Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղից հետո Գյումրու «Քաղաքային» մարզադաշտը երկրորդ անգամ ընդունեց երկրպագուների այսպիսի հոծ բանակ, որոնց չխանգարեց ոչ մուտքի վճարովի լինելու հանգամանքը, և ոչ էլ անձրևոտ եղանակը: Երկրպագուների այս բանակը այս անգամ էլ ձեռնունայն չլքեց մարզադաշտը, այլ ականատես եղավ «Շիրակի» հերթական նվաճմանը. Գյումրու թիմը առաջին անգամ իր պատմության մեջ հաղթահարեց Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքը:
«Շիրակի» համար այս տարին բերեց շատ նոր երևույթներ` առաջին անգամ Հայաստանի գավաթ, առաջին անգամ եվրոլիգաների նախնական փուլի արգելքի հաղթահարում: Երկրպագուների այսպիսի աջակցությունն էլ առաջին անգամ էր «Շիրակը» տեսնում վերջին տարիներին: Հայտնվել էին ներկված դեմքերով և «Շիրակի» ինքնաշեն ատրիբուտիկայով զարդարված առաջին երկրպագուները, որոնց երգերում և բացականչություններում ամենահնչեղը «թասիբ» բառն էր: Դժվար է ասել` թիմի սևամորթ ֆուտբոլիստները ինչքանով են ընկալել այս հասկացությունը, բայց որ այս հաջողության մեջ նրանք ահռելի դերակատարություն ունեցան, անժխտելի է:
Խաղը սկսվեց շատ ակտիվ ու բաց ֆուտբոլով: Հենց առաջին րոպեներին «Շիրակը» ստեղծեց խաղի ամենավտանգավոր պահերից մեկը, երբ շիրակցիների երկու հարվածներից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց «Ռուդարի» դարպասում: Գյումրեցի երկրպագուները այդ պահից հետո ուղղակի չէին հավատում իրենց աչքերին: Նույն կերպ տեսախաբկանք էր թվում նաև մի քանի րոպե անց «Ռուդարի» խփած գնդակը, երբ տուգանայինից հարվածից հետո գնդակը անհասկանալիորեն հայտնվեց «Շիրակի» դարպասում: Ընդամենը խաղի 11-րդ րոպեն էր, երբ Բլացո Իզումանովիչի ոչ այնքան բարդ հարվածից հետո «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանը անհարմար հետ մղեց գնդակը Հրայր Մկոյանի ուղղությամբ, ով անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Բարեբախտաբար «Շիրակին» երկար ժամանակ չպահանջվեց պատասխան գնդակը խփելու համար: Գնդակ ընդունելուց երկու րոպե անց Ֆոֆանա Բեկոն ստացավ գնդակը, վարպետորեն շրջանցեց մրցակցի պաշտպանին և հարվածային դիրք դուրս եկավ: Դարպասապահը մի կերպ ետ մղեց Բեկոյի հարվածը, սակայն վրա հասած Դամե Դիոպը հավասարեցրեց հաշիվը:
Ընդամենը 15 րոպեի ընթացքում երկրպագուները երկու գոլի ականատես եղան: Ինչպես հետո պարզվեց, սա խաղի ամենաաշխույժ 15 րոպեներն էին: «Շիրակը» աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը և հանգստացրեց խաղը: Այդուհանդերձ, «Ռուդարը» թեկուզ և քիչ էր գրոհում, սակայն շատ վտանգավոր: Առաջին կեսում գյումրեցիների միջին օղակը ակնհայտորեն թերանում էր: Պրեսինգը համարյա բացակայում էր, որի շնորհիվ չեռնոգորական թիմի ֆուտբոլիստները արագորեն անցնում էին միջին օղակը և փոխանցում կատարում իրենց բարձրահասակ հարձակվողներին: Մի դեպքում գյումրեցիներին հակառակորդի գլխի հարվածից հետո փրկեց դարպասապահը, մեկ ուրիշ անգամ էլ մրցակցի հուժկու հարվածը հետ մղեց դարպասաձողը: Բացի այդ, «Ռուդարը» բավականին շատ ստանդարտ դիրքեր էր վաստակում, որոնք նույնպես որոշակի լարվածություն էին ստեղծում: Չեռնոգորական թիմի ճնշումը աճեց հատկապես առաջին խաղակեսի վերջնամասում, սակայն «Շիրակը» պատվով դուրս եկավ ստեղծված իրավիճակից` միաժամանակ մի քանի գրոհներ անցկացնելով:
Առաջին խաղակեսը այդպես էլ ավարտվեց: Չնայած մարզադաշտի լավատեսական մթնոլորտին` որոշակի լարվածություն կար, քանի որ մրցակցի մեկ գնդակը կարող էր գյումրեցիներին դուրս թողնել մրցաշարից: Դրան գումարվում էր մրցավարի ոչ միանշանակ որոշումները, որոնք, իհարկե, արժանանում էին գյումրեցի երկրպագուների տարաբնույթ բացականչություններին:
Երկրորդ խաղակեսում հենց սկզբից «Շիրակը» ավելի վստահ տեսք ուներ և սկսեց հստակորեն վերահսկել խաղը պաշտպանությունում և միջին գծում: Մեր թիմի այս խաղաոճը աստիճանաբար հանգստացրեց խաղը, և ընդհանուր առմամբ, երկրորդ խաղակեսը իրական վտանգավոր պահերով աչքի չընկավ: Ճիշտ է, մրցակիցը գրոհներ կազմակերպում էր, սակայն դա էլ հնարավորություն էր տալիս «Շիրակի» արագաշարժ սևամորթ հարձակվողներին կազմակերպել հակագրոհներ: Ինչպես միշտ ակտիվ էր Լի Լամին Յորոն, ով, ցավոք, ոչ միշտ էր հաջող հարվածում գրոհների եզրափակիչ փուլում: Այս տրամաբանությամբ անցավ ողջ երկրորդ խաղակեսը, և առանձնապես հետաքրքիր դրվագներ երկրպագուները չտեսան: Երբեմն անհանգստացնում էր «Շիրակի» որոշ ֆուտբոլիստների անվստահ գործողությունները, սակայն, ինչպես հետո պարզ դարձավ, հակառակորդը իրականում անկարող էր ավելին առաջադրել գյումրեցիներին:
Լարվածությունը պահպանվեց մինչև եզրափակիչ սուլիչը, որից հետո երկրպագուների բացականչությունները ամբողջացան փոքրիկ տոնական հրավառությամբ: «Շիրակը» արժանիորեն հաղթահարեց այս փուլի արգելքը և գյումրեցի երկրպագուներին անասելի ուրախությանը և ոգևորությանը զուգահեռ` պարգևեց նաև ևս մեկ ֆուտբոլային երեկո` երկու շաբաթ անց, արդեն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում: Այստեղ «Շիրակի» մրցակիցն է լինելու իսրայելական «Բնեյ Յեհուդա» ակումբը:
Շնորհավորում ենք «Շիրակին» և բոլոր գյումրեցիներին այս հաղթանակի կապակցությամբ և ակնկալում ենք նույնպիսի անզիջում պայքար առաջիկա հանդիպմանը: ԹԱՍԻԲՈՎ!
Լուսանկարները վերցված են armsport.am և totalfootball.am կայքերից:
0 comments:
Post a Comment