Tuesday, January 22, 2013

Հայաստանի առաջնության դարպասապահների լավագույն հնգյակը

«Գոլիզեում» բլոգը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի առաջնությունը: Այս երկարատև արձակուրդի ընթացքում մենք կամփոփենք առաջին 32 տուրերը և կներկայացնենք մեր վարկածով լավագույններին: Ինչպես գիտենք, սկսած Հայաստանի 21-րդ առաջնությունից որոշում ընդունվեց, որ առաջնության հանդիպումները անց են կացվելու աշուն-գարուն մրցակարգով, իսկ հայկական ակումբների դարպասներն էլ առաջնության և գավաթային հանդիպումների ժամանակ պաշտպանելու են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող դարպասապահները: Իսկ թե ինչքանով լավ կամ վատ անդրադարձավ մեր հայկական ֆուտբոլի վրա` դրան կանդրադառնանք Հայաստանի 21-րդ առաջնության ավարտից հետո: Այժմ այս պոստի ընթացքում կներկայացնենք մեր կարծիքով Հայաստանի 21-րդ առաջնության առաջին հատվածի լավագույն դարպասապահների հնգյակին:

5-րդ տեղ. Ալբերտ Օհանյան «Փյունիկ» Երևան:

Ալբերտ Օհանյան

Առաջնության մեկնարկում, երբ «Փյունիկից»  հեռացավ դարպասապահ Կարեն Իսրայելյանը, և մի քանի տուր չանցած թիմից հեռացվեց նաև թիմի մյուս դարպասապահ Արսեն Պետրոսյանը, դարպասապահի ամբողջ պատասխանատվությունը ընկավ երիտասարդ Ալբերտ Օհանյանի ուսերին: Երիտասարդ դարպասապահը կարողացավ պատվով կատարել իր գործը. ճիշտ է, մրցաշրջանի ընթացքում Օհանյանի կողմից եղան տարրական սխալներ, սակայն քիչ չէին դեպքերը, երբ դարպասապահը կարողանում էր փրկել իր թիմին վերահաս գոլերից: Օհանյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահներից մեկը:

4-րդ տեղ. Արսեն Բեգլարյան «Գանձասար» Կապան:

Արսեն Բեգլարյան

Երբ լուծարվեց ռուսական «Կրասնոդար» ակումբի մինչև 19 տարեկանների թիմը, անգործ մնացած դարպասապահ Արսեն Բեգլարյանը հրավեր ստացավ կապանյան ակումբից, որպես հիմնական դարպասապահներ Գևորգ Պռազյանին և Արմեն Խաչատրյանին փոխարինող: Սակայն, երբ երիտասարդ դարպասապահին հնարավորություն ընձեռնվեց Գևորգ Պռազյանի բացակայության պայմաններում կատարել թիմի հիմնական դարպասապահի պարտականությունները, Բեգլարյանը ձեռքից բաց չթողեց հնարավորությունը և ամրապնդվեց թիմի հիմնական դարպասապահի դերում: Դա չվրիպեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչների աչքերից և Բեգլարյանը հայտնվեց Հայաստանի երիտասարդական հավաքականում:

3-րդ տեղ. Գևորգ Կասպարով «Միկա» Երևան:

Գևորգ Կասպարով

Երբ «Միկա» ակումբը որոշում կայացրեց ամբողջովին երիտասարդացնել թիմը, թիմում մնացին միայն փորձառու 3 ֆուտբոլիստներ՝ Ալեքսը, Աղվան Մկրտչյանը և Գևորգ Կասպարովը: Վերջինս սկսեց կատարել նաև թիմի ավագի պարտականությունները: Հայաստանի ազգային հավաքականի 2-րդ դարպասապահը շատ լավ կատարեց իր գործը և շատ մեծ է Կասպարովի դերը Միկայի այսօրվա հաջողությունների գործում: Մրցաշրջանի ընթացքում, երբ Կասպարովը վնասվածք ստացավ, նրան փոխարինեց Արմեն Ֆիշյանը, որը ևս կարողացավ մի քանի լավ հանդիպում անցկացնել երևանյան ակումբի կազմում: Այժմ Գևորգ Կասպարովը պայմանագիր է ստորագրել իրանական «ՌԱՀ ԱՀԱՆ» ակումբի հետ և մինչև մայիս հանդես է գալու այդ ակումբի կազմում:

2-րդ տեղ. Գոռ Էլազյան. «Իմպուլս», Դիլիջան:

Գոռ Էլազյան

Սկսած 2011 թվականից «Իմպուլսի» դարպասը վստահվեց երիտասարդ Գոռ Էլազյանին. որը տարեցտարի բարելավեց իր խաղային որակները և ամրապնդվեց «Իմպուլսի» հիմնական կազմում: Գոռ Էլազյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահներից մեկը, և մեր կարծիքով Էլազյանի վստահ ելույթների շրքում շատ հեռու չէ այն ժամանակները, երբ դարպասապահը կհայտնվի նաև Հայաստանի ազգային հավաքականում:

1-ին տեղ. Արթուր Հարությունյան «Շիրակ», Գյումրի:

Արթուր Հարությունյան

Գյումրիի «Շիրակի» դարպասապահը այնպիսի վստահությամբ կատարեց իր ստանձնած դարպասապահի պարտականությունները, որ հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականում: Մեծ էր նաև Արթուր Հարությունյանի ավանդը «Շիրակի» բավարար ելույթներին եվրագավաթների հանդիպումներում: Այնուհետև պետք է նշել նաև Հարությունյանի մեծ վաստակը Շիրակի այսօրվա հաջողության գործում, քանի որ Գյումրու ակումբը առաջին 32 տուրերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Հաշվի առնելով այս ամենը մեր վարկածով կայացած 32 տուրերից հետ լավագույնը Արթուր Հարությունյանն է:
Այս ընտրությունը կատարելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձրել դարպասապահների կարևոր դերին իրենց ակումբներում, բաց թողած գնդակների քանակին,  և ցույց տված խաղերին առաջին 32 տուրերի  ընթացքում, և այս ամենը հաշվի առնելով առանձնացրել ենք այս՝ դարպասապահների լավագույն հնգյակը:

Wednesday, January 16, 2013

Յուրա Մովսիսյանը, Դեմբա Բան և ևս 5 ֆուտբոլիստներ, որոնք փոխեցին իրենց ակումբները այս ձմռանը

Մինչ «Գոլիզեում» բլոգը արձակուրդում էր, ֆուտբոլային աշխարհում ակտիվ էին ոչ միայն ֆուտբոլիստները, այլև նրանց գործակալները: Մի շարք ակումբներ օգտվեցին ձմեռային տրանսֆերային պատուհանից` ուժեղացնելու իրենց կազմերը: Ներկայացնում ենք կարևորագույն ձմեռային տրանսֆերներից 7-ը, իսկ մյուսների մասին` մեր հաջորդ նյութերում: 

Դեմբա Բա - «Չելսի»
Որտեղից` «Նյուքասլ»
Պայմանագիր` 3.5 տարի, 8.5 մլն եվրո


Սենեգալցի 27-ամյա հարձակվողը համարվում է այս տարվա առայժմ ամենահաջող ձեռքբերումներից մեկը: Այդպես էլ հույսեր չարթնացնող Ֆեռնանդո Տորեսը հասունացրեց նոր հարձակվողի պահանջը Ռաֆա Բենիտեսի համար: «Նյուքասլի» նախկին հարձակվողը այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրած 20 խաղերում դարձել էր 13 գոլերի հեղինակ: «Չելսիում» նույնպես Բան հաջող մեկնարկեց` հենց առաջին խաղում դառնալով դուբլի հեղինակ: Շատ է քննարկվում` արդյոք Բան և Տորեսը կկարողանան խաղալ իրար հետ, սակայն դրա կարիքը իրականում կարող է նաև չլինել, քանի որ Բենիտեսը հիմնականում օգտագործում է մեկ առաջ քաշված հարձակվողով մարտավարություն: Առավել կարևոր է այն, որ հարձակվողը կարողանա լուծել «Չելսիի» խնդիրները առջևի գծում, ինչպես նաև կարողանա մրցակցության մեջ քաշել Տորեսին և «սթափեցնել» վերջինիս: Կհաջողվի դա անել սենեգալցուն, թե ոչ, կտեսնենք առաջիկայում, իսկ «ազնվականների» երկրպագուներից շատերն արդեն շտապել են համեմատել նրան Դրոգբայի հետ:

Ալեշանդրե Պատո - «Կորինտիանս»
Որտեղից` «Միլան»
Պայմանագիր` 4 տարի, 15 մլն եվրո


Պատոյին կարծես բոլորս գիտենք արդեն երկար տարիներ, մինչդեռ նա ընդամենը 23 տարեկան է, և այս տարիքում վերադարձը «Կորինտիանս» կարող է հետընթաց համարվել բրազիլացու կարիերայում: Սակայն սա ունի մեկ պարզ բացատրություն. Պատոն ցանկանում է խաղալ Բրազիլիայում, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել 2014-ի «տնային» աշխարհի առաջնությանը: «Միլանում» նա իրեն դրսևորելու քիչ հնարավորություն էր ստանում, և ստիպված էր բավարարվել ընդամենը Բարբարա Բեռլուսկոնիի հետ իր սիրավեպով, իսկ ահա «Կորինտիանսում» Պատոն մշտապես կլինի հավաքականի մարզիչների աչքի առաջ: 

Նուրի Շահին - «Բորուսիա» Դորտմունդ
Որտեղից` «Ռեալ» Մադրիդ
Պայմանագիր` 1.5 տարի, վարձակալություն


2010-11թթ. Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը վերադառնում է տուն` փորձելով կրկնել իր աստղային տարիները: Հենց այդ աստղային տարիների փայլը նրան կուրորեն ուղղորդեց Մադրիդ, որտեղ ֆուտբոլիստը այդպես էլ չգտավ իրեն: Վնասվածքից երկար ապաքինումից հետո Շահինը հասկացավ, որ չի կարողանա հիմնական կազմից պահեստայինների նստարան ուղարկել Խաբի Ալոնսոյին ու Խեդիրային, իսկ ամռանը Մոդրիչի և Էսիենի ձեռքբերումները վերջնականապես հաստատումն էին այն բանի, որ Շահինին նոր ակումբ է պետք: Լիվերպուլում նրան չվստահեցին, իսկ ահա Դորտմունդում նրան սպասող Յուրգեն Կլոպը լավագույնս կարող է օգտագործել թուրքի տաղանդը: 

Թայսոն - «Շախտյոր»
Որտեղից` «Մետալիստ»
Պայմանագիր` 5 տարի, 20 մլն դոլար


«Շախտյորում» վաղուց արդեն պարզ էր, որ Վիլիանը շատ շուտով կարող է հեռանալ ակումբից, և թիմի ղեկավարությունը առաջ ընկավ նրան փոխարինող գտնելու հարցում: 2012-ի լավագույն գոլերից մեկի հեղինակը` կրկին բրազիլացի Թայսոնը դիտարկվում է որպես Վիլիանի լավագույն փոխարինողներից մեկը: Երկու բրազիլացիները նման են ինչպես խաղաոճերով, այնպես էլ խաղադաշտում զբաղեցրած դիրքերով: 25-ամյա Թայսոնի համար սա իհարկե առաջընթաց է կարիերայում, բացի այդ նա հնարավորություն կունենա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Մատիե Դեբյուշի - «Նյուքասլ»
Որտեղից` «Լիլլ»
Պայմանագիր` 5.5 տարի, 6.5 մլն եվրո


Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա պաշտպանը իր կարիերան կշարունակի Անգլիական պրեմիեր լիգայում: Հետաքրքիրն այն է, որ «Նյուքասլը» ընդամենը երկրորդ պրոֆեսիոնալ ակումբն է Դեբյուշիի համար: Պաշտպանը «Լիլլի» կազմում անցկացրել է 230 հանդիպում:  Ֆրանսիացին «Նյուքասլում» հանդես կգա 26 համարի մարզաշապիկով:

Ֆեդերիկո Պելուսո - «Յուվենտուս»
Որտեղից` «Ատալանտա»
Պայմանագիր` 0.5 տարի, վարձակալություն


Պելուսոն վերջին տարվա ընթացքում իր հաջող ելույթների շնորհիվ կարողացավ գրավել Չեզարե Պրանդելիի ուշադրությունը և հայտնվեց Իտալիայի հավաքականում: Իսկ «Յուվենտուսին» Պելուսոն պետք էր Իտալիայի հավաքականի մեկ այլ պաշտպանին` Ջորջիո Կիելինիին փոխարինելու համար, ով երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Պելուսոյի մեկնարկը, սակայն, այնքան էլ հաջող չստացվեց: «Սամպդորիայի» հետ հանդիպման ժամանակ «Ծեր Սենյորան» երկու գնդակ ընդունեց հետնապահից, և երկուսն էլ` Պելուսոյի դիրքից: Ամեն դեպքում, Կոնտեն նրան դեռ հնարավորություն կտա իրեն ցույց տալ առաջատարի կազմում: Նշենք նաև, որ ամռանը «Յուվեն» կարող է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Յուրա Մովսիսյան - «Սպարտակ»
Որտեղից` «Կրասնոդար»
Պայմանագիր` 4.5 տարի, 8 մլն եվրո


8 մլն եվրո - սա առայժմ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարված ամենամեծ գումարն է: Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը այս տարի «Սպարտակի» մարզիչ Վալերի Կարպինի գլխավոր հույսերից մեկն է: «Սպարտակ» տեղափոխությունը նոր հարթակ է մեր ֆուտբոլիստի համար, և վերջինս մեծ հույսեր է կապում մայրաքաղաքային ակումբի հետ` չնայած վերջինիս անհաջող ելույթներին այս մրցաշրջանում: Դրա հետ մեկտեղ` «Սպարտակում» Յուրան դաժան մրցակցության մասնակիցն է դառնալու, քանի որ հարձակվողներն այստեղ շատ են: Որպես կանոն` Յուրայի յուրաքանչյուր հաջորդ ակումբ մակարդակով ավելի բարձր են նախորդից: Հուսանք, որ «Սպարտակը» Յուրայի համար ճանապարհ կհանդիսանա դեպի եվրոպական գրանդ ակումբներ: 



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons