Thursday, August 2, 2012

Լոնդոն-2012. Ֆուտբոլի մրցաշարի 3-րդ տուրի տեսություն

Նեյմարի անհավանական վրիպումը, գոլային երաշտը մի շարք խաղերում, սուլոցներն` ուղղված Սուարեսին, ինչպես նաև` քառորդ եզրափակիչի ձևավորված զույգերը` Լոնդոն-2012-ի ֆուտբոլի մրցաշարի 3-րդ տուրի մեր տեսությունում:
Շատերն էին սպասում, որ այս օլիմպիական խաղերում ֆուտբոլի մրցաշարը սովորականի նման չի թաքնվի առավել «օլիմպիական» մյուս մարզաձևերի մրցաշարերի ստվերում, այլ կառանձնանա ֆուտբոլային այնպիսի յուրահատուկ երանգներով, որոնք կարող են տեսանելի դառնալ միայն ֆուտբոլի հայրենիքում, և միայն օլիմպիական խաղերի ժամանակ: Վերջիվերջո, այստեղ պայքարում են ավելի շուտ մարզիկներ, քան ֆուտբոլիստներ, և պայքարում են մեդալների համար, այլ ոչ թե չեմպիոնական գավաթի: Խմբային փուլի ավարտը ամբողջացրեց պատկերը, և առանձնացրեց այն ութ հավաքականներին, որոնք պայքարելու են այդ մեդալների համար:

Դանիլո

C խումբ.
Բրազիլիա 3-1 Նոր Զելանդիա
1-0` Դանիլո (23'), 2-0` Դամիաո (29'), 3-0` Սանդրո (52')
Սկսենք մեր տեսությունը C խմբից, որտեղ խաղերը ամենաշուտն էին սկսվել: Բրազիլիան, ինչպես և սպասվում էր, բացարձակապես խնդիրներ չունեցավ Նոր Զելանդիայի դեմ խաղում: Բրազիլացիները, ինչպես և առաջին երկու խաղերում, բավարարվեցին 3 գնդակներով, չնայած ցանկացած պահի կարող էին ակտիվանալ և խփել ևս մի քանիսը: Իսկ բրազիլացիների կիսապաշտպան Սանդրոն հաջողեց աչքի ընկնել ոչ միայն գոլով, այլ նաև կարմիր քարտով, ինչը շատ զայրացրեց «Սելեսաոյի» ղեկավար Մանո Մենեզեսին: Վերջինիս զայրանալու առիթ տվեց նաև տաղանդավոր Նեյմարը, ով չափազանց հարմար դիրքից չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Իսկ ընդհանուր առմամբ, Բրազիլիան ողջ խմբային փուլում շատ լավ տպավորություն թողեց և առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Շատ հետաքրքիր կլինի հետևել բրազիլացիների խաղին ավելի ուժեղ մրցակիցների դեմ պայքարում, որովհետև առաջին հայացքից թիմը շատ ուժեղ է, և լուրջ խոչընդոտներից հետո միայն կարելի է գնահատել թիմի իրական ներուժը:
Եգիպտոս 3-1 Բելառուս
1-0` Սալահ (56'), 2-0` Մոհսեն (73'), 3-0` Աբուտրիկա (79'), 3-1` Վորոնկով (87')
Եգիպտացիները անսպասելիորեն շատ թեթևորեն հաղթանակ տարան բելառուսների նկատմամբ, որոնց խմբից դուրս գալու համար ընդամենը ոչ-ոքի էր պետք: Եգիպտացիների մոտ կարծես մի յուրատեսակ գոլային մեքենա կա, սակայն որը նրանք անհրաժեշտ պահին գործի գցել չգիտեն: Առայժմ այն երկու անգամ պատահաբար միացել է բրազիլացիների և բելառուսների դեմ հանդիպումների երկրորդ կեսերում միայն: Սակայն դա էլ բավական եղավ, որպեսզի եգիպտացիները շարունակեն պայքարը մեդալների համար, հույս ունենալով մինչ քառորդ եզրափակիչը գտնել «գոլային մեքենայի» ղեկավարման ձեռնարկը:


B խումբ.
Մեքսիկա 1-0 Շվեյցարիա
1-0` Պերալտա (69')
Այս խաղը B խմբի կենտրոնականն էր, քանի որ երկու թիմերն էլ կարող էին դուրս գալ հաջորդ փուլ. շվեյցարացիներին պետք էր միայն հաղթանակ, իսկ մեքսիկացիներին կբավականացներ նաև ոչ-ոքի արդյունքը: Հենց դրան էլ առաջին կեսում գնացին մեքսիկացիները` զիջելով առավելությունը և հմտորեն պաշտպանվելով: Շվեյցարացիները ողջ խաղակեսի ընթացքում ուղիներ փնտրեցին դեպի դարպասը, բայց լուրջ տարբերակներ այդպես էլ չգտան: Երկրորդ կեսում արդեն, մեքսիկացիները որոշեցին վերջապես խաղալ իրենց ֆուտբոլը և արագորեն լուծել բոլոր խնդիրները: Լատինամերիկացիների գրոհներն առավել սուր էին և տաք, իսկ մի դեպքում էլ առավել արդյունավետ: Պերալտան 69-րդ րոպեին խփեց հանդիպման միակ գնդակը, և Մեքսիկան առաջին տեղով դուրս եկավ խմբից, ինչը թույլ կտա խուսափել բրազիլացիների հետ հնարավոր բախումից մինչև եզրափակիչը:
Հարավային Կորեա 0-0 Գաբոն
Հարավային Կորեան առանձնապես ջանքեր չթափեց աֆրիկացիների հետ խաղում, ինչը որոշակիորեն բարդացրեց նրանց խնդիրը: Հիմա կորեացիները ստիպված են իրենց «խնայած ջանքերը» գործի դնել քառորդ եզրափակիչում` բրիտանացիների դեմ: 


D խումբ
Իսպանիա 0-0 Մարոկկո
Մարոկկոն դեռ պահպանում էր քառորդ եզրափակիչ դուրս գալու շանսերը. դրա համար պետք էր հաղթել իսպանացիներին, ինչին աֆրիկացիների ձգտում էին առանց վախենալու: Խմբում Մարոկկոյի մրցակիցները արդեն ցույց էին տվել, որ խմբային փուլը հաղթահարելու համար Իսպանիային հաղթելը պարտադիր է, իսկ մնացածը կորոշվի միմյանց դեմ խաղերում: Արդյունքում Մարոկկոն չկարողացավ հաղթել խմբի հետնապահին և դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ իսպանացիները լքում են մրցաշարը առանց խփած գնդակի: 
Ճապոնիա 0-0 Հոնդուրաս
Ոչ-ոքին քառորդ եզրափակիչ էր դուրս բերում երկու թիմերին էլ: Սակայն հոնդուրասցիները ակնհայտորեն պետք է պայքարի նետվեին` խուսափելու համար հաջորդ փուլում բրազիլացիների դեմ հանդիպումից: Սակայն այդ հանգամանքը նրանց առանձնապես չանհանգստացրեց. հավանաբար իսպանացիների դեմ հաղթանակից հետո նրանց համար այլևս ահարկու մրցակիցներ չկան: Խաղը ավարտվեց նույն զրոյական ոչ-ոքիով, ինչպես և մյուս երկու զուգահեռ խաղերի դեպքում էր:


А խումբ
Մեծ Բրիտանիա 1-0 Ուրուգվայ
1-0` Ստարիջ (45')
A խմբի կենտրոնական հանդիպումը տանտերերի մասնակցությամբ Քարդիֆի «Միլենիում Արենա» էր բերել ավելի քան 70 000 հանդիսականների: Նրանք, ընդ որում, պարապ չմնացին մարզադաշտում և ողջ խաղի ընթացքում ակտիվորեն սուլեցին ուրուգվայցիների ավագ Լուիս Սուարեսի «պատվին»: Միակ բանը, որ կարող էր տխրեցնել ուելսցիներին, մեկնարկային կազմում Ռայան Գիգզի բացակայությունն էր, սակայն փոխարենը ավագի թևկապը կրում էր մեկ այլ ուելսցի` Քրեյգ Բելամին: Վերջինս վստահորեն առաջնորդեց իր թիմին դեպի հաղթանակ, որն այնքան էլ հեշտ չտրվեց: Խաղը սկսվեց և շարունակվեց բավականին բարձր տեմպով: Փոխադարձ գրոհները լարվածության մեջ էին պահում բոլորին ողջ խաղի ընթացքում, սակայն դրանից օգուտ քաղել կարողացան միայն բրիտանացիները, այն էլ առաջին կեսի վերջին րոպեին, երբ ուրուգվայցիները մտքով արդեն հանդերձարանում էին: Դանիել Ստարիջը վարպետորեն օգտվեց իրավիճակից և բացեց հաշիվը: Երկրորդ կեսում ուրուգվայցիները կարողացան մի քանի վտանգավոր պահեր ստեղծել, սակայն դարպասապահ Բատլենդը հիանալի էր խաղում: Իսկ ուրուգվայցիներից հարձակման գծում հատկապես աչքի ընկավ Գաստոն Ռամիրեսը: Պետք է նշել` աչքի ընկավ նաև Լուիս Սուարեսը` մեկ անգամ` հիանալի, բայց անարդյունք անցումով, մեկ այլ անգամ` ձեռքերով գնդակը որսալով, մյուս անգամներն էլ` մրցավարի հետ վեճերով և ստացած դեղին քարտով: Իսկ ամենահետաքրքիրը խաղից հետո Լուիսի հայտարարությունն էր, որտեղ նա նշեց, որ բրիտանացի երկրպագուները նրան սուլում էին, որովհետև վախենում էին իրենից: Ինչևէ, նրան սուլելու համար անգլիացիները ստիպված են սպասել մինչև Պրեմիեր լիգայի սկսվելը, քանի որ Լուիս Սուարեսը իր հավաքականի հետ լքում է օլիմպիական մրցաշարը, իսկ բրիտանացիները շարունակում են պայքարը մեդալների համար:
Սենեգալ 1-1 ՄԱԷ
0-1` Մատար (21'), 1-1` Կոնատե (49')
Արաբները վատ չդրսևորեցին իրենց այս մրցաշարում` ոչ մի դեպքում առանց պայքարի չթողնելով խաղադաշտը: Նույնը այս խաղում էր, և դա կարող էր լուրջ խնդիր դառնալ սենեգալցիների համար: Սակայն նրանք ամեն դեպքում կարողացան շտկել իրադրությունը և թեկուզ երկրորդ տեղով` դուրս գալ քառորդ եզրափակիչ, իսկ սենեգալցիների հարձակվող Կոնատեն լրջորեն հավակնում է դառնալու մրցաշարի գլխավոր ռմբարկուն:

Մուսա Կոնատեն` սենեգալի բոլոր գոլերի հեղինակը
Քառորդ եզրափակիչում ձևավորված զույգերից Մեծ Բրիտանիա - Հարավային Կորեա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Բրազիլիա - Հոնդուրաս զույգի հաղթողի հետ, իսկ Մեքսիկա - Սենեգալ զույգի հաղթողը` Ճապոնիա -Եգիպտոս զույգի հաղթողի հետ: Քառորդ եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 4-ին, ընդ որում` բոլորն էլ տարբեր ժամերի, այսինքն` կարող եք հետևել օլիմպիական ֆուտբոլի մրցաշարին իր ողջ ծավալով:


0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons