Friday, September 21, 2012

Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի տեսություն

Չեմպիոնների լիգայի 2012-13թթ. խաղարկությունը ունեցավ փառահեղ մեկնարկ, որի մասին կարող էին երազել միայն ամենալավատես երկրպագուները: Հենց առաջին տուրում ականատես եղանք մի քանի խելահեղ հանդիպումների, որոնք սպասելի էին 1/8 և ավելի ուշ փուլերում: Այս մեկնարկը նշանակալի եղավ նաև հայկական ֆուտբոլի համար, քանի որ առաջին անգամ հայ ֆուտբոլիստը գոլով աչքի ընկավ այս հեղինակավոր մրցաշարում, և այն էլ ոչ մեկ գոլով: Այս ամենի մասին` չեմպիոնների լիգայի առաջին տուրի մեր տեսությունում:

Չեմպիոնական դիմակայություն

Ռոնալդոն և Մարսելոն տոնում են հաղթական գնդակը
Ռոնալդոն և Մարսելոն տոնում են հաղթական գնդակը
«Ռեալ» Մադրիդ 3-2 «Մանչեսթեր Սիթի» (D խումբ)
Աշխարհի երկու առաջատար առաջնությունների չեմպիոնների դիմակայությունը հավակնում է դառնալ ՉԼ այս տարվա խմբային մրցաշարի զարդը: Խաղը արդարացրեց իր սպասելիքները և գոլառատ ստացվեց: Սակայն առավել հետաքրքիր է ոչ թե գոլերի քանակը, այլ դրանց հերթականությունը, որն էլ ապահովեց խաղի ողջ ինտրիգը: «Ռեալը», չնայած ունեցած խաղային առավելությանը, առաջին գոլը խփելու իրավունքը ամեն դեպքում զիջեց հյուրերին: Աչքի ընկավ փոխարինման մտած Ջեկոն: Մարսելոյի համարժեք պատասխանից հետո Մանչինին դաշտ դուրս բերեց Կոլարովին, որը նույնպես շուտով աչքի ընկավ: Հետևելով իր կոլեգային` Մոուրինյոն պայքարի նետեց Բենզեմային, որը նույնպես աչքի ընկավ և հավասարեցրեց հաշիվը: Այն պահին, երբ ոչ ոքին թվում էր տրամաբանական, տանտերերը կարողացավ գործի դնել այն միակ խաղաքարտը, որով «Ռեալը» առավել էր «Սիթիից»: Կրիշտիանո Ռոնալդոն հաղթական վերջակետ դրեց հանդիպմանը: Հանդիպումը փառահեղ ստացվեց, արդյունքն էլ օրինաչափ էր:


Փայլուն մեկնարկ / վերադարձ

«Չելսի» - «Յուվենտուս»
«Չելսի» - «Յուվենտուս»
«Չելսի» 2-2 «Յուվենտուս» (E խումբ)
«Յուվենտուսը» այնքան է փոխվել ՉԼ-ում իր վերջին մրցաշրջանից հետո, որ այս տարվա մասնակցությունը կարելի է նույնիսկ մեկնարկ անվանել: Սակայն այս բառի բուն իմաստը այս խաղում անհատապես նախատեսված էր բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստ Լուկասի համար, ով վերջապես կարողացավ լոնդոնցիներին ցույց տալ իր իրական ուժը: Բրազիլացու երկու գոլերը խոսում են իր փայլուն տաղանդի մասին: Իսկ «Յուվենտուսը», կարելի է ասել, հաջող մեկնարկեց, քանի որ չնայած ընդունած երկու գնդակներին, կարողացավ հավաքվել և անշտապ գործելով` աստիճանաբար ետ բերել կորցրած երկու գնդակները: ՉԼ գործող չեմպիոնին պարտվելը մեծ հարված չէր լինի «Յուվեի» համար, սակայն այս ոչ ոքին առավել ոգևորող է, քանի որ սա փաստում է թուրինցիների վաստակած որոշակի մակարդակի մասին, որից ներքը թիմն այլևս չի իջնի: Իսկ կարևորն այն է, որ այդ մակարդակը կբավարարի ՉԼ-ում հաջող ելույթներ ունենալու համար:


Միլիոնների խաղեր

Իսկոն ձեռնունայն է թողնում «Զենիթի» ողջ պաշտպանությանը
Իսկոն ձեռնունայն է թողնում «Զենիթի» ողջ պաշտպանությանը
«Մալագա» 2-0 «Զենիթ» (C խումբ)
«Զենիթը» կուրորեն հավատում էր, որ Հալկի վրա ծախսած միլիոնները մեխանիկորեն հաղթանակ են բերելու այդ միլիոններից զրկված «Մալագայի» դեմ, սակայն իսպանացիները դաժանորեն հակառակը ապացուցեցին: Փայլեց երիտասարդ ֆուտբոլիստ Իսկոն, ով շատ շուտով միլիոնների առաջարկներ կստանա տարբեր գրանդներից:

ՊՍԺ 4-1 «Դինամո» Կիև (A խումբ)
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում նույնպես կարողացավ ցույց տալ, որ ներդրված միլիոնները տվել են իրենց արդյունքը: Փարիզցիների վստահ հաղթանակը վերահաստատում է թիմի բարձր դիրքերը Ա խմբում, իսկ Իբրահիմովիչը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում եվրագավաթներում 6 տարբեր ակումբների կազմում:


Չկայացած անակնկալ

Ռոմուլոն գրավում է Վալդեսի դարպասը
Ռոմուլոն գրավում է Վալդեսի դարպասը
«Բարսելոնա» 3-2 «Սպարտակ» (G խումբ)
Կատալոնյան թիմի երկու եզրային պաշտպանների` Դանի Ալվեսի և Ադրիանոյի անփույթ գործողությունների արդյունքում հենց առաջին տուրում կարող էր գրանցվել ՉԼ այս խաղարկության առաջին խոշոր սենսացիան: «Սպարտակը» խաղի միջնամասում կարողացավ առաջ անցնել, և պետք է նշել, դա նաև ռուսական թիմի ահռելի աշխատանքի վաստակն էր: Սակայն «կարմիր ավտոբուսը» չկարողացավ դիմակայել մինչ խաղի վերջ և Մեսսին երկու անգամ գրավեց դարպասը: Արդյունքում Ունաի Էմերիի թիմը պարտվեց, սակայն կարող է գլուխը բարձր հեռանալ «Կամպ Նոուից»:

Կայացած անակնկալ
«Լիլլ» 1-3 ԲԱՏԵ (F խումբ)
Բելառուսական թիմը առաջին կեսից հետո «Գրան Ստադ Լիլ Մետրոպոլ» մարզադաշտի հանդերձարան գնաց խփած երեք գնդակներով: Սա ծանր շոկ էր ֆրանսիական թիմի համար, որը երկրորդ կեսում կարողացավ հետ բերել ընդամենը մեկ գնդակ: Արդյունքում ԲԱՏԵ-ն տոնեց իր պատմության մեջ առաջին հաղթանակը ՉԼ-ում:


Հայկականը ՉԼ-ում

Հենրիխ Մխիթարյանի հարվածը
Հենրիխ Մխիթարյանի հարվածը
«Շախտյոր» 2-0 «Նորդսելլանդ» (E խումբ)
«Շախտյորը» առաջին հանդիպումն անցկացրեց ՉԼ նորեկ նորվեգական «Նորդսելլանդի» դեմ: Լուչեսկուի թիմը ակնհայտորեն թերագնահատել էր մրցակցին, և ողջ առաջին խաղակեսը ուկրաինացիները համակերպվում էին այն մտքի հետ, որ իրենց մրցակիցը նույնպես ֆուտբոլ խաղալ գիտի: Սակայն մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի գոլը «հանդերձարանից» իր տեղը դրեց ամեն ինչ: Երկրորդ կեսում «Շախտյորը» շտկեց իր խաղը, իսկ Մխիթարյանը խփեց երկրորդ գնդակը: Սա աննախադեպ հաջողություն է հայկական ֆուտբոլի համար: Հայ ֆուտբոլիստը ամենաբարձր մակարդակով հայտարարեց իր մասին ողջ Եվրոպայում, ինչը ոչ միայն հպարտանալու, այլև նոր առաջարկների սպասելու առիթ է տալիս մեր հերոսի համար:


Հիասթափություններ

Պացցինիի մոտ ոչինչ չի ստացվում
Պացցինիի մոտ ոչինչ չի ստացվում
«Միլան» 0-0 «Անդերլեխտ» (C խումբ)
Նույնիսկ ամենածանր տարիներին «Միլանի»` Ա սերիայի և ՉԼ ելույթները որակապես տարբերվում էին միմյանցից. որպես կանոն «Միլանը» ՉԼ-ում առավել ճարպիկ ու հաջողակ է:  Սակայն թիմի մեկնարկային խաղը ևս մեկ անգամ հիասթափեցրեց երկրպագուներին: Տնային գոլազուրկ ոչ ոքին լավագույն մեկնարկը չէր «ռոսոներիների» համար:

«Բրագա» 0-2 «Կլուժ» (H խումբ)
«Բրագայի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Բաստոսը հաղթանակ է պարգևում «Կլուժին» արտագնա խաղում: Պորտուգալական թիմի պարտությունը հատկապես ցավալի է թիմի վիճակագրության ֆոնի վրա. «Բրագան» կատարել է 23 հարված դարպասին մրցակցի 4 հարվածի դիմաց, բացի այդ ունեցել է գնդակին տիրելու առավելություն` 65-35:

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Գալաթասարայ» (H խումբ)
«ՄՅՈՒ»-ն տարավ նվազագույն հաշվով հաղթանակ, որը չափազանց դժվար տրվեց: Բացի այդ Նանին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, և այդ խնդիրը թվում է խրոնիկական «Կարմիր սատանաների մոտ»:

Դուբլեր
ՉԼ առաջին տուրում գրանցվեցին միանգամից 5 դուբլեր: Դրանց հեղինակները դարձան Ռաֆայել Բաստոսը «Կլուժից», Լիոնել Մեսսին «Բարսելոնայից», Լուկասը «Չելսիից», Իսկոն «Մալագայից» և մեր Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից»:

Մյուս արդյունքները.
A խումբ. «Դինամո» Զագրեբ 0-2 «Պորտու»
B խումբ. «Օլիմպիակոս» 1-2 «Շալկե 04»
B խումբ. «Մոնպելիե» 1-2 «Արսենալ»
D խումբ. «Բորուսիա» Դորտմունդ 1-0 «Այաքս»
F խումբ. «Բավարիա» 2-1 «Վալենսիա»
G խումբ. «Սելթիկ» 0-0 «Բենֆիկա»

Մյունխենում կարոտել էին ՉԼ-ն
Մյունխենում կարոտել էին ՉԼ-ն
Ինչպես տեսնում ենք, Չեմպիոնների լիգան այս տարի հիանալի մեկնարկ վերցրեց: Ընդհանուր առմամբ գրանցվեց 42 գնդակ, և ընդամենը 2 հանդիպում ավարտվեց առանց գոլերի: Խմբային փուլի հաջորդ տուրը հոկտեմբերի 2-3-ին է:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons