Thursday, October 11, 2012

Իտալիայի հավաքականը հայաստանյան խաղից առաջ

«Հրազդան» մարզադաշտը վաղը կընդունի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական, սակայն նախկինների համեմատ շատ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրած Հայաստան - Իտալիա հանդիպումը: Խաղը միանշանակ մեծ կարևորություն ունի մեր հավաքականի համար, սակայն իտալացիների համար նույնպես այս հանդիպումը լուրջ փորձություն է, քանի որ այս թիմերը առաջին անգամ են հանդիպում, և մեր հզոր մրցակիցը իրականում չգիտի ինչ սպասել Հայաստանի հավաքականից: Փորձենք հասկանալ` իտալացիները ինչ են նախապատրաստել ցուցադրության «Հրազդան» մարզադաշտում:

Այսպիսի ուժեղ մրցակցի առկայությունը խմբում իհարկե լավագույն նվերը չէ մեր հավաքականի համար: Մյուս կողմից համաշխարհային ֆուտբոլի մեջ շոշափելի դերակատարություն ունեցող հավաքականների հետ հանդիպումը փորձի մեծ պաշար է բերում իր հետ մեր նման հավաքականների համար: Ամեն դեպքում, հուսով ենք, Իտալիայի հետ հանդիպումը մերոնց համար օգտակար կլինի ոչ միայն քաղած դասերի, այլև գրանցված միավորների տեսքով` լինեն դրանք 3-ը թե 1-ը: Ւսկ առաջին օգուտը Իտալիայի հետ հանդիպումը արդեն բերել է հայկական ֆուտբոլին. եթե չլիներ Իտալիայի հետ այսպիսի մեծ հետաքրքրություն առաջացնող հանդիպումը, մեր ֆուտբոլային ղեկավարությունը գուցե և երկար ժամանակով մոռանար «Հրազդան» մարզադաշտի մասին, և հետո դժվար չէ գուշակել, թե ինչ ընթացք կունենար մեր մարզադաշտի հետ կապված խնդիրը:


Ինչ են պատրաստել Եվրոպայի փոխչեմպիոնները մեզ համար: Նախ պետք է նշել, որ Պրանդելլին  բավական հանգիստ ու համարձակ է խաղից առաջ, քանի որ խաղից օրեր առաջ արդեն հրապարակել էր իր թիմի մեկնարկային կազմը: Ընդհանրապես, իտալացի մարզչի` հավաքական հրավիրած ֆուտբոլիստների ցանկը բավականին հետաքրքիր է ստացվել: Մարզիչը այս անգամ Կասսանոյին չի հրավիրել հավաքական, իսկ փոխարենը հարձակման գծում համեմատաբար նոր դեմքերը շատ են` Էլ Շարավին` «Միլանից», Դեստրոն և Օսվալդոն` «Ռոմայից»: Հավաքական է վերադառնում Ջիլարդինոն, որը վերջերս լավ մարզավիճակ է հավաքել: Ընդհանրապես, Պրանդելին այս անգամ մեծ կարևորություն է տվել խաղացողների մարզավիճակին, և փորձել է հրավիրել Ա սերիայում աչքի ընկած մի խումբ ֆուտբոլիստների, ովքեր հավաքականի մակարդակով լուրջ փորձ չունեն: Այս խաղացողների թվում են Ռանոկիան «Ինտերից», Վերատտին ՊՍԺ-ից և Կանդրեվան «Լացիոյից»: Հետաքրքիր է նաև, որ մարզիչը երկու խաղի համար հավաքական է հրավիրել միանգամից 4 դարպասապահների: Ամեն դեպքում մեր հավաքականի դեմ խաղում դաշտ դուրս կգան հիմնականում փորձառու ֆուտբոլիստներ:

Իտալիա. Բուֆոն, Մաջիո, Բոնուչչի, Բարցալի, Կրիշիտո, Դե Ռոսսի, Պիրլո, Մարկիզիո, Մոնտոլիվո, Օսվալդո, Բալոտելլի:

Իտալիան խաղալու է 4-3-1-2 մարտավարությամբ: Եվրո-2012-ի ժամանակ Իտալիայի կողմից փայլուն խաղարկված 3-5-2 մոդելը Բուլղարիայի հետ խաղում արդյունք չտվեց: Իտալիան կարողացավ դաշտում ստանալ ընդամենը 35% տարածքային առավելություն և երկու միավոր կորցրեց: Մալթայի հետ արդեն Իտալիան խաղում էր հենց այս մարտավարությամբ: Անդրադառնանք խաղային գոտիներին առանձին:

Դարպասապահ:
Բուֆոն - առանց մեկնաբանության:

Պաշտպանություն: 
Չորս պաշտպանով մոդելը իհարկե բարդացնում է մեր ֆուտբոլիստների գործը հարձակման գծում: 3 ֆուտբոլիստներով պաշտպանությունը նույնպես իտալացիների կատարմամբ լրջորեն չի թուլացնում պաշտպանությունը, սակայն 4 պաշտպանների պարագայում Մարկիզիոն և Դե Ռոսսին չեն կենտրոնանա պաշտպանական խնդիրների վրա և կկարողանան փակել դիրքերը միջին օղակում, ինչը, ինչպես տեսանք նախորդ խաղերում, կարող է անլուծելի խնդիր դառնալ մեր հավաքականի համար: Պաշտպանությունում տեղ չի գտել Կելինին, և կենտրոնը հսկում են «Յուվենտուսի» նրա երկու խաղընկերները` Բոնուչչին և Բարցալին: Եզրերում Կրիշիտոն իր առաջին խաղն է անցկացնելու կոռուպցիոն սկանդալից հետո: Կրիշիտոն և Մաջիոն միանշանակ ակտիվորեն մասնակցելու են գրոհներին, և մեր հավաքականի եզրային պաշտպանների համար սա նույնպես խնդիրներ է ստեղծելու: 

Կիսապաշտպանություն:

Պրանդելիի կիսապաշտպանությունում «հին գայլեր» են: Դե Ռոսսին և Մարկիզիոն կարող են հուսալիորեն հսկել միջին գիծը, իսկ ինչպես կիսապաշտպանության, այնպես էլ ողջ թիմի խաղը, իհարկե, հիմնված է Անդրեա Պիրլոյի վրա: Բնականաբար, նրա հանդեպ ուշադրությունը պետք է առավելագույնը լինի, և հենց դրանից է մեծապես կախված լինելու իտալացիների հաջողությունը առջևի գծում: Կիսապաշտպանական այսպիսի եռյակը ենթադրում է, որ մեր ֆուտբոլիստների կողմից գնդակի երկար խաղարկումը կենտրոնում ավելի շուտ կարող է ավարտվել գնդակի կորուստներով, քան արդյունավետ գործողություններով: Առավել նպատակահարմար է միջին գծի արագ անցումը և կտրուկ փոխանցումները` կենտրոն կամ եզրեր, որից հետո կարող է ինչ-որ բան ստեղծվել:

Հարձակում:

Իտալացիների հարձակումը հիմնված է եռանկյունու վրա, որի մի գագաթին Մոնտոլիվոն է: Վերջինս գործելու է կիսապաշտպանությունում` երկու հարձակվողների խորքում: Մոնտոլիվոն այս խաղում այդ դիրքում փոխարինում է Դիամանտիին: Առջևի գծում այս խաղի համար Պրանդելին նախատեսել է Օսվալդոյին և Բալոտելիին: Բալոտելիի հաջող խաղի դեպքում, իհարկե, մերոնք լուրջ խնդիրներ կունենան, իսկ հակառակ դեպքում հարձակվողների այս ընտրությունը կարող է և դրական էֆեկտ ունենալ: Օսվալդոն առավելապես փոխանցումներից կախվածություն ունեցող ֆուտբոլիստ է, և Բալոտելիի ձախողման դեպքում /ինչը նույնքան հավանական է, ինչքան նրա փայլուն խաղը/ իտալացիների առջևի գիծը կարող է ամբողջությամբ զրկվել ինքնուրույնությունից և մնալ Պիրլոյի «ուսերին»: Նման դեպքի համար, իհարկե, Պրանդելին ունի փոխարինողների հնարավորություն` ի դեմս Դեստրոյի և Ջիովինկոյի, սակայն ամեն դեպքում սա հնարավոր սցենար է, որը պետք է նկատի ունենալ: 
Երկու ֆուտբոլիստներ, ովքեր մեզ հույս են ներշնչում
Ինչպես տեսնում ենք, մեր հավաքականին սպասվում է խաղ, որտեղ լավ արդյունքի համար պետք է հավասարապես լավ գործարկել խաղային բոլոր օղակները: Համակարգային գրագետ խաղը և հնարավոր զարգացումներին համապատասխան մարտավարական հարուստ տեսականին միայն կարող են Իտալիային մարտավարական տեսակետից ինչ-որ հակախաղ առաջադրել: Դրա հետ մեկտեղ, իհարկե, անհրաժեշտ է ֆուտբոլիստների գերնվիրումը և փայլուն խաղը: 

1 comments:

Blog News said...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons