահա Դորտմունդում նրան սպասող Յուրգեն Կլոպը լավագույնս կարող է օգտագործել թուրքի տաղանդը: 

Թայսոն - «Շախտյոր»
Որտեղից` «Մետալիստ»
Պայմանագիր` 5 տարի, 20 մլն դոլար


«Շախտյորում» վաղուց արդեն պարզ էր, որ Վիլիանը շատ շուտով կարող է հեռանալ ակումբից, և թիմի ղեկավարությունը առաջ ընկավ նրան փոխարինող գտնելու հարցում: 2012-ի լավագույն գոլերից մեկի հեղինակը` կրկին բրազիլացի Թայսոնը դիտարկվում է որպես Վիլիանի լավագույն փոխարինողներից մեկը: Երկու բրազիլացիները նման են ինչպես խաղաոճերով, այնպես էլ խաղադաշտում զբաղեցրած դիրքերով: 25-ամյա Թայսոնի համար սա իհարկե առաջընթաց է կարիերայում, բացի այդ նա հնարավորություն կունենա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Մատիե Դեբյուշի - «Նյուքասլ»
Որտեղից` «Լիլլ»
Պայմանագիր` 5.5 տարի, 6.5 մլն եվրո


Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա պաշտպանը իր կարիերան կշարունակի Անգլիական պրեմիեր լիգայում: Հետաքրքիրն այն է, որ «Նյուքասլը» ընդամենը երկրորդ պրոֆեսիոնալ ակումբն է Դեբյուշիի համար: Պաշտպանը «Լիլլի» կազմում անցկացրել է 230 հանդիպում:  Ֆրանսիացին «Նյուքասլում» հանդես կգա 26 համարի մարզաշապիկով:

Ֆեդերիկո Պելուսո - «Յուվենտուս»
Որտեղից` «Ատալանտա»
Պայմանագիր` 0.5 տարի, վարձակալություն


Պելուսոն վերջին տարվա ընթացքում իր հաջող ելույթների շնորհիվ կարողացավ գրավել Չեզարե Պրանդելիի ուշադրությունը և հայտնվեց Իտալիայի հավաքականում: Իսկ «Յուվենտուսին» Պելուսոն պետք էր Իտալիայի հավաքականի մեկ այլ պաշտպանին` Ջորջիո Կիելինիին փոխարինելու համար, ով երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Պելուսոյի մեկնարկը, սակայն, այնքան էլ հաջող չստացվեց: «Սամպդորիայի» հետ հանդիպման ժամանակ «Ծեր Սենյորան» երկու գնդակ ընդունեց հետնապահից, և երկուսն էլ` Պելուսոյի դիրքից: Ամեն դեպքում, Կոնտեն նրան դեռ հնարավորություն կտա իրեն ցույց տալ առաջատարի կազմում: Նշենք նաև, որ ամռանը «Յուվեն» կարող է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Յուրա Մովսիսյան - «Սպարտակ»
Որտեղից` «Կրասնոդար»
Պայմանագիր` 4.5 տարի, 8 մլն եվրո


8 մլն եվրո - սա առայժմ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարված ամենամեծ գումարն է: Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը այս տարի «Սպարտակի» մարզիչ Վալերի Կարպինի գլխավոր հույսերից մեկն է: «Սպարտակ» տեղափոխությունը նոր հարթակ է մեր ֆուտբոլիստի համար, և վերջինս մեծ հույսեր է կապում մայրաքաղաքային ակումբի հետ` չնայած վերջինիս անհաջող ելույթներին այս մրցաշրջանում: Դրա հետ մեկտեղ` «Սպարտակում» Յուրան դաժան մրցակցության մասնակիցն է դառնալու, քանի որ հարձակվողներն այստեղ շատ են: Որպես կանոն` Յուրայի յուրաքանչյուր հաջորդ ակումբ մակարդակով ավելի բարձր են նախորդից: Հուսանք, որ «Սպարտակը» Յուրայի համար ճանապարհ կհանդիսանա դեպի եվրոպական գրանդ ակումբներ: 



Monday, December 31, 2012

Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ

Տարեմուտին Գոլիզեում բլոգը որոշեց իր ընթերցողների համար ամփոփել տարին, բլոգի աշխատանքները, ներկայացնել մյուս տարվա նպատակները, շնորհավորել իր ընթերցողների ու բոլոր հայերի Նոր տարին և Սուրբ ծնունդը:

«Գոլիզեում» բլոգի հիմնադրումը և նպատակները
Գոլիզեում բլոգը հիմնադրվեց 2012 թվականի հուլիսի 12ին երկու ֆուտբոլասեր ընկերների Եղիշե Շարյանի և Կարեն Ռաֆայելյանի շնորհիվ: Նախ փորձենք կարճ ներկայացնել 2 բլոգերներիս: 
Կարեն Ռաֆայելյան: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ինչպես նաև ֆուտբոլային լրագրող:
Եղիշե Շարյան: Մասնագիտությամբ իրավագետ , Շիրակ հանրայինի նախկին ֆուտբոլային մեկնաբան, ինչպես նաև մարզական լրագրող:
Գոլիզելում բլոգը իր ստեղծման պահից ուներ մեկ հիմնական նպատակ` իր ընթերցողներին տալ որակյալ ֆուտբոլային տեղեկատվություն, որը բացակայում էր այլ հայկական օնլայն ռեսուրսներում: Չնայած օնլայն պարբերականների մեծ թվին` ֆուտբոլային տեղեկատվությունը Հայաստանում առայժմ իրենից ներկայացնում է սոսկ լուրերի շարք` լրահոս, իսկ հայալեզու վերլուծական հոդվածներ հիմնականում չկան: Հենց այս բացը լրացնելուն էր միտված բլոգի ստեղծումը:
 Ստեղծման պահը համընկավ մեր 2 ֆուտբոլային ակումբների «Շիրակի» և «Գանձասարի» Եվրոպա լիգայի առաջին փուլի հաղթահարման հետ, որի լուսաբանումից էլ Գոլիզեումը սկսեց իր աշխատանքները: Այնուհետև բլոգը մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում ինչպես Հայաստանի 21-րդ առաջնության զարգացումները, այնպես էլ հայ ֆուտբոլիստների ելույթները Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում: Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանի հավաքականի ելույթները ԱԱ ընտրական փուլում: «Գոլիզեումը» միաժամանակ անդրադառնում էր նաև համաշխարհային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին` սկսած Լոնդոնի օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարից մինչև Չեմպիոնների լիգա և Եվրոպա լիգա: Բլոգում պարբերաբար անցկացվում են հարցումներ հայկական ֆուտբոլի հետ կապված տարբեր հարցերի շուրջ:


Մյուս տարվանից մեր ակնկալիքները
2013 թվականից սկսված Գոլիզեում բլոգը պատրաստվում է նոր ծրագրերով և նոր ակնկալիքներով ներկայանալ իր ընթերցողներին, որպեսզի և բավարարի ընթերցողների սպասելիքները, և՛ ընդլայնի նրանց շրջանակը: Նախատեսվում է ստեղծել տարբեր խորագրերով հոդվածների շարքեր, ինչպես նաև կազմակերպել օնլայն վիկտորինաներ: Ինչպես միշտ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հայկական ֆուտբոլի զարգացումներին: Այժմ Գոլիզեում բլոգը գնում է արձակուրդ մինչև 2013 թվականի հունվարի 14ը ներառյալ: Կվերադառնանք հունվարի 15-ին և կփորձենք իրականացնել մեր բազմաթիվ մտահղացումները, որը կարծում ենք հետաքրքիր կլինի մեր ընթերցողների համար: Մինչ արձակուրդ գնալը, և մինչև Նոր տարի մուտք գործելը Գոլիզեում բլոգի բլոգերներս սրտանց շնորհավորում ենք մեր ընթերցողների գալիք տոները և ցանկանում ենք հաջողություն և երջանկություն արդեն օձի տարում, և թող բոլորի իղձերը իրականանան 2013 թվականի ընթացքում: Այսպիսով շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ:
  

Tuesday, December 4, 2012

Հայաստանի առաջնությունում բոլոր հորիզոնականների համար պայքարը սրվեց

Ավարտին մոտեցան Հայաստանի առաջնության 32-րդ տուրի հանդիպումները, որոնք նաև վերջինն էին 2012 թվականի շրջանակներում, մնացած 10 տուրերը կկայանան 2013 թվականի գարնանը և դրանով կավարտվի Հայաստանի 21-րդ առաջնությունը: Այս առաջնությունից հետո Հայաստանի առաջնությունն կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով: Այժմ` անդրադառնանք 32-րդ տուրի կայացած հանդիպումներին: Տուրն աչքի ընկավ միջին արդյունավետությամբ, և կայացած 4 խաղերում գրանցվեց 8 գոլ: Այսինքն` մեկ խաղում միջինը 2 գոլ:

Հայաստանի 21-րդ առաջնության 32 տուրը  մեկնարկեց դեկտեմբերի 1-ին Արարատի "Այգ" մարզաբազայում կայացած "Իմպուլս" - "Արարատ" հանդիպումով: Հանդիպումն ընթացավ հետաքրքիր պայքարում, սակայն գրանցվեց ընդամենը մեկ գոլ,  այն էլ հանդիպման սկզբում հենց առաջին րոպեին, երբ աչքի ընկավ "Արարատի" հարձակվող Գևորգ Նռանյանը` գրավելով դիլիջանցիների դարպասը: Հանդիպման ընթացքում 2 թիմերի կողմից էլ եղան դարպասի գրավման բազմաթիվ առիթներ, բայց հանդիպման հաշիվն այդպես էլ չփոխվեց և "Արարատը" տոնեց անակնկալ հաղթանակ հյուրընկալվելիս հաղթելով "Իմպուլսին" 0:1 հաշվով:


Դեկտեմբերի մեկին կայացավ ևս մեկ հանդիպում Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, որտեղ մրցավեճի դուրս եկան Հայաստանի գործող չեմպիոն "Ուլիսն" և չեմպիոնության համար պայքարող "Միկան": Այս հանդիպման ընթացքում ևս գրանցվեց ընդամենը մեկ գոլ, և նյարդային պայքարում կարողացավ հաղթող դուրս գալ "Միկան": "Միկայի" հաղթական գնդակն խփեց Վարդգես Սաթումյանը հանդիպման 85-րդ րոպեին:
Տուրի նախավերջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 2-ին, երբ Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում "Փյունիկը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կապանի "Գանձասարին": Այս հանդիպումը ուներ 3-րդ հորիզոնականի արժեք, քանի որ "Իմպուլսը" զիջելով "Արարատին" գործնականում կորցրել էր 3-րդ հորիզոնականը ձմեռային ընդմիջմանն ընդառաջ: Այս խաղի միավորների արժեքը բարձր էին գնահատում 2 թիմերն էլ, դրա համար խաղն ընթացավ հանգիստ պայքարում և 2 թիմերն էլ չէին ուզում ավելորդ ռիսկի դիմել: Սակայն հանդիպման 20-րդ րոպեին բացվեց հանդիպման հաշիվը, և հաշվի մեջ առաջ անցան Կապանից ժամանած հյուրերը Դիակարիդիա Դումբիայի գոլի շնորհիվ: Մնացած ժամանակահատվածում "Գանձասարը" անցավ խորը պաշտպանության, իսկ "Փյունիկն" էլ սկսեց տիրել գնդակին և ստացավ հսկայական տարածքային առավելություն: Կարծես թե ավելի գրագետ էր Սևադա Արզումանյանի ընտրած տակտիկան, և երբ ընթանում էր հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեն "Գանձասարի" ֆուտբոլիստները կարծես թե ժամանակից շուտ հավատացել էին իրենց հաղթանակին և դրա համար պատժվեցին, քանի որ "Փյունիկից" հանդիպման հաշվի հավասարակշռությունը կարողացավ վերականգնել Դավիդ Մանոյանը հանդիպման 94-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:


Հայաստանի 21-րդ առաջնության 32-րդ տուրն ավարտվեց և թիմերը գնացին ձմեռային ընդմիջման դեկտեմբերի 3-ին Երևանի "Բանանց" մարզադաշտում կայացած "Բանանց"  - "Շիրակ" հանդիպումով: Այս հանդիպման միավորների արժեքը ևս բարձր էր 2 թիմերի համար էլ, քանի որ "Միկան" հաղթել էր մրցակցին և "Շիրակի" հետ միավորների տարբերությունը կրճատել հասցրել էր 2-ի, իսկ "Արարատն" էլ հաղթելով մրցակցին շրջանցել էր "Բանանցին" և վերջինս հայտնվել էր վերջին հորիզոնականում, ու միայն չպարտվելու դեպքում հետ կվերադարձներ 7-րդ հորիզոնականը: Տուրի ամենագոլառատ պայքարում տանտերերն առաջին 6 րոպեների ընթացքում 2 անգամ կարողացան գրավել գյումրեցիների դարպասը Հովհաննես Համբարձումյանի և Արարատ Առաքելյանի գոլերի շնորհիվ: Սակայն առաջ անցնելով նշենք, որ անգամ 2 գնդակի առավելությունը հաղթանակ չապահովեց "Բանանցի" համար, քանի որ "Շիրակը" նախ` 42-րդ րոպեին Իսմայել Ֆոֆանա Բեկոյի գոլի շնորհիվ  կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև` 55-րդ րոպեին էլ, Լի Յամին Յորոն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարությունը: Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չարձանագրվեցին և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով:
32-րդ տուրի կայացած հանդիպումներից հետո անդրադառնալով մրցաշարային աղյուսակին պետք է նշել, որ վերջին` 8-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ "Արարատը" 32 խաղից վաստակած 24 միավորով, 7-րդ հորիզոնականում էլ տեղ է գտել "Բանանցը", որը ևս 32 տուրից հետո վաստակել է ընդամենը 24 միավոր: 6-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ գործող չեմպիոն "Ուլիսը" 32 տուրից վաստակած 32 միավորով: 5-րդ հորիզոնականում գտնվում է "Փյունիկը" 32 խաղից վաստակած 46 միավորով, 4-րդ հորիզոնական է նահանջել Դիլիջանի "Իմպուլսը" 32 խաղից վաստակած 48 միավորով: Լավագույն եռյակը բացում է "Գանձասարը" 32 խաղից վաստակած 48 միավորով: 2-րդ հորիզոնականում գտնվում է "Միկան" 32 խաղից վաստակած 66 միավորով: Իսկ "Շիրակն" էլ ձմեռային ընդմիջումից առաջ շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում 32 խաղից վաստակած 69 միավորով: Հետևելով մրցաշարային աղյուսակին պետք է փաստել, որ Հայաստանի առաջնությունում բոլոր հորիզոնականների համար պայքարը սրվեց: 

Saturday, November 24, 2012

Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու ևս 12 ֆուտբոլային հերոսներ, որոնց պատվին արձաններ է կանգնեցվել

Նոյեմբերի 23-ին Մանչեսթրում, «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտի հարևանությամբ «կարմիր սատանաների» մոտ 2500 երկրպագուների ներկայությամբ բացվեց թիմի լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի արձանը: 2.75 մետրանոց արձանը գտնվում է մարզադաշտի` Ալեքս Ֆերգյուսոնի անվան տրիբունայի հարևանությամբ: Ֆերգյուսոնը «Մանչեսթր Յունայթեդի» ղեկին է արդեն 26 տարի, 12 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ դարձել գավաթակիր, 2 անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի արձանը Մանչեսթրում
Սըր Ալեքս Ֆերգյուսոնի արձանը Մանչեսթրում

Ֆուտբոլիստների և մարզիչների պատվին արձաններ կանգնեցնելը թեկուզ և ոչ համատարած, բայց հաճախ հանդիպող երևույթ է ֆուտբոլային աշխարհում: Ներկայացնենք ևս 14 ֆուտբոլային  արձաններ աշխարհում:

Բոբի Մուր
Բոբի Մուր

Բոբի Մուրը Անգլիայի առայժմ միակ չեմպիոնական կազմի ավագն էր, երբ 1966-ին անգլիացիները «Ուեմբլիում» նվաճեցին աշխարհի գավաթը: Հենց այդ պատճառով Մուրի արձանը 2007-ին կանգնեցվեց հենց լեգենդար «Ուեմբլիի» հարևանությամբ: Մուրը, խաղալով պաշտպանությունում, 108 հանդիպում է անցկացրել Անգլիայի ազգային ընտրանու կազմում:

Կառլոս Վալդերամա
Կառլոս Վալդերամա

Կառլոս Վալդերաման կոլումբիացի ամենաճանաչված ֆուտբոլիստն է աշխարհում` հայտնի բոլորին իր դեղին աֆրո-մազերով: Վալդերաման Կոլումբիայի հավաքականի 90-ականների ոսկե ժամանակաշրջանի գլխավոր հերոսն էր: Նրա պատվին արձան է կառուցվել Սանտա Մարտա քաղաքի «Էդուարդո Սանթոս» մարզադաշտի հարևանությամբ: 

Էյսեբիո
Էյսեբիո

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդի արձանը կանգնեցվել է իր հարազատ ակումբի` «Բենֆիկայի» «Էստադիո դե Լուիզ» մարզադաշտի մոտ:

Թոմ Ֆիննի

Թոմ Ֆիննին հայտնի անգլիացի ֆուտբոլիստ էր, ով առանձնացավ իր հարազատ ակումբին` «Պրեստոն Նորթ Էնդին» նվիրվածությամբ: Ֆուտբոլիստը աչքի է ընկել Անգլիայի հավաքականի կազմում իր ելույթներով, որի համար ստացել է Բրիտանական կայսրության օրդեն: Ֆիննիի հուշարձանը կանգնեցված է Պրեստոնի ազգային ֆուտբոլային թանգարանի հարևանությամբ:

Դիեգո Մարադոնա

Դիեգո Մարադոնան, իհարկե, ներկայացման կարիք չունի: Արգենտինական լեգենդի պատվին արձանները բազմաթիվ են: Ներկայացնում ենք դրանցից ամենամեծը` 2.2 մետր բարձրությամբ, որ գտնվում է «Բոկա Խունիորսի» թանգարանում:

Ռոնալդո

Բրազիլացի հայտնի հարձակվողի ավանդը ֆուտբոլում առավել շատ գնահատվել է կոմերցիոն տեսանկյունից: «Մեծատամի» արձանը տեղ է գտել ԱՄՆ-ում գտնվող «Նայք»-ի ճամբար-թանգարանում:

Կրիշտիանո Ռոնալդո

Արդեն մյուս` նորօրյա հերոս Ռոնալդոն կարող է հպարտանալ իր մոտ 10 մետրանոց արձանով, որ գտնվում է Մադրիդում: Սակայն այս արձանը ևս «Նայքի» նախաձեռնությունն է` հայտնի «Write the Future» գովազդային ակցիայի շրջանակներում:

Թիերի Անրի

Թիերի Անրին դարձավ «Արսենալի» «Էմիրեյթս» մարզադաշտի շրջակայքում գտնվող երեք արձաններից մեկի հերոսը` Թոնի Ադամսի և Հերբերտ Չեփմանի հետ:

Գաբրիել Բատիստուտա

Վերածծնդի ոգին կրող Ֆլորենցիա քաղաքը ամենևին էլ չկորցրեց իր վեհությունը «Մանուշակների» երբեմնի աստղ արգենտինացի Գաբրիել Բատիստուտայի արձանի տեղադրմամբ:

Պելե

Լեգենդար ֆուտբոլիստի արձանը լեգենդար մարզադաշտի դիմաց:

Միացյալ եռյակ` Բոբի Չառլթոն, Ջորջ Բեսթ և Դենիս Լոու

1968-ին «Մանչեսթր Յունայթեդը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը: Այդ ժամանակ «կարմիր սատանաների» կազմում փայլում էր այս հիանալի եռյակը:

Զինեդին Զիդան և Մարկո Մատերացի

2006թ. Աշխարհի գավաթի եզրափակիչի այս սկանդալային դրվագը ընդմիշտ կմնա ոչ միայն բազմահազար ֆուտբոլասերների հիշողությունների մեջ, այլ նաև Փարիզի կենտրոնում` արձանի տեսքով:

Սպասում ենք նմանատիպ արձան նաև Հայաստանում` իհարկե մեր ֆուտբոլիստների փայլուն հաջողություններից հետո միայն:

Thursday, November 22, 2012

«Շախտյորի» խայտառակությունը, Դի Մատեոյի պաշտոնանկությունը և այլ հետաքրքիր արդյունքներ ՉԼ 5-րդ տուրից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը արդեն իսկ ի հայտ բերեց փլեյ-օֆֆի մի շարք մասնակիցների` միաժամանակ  բորբոքելով մի քանի հակամարտություններ վերջին տուրի համար: Սակայն այս տուրից մեր հիշողություններում կմնան միանգամայն այլ իրադարձություններ` «Շախտյորի» խայտառակությունը, Դի Մատեոյի պաշտոնանկությունը և Մեքսեսի հրաշալի գոլը:
A խումբ.

Կիևի «Դինամոն» նախավերջին տուրից առաջ միայն տեսականորեն որոշ հույսեր ուներ հայտնվելու փլեյ-օֆֆում: Սակայն դրա համար պետք էր հաղթել ՊՍԺ-ին սեփական հարկի տակ, ինչը անհնար եղավ Օլեգ Բլոխինի սաների համար: Փարիզցիները հաղթեցին 2-0 հաշվով: Մյուս` Զագրեբի «Դինամոն», ընդհանրապես, կարող է ավարտել Չեմպիոնների լիգայում իր այս մասնակցությունը այդպես էլ միավոր չվաստակելով: Այս տուրում թիմը մրցակցի հարկի տակ երեք անպատասխան գնդակ ընդունեց «Պորտուից»: Արդյունքում «Պորտուն» և ՊՍԺ-ն 1/8-րդ եզրափակիչում են, իսկ Կիևի «Դինամոն» կարող է շարունակել պայքարը Եվրոպա լիգայում:
                            Խ   Մ
1. «Պորտու»       5   13
2. ՊՍԺ               5    12
3. «Դինամո»Կ   5    4
4. «Դինամո» Զ  5    0


B խումբ.


Այս խմբում ևս 5-րդ տուրը վերջնականապես որոշեց ամեն ինչ: «Արսենալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակի հասավ Ֆրանսիայի չեմպիոն «Մոնպելյեյի» նկատմամբ: Լոնդոնցիների կազմում աչքի ընկավ երկարատև վնասվածքից ապաքինված Ջեկ Ուիլշերը: Մյուս խաղում «Շալկե 04»-ը 1-0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին», որը ուղևորվեց Եվրոպա լիգա: Այս խմբում անակնկալներ չեղան, ինչպես և սպասվում էր «Արսենալը» և «Շալկե 04»-ը նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր: Իսկ «Մոնպելյեյի» առաջին եվրոպական ճամփորդությունը տխուր ավարտ ունեցավ:
                                Խ    Մ
1. «Շալկե 04»         5    11
2. «Արսենալ»         5    10
3. «Օլիմպիակոս»  5     6
4. «Մոնպելյե»        5     1

C  խումբ.
Այս խումբը Եվրոպային պարգևեց մի նոր հրաշագործ կոլեկտիվ: Ահռելի ներդրումներից հետո ռուսները սպասում էին այդպիսի կոլեկտիվի դերում տեսնել «Զենիթին», սակայն «Մալագան» ցույց տվեց բոլորին, որ ի տարբերություն «Զենիթի»` այստեղ փողերը զուր չեն ծախսվել: Պետերբուրգյան խաղում արդեն 9-րդ րոպեին «Զենիթի» ֆուտբոլիստները հայտնվեցին 2 գոլանոց «լծի» տակ, և միայն խաղի վերջում կարողացան հավասարեցնել հաշիվը: Ավելին անել պետերբուրգցիները չկարողացան, և «ավելին» անել կկարողանան միայն Եվրոպա լիգայում, որի ուղեգրի համար դեռ պետք է պայքարել: Իսկ «Միլանը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Անդերլեխտին»: Այս խաղի զարդը իհարկե Մեքսեսի հրաշք գնդակն էր: «Մալագան» և «Միլանը» ապահովեցին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆ փուլին:
                               Խ   Մ
1.«Մալագա»        5    11
2. «Միլան»            5     8
3. «Զենիթ»            5     4
4. «Անդերլեխտ»  5     4

D խումբ

«Մահվան» խմբի առաջին զոհը հայտնի էր արդեն վաղուց` «Մանչեսթր Սիթին», որը սեփական հարկի տակ «Ռեալի» դեմ խաղում փորձեց կենդանության նշաններ ցույց տալ: Ընդունելով գնդակ 10-րդ րոպեին` «քաղաքաբնակները» այնուամենայնիվ կարողացան ոչ ոքի ավարտել հանդիպումը: Գուցե և դա ընդամենը զուգահեռ խաղի շնորհիվ եղավ, քանի որ «Բորուսիայի» հաղթանակի դեպքում «Ռեալի» համար անիմաստ էր դառնում հաղթանակի համար պայքարելը: Իսկ «Բորուսիան» իրոք հիացրեց ողջ Եվրոպային ՉԼ այս խաղարկությունում: Ամստերդամում 4-1 հաշվով ջախջախելով «Այաքսին»` «Բորուսիան» դաժան թեթևությամբ գրավեց առաջին տեղը «մահվան» խմբում: Եվրոպա լիգայի ուղեգրի համար կարող են պայքարել «Այաքսը» և «Մանչեսթր Սիթին», եթե իհարկե դրա ցանկությունը ունենան:
                                  Խ     Մ
1. «Բորուսիա» Դ     5      11
2. «Ռեալ» Մ            5       8
3. «Այաքս»               5       4
4. «Մանչեսթր Ս.»   5       3

E խումբ


Մեկ այլ հետաքրքիր խմբում այս տուրում կայացան վերջին օրերի երկու ամենաքննարկվող խաղերը: «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 5-2 հաշվով հաղթանակ տարավ «Նորշելանդի» նկատմամբ, սակայն իր թիմի երկրորդ գոլը Լուիս Ադրիանոն խփեց Fair Play-ի կանոնների խայտառակ խախտումով: Այս գոլից հետո «Շախտյորը» թույլ չտվեց հակառակորդին վերականգնել հաշվի հավասարությունը և միաժամանակ արդարությունը: Չնայած ուկրաինական թիմի հաղթանակին` «Շախտյորը» կեղտոտեց իր տարիներով կերտած հեղինակությունը Եվրոպայում: Հաղթանակը թիմին ապահովեց տեղը փլեյ-օֆֆում: Հենրիխ Մխիթարյանը մի քանի անգամ հայտնվեց նպաստավոր դիրքերում, սակայն առանձնապես աչքի չընկավ: Խմբի մյուս խաղում հանդիպեցին «Յուվենտուսը» և «Չելսին»: Թուրինցիները տանտերերի իրենց կարգավիճակին համապատասխան` վստահ խաղով հաղթանակ տարան` մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ: Խաղից անմիջապես հետո հայտարարվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի պաշտոնանկության մասին: Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիրը բարդացրեց իր վիճակը խմբում և այժմ պետք է հուսա, որ «Շախտյորը» հաղթանակ կտանի «Յուվենտուսի» նկատմամբ: Եթե «Չելսին» դուրս մնա հետագա պայքարից, դա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դեպքը կլինի, որ լիգա գավաթակիրը հաջորդ խաղարկությունում արդեն խմբային փուլում լքում է մրցաշարը: 
                             Խ    Մ
1. «Շախտյոր»     5    10
2. «Յուվենտուս» 5     9
3. «Չելսի»            5     7
4.«Նորշելանդ»   5      1

F խումբ

Հերթական խումբը, որտեղ այս տուրից հետո բոլոր դերերը արդեն բաշխված են: Ինչպես և գերմանական և իսպանական մյուս թիմերը, «Բավարիան» և «Վալենսիան» նույնպես նախօրոք ապահովեցին իրենց մասնակցությունը ՉԼ գարնանային մասին` ոչ-ոքի` 1-1 խաղալով «Մեստալիայում»: Իսկ ԲԱՏԵ-ն կարոք է իր բելառուսական հեքիաթը շարունակել արդեն Եվրոպա լիգայում: Թիմը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն կրեց «Լիլլից»:
                             Խ    Մ
1. «Վալենսիա»   5    10
2. «Բավարիա»    5    10
3. ԲԱՏԵ               5     6
4. «Լիլլ»                5     3

G խումբ

«Բարսելոնան» փլեյ-օֆֆին իր մասնակցությունը հաստատելու հետ մեկտեղ բացառեց «Սպարտակի» հայտնվելը այնտեղ` Մոսկվայում 3-0 հաղթելով դաշտի տերերին: Երկու գնդակներով աչքի ընկավ Մեսսին: «Բենֆիկան» սեփական հարկի տակ հաղթելով «Սելթիկին» 2-1 հաշվով, ամեն ինչ թողեց վերջին տուրում որոշելու: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Բենֆիկան» պետք է հաղթի «Բարսելոնային», իսկ «Սելթիկին» բացի «Սպարտակի» դեմ հաղթանակից պետք է նաև, որ «Բարսելոնան» չպարտվի «Բենֆիկային»: Վերջին տուրից առաջ այս խմբում լարված իրավիճակ է:
                               Խ    Մ
1. «Բարսելոնա»   5     12
2. «Բենֆիկա»       5     7
3. «Սելթիկ»           5     7
4. «Սպարտակ»    5     3

H խումբ

Դեռ նախորդ տուրում հաջորդ փուլի ուղեգիր նվաճած «Մանչեսթր Յունայթեդը» «Գալաթասարայի» դեմ հանել էր երկրորդ կազմ, և թուրքական թիմը դժվարությամբ /1-0/ առավելության հասավ նույնիսկ այս կազմի դեմ: Խմբի մյուս խաղում «Կլուժը» 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Բրագայի» նկատմամբ: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Գալաթասարայը» և «Կլուժը», սակայն թուրքական թիմը ունի առավելություն, քանի որ միմյանց դեմ հանդիպումներում թուրքերը գերազանցել են մրցակցին: «Գալաթասարայի» հաղթանակը վերջին տուրում թիմին անմիջապես դուրս կբերի փլեյ-օֆֆ:
                                      Խ     Մ
1. «Մանչեսթր Յուն.»  5      12
2. «Գալաթասարայ»   5      7
3. «Կլուժ»                     5      7
4. «Բրագա»                  5      3

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր արդեն նվաճել են`  «Պորտու», ՊՍԺ, «Շալկե 04», «Արսենալ», «Մալագա», «Միլան», «Բորուսիա» Դորտմունդ, «Ռեալ» Մադրիդ,  «Շախտյոր», «Վալենսիա», «Բավարիա»,  «Բարսելոնա»,  «Մանչեսթր Յունայթեդ»: Այս թիմերին կմիանան ևս երեք թիմեր: Ընդհանուր առմամբ, առայժմ լուրջ անակնկալներ չկան` ի տարբերություն ՉԼ նախորդ խաղարկության: Հերթական անգամ «Մանչեսթր Սիթին» չճաշակեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլի «քաղցրությունը»: Եվրոպային զարմացրեցին «Բորուսիան», «Մալագան» և «Շախտյորը», որոնք հաղթահարեցին բավականին լուրջ խմբեր: «Միլանը» անհաջող մեկնարկից հետո այնուամենայնիվ կարողացավ գեղեցիկ խաղով ապահովել անցումը հաջորդ փուլ: Վերջին տուրի գլխավոր իրադարձությունը տեղի կունենա «Դոնբաս Արենայում», որտեղ կորոշվի թե որ թիմն է շարունակելու պայքարը` «Յուվենտուսը» թե «Չելսին»: 

Monday, November 19, 2012

"Շիրակը" մեծացնում է միավորների տարբերությունը

Սակավաթիվ գոլերով ավարտվեցին Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրի հանդիպումները: Պատկերացրեք, որ կայացած 4 խաղերում գրանցվեց ընդամենը 5 գոլ: Այսինքն` միջինը մեկ խաղում ընդամենը` 1.25 գոլ: 4 խաղերից 2 խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով, մեկում հաղթեցին տանտերերը, մեկում էլ` հաղթանակն ուղեկցեց հյուրերին: Այսքանով անդրադառնանք կայացած 30-րդ տուրի հանդիպումներին:





Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրի հանդիպումներն սկսվեց Աբովյանի քաղաքային մազրադաշտում կայացած "Արարատ" - "Շիրակ" հանդիպումով: Վերջին հորիզոնականից խույս տված "Արարատին" անհրաժեշտ էր հաղթանակ, որպեսզի ինչքան հնարավոր է հեռանար վտանգավոր գոտուց, իսկ "Շիրակին" էլ հաղթանակն անհրաժեշտ էր` չեմպիոնական մրցավազքում հերթական 3 միավորը վաստակելու համար: Նախորդ տուրում "Արարատը" զիջելով "Գանձասարին" փորձում էր կորցրածը հետ բերել "Շիրակի" հետ խաղում: Գյումրեցիներն էլ նախորդ տուրում հաղթելով "Միկային" ավելի ոգևորված էին դուրս եկել խաղադաշտ և ձգտում էին ամեն գնով հասնել հերթական հաղթանակին: Հանդիպումը սկսվեց "Շիրակի" գրոհների առավելությամբ, բայց մերթ ընդ մերթ ակտիվություն էին ցուցաբերում նաև "Արարատի" ֆուտբոլիստները: Հանդիպման 3 միավոր վաստակելու արժեքը լավ իմանալով 2 թիմերն էլ գործում էին զգույշ, և պատահական չէ, որ առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց և թիմերը գնացին ընդմիջման, երբ  հանդիպման հաշիվը 0:0 էր: 2-րդ խաղակեսում թիմերն սկսեցին մի քիչ ավելի ակտիվ գործել, և "Շիրակի" ակտիվ գործողություններից մեկն էլ պսակվեց հաջողությամբ, երբ հանդիպման 52-րդ րոպեին սենեգալցի կիսապաշտպան Լամին Լի Յորոն բացեց խաղի հաշիվը: Մնացած ժամանակահատվածում հաշիվը այլևս չփոխվեց, և Գյումրիի "Շիրակը" հյուրընկալվելիս կարողացավ 0:1 հաշվով հաղթանակի հասնել "Արարատի" նկատմամբ:



Նույն օրը` նոյեմբերի 17-ին, կայացավ ևս մեկ հանդիպում: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան` "Հանրապետական" մարզադաշտում "Ուլիսը" հյուրընկալել էր Կապանի "Գանձասարին": Այս հանդիպման ժամանակ 2 թիմերի գլխավոր մարզիչներն էլ ապացուցելու բան ունեին: Հիշեցնենք, որ "Գանձասարի" գլխավոր մարզիչն է համարվում Սևադա Արզումանյանը, որը "Ուլիսի" հետ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի կոչումը, և միայն այս տարի ոչ բավարար արդյյունքներ ցույց տալու համար հեռացել էր զբաղեցրած պաշտոնից, իր տեղը զիջելով ներկայիս "Ուլիսի" գլխավոր մարզչի պաշտոնակատար Կարեն Բարսեղյանին, որը իր հերթին ձգտելու էր իր առավելությունը հաստատել Արզումանյանի նկատմամբ, իր թիմի տարած հաղթանակով: Նախորդ 3 տուրերում "Գանձասարի" տոնած հաղթանակներն հույս էին տալիս կապանցիներին, որ կարող են հաղթել նաև այս խաղում: "Ուլիսն" էլ իր հերթին էլ նահանջելու տեղ չունի և միայն յուրաքանչյուր տուրում հաղթանակի հասնելու պայմանում կկարողանա հյատնվել լավագույն եռյակում և իրավունք ստանալ մասնակցելու եվրոգավաթային հանդիպումների: Հանդիպման 3 միավորի արժեքը շատ բարձր գնահատելով 2 թիմերն էլ ամբողջ խաղի ընթացքում դրսևորեցին զգուշություն չդիմեցին ավելորդ ռիսկի և այդպես էլ հանդիպումն ավարտվեց, երբ լուսատախտակին զրոներ էին: Գոլազուրկ ոչ ոքին 2 թիմերին էլ պարգևեց 1-ական միավոր:
2 հանդիպում էլ կայացավ Նոյեմբերի 18-ին: Առաջինը` Արարատի "Այգ" մարզաբազայում Դիլիջանի "Իմպուլսը" հյուընկալել էր Երևանի "Միկային": Այս թիմերն էլ պայքարում են տարբեր նպատակների համար: "Իմպուլսին" հաղթանակն անհրաժեշտ էր 3-րդ հորիզոնականում ամրապնդվելու համար, իսկ "Միկան" էլ պայքարում է չեմպիոնի կոչման համար, և "Շիրակի" հաղթանակի լուրն էլ ավելի էր պարտավորեցնում "Միկային": Անդրադառնալով հանդիպմանը նշենք, որ հենց առաջին րոպեին հյուրերը` "Միկայի" ֆուտբոլիստները, Նարեկ Բեգլարյանի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Թվում էր, թե "Միկան" կկարողանա զարգացնել հաջողությունը և կտոնի հերթական հաղթանակը, բայց չստացվեց, փոխարենը գնդակ ընդունեց սեփական դարպասը: Հանդիպման 51-րդ րոպեին տանտերերի կազմում հանդիպման հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Ռումյան Հովսեփյանը: Այս խաղում այլևս հաշիվը չփոխվեց և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:
Եվս մեկ երևանյան դերբիով ավարտվեց Հայաստանի առաջնության 30-րդ տուրը: Երևանի "Բանանց" մարզադաշտում "Բանանցը" հյուրընկալել էր "Փյունիկին":  Հայտնվելով վերջին հորիզոնականում կարծես թե "Բանանցը" հասկացավ, որ էլ նահանջելու տեղ չունի և "Փյունիկի" հետ խաղում ցույց տվեց դիտարժան խաղ: Իսկ կորուստներով խաղին մոտեցած "Փյունիկնն" էլ գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանի հետ նախորդ տուրում հաղթանակ տոնելուց հետո ձգտում էր նաև հաղթանակի հասնել այս խաղում: Առաջ անցնելով նշենք, որ հյուրերին դա չհաջողվեց, քանի որ տանտերերը հասան չոր հաշվով հաղթանակի 2:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջին րոպեին "Բանանցին" առաջ մղեց Գևորգ Կարապետյանը, իսկ հանդիպման 66-րդ րոպեին էլ Արարատ Առաքելյանը խփեց տանտերերի 2-րդ գնդակը և հաշիվը բերեց վերջնական տեսքի:


Ամփոփելով Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրը նշենք, որ անցկացրած 30 խաղից հետո, և 30-րդ տուրում էլ "Շիրակից" պարտություն կրելով, 8-րդ հորիզոնական է նորից նահանջել "Արարատը" վաստակած 21  միավորով, 7-րդ հորիզոնականում է "Բանանցը" 29 խաղից վաստակած 22 միավորով: 6-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ գործող չեմպիոն "Ուլիսը" 30 խաղից վաստակած 32 միավորով: 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում "Փյունիկը" 29 խաղից վաստակած 42 միավորով, իսկ 4-րդն էլ "Գանձասարն" է 29 խաղից վաստակած 44 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 29 խաղից վաստակած 45 միավորով: 2-րդ հորիզոնականում է ընթանում "Միկան" 29 խաղից վաստակած 59 միավորով, իսկ առաջին հորիզոնականն էլ պահպանեց Գյումրիի "Շիրակը" 29 խաղից վաստակած 62 միավորով: Ինչպես տեսնում ենք` օգտվելով "Միկայի" սայթաքումից "Շիրակը" մեծացնում է միավորների տարբերությունը:


Thursday, November 15, 2012

Հայաստանի հավաքականի ավագի թևկապը` Հենրիխ Մխիթարյանին

Երեկ` նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած  Հայաստան - Լիտվա խաղում մեր հավաքականի վերջին տարիների առաջատար ֆուտբոլիստ և անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանը իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց: Հայաստանի հավաքականում Սարգիս Հովսեփյանի դերն իրոք անգնահատելի էր ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես ավագ: Հիմա արդեն մեր ֆուտբոլի հավաքականը իր կայացման ճանապարհը պետք է շարունակի առանց իր փորձառու ավագի, և այդ պարտականությունները պետք է վստահվի մեկ ուրիշ խաղացողի: Ուրախությամբ պետք է նշել, որ մեր հավաքականի ցուցադրած ֆուտբոլը քիչ թե շատ թիմային է, և հիմնված չէ վառ արտահայտված առաջատար ֆուտբոլիստի վրա, և այս պարագայում ավագի դերում կան մի քանի համարժեք տարբերակներ: 
«Գոլիզեում» բլոգը փորձեց հարցման միջոցով պարզել հայ երկրպագուների կարծիքը ավագի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Ֆուտբոլասերների հետաքրքրությունը, բավականին մեծ էր, հարցմանը մասնակցեց 232 ընթերցող: Ներկայացնենք հարցման արդյունքները.
3. Յուրա Մովսիսյան /11 ձայն - 4.72%/

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող մեր հարձակվողը իրոք առաջատար է թիմի առջևի գծում: Մովսիսյանի հայտնվելը մեր հավաքականում էականորեն հզորացրեց հայկական հավաքականի հարձակողական բռունցքը, և մեր թիմին դարձրեց վտանգավոր մրցակից ցանկացած հավաքականի դեմ: Յուրան վաստակել է նաև բազմաթիվ երկրպագուների սերը և մեծ հեղինակություն է վայելում հայ ֆուտբոլասերների շրջանում: Չնայած անհրաժեշտ որակների առկայությանը` որպես թիմային առաջնորդ Յուրան առայժմ պահեստային տարբերակ է հավաքականի ավագի համար:

2. Ռոման Բերեզովսկի /101 ձայն - 43.35%/

Սարգիս Հովսեփյանը, իր հրաժեշտի խաղում լքելով խաղադաշտը, ավագի թևկապը հանձնեց հենց Ռոման Բերեզովսկուն: Իրավամբ, Բերեզովսկին ավագի թևկապի թեկնածու է ոչ միայն իր հարուստ ֆուտբոլային փորձի կապիտալի, այլև իր խարիզմատիկ բնավորության և բազմաթիվ անգամներ ստանձնած հուսալի փրկարարի դերի շնորհիվ: Նույնիսկ մեր հավաքականի ամենածանր տարիներին, երբ մեր ֆուտբոլասերները ոչ միշտ հնարավորություն ունեին ուրախանալու մերոնց գոլերի համար, նրանց միակ ուրախությունը երբեմն հենց Բերեզովսկին էր իր հերոսական գործողություններով: Բերեզովսկին ավելի քան փորձառու է թիմն առաջնորդելու համար: Ռոմանի օգտին չխոսող միակ հանգամանքը մեր դարպասապահի տարիքն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ վերջինս կլքի հավաքականը առաջիկա մեկ կամ առավելագույնը երկու տարիների ընթացքում, գուցե և շատ ավելի շուտ: Պետք է արդյոք մեր հավաքականին նոր ավագ կարճ ժամանակահատվածի համար` մեր ընթերցողների  43.35%-ի կարծիքով` ԱՅՈ: 

1. Հենրիխ Մխիթարյան /111 ձայն - 47.64%/

Վերջին տարիների հայկական ֆուտբոլի ամենավառ փայլող աստղը` Հենրիխ Մխիթարյանը, ըստ ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքի, ամենահարմար թեկնածուն է հավաքականի ավագի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին` Հենրիխն արդեն բավականին հարուստ փորձ է կուտակել: Բացի այդ Հենրիխի կարևորությունը հավաքականում տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Դժվարին պահերին ֆուտբոլիստը կարողանում է իր վրա վերցնել խաղը, ինչը գերակա հատկանիշ է հավաքականի ավագի համար: Հենրիխը փայլում է նաև իր մարդկային հատկանիշներով, ֆուտբոլային հանրությանը հայտնի է որպես օրինակելի ֆուտբոլային կերպար: Մխիթարյանը առանձնանում է հավաքականում իր առաջատարի դերով, և ունակ է առաջնորդելու երիտասարդ հավաքականին: Հենց դա է պատճառը, որ մեր ֆուտբոլասերները Մխիթարյանին մի փոքր տարբերությամբ գերադասել են Ռոման Բերեզովսկուց /ընդամենը 10 ձայն/:

Քվեարկության ամբողջական արդյունքները.
Հայաստանի հավաքականի ավագի թեկնածուներ
Այլ տարբերակների թվում մեկական ֆուտբոլասերներ նշել էին Ռոբերտ Արզումանյանին և Վալերի Ալեքսանյանին:
Ինչևէ, շնորհակալություն ենք հայտնում բլոգի ընթերցողներին ցուցաբերած ակտիվության համար: Այս տարի մեր հավաքականը արդեն ավարտել է իր ելույթները, և մեր ապագա ավագին մենք կտեսնենք արդեն հաջորդ տարի:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons