Monday, December 31, 2012

Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ

Տարեմուտին Գոլիզեում բլոգը որոշեց իր ընթերցողների համար ամփոփել տարին, բլոգի աշխատանքները, ներկայացնել մյուս տարվա նպատակները, շնորհավորել իր ընթերցողների ու բոլոր հայերի Նոր տարին և Սուրբ ծնունդը:

«Գոլիզեում» բլոգի հիմնադրումը և նպատակները
Գոլիզեում բլոգը հիմնադրվեց 2012 թվականի հուլիսի 12ին երկու ֆուտբոլասեր ընկերների Եղիշե Շարյանի և Կարեն Ռաֆայելյանի շնորհիվ: Նախ փորձենք կարճ ներկայացնել 2 բլոգերներիս: 
Կարեն Ռաֆայելյան: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ինչպես նաև ֆուտբոլային լրագրող:
Եղիշե Շարյան: Մասնագիտությամբ իրավագետ , Շիրակ հանրայինի նախկին ֆուտբոլային մեկնաբան, ինչպես նաև մարզական լրագրող:
Գոլիզելում բլոգը իր ստեղծման պահից ուներ մեկ հիմնական նպատակ` իր ընթերցողներին տալ որակյալ ֆուտբոլային տեղեկատվություն, որը բացակայում էր այլ հայկական օնլայն ռեսուրսներում: Չնայած օնլայն պարբերականների մեծ թվին` ֆուտբոլային տեղեկատվությունը Հայաստանում առայժմ իրենից ներկայացնում է սոսկ լուրերի շարք` լրահոս, իսկ հայալեզու վերլուծական հոդվածներ հիմնականում չկան: Հենց այս բացը լրացնելուն էր միտված բլոգի ստեղծումը:
 Ստեղծման պահը համընկավ մեր 2 ֆուտբոլային ակումբների «Շիրակի» և «Գանձասարի» Եվրոպա լիգայի առաջին փուլի հաղթահարման հետ, որի լուսաբանումից էլ Գոլիզեումը սկսեց իր աշխատանքները: Այնուհետև բլոգը մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում ինչպես Հայաստանի 21-րդ առաջնության զարգացումները, այնպես էլ հայ ֆուտբոլիստների ելույթները Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում: Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանի հավաքականի ելույթները ԱԱ ընտրական փուլում: «Գոլիզեումը» միաժամանակ անդրադառնում էր նաև համաշխարհային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին` սկսած Լոնդոնի օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարից մինչև Չեմպիոնների լիգա և Եվրոպա լիգա: Բլոգում պարբերաբար անցկացվում են հարցումներ հայկական ֆուտբոլի հետ կապված տարբեր հարցերի շուրջ:


Մյուս տարվանից մեր ակնկալիքները
2013 թվականից սկսված Գոլիզեում բլոգը պատրաստվում է նոր ծրագրերով և նոր ակնկալիքներով ներկայանալ իր ընթերցողներին, որպեսզի և բավարարի ընթերցողների սպասելիքները, և՛ ընդլայնի նրանց շրջանակը: Նախատեսվում է ստեղծել տարբեր խորագրերով հոդվածների շարքեր, ինչպես նաև կազմակերպել օնլայն վիկտորինաներ: Ինչպես միշտ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հայկական ֆուտբոլի զարգացումներին: Այժմ Գոլիզեում բլոգը գնում է արձակուրդ մինչև 2013 թվականի հունվարի 14ը ներառյալ: Կվերադառնանք հունվարի 15-ին և կփորձենք իրականացնել մեր բազմաթիվ մտահղացումները, որը կարծում ենք հետաքրքիր կլինի մեր ընթերցողների համար: Մինչ արձակուրդ գնալը, և մինչև Նոր տարի մուտք գործելը Գոլիզեում բլոգի բլոգերներս սրտանց շնորհավորում ենք մեր ընթերցողների գալիք տոները և ցանկանում ենք հաջողություն և երջանկություն արդեն օձի տարում, և թող բոլորի իղձերը իրականանան 2013 թվականի ընթացքում: Այսպիսով շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ:
  

Tuesday, December 4, 2012

Հայաստանի առաջնությունում բոլոր հորիզոնականների համար պայքարը սրվեց

Ավարտին մոտեցան Հայաստանի առաջնության 32-րդ տուրի հանդիպումները, որոնք նաև վերջինն էին 2012 թվականի շրջանակներում, մնացած 10 տուրերը կկայանան 2013 թվականի գարնանը և դրանով կավարտվի Հայաստանի 21-րդ առաջնությունը: Այս առաջնությունից հետո Հայաստանի առաջնությունն կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով: Այժմ` անդրադառնանք 32-րդ տուրի կայացած հանդիպումներին: Տուրն աչքի ընկավ միջին արդյունավետությամբ, և կայացած 4 խաղերում գրանցվեց 8 գոլ: Այսինքն` մեկ խաղում միջինը 2 գոլ:

Հայաստանի 21-րդ առաջնության 32 տուրը  մեկնարկեց դեկտեմբերի 1-ին Արարատի "Այգ" մարզաբազայում կայացած "Իմպուլս" - "Արարատ" հանդիպումով: Հանդիպումն ընթացավ հետաքրքիր պայքարում, սակայն գրանցվեց ընդամենը մեկ գոլ,  այն էլ հանդիպման սկզբում հենց առաջին րոպեին, երբ աչքի ընկավ "Արարատի" հարձակվող Գևորգ Նռանյանը` գրավելով դիլիջանցիների դարպասը: Հանդիպման ընթացքում 2 թիմերի կողմից էլ եղան դարպասի գրավման բազմաթիվ առիթներ, բայց հանդիպման հաշիվն այդպես էլ չփոխվեց և "Արարատը" տոնեց անակնկալ հաղթանակ հյուրընկալվելիս հաղթելով "Իմպուլսին" 0:1 հաշվով:


Դեկտեմբերի մեկին կայացավ ևս մեկ հանդիպում Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, որտեղ մրցավեճի դուրս եկան Հայաստանի գործող չեմպիոն "Ուլիսն" և չեմպիոնության համար պայքարող "Միկան": Այս հանդիպման ընթացքում ևս գրանցվեց ընդամենը մեկ գոլ, և նյարդային պայքարում կարողացավ հաղթող դուրս գալ "Միկան": "Միկայի" հաղթական գնդակն խփեց Վարդգես Սաթումյանը հանդիպման 85-րդ րոպեին:
Տուրի նախավերջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 2-ին, երբ Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում "Փյունիկը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կապանի "Գանձասարին": Այս հանդիպումը ուներ 3-րդ հորիզոնականի արժեք, քանի որ "Իմպուլսը" զիջելով "Արարատին" գործնականում կորցրել էր 3-րդ հորիզոնականը ձմեռային ընդմիջմանն ընդառաջ: Այս խաղի միավորների արժեքը բարձր էին գնահատում 2 թիմերն էլ, դրա համար խաղն ընթացավ հանգիստ պայքարում և 2 թիմերն էլ չէին ուզում ավելորդ ռիսկի դիմել: Սակայն հանդիպման 20-րդ րոպեին բացվեց հանդիպման հաշիվը, և հաշվի մեջ առաջ անցան Կապանից ժամանած հյուրերը Դիակարիդիա Դումբիայի գոլի շնորհիվ: Մնացած ժամանակահատվածում "Գանձասարը" անցավ խորը պաշտպանության, իսկ "Փյունիկն" էլ սկսեց տիրել գնդակին և ստացավ հսկայական տարածքային առավելություն: Կարծես թե ավելի գրագետ էր Սևադա Արզումանյանի ընտրած տակտիկան, և երբ ընթանում էր հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեն "Գանձասարի" ֆուտբոլիստները կարծես թե ժամանակից շուտ հավատացել էին իրենց հաղթանակին և դրա համար պատժվեցին, քանի որ "Փյունիկից" հանդիպման հաշվի հավասարակշռությունը կարողացավ վերականգնել Դավիդ Մանոյանը հանդիպման 94-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:


Հայաստանի 21-րդ առաջնության 32-րդ տուրն ավարտվեց և թիմերը գնացին ձմեռային ընդմիջման դեկտեմբերի 3-ին Երևանի "Բանանց" մարզադաշտում կայացած "Բանանց"  - "Շիրակ" հանդիպումով: Այս հանդիպման միավորների արժեքը ևս բարձր էր 2 թիմերի համար էլ, քանի որ "Միկան" հաղթել էր մրցակցին և "Շիրակի" հետ միավորների տարբերությունը կրճատել հասցրել էր 2-ի, իսկ "Արարատն" էլ հաղթելով մրցակցին շրջանցել էր "Բանանցին" և վերջինս հայտնվել էր վերջին հորիզոնականում, ու միայն չպարտվելու դեպքում հետ կվերադարձներ 7-րդ հորիզոնականը: Տուրի ամենագոլառատ պայքարում տանտերերն առաջին 6 րոպեների ընթացքում 2 անգամ կարողացան գրավել գյումրեցիների դարպասը Հովհաննես Համբարձումյանի և Արարատ Առաքելյանի գոլերի շնորհիվ: Սակայն առաջ անցնելով նշենք, որ անգամ 2 գնդակի առավելությունը հաղթանակ չապահովեց "Բանանցի" համար, քանի որ "Շիրակը" նախ` 42-րդ րոպեին Իսմայել Ֆոֆանա Բեկոյի գոլի շնորհիվ  կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև` 55-րդ րոպեին էլ, Լի Յամին Յորոն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարությունը: Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չարձանագրվեցին և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով:
32-րդ տուրի կայացած հանդիպումներից հետո անդրադառնալով մրցաշարային աղյուսակին պետք է նշել, որ վերջին` 8-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ "Արարատը" 32 խաղից վաստակած 24 միավորով, 7-րդ հորիզոնականում էլ տեղ է գտել "Բանանցը", որը ևս 32 տուրից հետո վաստակել է ընդամենը 24 միավոր: 6-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ գործող չեմպիոն "Ուլիսը" 32 տուրից վաստակած 32 միավորով: 5-րդ հորիզոնականում գտնվում է "Փյունիկը" 32 խաղից վաստակած 46 միավորով, 4-րդ հորիզոնական է նահանջել Դիլիջանի "Իմպուլսը" 32 խաղից վաստակած 48 միավորով: Լավագույն եռյակը բացում է "Գանձասարը" 32 խաղից վաստակած 48 միավորով: 2-րդ հորիզոնականում գտնվում է "Միկան" 32 խաղից վաստակած 66 միավորով: Իսկ "Շիրակն" էլ ձմեռային ընդմիջումից առաջ շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում 32 խաղից վաստակած 69 միավորով: Հետևելով մրցաշարային աղյուսակին պետք է փաստել, որ Հայաստանի առաջնությունում բոլոր հորիզոնականների համար պայքարը սրվեց: 

Saturday, November 24, 2012

Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու ևս 12 ֆուտբոլային հերոսներ, որոնց պատվին արձաններ է կանգնեցվել

Նոյեմբերի 23-ին Մանչեսթրում, «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտի հարևանությամբ «կարմիր սատանաների» մոտ 2500 երկրպագուների ներկայությամբ բացվեց թիմի լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի արձանը: 2.75 մետրանոց արձանը գտնվում է մարզադաշտի` Ալեքս Ֆերգյուսոնի անվան տրիբունայի հարևանությամբ: Ֆերգյուսոնը «Մանչեսթր Յունայթեդի» ղեկին է արդեն 26 տարի, 12 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ դարձել գավաթակիր, 2 անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի արձանը Մանչեսթրում
Սըր Ալեքս Ֆերգյուսոնի արձանը Մանչեսթրում

Ֆուտբոլիստների և մարզիչների պատվին արձաններ կանգնեցնելը թեկուզ և ոչ համատարած, բայց հաճախ հանդիպող երևույթ է ֆուտբոլային աշխարհում: Ներկայացնենք ևս 14 ֆուտբոլային  արձաններ աշխարհում:

Բոբի Մուր
Բոբի Մուր

Բոբի Մուրը Անգլիայի առայժմ միակ չեմպիոնական կազմի ավագն էր, երբ 1966-ին անգլիացիները «Ուեմբլիում» նվաճեցին աշխարհի գավաթը: Հենց այդ պատճառով Մուրի արձանը 2007-ին կանգնեցվեց հենց լեգենդար «Ուեմբլիի» հարևանությամբ: Մուրը, խաղալով պաշտպանությունում, 108 հանդիպում է անցկացրել Անգլիայի ազգային ընտրանու կազմում:

Կառլոս Վալդերամա
Կառլոս Վալդերամա

Կառլոս Վալդերաման կոլումբիացի ամենաճանաչված ֆուտբոլիստն է աշխարհում` հայտնի բոլորին իր դեղին աֆրո-մազերով: Վալդերաման Կոլումբիայի հավաքականի 90-ականների ոսկե ժամանակաշրջանի գլխավոր հերոսն էր: Նրա պատվին արձան է կառուցվել Սանտա Մարտա քաղաքի «Էդուարդո Սանթոս» մարզադաշտի հարևանությամբ: 

Էյսեբիո
Էյսեբիո

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդի արձանը կանգնեցվել է իր հարազատ ակումբի` «Բենֆիկայի» «Էստադիո դե Լուիզ» մարզադաշտի մոտ:

Թոմ Ֆիննի

Թոմ Ֆիննին հայտնի անգլիացի ֆուտբոլիստ էր, ով առանձնացավ իր հարազատ ակումբին` «Պրեստոն Նորթ Էնդին» նվիրվածությամբ: Ֆուտբոլիստը աչքի է ընկել Անգլիայի հավաքականի կազմում իր ելույթներով, որի համար ստացել է Բրիտանական կայսրության օրդեն: Ֆիննիի հուշարձանը կանգնեցված է Պրեստոնի ազգային ֆուտբոլային թանգարանի հարևանությամբ:

Դիեգո Մարադոնա

Դիեգո Մարադոնան, իհարկե, ներկայացման կարիք չունի: Արգենտինական լեգենդի պատվին արձանները բազմաթիվ են: Ներկայացնում ենք դրանցից ամենամեծը` 2.2 մետր բարձրությամբ, որ գտնվում է «Բոկա Խունիորսի» թանգարանում:

Ռոնալդո

Բրազիլացի հայտնի հարձակվողի ավանդը ֆուտբոլում առավել շատ գնահատվել է կոմերցիոն տեսանկյունից: «Մեծատամի» արձանը տեղ է գտել ԱՄՆ-ում գտնվող «Նայք»-ի ճամբար-թանգարանում:

Կրիշտիանո Ռոնալդո

Արդեն մյուս` նորօրյա հերոս Ռոնալդոն կարող է հպարտանալ իր մոտ 10 մետրանոց արձանով, որ գտնվում է Մադրիդում: Սակայն այս արձանը ևս «Նայքի» նախաձեռնությունն է` հայտնի «Write the Future» գովազդային ակցիայի շրջանակներում:

Թիերի Անրի

Թիերի Անրին դարձավ «Արսենալի» «Էմիրեյթս» մարզադաշտի շրջակայքում գտնվող երեք արձաններից մեկի հերոսը` Թոնի Ադամսի և Հերբերտ Չեփմանի հետ:

Գաբրիել Բատիստուտա

Վերածծնդի ոգին կրող Ֆլորենցիա քաղաքը ամենևին էլ չկորցրեց իր վեհությունը «Մանուշակների» երբեմնի աստղ արգենտինացի Գաբրիել Բատիստուտայի արձանի տեղադրմամբ:

Պելե

Լեգենդար ֆուտբոլիստի արձանը լեգենդար մարզադաշտի դիմաց:

Միացյալ եռյակ` Բոբի Չառլթոն, Ջորջ Բեսթ և Դենիս Լոու

1968-ին «Մանչեսթր Յունայթեդը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը: Այդ ժամանակ «կարմիր սատանաների» կազմում փայլում էր այս հիանալի եռյակը:

Զինեդին Զիդան և Մարկո Մատերացի

2006թ. Աշխարհի գավաթի եզրափակիչի այս սկանդալային դրվագը ընդմիշտ կմնա ոչ միայն բազմահազար ֆուտբոլասերների հիշողությունների մեջ, այլ նաև Փարիզի կենտրոնում` արձանի տեսքով:

Սպասում ենք նմանատիպ արձան նաև Հայաստանում` իհարկե մեր ֆուտբոլիստների փայլուն հաջողություններից հետո միայն:

Thursday, November 22, 2012

«Շախտյորի» խայտառակությունը, Դի Մատեոյի պաշտոնանկությունը և այլ հետաքրքիր արդյունքներ ՉԼ 5-րդ տուրից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը արդեն իսկ ի հայտ բերեց փլեյ-օֆֆի մի շարք մասնակիցների` միաժամանակ  բորբոքելով մի քանի հակամարտություններ վերջին տուրի համար: Սակայն այս տուրից մեր հիշողություններում կմնան միանգամայն այլ իրադարձություններ` «Շախտյորի» խայտառակությունը, Դի Մատեոյի պաշտոնանկությունը և Մեքսեսի հրաշալի գոլը:
A խումբ.

Կիևի «Դինամոն» նախավերջին տուրից առաջ միայն տեսականորեն որոշ հույսեր ուներ հայտնվելու փլեյ-օֆֆում: Սակայն դրա համար պետք էր հաղթել ՊՍԺ-ին սեփական հարկի տակ, ինչը անհնար եղավ Օլեգ Բլոխինի սաների համար: Փարիզցիները հաղթեցին 2-0 հաշվով: Մյուս` Զագրեբի «Դինամոն», ընդհանրապես, կարող է ավարտել Չեմպիոնների լիգայում իր այս մասնակցությունը այդպես էլ միավոր չվաստակելով: Այս տուրում թիմը մրցակցի հարկի տակ երեք անպատասխան գնդակ ընդունեց «Պորտուից»: Արդյունքում «Պորտուն» և ՊՍԺ-ն 1/8-րդ եզրափակիչում են, իսկ Կիևի «Դինամոն» կարող է շարունակել պայքարը Եվրոպա լիգայում:
                            Խ   Մ
1. «Պորտու»       5   13
2. ՊՍԺ               5    12
3. «Դինամո»Կ   5    4
4. «Դինամո» Զ  5    0


B խումբ.


Այս խմբում ևս 5-րդ տուրը վերջնականապես որոշեց ամեն ինչ: «Արսենալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակի հասավ Ֆրանսիայի չեմպիոն «Մոնպելյեյի» նկատմամբ: Լոնդոնցիների կազմում աչքի ընկավ երկարատև վնասվածքից ապաքինված Ջեկ Ուիլշերը: Մյուս խաղում «Շալկե 04»-ը 1-0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին», որը ուղևորվեց Եվրոպա լիգա: Այս խմբում անակնկալներ չեղան, ինչպես և սպասվում էր «Արսենալը» և «Շալկե 04»-ը նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր: Իսկ «Մոնպելյեյի» առաջին եվրոպական ճամփորդությունը տխուր ավարտ ունեցավ:
                                Խ    Մ
1. «Շալկե 04»         5    11
2. «Արսենալ»         5    10
3. «Օլիմպիակոս»  5     6
4. «Մոնպելյե»        5     1

C  խումբ.
Այս խումբը Եվրոպային պարգևեց մի նոր հրաշագործ կոլեկտիվ: Ահռելի ներդրումներից հետո ռուսները սպասում էին այդպիսի կոլեկտիվի դերում տեսնել «Զենիթին», սակայն «Մալագան» ցույց տվեց բոլորին, որ ի տարբերություն «Զենիթի»` այստեղ փողերը զուր չեն ծախսվել: Պետերբուրգյան խաղում արդեն 9-րդ րոպեին «Զենիթի» ֆուտբոլիստները հայտնվեցին 2 գոլանոց «լծի» տակ, և միայն խաղի վերջում կարողացան հավասարեցնել հաշիվը: Ավելին անել պետերբուրգցիները չկարողացան, և «ավելին» անել կկարողանան միայն Եվրոպա լիգայում, որի ուղեգրի համար դեռ պետք է պայքարել: Իսկ «Միլանը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Անդերլեխտին»: Այս խաղի զարդը իհարկե Մեքսեսի հրաշք գնդակն էր: «Մալագան» և «Միլանը» ապահովեցին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆ փուլին:
                               Խ   Մ
1.«Մալագա»        5    11
2. «Միլան»            5     8
3. «Զենիթ»            5     4
4. «Անդերլեխտ»  5     4

D խումբ

«Մահվան» խմբի առաջին զոհը հայտնի էր արդեն վաղուց` «Մանչեսթր Սիթին», որը սեփական հարկի տակ «Ռեալի» դեմ խաղում փորձեց կենդանության նշաններ ցույց տալ: Ընդունելով գնդակ 10-րդ րոպեին` «քաղաքաբնակները» այնուամենայնիվ կարողացան ոչ ոքի ավարտել հանդիպումը: Գուցե և դա ընդամենը զուգահեռ խաղի շնորհիվ եղավ, քանի որ «Բորուսիայի» հաղթանակի դեպքում «Ռեալի» համար անիմաստ էր դառնում հաղթանակի համար պայքարելը: Իսկ «Բորուսիան» իրոք հիացրեց ողջ Եվրոպային ՉԼ այս խաղարկությունում: Ամստերդամում 4-1 հաշվով ջախջախելով «Այաքսին»` «Բորուսիան» դաժան թեթևությամբ գրավեց առաջին տեղը «մահվան» խմբում: Եվրոպա լիգայի ուղեգրի համար կարող են պայքարել «Այաքսը» և «Մանչեսթր Սիթին», եթե իհարկե դրա ցանկությունը ունենան:
                                  Խ     Մ
1. «Բորուսիա» Դ     5      11
2. «Ռեալ» Մ            5       8
3. «Այաքս»               5       4
4. «Մանչեսթր Ս.»   5       3

E խումբ


Մեկ այլ հետաքրքիր խմբում այս տուրում կայացան վերջին օրերի երկու ամենաքննարկվող խաղերը: «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 5-2 հաշվով հաղթանակ տարավ «Նորշելանդի» նկատմամբ, սակայն իր թիմի երկրորդ գոլը Լուիս Ադրիանոն խփեց Fair Play-ի կանոնների խայտառակ խախտումով: Այս գոլից հետո «Շախտյորը» թույլ չտվեց հակառակորդին վերականգնել հաշվի հավասարությունը և միաժամանակ արդարությունը: Չնայած ուկրաինական թիմի հաղթանակին` «Շախտյորը» կեղտոտեց իր տարիներով կերտած հեղինակությունը Եվրոպայում: Հաղթանակը թիմին ապահովեց տեղը փլեյ-օֆֆում: Հենրիխ Մխիթարյանը մի քանի անգամ հայտնվեց նպաստավոր դիրքերում, սակայն առանձնապես աչքի չընկավ: Խմբի մյուս խաղում հանդիպեցին «Յուվենտուսը» և «Չելսին»: Թուրինցիները տանտերերի իրենց կարգավիճակին համապատասխան` վստահ խաղով հաղթանակ տարան` մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ: Խաղից անմիջապես հետո հայտարարվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի պաշտոնանկության մասին: Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիրը բարդացրեց իր վիճակը խմբում և այժմ պետք է հուսա, որ «Շախտյորը» հաղթանակ կտանի «Յուվենտուսի» նկատմամբ: Եթե «Չելսին» դուրս մնա հետագա պայքարից, դա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դեպքը կլինի, որ լիգա գավաթակիրը հաջորդ խաղարկությունում արդեն խմբային փուլում լքում է մրցաշարը: 
                             Խ    Մ
1. «Շախտյոր»     5    10
2. «Յուվենտուս» 5     9
3. «Չելսի»            5     7
4.«Նորշելանդ»   5      1

F խումբ

Հերթական խումբը, որտեղ այս տուրից հետո բոլոր դերերը արդեն բաշխված են: Ինչպես և գերմանական և իսպանական մյուս թիմերը, «Բավարիան» և «Վալենսիան» նույնպես նախօրոք ապահովեցին իրենց մասնակցությունը ՉԼ գարնանային մասին` ոչ-ոքի` 1-1 խաղալով «Մեստալիայում»: Իսկ ԲԱՏԵ-ն կարոք է իր բելառուսական հեքիաթը շարունակել արդեն Եվրոպա լիգայում: Թիմը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն կրեց «Լիլլից»:
                             Խ    Մ
1. «Վալենսիա»   5    10
2. «Բավարիա»    5    10
3. ԲԱՏԵ               5     6
4. «Լիլլ»                5     3

G խումբ

«Բարսելոնան» փլեյ-օֆֆին իր մասնակցությունը հաստատելու հետ մեկտեղ բացառեց «Սպարտակի» հայտնվելը այնտեղ` Մոսկվայում 3-0 հաղթելով դաշտի տերերին: Երկու գնդակներով աչքի ընկավ Մեսսին: «Բենֆիկան» սեփական հարկի տակ հաղթելով «Սելթիկին» 2-1 հաշվով, ամեն ինչ թողեց վերջին տուրում որոշելու: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Բենֆիկան» պետք է հաղթի «Բարսելոնային», իսկ «Սելթիկին» բացի «Սպարտակի» դեմ հաղթանակից պետք է նաև, որ «Բարսելոնան» չպարտվի «Բենֆիկային»: Վերջին տուրից առաջ այս խմբում լարված իրավիճակ է:
                               Խ    Մ
1. «Բարսելոնա»   5     12
2. «Բենֆիկա»       5     7
3. «Սելթիկ»           5     7
4. «Սպարտակ»    5     3

H խումբ

Դեռ նախորդ տուրում հաջորդ փուլի ուղեգիր նվաճած «Մանչեսթր Յունայթեդը» «Գալաթասարայի» դեմ հանել էր երկրորդ կազմ, և թուրքական թիմը դժվարությամբ /1-0/ առավելության հասավ նույնիսկ այս կազմի դեմ: Խմբի մյուս խաղում «Կլուժը» 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Բրագայի» նկատմամբ: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Գալաթասարայը» և «Կլուժը», սակայն թուրքական թիմը ունի առավելություն, քանի որ միմյանց դեմ հանդիպումներում թուրքերը գերազանցել են մրցակցին: «Գալաթասարայի» հաղթանակը վերջին տուրում թիմին անմիջապես դուրս կբերի փլեյ-օֆֆ:
                                      Խ     Մ
1. «Մանչեսթր Յուն.»  5      12
2. «Գալաթասարայ»   5      7
3. «Կլուժ»                     5      7
4. «Բրագա»                  5      3

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր արդեն նվաճել են`  «Պորտու», ՊՍԺ, «Շալկե 04», «Արսենալ», «Մալագա», «Միլան», «Բորուսիա» Դորտմունդ, «Ռեալ» Մադրիդ,  «Շախտյոր», «Վալենսիա», «Բավարիա»,  «Բարսելոնա»,  «Մանչեսթր Յունայթեդ»: Այս թիմերին կմիանան ևս երեք թիմեր: Ընդհանուր առմամբ, առայժմ լուրջ անակնկալներ չկան` ի տարբերություն ՉԼ նախորդ խաղարկության: Հերթական անգամ «Մանչեսթր Սիթին» չճաշակեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլի «քաղցրությունը»: Եվրոպային զարմացրեցին «Բորուսիան», «Մալագան» և «Շախտյորը», որոնք հաղթահարեցին բավականին լուրջ խմբեր: «Միլանը» անհաջող մեկնարկից հետո այնուամենայնիվ կարողացավ գեղեցիկ խաղով ապահովել անցումը հաջորդ փուլ: Վերջին տուրի գլխավոր իրադարձությունը տեղի կունենա «Դոնբաս Արենայում», որտեղ կորոշվի թե որ թիմն է շարունակելու պայքարը` «Յուվենտուսը» թե «Չելսին»: 

Monday, November 19, 2012

"Շիրակը" մեծացնում է միավորների տարբերությունը

Սակավաթիվ գոլերով ավարտվեցին Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրի հանդիպումները: Պատկերացրեք, որ կայացած 4 խաղերում գրանցվեց ընդամենը 5 գոլ: Այսինքն` միջինը մեկ խաղում ընդամենը` 1.25 գոլ: 4 խաղերից 2 խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով, մեկում հաղթեցին տանտերերը, մեկում էլ` հաղթանակն ուղեկցեց հյուրերին: Այսքանով անդրադառնանք կայացած 30-րդ տուրի հանդիպումներին:





Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրի հանդիպումներն սկսվեց Աբովյանի քաղաքային մազրադաշտում կայացած "Արարատ" - "Շիրակ" հանդիպումով: Վերջին հորիզոնականից խույս տված "Արարատին" անհրաժեշտ էր հաղթանակ, որպեսզի ինչքան հնարավոր է հեռանար վտանգավոր գոտուց, իսկ "Շիրակին" էլ հաղթանակն անհրաժեշտ էր` չեմպիոնական մրցավազքում հերթական 3 միավորը վաստակելու համար: Նախորդ տուրում "Արարատը" զիջելով "Գանձասարին" փորձում էր կորցրածը հետ բերել "Շիրակի" հետ խաղում: Գյումրեցիներն էլ նախորդ տուրում հաղթելով "Միկային" ավելի ոգևորված էին դուրս եկել խաղադաշտ և ձգտում էին ամեն գնով հասնել հերթական հաղթանակին: Հանդիպումը սկսվեց "Շիրակի" գրոհների առավելությամբ, բայց մերթ ընդ մերթ ակտիվություն էին ցուցաբերում նաև "Արարատի" ֆուտբոլիստները: Հանդիպման 3 միավոր վաստակելու արժեքը լավ իմանալով 2 թիմերն էլ գործում էին զգույշ, և պատահական չէ, որ առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց և թիմերը գնացին ընդմիջման, երբ  հանդիպման հաշիվը 0:0 էր: 2-րդ խաղակեսում թիմերն սկսեցին մի քիչ ավելի ակտիվ գործել, և "Շիրակի" ակտիվ գործողություններից մեկն էլ պսակվեց հաջողությամբ, երբ հանդիպման 52-րդ րոպեին սենեգալցի կիսապաշտպան Լամին Լի Յորոն բացեց խաղի հաշիվը: Մնացած ժամանակահատվածում հաշիվը այլևս չփոխվեց, և Գյումրիի "Շիրակը" հյուրընկալվելիս կարողացավ 0:1 հաշվով հաղթանակի հասնել "Արարատի" նկատմամբ:



Նույն օրը` նոյեմբերի 17-ին, կայացավ ևս մեկ հանդիպում: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան` "Հանրապետական" մարզադաշտում "Ուլիսը" հյուրընկալել էր Կապանի "Գանձասարին": Այս հանդիպման ժամանակ 2 թիմերի գլխավոր մարզիչներն էլ ապացուցելու բան ունեին: Հիշեցնենք, որ "Գանձասարի" գլխավոր մարզիչն է համարվում Սևադա Արզումանյանը, որը "Ուլիսի" հետ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի կոչումը, և միայն այս տարի ոչ բավարար արդյյունքներ ցույց տալու համար հեռացել էր զբաղեցրած պաշտոնից, իր տեղը զիջելով ներկայիս "Ուլիսի" գլխավոր մարզչի պաշտոնակատար Կարեն Բարսեղյանին, որը իր հերթին ձգտելու էր իր առավելությունը հաստատել Արզումանյանի նկատմամբ, իր թիմի տարած հաղթանակով: Նախորդ 3 տուրերում "Գանձասարի" տոնած հաղթանակներն հույս էին տալիս կապանցիներին, որ կարող են հաղթել նաև այս խաղում: "Ուլիսն" էլ իր հերթին էլ նահանջելու տեղ չունի և միայն յուրաքանչյուր տուրում հաղթանակի հասնելու պայմանում կկարողանա հյատնվել լավագույն եռյակում և իրավունք ստանալ մասնակցելու եվրոգավաթային հանդիպումների: Հանդիպման 3 միավորի արժեքը շատ բարձր գնահատելով 2 թիմերն էլ ամբողջ խաղի ընթացքում դրսևորեցին զգուշություն չդիմեցին ավելորդ ռիսկի և այդպես էլ հանդիպումն ավարտվեց, երբ լուսատախտակին զրոներ էին: Գոլազուրկ ոչ ոքին 2 թիմերին էլ պարգևեց 1-ական միավոր:
2 հանդիպում էլ կայացավ Նոյեմբերի 18-ին: Առաջինը` Արարատի "Այգ" մարզաբազայում Դիլիջանի "Իմպուլսը" հյուընկալել էր Երևանի "Միկային": Այս թիմերն էլ պայքարում են տարբեր նպատակների համար: "Իմպուլսին" հաղթանակն անհրաժեշտ էր 3-րդ հորիզոնականում ամրապնդվելու համար, իսկ "Միկան" էլ պայքարում է չեմպիոնի կոչման համար, և "Շիրակի" հաղթանակի լուրն էլ ավելի էր պարտավորեցնում "Միկային": Անդրադառնալով հանդիպմանը նշենք, որ հենց առաջին րոպեին հյուրերը` "Միկայի" ֆուտբոլիստները, Նարեկ Բեգլարյանի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Թվում էր, թե "Միկան" կկարողանա զարգացնել հաջողությունը և կտոնի հերթական հաղթանակը, բայց չստացվեց, փոխարենը գնդակ ընդունեց սեփական դարպասը: Հանդիպման 51-րդ րոպեին տանտերերի կազմում հանդիպման հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Ռումյան Հովսեփյանը: Այս խաղում այլևս հաշիվը չփոխվեց և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:
Եվս մեկ երևանյան դերբիով ավարտվեց Հայաստանի առաջնության 30-րդ տուրը: Երևանի "Բանանց" մարզադաշտում "Բանանցը" հյուրընկալել էր "Փյունիկին":  Հայտնվելով վերջին հորիզոնականում կարծես թե "Բանանցը" հասկացավ, որ էլ նահանջելու տեղ չունի և "Փյունիկի" հետ խաղում ցույց տվեց դիտարժան խաղ: Իսկ կորուստներով խաղին մոտեցած "Փյունիկնն" էլ գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանի հետ նախորդ տուրում հաղթանակ տոնելուց հետո ձգտում էր նաև հաղթանակի հասնել այս խաղում: Առաջ անցնելով նշենք, որ հյուրերին դա չհաջողվեց, քանի որ տանտերերը հասան չոր հաշվով հաղթանակի 2:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջին րոպեին "Բանանցին" առաջ մղեց Գևորգ Կարապետյանը, իսկ հանդիպման 66-րդ րոպեին էլ Արարատ Առաքելյանը խփեց տանտերերի 2-րդ գնդակը և հաշիվը բերեց վերջնական տեսքի:


Ամփոփելով Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրը նշենք, որ անցկացրած 30 խաղից հետո, և 30-րդ տուրում էլ "Շիրակից" պարտություն կրելով, 8-րդ հորիզոնական է նորից նահանջել "Արարատը" վաստակած 21  միավորով, 7-րդ հորիզոնականում է "Բանանցը" 29 խաղից վաստակած 22 միավորով: 6-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ գործող չեմպիոն "Ուլիսը" 30 խաղից վաստակած 32 միավորով: 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում "Փյունիկը" 29 խաղից վաստակած 42 միավորով, իսկ 4-րդն էլ "Գանձասարն" է 29 խաղից վաստակած 44 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 29 խաղից վաստակած 45 միավորով: 2-րդ հորիզոնականում է ընթանում "Միկան" 29 խաղից վաստակած 59 միավորով, իսկ առաջին հորիզոնականն էլ պահպանեց Գյումրիի "Շիրակը" 29 խաղից վաստակած 62 միավորով: Ինչպես տեսնում ենք` օգտվելով "Միկայի" սայթաքումից "Շիրակը" մեծացնում է միավորների տարբերությունը:


Thursday, November 15, 2012

Հայաստանի հավաքականի ավագի թևկապը` Հենրիխ Մխիթարյանին

Երեկ` նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած  Հայաստան - Լիտվա խաղում մեր հավաքականի վերջին տարիների առաջատար ֆուտբոլիստ և անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանը իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց: Հայաստանի հավաքականում Սարգիս Հովսեփյանի դերն իրոք անգնահատելի էր ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես ավագ: Հիմա արդեն մեր ֆուտբոլի հավաքականը իր կայացման ճանապարհը պետք է շարունակի առանց իր փորձառու ավագի, և այդ պարտականությունները պետք է վստահվի մեկ ուրիշ խաղացողի: Ուրախությամբ պետք է նշել, որ մեր հավաքականի ցուցադրած ֆուտբոլը քիչ թե շատ թիմային է, և հիմնված չէ վառ արտահայտված առաջատար ֆուտբոլիստի վրա, և այս պարագայում ավագի դերում կան մի քանի համարժեք տարբերակներ: 
«Գոլիզեում» բլոգը փորձեց հարցման միջոցով պարզել հայ երկրպագուների կարծիքը ավագի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Ֆուտբոլասերների հետաքրքրությունը, բավականին մեծ էր, հարցմանը մասնակցեց 232 ընթերցող: Ներկայացնենք հարցման արդյունքները.
3. Յուրա Մովսիսյան /11 ձայն - 4.72%/

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող մեր հարձակվողը իրոք առաջատար է թիմի առջևի գծում: Մովսիսյանի հայտնվելը մեր հավաքականում էականորեն հզորացրեց հայկական հավաքականի հարձակողական բռունցքը, և մեր թիմին դարձրեց վտանգավոր մրցակից ցանկացած հավաքականի դեմ: Յուրան վաստակել է նաև բազմաթիվ երկրպագուների սերը և մեծ հեղինակություն է վայելում հայ ֆուտբոլասերների շրջանում: Չնայած անհրաժեշտ որակների առկայությանը` որպես թիմային առաջնորդ Յուրան առայժմ պահեստային տարբերակ է հավաքականի ավագի համար:

2. Ռոման Բերեզովսկի /101 ձայն - 43.35%/

Սարգիս Հովսեփյանը, իր հրաժեշտի խաղում լքելով խաղադաշտը, ավագի թևկապը հանձնեց հենց Ռոման Բերեզովսկուն: Իրավամբ, Բերեզովսկին ավագի թևկապի թեկնածու է ոչ միայն իր հարուստ ֆուտբոլային փորձի կապիտալի, այլև իր խարիզմատիկ բնավորության և բազմաթիվ անգամներ ստանձնած հուսալի փրկարարի դերի շնորհիվ: Նույնիսկ մեր հավաքականի ամենածանր տարիներին, երբ մեր ֆուտբոլասերները ոչ միշտ հնարավորություն ունեին ուրախանալու մերոնց գոլերի համար, նրանց միակ ուրախությունը երբեմն հենց Բերեզովսկին էր իր հերոսական գործողություններով: Բերեզովսկին ավելի քան փորձառու է թիմն առաջնորդելու համար: Ռոմանի օգտին չխոսող միակ հանգամանքը մեր դարպասապահի տարիքն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ վերջինս կլքի հավաքականը առաջիկա մեկ կամ առավելագույնը երկու տարիների ընթացքում, գուցե և շատ ավելի շուտ: Պետք է արդյոք մեր հավաքականին նոր ավագ կարճ ժամանակահատվածի համար` մեր ընթերցողների  43.35%-ի կարծիքով` ԱՅՈ: 

1. Հենրիխ Մխիթարյան /111 ձայն - 47.64%/

Վերջին տարիների հայկական ֆուտբոլի ամենավառ փայլող աստղը` Հենրիխ Մխիթարյանը, ըստ ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքի, ամենահարմար թեկնածուն է հավաքականի ավագի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին` Հենրիխն արդեն բավականին հարուստ փորձ է կուտակել: Բացի այդ Հենրիխի կարևորությունը հավաքականում տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Դժվարին պահերին ֆուտբոլիստը կարողանում է իր վրա վերցնել խաղը, ինչը գերակա հատկանիշ է հավաքականի ավագի համար: Հենրիխը փայլում է նաև իր մարդկային հատկանիշներով, ֆուտբոլային հանրությանը հայտնի է որպես օրինակելի ֆուտբոլային կերպար: Մխիթարյանը առանձնանում է հավաքականում իր առաջատարի դերով, և ունակ է առաջնորդելու երիտասարդ հավաքականին: Հենց դա է պատճառը, որ մեր ֆուտբոլասերները Մխիթարյանին մի փոքր տարբերությամբ գերադասել են Ռոման Բերեզովսկուց /ընդամենը 10 ձայն/:

Քվեարկության ամբողջական արդյունքները.
Հայաստանի հավաքականի ավագի թեկնածուներ
Այլ տարբերակների թվում մեկական ֆուտբոլասերներ նշել էին Ռոբերտ Արզումանյանին և Վալերի Ալեքսանյանին:
Ինչևէ, շնորհակալություն ենք հայտնում բլոգի ընթերցողներին ցուցաբերած ակտիվության համար: Այս տարի մեր հավաքականը արդեն ավարտել է իր ելույթները, և մեր ապագա ավագին մենք կտեսնենք արդեն հաջորդ տարի:


Wednesday, November 14, 2012

Արժանի հրաժեշտ մեր երկարամյա ավագին

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 2012 թվականի իր վերջին պաշտոնական հանդիպումը, ընկերական խաղում հյուրընկալելով Լիտվայի ազգային հավաքականին: Սակայն հայ ֆուտբոլասերների համար ոչ միայն կարևոր էր, որ Հայաստանի ազգային հավաքականն է հանդիպում անցկացնում, այլ նաև այն հանգամանքը, որ այս հանդիպումը վերջինն էր Սարգիս Հովսեփյանի համար, որպես ֆուտբոլիստ և Հայաստանի հավաքականի ավագ:
Երկու թիմերի կազմերում էլ կային կորուստներ, սակայն իհարկե ամենալուրջը հայերի կորուստն էր, քանի որ վնասվածքի պատճառով այս հանդիպմանը չէր կարող մասնակցել մեր հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը: Հարձակվողի հարցը շատ լուրջ խնդիր էր հայերի համար: Իսկ երբ հանդիպումը մեկնարկեց, պարզ դարձավ, որ առաջ քաշված հարձակվողի պարտականությունները կատարելու է Եկատիրինբուրգի "Ուրալում" հիմնական կազմում տեղ նվաճած Էդգար Մանուչարյանը: Այժմ անդրադառնանք հանդիպմանը:
Հանդիպումը մեկնարկեց և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հենց խաղի սկզբում սկսեցին ակտիվություն ցուցաբերել ու ապացուցել, որ անգամ հարձակման առաջատարի բացակայության պայմաններում, ցուցադրելու են հարձակողական ֆուտբոլ: Երբ եկավ հանդիպման 4-րդ րոպեն տեղի ունեցավ երեկոյի գլխավոր իրադարձությունը:
Մեր արդեն նախկին ավագ` Սարգիս Հովսեփյանը
Սարգիս Հովսեփյանը ավագի թևկապը հանձնեց իր բազմամյա խաղընկերոջը` Ռոման Բերեզովսկուն, և գրկախառնվելով վերջինիս հետ հոտնկայս ծափահարությունների ներքո լքեց խաղադաշտը: Իրենց նախկին թիմի ավագ խաղընկերոջը և ներկայիս հավաքականի տնօրենին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հիանալի նվեր մատուցեցին արժանիորեն հաղթելով Լիտվայի ընտրանուն: Հաղթանակի սկիզբը դրվեց հանդիպման 7-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը ձախ եզրով ներխուժելով լիտվացիների տուգանային հրապարակ հիանալի փոխանցում կատարեց դեպի Էդգար Մանուչարյանը, որն էլ կարողացավ դիպուկ հարվածով բացել հանդիպման հաշիվը: Գոլ խփելուց հետո հանդիպման 12-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում Մանուչարյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ 14-րդ րոպեին էլ փոխարինվեց Դավիդ Մանոյանով: Այս պարագայում առաջ քաշված հարձակվողի պարտականությունները սկսեց կատարել Կրասնոդարի "Կուբանի" ֆուտբոլիստ Մարկոս Պիներյո Պիցելին: Առաջին խաղակեսում այլևս լուրջ իրադարձություններ տեղի չունեցան և թիմերը գնացին ընդմիջման, երբ հանդիպման հաշիվը 1:0 էր հայերի օգտին: Ընդմիջման ժամանակ էլ տեղի ունեցավ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:
Ոսկե մեդալներ Սարգիս Հովսեփյանին Երևանի քաղաքապետի կողմից
Առաջին խաղակեսի ընթացքից ոչ ոք չէր սպասում իրադարձությունների նման զարգացման 2-րդ խաղակեսում, քանի որ ի տարբերություն առաջին խաղակեսի 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 5 գոլ: Հանդիպման 50-րդ րոպեին գրանցվեց հանդիպման 2-րդ գոլը, և նորից գնդակը հայտնվեց հյուրերի դարպասում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի իրացնելով իր իսկ վաստակած տուգանային հարվածը վտանգավոր գոտում,գնդակը հետ մղվեց դարպասաձողից և խառնաշփոթ իրավիճակում կարողացավ արագ և ճիշտ կողմնորոշվել Դոնեցկի "Մետալուրգի" կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը և կրկնապատկել հայերի առավելությունը: Սա լուրջ հայտ էր հաղթանակի համար, բայց հայերը ձեռք բերածով չբավարարվեցին և չանցած 5 րոպե հանդիպման 55-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը ստանալով գնդակը, պատ խաղարկեց Արաս Օզբիլիսի հետ և ներխուժելով տուգանային հրապարակ  հաշիվը դարձրեց 3:0 հօգուտ հայերի: Հայերի ցուցադրած գրավիչ ֆուտբոլը ստիպում էր ֆուտբոլասերներին հավատալ էլ ավելի խոշոր հաշիվ գրանցելու հանգամանքին: Սակայն հանդիպման 65-րդ րոպեին ձախ եզրից հյուրերի կիսապաշտպան Արթուրաս Ռիմկեվիչյուսը կարողացավ դառնալ շատ գեղեցիկ գոլի հեղինալկ և հաշիվը դարձրեց 3:1: Բայց այս գոլից էլ չընկճվեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները և հանդիպման 71-րդ րոպեին էլ մրցակցի խփած գեղեցիկ գոլին շատ գեղեցիկ գոլով պատասխանեց և գնդակն դարպասապահի գլխավերևով լիտվացիների դարպասն ուղարկեց Կրասնոդարի "Կուբանի" և Հայաստանի հավաքականի աջ եզրային հարձակվող Արազ Օզբիլիսը: Ի դեպ Օզբիլիսը նաև շատ արդյունավետ խաղ է ցուցադրում նաև "Կուբանի" կազմում, և Ռուսաստանի պրեմիեր լիգայի վերջին 2 տուրերի շրջանակներում 2 անգամ գրավել է մրցակիցների դարպասը 11 մետրանոց հարվածից: Ի շնորհիվ Օզբիլիսի խփած գոլի հայերը նորից ստացան 3 գնդակի առավելություն և նորից հաղթում էին խոշոր հաշվով: Բայց հյուրերը` Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստները, ցուցադրեցին կամք և ամեն ինչ արեցին, որպեսզի խոշոր հաշվով պարտություն չկրեն: Այդ հաջողվեց հյուրերին մեր պաշտպանների անփույթ խաղի արդյունքում: Խաղի 80-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը իր իսկ տուգանային հրապարակում փորձեց խաբս տալ լիտվացի հարձակվողներին, բայց կորցրեց գնդակը և ստիպված եղավ խախտել խաղի կանոնները, իսկ մրցավարն էլ առանց վարանելու ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Հյուրերի ֆուտբոլիստ Ռիմկավիչյուսը մոտեցավ գնդակին և չվրիպեց նպաստավոր իրավիճակից ձևակերպելով "դուբլ"  հաշիվը դարձրեց 4:2: Հանդիպման ընթացքւոմ այլևս նոր գոլեր և լուրջ իրադարձություններ չարձանագրվեցին և Հայաստանի ազգային հավաքականը 4:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Լիտվայի ազգային ընտրանու նկատմամբ: 
Ամփոփելով հանդիպումը կարելի է ասել, որ Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը և կարողացավ հոյակապ հաղթանակ տոնել Լիտվայի հավաքականի նկատմամբ: Ինչպես նաև իրենց հիանալի խաղով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան տալ արժանի հրաժեշտ մեր երկարամյա ավագին:    

Sunday, November 11, 2012

"Շիրակը" դարձավ միանձնյա առաջատար

Հայաստանի 21-րդ առաջնության 29-րդ տուրն անցավ խելահեղ տեմպով և փոխվեց առաջատարը: Սակայն մինչ 29-րդ տուրը Նոյեմբերի 7-ին կայացան 2 հետաձգված հանդիպումները: Առաջինում` "Գանձասարը" Կապանում հյուրընկալեց և 1:0 հաշվով հաղթանակ տոնեց "Փյունիկի" նկատմամբ, իսկ "Բանանց" "Շիրակ" հանդիպումն էլ ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով: Իսկ 29-րդ տուրի կայացած 4  հանդիպումներն էլ անցան լարված պայքարում: Պատկերացրեք, որ կայացած 4 խաղերում գրանցվեց 14 գոլ: Այսինքն մեկ խաղում միջինը` 3.5 գոլ, ինչը կարծում ենք` շատ լավ արդյունք է Հայաստանի առաջնության համար: Այսքանով` անդրադառնանք կայացած 29-րդ տուրի արդյունքներին:
Հայաստանի 21-րդ առաջնության 29-րդ տուրը սկսվեց շաբաթ օրը և կայացավ մեկ հանդիպում: "Բանանցը" սեփական հարկի տակ ընդունել էր Դիլիջանի "Իմպուլսին": Խաղը ընթացավ հետաքրքիր սցենարով, և դրամատիկ պայքարում հաղթող ճանաչվեցին հյուրերը, որոնք ևս մեկ լուրջ քայլ կատարեցին լավագույն եռյակում մնալու համար:

Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց իսպանացի հարձակվող Դիեգո Կաստրոն: Սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին տանտերերը 2 գնդակ խփեցին և հաղթողի կարգավիճակով գնացին հանդերձարան: Խաղի 43-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Կարեն Հարությունյանը, իսկ հանդիպման 45-րդ րոպեին էլ տանտերերի 2-րդ գնդակը խփեց իր նշանառությունը վերականգնած Արտակ Դաշյանը: 2-րդ խաղակեսում խաղային և տարածքային առավելությունը ամբողջությամբ անցավ "Իմպուլսին", որոնք էլ կարողացան արդյունավետ օգտագործել իրենց առավելությունը: Հանդիպման 56-րդ րոպեին հյուրերի հարձակվող և Հայաստանի 21-րդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածից խփեց իր հերթական` 18-րդ գնդակը և վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Այսքանով հյուրերը չբավարարվեցին և բազմաթիվ ձեռնարկած գրոհներից մեկն էլ ավարտվեց գոլով: Հանդիպման 70-րդ րոպեին Եղիշե Վարդանյանի գոլի շնորհիվ "Իմպուլսը" հաղթեց 2:3 հաշվով և պահպանեց 3-րդ հորիզոնականը: 
29-րդ տուրի խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էին վերջին 3 հանդիպումները: Նախ` Կապանում "Գանձասարը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր "Արարատին": Այս խաղը շատ կարևոր նշանակություն ուներ "Արարատի" գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի համար, քանի որ վերջինս հենց "Գանձասարից" էր տեղափոխվել "Արարատ": Սակայն Խաշմանյանին այս խաղում ոչնիչ ապացուցել չհաջողվեց, քանի որ տանտերերը յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գնդակ 2:0 հաշվով առավելության հասան "Արարատի" նկատմամբ: Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ռոժելիո Զեեդորֆը հանդիպման  18-րդ րոպեին: Իսկ հանդիպման 89-րդ րոպեին էլ Դիեգո Լոմբա Ֆարիասը խփեց 2-րդ գնդակը և հաշիվը բերեց վերջնական տեսքի: Այս հաղթանակը Սևադա Արզումանյանի սաների համար 3-րդ անընդմեջ հաղթանակն էր Հայաստանի 21-րդ առաջնության շրջանակներում:

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Գյումրիում, որտեղ "Շիրակը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր "Միկային": Այս հանդիպման միավորների արժեքը շատ մեծ էր, քանի որ հաղթանակի դեպքում գյումրեցիները դուրս կգային առաջին հորիզոնական, իսկ մնացած ցանկացած արդյունքի դեպքում "Միկան" կպահպաներ առաջին հորիզոնականը: Մի խոսքով այս հանդիպումն ուներ առաջին հորիզոնականի արժեք: Հանդիպման առաջին կեսը անցավ կոռեկտ պայքարում և թիմերը գնացին ընդմիջման 0:0 հաշվի պարագայում: Հիմնական իրադարձությունները զարգացան 2-րդ խաղակեսում: Հանդիպման 63-րդ րոպեին իր լավագույն մարզավիճակը վերականգնած Հայաստանի հավաքականի թեկնածու` կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, զարգացնելով արագություն, պատ խաղարկելով խաղընկերոջ հետ, ներխուժեց "Միկայի" տուգանային հրապարակ և բացեց հանդիպման հաշիվը: Խփած գոլից հետո "Շիրակը" չհանգստացավ և չանցած 7 րոպե աջ եզրից Բեկոն հիանալի փոխանցում կատարեց "Միկայի" տուգանային հրապարակ և ձախ եզրում միայնակ մնացած Լամին Լի Յորոն հաշիվը դարձրեց 2:0` հօգուտ "Շիրակի": Այս գոլից հետո թվում էր թե կրքերը կհանդարտվեն, սակայն տանտերերը ձեռքբերածով էլ չբավարարվեցին: 76-րդ րոպեին մեն մենակ մնալով Կասպարովի դեմ դիմաց Անդրանիկ Բարիկյանը խփեց "Շիրակի" 3-րդ գնդակը, որը մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո պարզվեց վերջին գնդակն էր: "Շիրակը" հաղթեց խոշոր` 3:0 հաշվով և շրջանցեց "Միկային":
Հերթական երևանյան դերբիով ավարտվեց Հայաստանի 21-րդ առաջնության 29-րդ տուրը: Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում տանտիրոջ կարգավիճակով "Փյունիկը" հյուրընկալել էր գործող չեմպիոն "Ուլիսին":
Պահ` "Փյունիկ"-"Ուլիս" հանդիպումից
Նոյեմբերի 7-ին Կապանում "Գանձասարին" պարտվելուց հետո ոչ պատշաճ վարքագծի համար "Փյունիկի" գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, և "Ուլիսի" հետ խաղում "Փյունիկի" գործողությունները վերահսկում էր Վարդան Մինասյանը: "Իմպուլսի" և "Գանձասարի" հաղթանակները ստիպում էին "փյունիկցիներին" միայն հաղթանակ տոնել, որպեսզի շատ չհեռանային լավագույն եռյակում հայտնվելու մղվող պայքարից: Հանդիպման 28-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Գագիկ Պողոսյանը: Այս գոլից չեր անցել 4 րոպե, երբ 32-րդ րոպեին "Փյունիկի" պաշտպան Տարոն Ոսկանյանը խփեց իր թիմի 2-րդ գնդակը: Իսկ առաջին խաղակեսի 44-րդ րոպեին էլ հյուրերը կարողացան 11 մետրանոց հարվածի շնորհիվ կրճատել հաշվի տարբերությունը: 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Արսեն Բալաբեկյանը: 2-րդ խաղակեսում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, այն էլ հանդիպման ավարտման վերջին վայրկյաններին, երբ գոլի հեղինակ դարձավ "Փյունիկի" կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որն էլ հաշիվը բերեց վերջնական տեսքի և "Փյունիկը" հաղթեց 3:1 հաշվով:
Ամփոփելով 29-րդ տուրը նշենք, որ անցկացրած 28 հանդիպումներից հետո վաստակած 19 միավորով "Բանանցը" շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Նոյեմբերի 7-ին 26-րդ տուրից իրենց բաց թողած հանդիպումն անցկացրին նաև "Ուլիսն" և "Արարատը" և խաղն ավարտվեց անարդյունք ոչ ոքի` 0:0 հաշվով: Այդ իսկ պատճառով 29 տուրից հետո անցկացրած 29 խաղից վաստակած 21 միավորով "Արարատը" նախավերջին` 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ 6-րդ հորիզոնականում էլ "Ուլիսն" է 29 խաղից վաստակած 31 միավորով: 5-րդ հորիզոնականում է ընթանում "Փյունիկը" 28 խաղից վաստակած 42 միավորով, իսկ 4-րդն էլ "Գանձասարն" է նույնքան խաղից վաստակած 43 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 28 խաղից վաստակած 44 միավորով: 2-րդ հորիզոնական է նահանջել "Միկան" 28 խաղից վաստակած 58 միովորով: Հաղթելով հենց "Միկային" 28 խաղից վաստակելով 59 միավոր Գյումրին ներկայացնող` "Շիրակը" դարձավ միանձնյա առաջատար:



Friday, November 9, 2012

Եվրոպա լիգայի խմբային փուլում ամեն ինչ խճճված է

Եվրոպա լիգայի խմբային փուլի լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Եթե նախորդ առաջնություններում խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումներից հետո գրեթե ամեն ինչ պարզ էր դառնում, ապա այս առաջնությունում բացառությամբ մի քանի խմբերի դեռևս անհայտ է վերջնական իրավիճակը խմբային փուլի: Եվրոպա լիգայի 4-րդ տուրում տեղի ունեցան շատ հետաքրքիր հանդիպումներ, գրանցվեցին անակնկալ և օրինաչափ արդյունքներ: 
A խումբ "Անժի" 7մ., "Լիվերպուլ" 6մ., "Յանգ Բոյզ" 6մ., "Ուդինեզե" 4մ.: Այս խմբի 4-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Մախաչկալայում, որտեղ "Անժին" հյուրընկալել էր անգլիական հեղինակավոր ակումբներից մեկին` "Լիվերպուլին":
Պահ` "Անժի" -"Լիվերպուլ հանդիպումից, գնդակի համար պայքարում են Սթիվեն Ջերարդը և Սամուել Էտո'ոն
Հանդիպումն անցավ հետաքրքիր և անզիջում պայքարում: Լասինա Տրաորեի խփած գոլի շնորհիվ  հաղթեցին տանտերերը 1:0 հաշվով և խմբում դուրս եկան առաջին հորիզոնական, վաստակելով 7 միավոր շրջանցելով հենց "Լիվերպուլին": Հաշվի առնելով "Անժիի" ֆուտբոլիստների բարձր մակարդակը այս հանդիպման հաշիվը անակնկալ համարել չի կարելի, փոխարենը` անակնկալ գրանցվեց խմբի մյուս խաղում: "Ուդինեզեն" սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց շվեյցարական "Յանգ Բոյզին" և բարդացրեց խմբից դուրս գալու բոլոր գործերը: Դեռևս 4 թիմերն էլ հնարավորություն ունեն հաջորդ փուլ դուրս գալու, և մինչև վերջին տուրը դեռ այս փուլում հետաքրքիր իրադարձություններ են զարգանալու: 
B խումբ "Ատլետիկո" 9մ., "Վիկտորիա" 9մ., "Ակադեմիկա" 4մ, "Հապոել" 1մ.: Այս խումբն էլ զերծ չմնած անակնկալից, քանի որ խմբի ակնհայտ ֆավորիտ և առաջատար Մադրիդի "Ատլետիկոն" Պորտուգալիայում 2:0 հաշվով զիջեց "Ակադեմիկային": Պորտուգալացիները այս հաղթանակից հետո նոր հույս արթնացրեցին խմբից դուրս գալու համար: Իսկ ահա խմբի մյուս խաղում անկնկալ չգրանցվեց: Պլզենում "Վիկտորիան" սեփական հարկի տակ ընդունելով իսրայելական "Հապոելին" 4 անպատասպան գնդակ ուղարկեց, և 4:0 հաշվով հաղթանակ տոնեց Թել-Ավիվից ժամանած հյուրերի նկատմամբ: Ի ուրախություն հայ ֆուտբոլասերների այս խաղում Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մալաքյանը տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ հանդիպման 85-րդ րոպեից: Այս խմբի 2 առաջատարները շատ լուրջ քայլ են կատարել հաջոդ փուլ դուրս գալու, բայց պայքարին կարող է միջամտել նաև պորտուգալական "Ակադեմիկան":
C խումբ "Ֆեներբախչե" 10մ., "Բորուսիա" Մյունխենգլադբախ 5մ., "Օլիմպիկ" Մարսել 5մ., "ԱԵԼ" 1մ.: Այս խմբի առաջատար թուրքական "Ֆեներբախչեն" Ստամբուլում սեփական հարկի տակ ընդունելով խմբի հետնապահ կիպրոսյան "ԱԵԼ" ակումբին հասավ հեշտ հաղթանակի 2:0 հաշվով, և վաստակելով 10 միավոր վստահորեն գլխավորելով խմբային աղյուսակը: Ինչպես նաև  շատ լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար: Իսկ խմբի մյուս` կենտրոնական խաղում, Մարսելում մրցավեճի էին դուրս եկել տեղի "Օլիմպիկը" և Մյունխենգլադբախի "Բորուսիան":
Պահ` "Մարսել" "Բորուսիա" հանդիպումից, նկարում Ջոյ Բարթոնն ու Մայք Հանկեն են
Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հավով: Տեսականորեն դեռ "Ֆեներբախչեն" էլ հաջորդ փուլի ուղեգիր չի վաստակել, այնպես որ 3 թիմերն էլ մինչև վերջ պայքարելու են 2 ուղեգրերի համար: Բնականաբար լավագույն շանսը դեռևս ունի թուրքական ակումբը:
D խումբ "Նյուքասլ" 8մ., "Բորդո" 7մ., "Բրյուգե" 4մ., "Մարիտմու" 2մ.: Այս խմբի Բելգիայում կայացած "Բրյուգե" "Նյուքասլ" հանդիպումն ապացուցեց, որ Եվրոպա լիգայում նույնպես թույլ թիմեր չկան: Խաղի ֆավորիտ համարվող "Նյուքասլը" Բրյուսելում չկարողացավ հաղթել "Բրյուգեին": Ավելին խաղի ընթացքում "կաչաղակները" զիջելով  տանտերերին 2:0 հաշվով այնուամենայնիվ կարողացան խփել 2 պատասխան գնդակները և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով: Ի դեպ 4 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: Իսկ խմբի մյուս խաղում "Բորդոն" սեփական հարկի տակ հյուրընկալելով պորտուգալական "Մարիտմուին" կարողացավ հասնել հաղթանակի, հաղթելով նվազագույն` 1:0 հաշվով: Այս խմբում էլ դեռ պարզելու բաներ կան, քանի որ անգամ խմբի հետնապահ "Մարիտմուն" դեռևս հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունի:
E խումբ "Ստյաուա" 10մ., "Շտուտգարտ" 5մ., "Կոպենհագեն" 4մ., "Մյոլդե" 3մ.: Այս խմբի 2 խաղերում էլ հաղթեցին հյուրերը: Առաջինը` Նորվեգիայում հյուրնկալվելով "Մյոլդեին" Ռումինիան ներկայացնող "Ստյաուան: 1:2 հաշվով հաղթանակ տոնեց և վստահորեն սկսեց գլխավորել խումբը վաստակած 10 միավորով: Ինչը շատ լուրջ հայտ է հաջորդ փուլ դուրս գալու համար: Մյուս խաղում էլ, որը տեղի ունեցավ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, տեղի համանուն թիմը սեփական հարկի տակ զիջեց գերմանական "Շտուտգարտին": Այս խմբի ուղեգրերից մեկը ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Բուխարեստի "Ստյաուաին", իսկ մյուս ուղեգրի համար մինչև վերջին տուրը կպայքարեն մյուս 3 թիմերը:
F խումբ "Դնեպր" 9մ., "Նապոլի" 6մ., "ԱԻԿ" 4մ., "ՊՍՎ" 4մ.: Այս խմբում էլ 4-րդ տուրի հանդիպումներից հետո ամեն ինչ ավելի խճճվեց: Նախ` Նեապոլում "Նապոլին" սեփական հարկի տակ կարողացավ 4:2 հաշվով հաղթանակ տոնել խմբի առաջատար համարվող Դնեպրոպետրովսկի "Դնեպրի" նկատմամբ: Տանտերեի կազմում հանդիպման հերոս դարձավ և իր հաշվին "Պոկեր" գրանցեց, ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին:
Պահ` "Նապոլի" -"Դնեպր" հանդիպումից, Էդիսոն Կավանին խփում է իր 4 գնդակներից մեկը:
Իսկ խմբի մյուս խաղում գրանցվեց անակնկալ հաշիվ, քանի որ Հոլանդիան ներկայացնողց "ՊՍՎ"-ն 3-րդ տուրում սեփական հարկի տակ չկարողանալով հաղթել շվեդական "ԱԻԿ"-ին, 4-րդ տուրում Սոլնայում կայացած խաղում էլ 1:0 հաշվով զիջեց Շվեդիան ներկայացնող ակումբին և դժվարացրեց խմբից դուրս գալու հնարավորությունները: 4 թիմերն էլ իրատեսորեն կարող են հայտնվել հաջորդ փուլում, այդ իսկ պատճառով այս խմբի շատ հարցերի պատասխան դեռ կտան առաջիկա 2 տուրերը:
G խումբ "Գենկ" 8մ., "Վիդեոթոն" 6մ., "Բազել" 5մ., "Սպորտինգ" 2մ.: Այս առաջնության գլխավոր հայտնություններից մեկը հունգարական "Վիդեոթոնը" 3-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթելով շվեյցարական "Բազելին" նույն սխրանքը չկարողացավ կրկնել մրցակցի հարկի տակ: Սեփական հարկի տակ հյուրընկալելով "Վիդեոթոնին" Բազելը կարողացավ նվազագույն` 1:0 հաշվով, հաղթանակ տոնել հյուրերի նկատմմաբ: Խմբի մյուս խաղում էլ այս մրցաշարի Պորտուգալիայի գլխավոր հույս համարվող "Սպորտինգը" Լիսաբոնում հյուրընկալելով բելգիական "Գենկին" չկարողացավ հաղթանակ տոնել: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Այս ոչ ոքուց հետո "Սպորտինգը" նվազագույնի հասցրեց հաջորդ փուլում հայտնբվելու իր բոլոր հույսերը:
H խումբ "Ինտեր" 10մ., "Ռուբին" 10 մ., "Նեֆթչի" 1մ., "Պարտիզան" 1մ.: Թերևս այս խումբը համարվում է ամենապարզ խումբը կայացած 4 տուրերից հետո: Քանի որ արդեն իսկ պարզ են այն 2 թիմերը, թե որոնք են դուրս գալու խմբից: Բելգրադում հյուրընկալվելով տեղի "Պարտիզանին" Միլանի "Ինտերը" կարողացավ 1:3 հաշվով հաղթանակ տոնել տանտերերի նկատմամբ: Մյուս խաղն էլ, որ կայացավ Բաքվում նույնպես հաղթանակ տոնեցին հյուրերը` "Ռուբինի" ֆուտբոլիստները 0:1 հաշվով հաղթելով "Նեֆթչիին": Այս խմբում մնացել է պարզել մեկ բան թե առաջատար երկյակից, որ թիմն է դուրս գալու հաջորդ փուլ 1-ին հորիզոնականով:
I խումբ "Օլիմպիկ" Լիոն 12մ., "Սպարտա" 7մ., "Իրոնի Կիրյաթ" 1մ., "Ատլետիկ" 1մ.: Այս խմբում տեղի ունեցավ գլխավոր անակնկալը, քանի որ Եվրոպա լլիգա նախորդ խաղարկության եզրափակիչ դուրս եկած իսպանական "Ատլետիկ" Բիլբաոն, 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունելով Լիոնի "Օլիմպիկին" 2:3 հաշվով զիջեց, և անհնարինին հասցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:
Պահ` "Ատլետիկ"-"Լիոն" հանդիպումից, պայքարի բովում Գուրկուֆն ու Ագիրեչեն են
Իսկ խմբի մյուս խաղում` Շմոնայում, "Իրոնի Կիրյաթը" կարողացավ մեկ միավոր վաստակել Պրահայի "Սպարտայի" հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Այս տուրից հետո "Լիոնը" անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
J խումբ "Լացիո" 8մ., "Տոտենհեմ" 6մ., "Մարիբոր" 4մ., "Պանատինաիկոս" 2մ.: Այս խմբում վերջապես 3  ոչ ոքիներից հետո 4-րդ տուրում կարողացավ հաղթանակ տոնել "Տոտենհեմը": "Շպորները" սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան Սլովենիան ներկայացնող "Մարիբորի" նկատմամբ: Այս խաղը նաև կարելի է համարել տանտերերի հարձակվող Ժերմիեն Դեֆոյի "բենեֆիսը", քանի որ Անգլիայի հավաքականի  հարձակվողը խփեց իր թիմի 3 գնդակները և ձևակերպեց "հեթ տրիկ": Խմբի մյուս խաղում էլ Հռոմում "Լացիոն" կարողացավ խոշոր` 3:0 հաշվով, առավելության հասնել հունական Պանատինաիկոսի" նկատմամբ: 4-րդ տուրից հետո կարծես թե առանձնացան խմբի 2 ֆավորիտները, բայց դեռ 2 թիմերն էլ չեն ապահովել հաջորդ փուլի իրենց ուղեգիրը:
K խումբ "Բայեր" 10մ., "Մետալիստ" 10մ., "Ռուսենբորգ" 3մ., "Ռապիդ" 0մ.: Այս խմբում էլ մեկ պարզելու բան մնաց կայացած 4-րդ տուրից հետո: "Բայերը" Լեվերկուզենում 3:0 հաշվով հաղթելով Վիեննայի "Ռապիդին" ապահովեց հաջորդ փուլի իր ուղեգիրը: Խարկովում էլ` "Մետալիստը", 3:1 հաշվով հաղթելով նորվեգական "Ռուսենբորգին նույնպես ապահովեց հաջորդ փուլում իր տեղը: Մնաց միայն պարզել, թե "Բայերից" ու "Մետալիստից", որ թիմը դուրս կգա հաջորդ փուլ առաջին հորիզոնականով:
L խումբ "Հանովեր 96" 10մ., "Լեվանտե" 7մ., "Տվենտե" 3մ., Հելսիգբորգ" 1մ.: Այս խմբի առաջին խաղում Հանովերում տեղի համանուն թիմը 3:2 հաշվով հաղթելով "Հելսիգբորգին" ապահովեց հաջորդ փուլի իր ուղեգիրը: Իսկ խմբի մյուս խաղում էլ մյուս ուղեգրի համար պայքարող 2 թիմերի մրցավեճը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: "Տվենտեն" սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել "Լեվանտեի" համառ դիմադրությունը և հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Վերջում մնում է ասել մեկ բան կայացած 4-րդ տուրից հետո` Եվրոպա լիգայի խմբային փուլում ամեն ինչ խճճված է:

Monday, November 5, 2012

Հարցում. Ով կարող է կրել Հայաստանի հավաքականի ավագի թևկապը Սարգիս Հովսեփյանից հետո

Նոյեմբերի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան - Լիտվա հանդիպումը վերջինը կլինի մեր հավաքականի վերջին տարիների անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանի համար: Հայաստանի հավաքականի համար, զարգացման այս փուլում, խիստ կարևոր է առաջնորդի որակներով օժտված ավագի առկայությունը: Հավաքականի ավագը պետք է կարողանա իր հետևից տանել թիմը, պետք է լինի հեղինակություն` ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում: Այս շրջափուլի 3 հանդիպումներում արդեն իսկ բազմիցս մեր հավաքականը բախվել է խաղային և հոգեբանական բազմաթիվ խոչընդոտների, երբ մեր ֆուտբոլիստներին անհրաժեշտ էր կենտրոնացում հաղորդել և հեռու պահել ծայրահեղ քայլերից: Առաջիկա խաղերում նույն խնդիրը հանդես կգա ավելի լուրջ դրսևորումներով, և այս դեպքում կրկին առաջնայինը ավագի դերն է:
Ամփոփելով` ցանկանում ենք իմանալ Ձեր կարծիքը, թե ով կարող է լավագույնս փոխարինել Սարգիս Հովսեփյանին ավագի դերում:

Շնորհակալություն ենք հայտնում Ձեր կարծիքի համար: Կարող եք նաև դիտել մեր նախորդ հարցումների արդյունքները այստեղ:

Ա սերիա 2012-13. Թարմացումները տեղադրված են

10 խաղ շարունակ իտալական թիմերը փորձում էին գտնել իրենց տեղը Ա սերիայի ընթացիկ մրցաշարում` ջանալով տեղավորել նաև անցած մրցաշրջանից և տրանսֆերային ամառից «հետ գցած» անպետք իրերով լի ճամպրուկները: «Յուվենտուսը» իր հետևից մրցաշարային աղյուսակի վերնամաս էր քարշ տալիս արդեն 49-խաղանոց անպարտելի շարքը, «Ինտերը» դժվարությամբ մեկը մյուսի հետևից ազատվում էր անցած մրցաշրջանում ձեռք բերած հիվանդություններից, «Ուդինեզեն» Չեմպիոնների լիգայի համին կարոտ թափառում էր ներքին հորիզոնականներում,  իսկ «Միլանը» կարծես դեռ «լռվել-մնացել» էր տրանսֆերային պատուհանում` գոնե մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք գցելու ակնկալիքով: «Նապոլին» իր ճամպրուկում դեռ փնտրում էր Էյզեքուել Լավեսսիին, իսկ ահա հռոմեական թիմերն էլ փորձում էին իրենց ճամպրուկներում տեղավորել նոր մարզիչներին, որոնք իրենց հերթին դատարկ չէին եկել. արդյունքում նրանց ճամպրուկները նորմալ չեն փակվում և երբեմն «պայթում են», ինչպես այս տուրում «Լացիոյի» դեպքում: Մի շարք թիմեր էլ սկսել էին առաջնությունը բացասական միավորների կամ «բացասական» մարզիչների բեռով: 


Եվ ահա 11-րդ տուրում «ջղաձգված Կալչիոն» վերջապես որոշեց սեղմել F5 կոճակը և նորից գործարկեց A_serie_2012-13.exe ֆայլը: Այո, այս տուրը իրավամբ կարելի է համարել առաջնությունում իրական պայքարի սկիզբը: Դրա հիմնական պատճառը, իհարկե, Թուրինում կայացած հանդիպումն էր: «Յուվենտուսի» 49 խաղ տևած անպարտելի շարքը հասավ իր ավարտին Իտալական դերբիում, որտեղ «Ինտերը» ցուցաբերեց ֆուտբոլային զորեղ կամք և ճարպիկ տակտիկական լուծումներ: Չնայած խաղի հենց առաջին րոպեին մրցավարական սարսափելի սխալին, որի արդյունքում «Յուվեն» առաջ անցավ հաշվի մեջ, Անդրեա Ստրամաչիոնին կարողացավ լուծում գտնել այս դժվարին խնդրին և վերջում ցնծալ իր տարիքին, բայց ոչ իր կարգավիճակին հատուկ հիացմունքով: «Ինտերը» այս խաղում աչք փակեց միանգամից երկու հզոր հանգամանքների` «Յուվեի» անպարտելի շարքի և մրցավարական սխալների շարունակվող համաճարակի վրա: Սա իսկապես պատմական իրադարձություն դարձավ, և բեկումնային դարձավ նաև Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի համար: Ստրամաչիոնիի թիմը ընդգծվեց որպես չեմպիոնական պայքարում հաղթանակի իրական հավակնորդ` «Յուվենտուսի» կողքին: Մյուս կողմից այս հաղթանակը թույլ չտվեց «Յուվեին» առաջ պոկվել և «Ինտերից» բացի մյուս թիմերին նույնպես դուրս թողնել չեմպիոնական պայքարից:


«Յուվենտուսն» էլ այս պարտության համար ամենաշատը ափսոսաց` ռեկորդային արդյունքը կորցնելու պատճառով: Իսկ խաղային տեսակետից այս պարտությունը վերջին անհաջող խաղերից հետո անխուսափելի էր թվում, և դա ավելի շատ դրական ազդեցություն կարող է ունենալ թուրինյան ակումբի վրա, քան բացասական: «Ծեր սենյորայի» ցուցադրած ֆուտբոլը խաղը խաղի հետևից ավելացնում էր շեղումը Կոնտեի ժամանակաշրջանի ցուցադրած խաղից, և կուտակված խնդիրներին պետք էր վերջապես լուրջ մոտեցում ցուցաբերել: Ի վերջո, մրցավարական սխալների տհաճ շարքը նույնպես «բեռ» էր դարձել առաջատարի համար: Հիմա «Յուվենտուսի» ֆուտբոլիստները պետք է նորովի սկսեն կառուցել իրենց խաղը, առանց լարվածության 49 խաղանոց բեռի: Հիմա արդեն թիվ մեկ խնդիրը հաղթելն է, և ոչ թե չպարտվելը: Կոնտեի մոտալուտ վերադարձը նույնպես խթան կարող է լինել ակումբի համար: Ճիշտ է, այս ամենը չի նշանակում, որ «Յուվեն» հաջորդ տուրից սկսած սկսելու է հաղթել բոլորին ու հասնել չեմպիոնական տիտղոսին, հնարավոր է նաև հակառակ սցենարը, սակայն այն, որ «Յուվեին» այս թեթևացումը անհրաժեշտ էր, դժվար է ժխտելը:


Տուրի մյուս կարևոր իրադարձության հեղինակը նույնպես միլանյան ակումբ էր. «Միլանը» վերջապես իր երկրպագուների համար «Սան Սիրոյում» ակումբի փառահեղ անցյալը հիշելու առիթ տվեց` 5-1 հաշվով հաղթելով «Կիեվոյին»: «Միլանը» անցկացրեց բարձր որակի խաղ, գրոհում էր շատ հետաքրքիր ու բազմազան, ինչը ապացույցը այն է, որ բոլոր հինգ գնդակները խփեցին հարձակման գծի հինգ տարբեր խաղացողներ: Սա հենց այն հաղթանակն էր, որ պահանջում է «Միլանի» բոլոր երկրպագուներին նախկինի պես հավատալ իրենց թիմի հաջողություններին, ընդհուպ մինչև «Սկուդետտո», իսկ այս ամենի համար միակ պատասխանատուն Մաքս Ալեգրին է:


«Նապոլին», որը տուրեր առաջ հանդես էր գալիս որպես «Յուվենտուսի» հիմնական մրցակից չեմպիոնական պայքարում, շարունակում է ապացուցել, որ իրենց այնուամենայնիվ ինչ-որ փոքր բան պակասում է: Այս տուրում այդ «փոքր բանը» արժեր 2 միավոր: «Ֆիորենտինան», ընդհակառակը, ցույց է տալիս, որ մարզիչ Մոնտելլան ինչ-որ կարևոր մասնիկ է ավելացրել «ֆլորենցիական մեխանիզմի» մեջ, որը թիմին դանդաղ, սակայն բավականին վստահ քայլերով վեր է տանում մրցաշարային աղյուսակում: Հռոմեական թիմերը շարունակում են ցուցաբերել իրարամերժ, շատ դեպքերում ծայրահեղական արդյունքներ: Ամեն դեպքում, երկու թիմերին միավորում է մեկ հատկություն` ցանկացած պահի այս թիմերի պաշտպանությունները կարող են ուղղակի վերանալ խաղադաշտից ու բաց թողնել մեծ թվով գոլեր: Ամեն դեպքում թիմերը դեռ կարող են կարգավորել իրենց խաղերը և լրջորեն հավակնել մրցանակային տեղերի, իսկ նրանց գլխավոր այցեքարտը տաք հարձակողական ֆուտբոլն է:


Ամփոփելով` փաստենք, որ այս տուրը իտալական Ա սերիան դարձրեց իրականում անկանխատեսելի, ինչը անհրաժեշտ պայման է առաջնության հետաքրքրությունը և որակը պահպանելու տեսակետից: Կալչիոյում խնդիրները շատ են, երկրպագուների հետաքրքրությունն էլ նվազել է, սակայն հիմա պայքարը նոր ուժով է բորբոքվելու, և դա միայն Ա սերիայի օգտին է: Հաջողության հասնելու համար թիմերը դեռ շատ ջանք պետք է թափեն, դեռ շատ պետք է ստեղծագործեն, դեռ շատ հանճարեղ մարտավարական քայլեր պետք է կատարեն, պետք է նվիրվեն մինչև վերջին կաթիլ արյունը քրտինքը: Իսկ այս ամենը, համաձայնեք, իրավամբ դիտարժան է:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons