Tuesday, September 18, 2012

Ա սերիայի 3-րդ տուրի տեսություն

Իտալիայում կայացավ հերթական` երրորդ տուրը: Մրցաշարային առաջատարները «Յուվենտուսի» գլխավորությամբ տարան հերթական հաղթանակները, իսկ «Միլանը» դարձավ յուրօրինակ հակառեկորդի հեղինակ: Տուրը աչքի ընկավ մի քանի կամային հաղթանակներով, բացի այդ այս տուրից հետո հայտարարվեց Ա սերիայի առաջին մարզչական պաշտոնանկության մասին: Այս ամենի մասին` Ա սերիայի երրորդ տուրի մեր տեսությունում:
Առաջին մարզչական նվաճումները.

«Կիեվո» 1-3 «Լացիո»
0-1` Էռնանես 5´, 0-2` Կլոզե 37´, 0-3` Էռնանես 74´, 1-3` Պելիսիե 83´ 11մ.
Վլադիմիր Պետկովիչը դարձավ «Լացիոյի» պատմության մեջ երկրորդ մարզիչը, ում գլխավորությամբ թիմը հաղթանակներ է տանում մեկնարկային երեք տուրերում: Վերոնայում  հռոմեացիները ոչ մի շանս չտվեցին տանտերերին, իսկ Պետկովիչի սաներից հատկապես փայլեց Էռնանեսը, ով ոչ միայն երկու հրաշալի գնդակներ հեղինակեց, այլև օգնեց Կլոզեին նույնպես աչքի ընկնել: Այս խաղում «Լացիոն» ընդունեց ընդամենը առաջին գնդակը այս մրցաշրջանում, ինչը միանշանակ գովասանքի խոսքեր է պահանջում նոր գլխավոր մարզչի հասցեին:
Վլադիմիր Պետկովիչ
Վլադիմիր Պետկովիչ
«Ջենոա» 1-3 «Յուվենտուս»
1-0` Իմմոբիլե 18´, 1-1` Ջիակկերինի 61´, 1-2` Վուչինիչ 78´ 11մ, 1-3` Ասամոա 84´
Չեմպիոնների լիգայում «Չելսիի» դեմ խաղից առաջ Կարերան որոշել պահեստայինների նստարանին թողնել իր հիմնական խաղացողներին և փորձարկել մյուս ֆուտբոլիստներին: Առաջին կեսի ընթացքը ցույց տվեց, որ մարզչի փորձարկումը ձախողման է գնում, քանի որ ընդունելով առաջին գնդակը իրենց նախկին ֆուտբոլիստ Իմմոբիլեից, հյուրերը չէին կարողանում ոչ մի լուրջ քայլ ձեռնարկել` փրկելու համար խաղը: Պաշտպանությունում նույնպես սխալները շատ էին, և «Ջենոան» դեռ շատ է զղջալու չօգտագործված պահերի համար: «Յուվեի» կազմում ակտիվությամբ առանձնանում էին միայն Ջիակկերինին և Ջիովինկոն, իսկ եզրային պաշտպանները և հարձակվող Մատրին անցկացրեցին շատ վատ խաղ և արդյունքում փոխարինվեցին: Կարերան դաշտ հանեց երկու խաղացողների` Ասամոային ու Վուչինիչին, որոնք էլ կամային հաղթանակ պարգևեցին «Յուվեին»: Եթե հաշվի առնենք, որ խաղի ընթացքում Կարերան չի կարող օգտվել Կոնտեի օգնությունից և կայացնում է ինքնուրույն որոշումներ, կարելի է ասել, որ սա Կարերայի համար յուրօրինակ նվաճում էր: Դաշտ դուրս եկած Վուչինիչը կարգավորեց խաղը հարձակման գծում, սկսեց գնդակներ ստանալ և սրություն ստեղծել առջևի գծում: Խաղի բեկումնային պահը դարձավ 61-րդ րոպեն, երբ «Ջենոան» չկարողացավ օգտագործել «100 տոկոսանոց» համարվող գոլային պահը, որին հետևած արագ հակագրոհի արդյունքում Վուչինիչը ստացավ գնդակը և հարվածի դուրս բերեց վրա հասած Ջիակկերինիին, ով հիանալի հարված կատարեց և վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Շուտով «Յուվեի» նորեկ Ասամոան ձախից անցում կատարեց և վաստակեց 11 մետրանոց, ի դեպ այս մրցաշրջանում «Յուվեի» երրորդ 11 մետրանոցը, սակայն առաջինը, որը ընդհանրապես կասկածի տեղիք չտվեց: Վուչինիչը վարպետորեն իրացրեց այն: Խաղի վերջնամասում «Ծեր սենյորան» երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը և բարձր տրամադրությամբ դաշտ դուրս կգա Չեմպիոնների լիգայում, որտեղ նրանց շատերն են կարոտել:



Տուրի անհաջողակները.

«Միլան» 0-1 «Ատալանտա»
0-1`Չիգարինի 64´
Մաքսիմելիանո Ալեգրիի «Միլանը» սեփական հարկի տակ մեկնարկային երկրորդ խաղում երկրորդ պարտությունը կրեց, ինչը վատագույն արդյունքն է վերջին 82 տարիներին: Հուսահատեցնողէ ոչ միայն երկրորդ պարտության հանգամանքը, այլ առաջին հերթին թիմի ցուցադրած «գունատ» ֆուտբոլը: Կենտրոնում փորձում է ակտիվություն ստեղծել Բոատենգը, ով ակնհայտորեն դեռ չունի թիմը առաջ տանելու համար անհրաժեշտ որակները: Հարձակման գծում էլ այս խաղում Պացցինին չկարողացավ գտնել իր խաղը, և արդյունքը այսպիսին է: Ամեն դեպքում «Միլանը» փորձեց քայլեր ձեռնարկել, սակայն անսխալ էին գործում ինչպես հյուրերի պաշտպանները, այնպես էլ դարպասապահ Կոնսիլյին:

«Պեսկարա» 2-3 «Սամպդորիա»
0-1` Լոպես 31´, 0-2` Էստիգարիբիա 60´, 1-2` Չելիկ 75´, 1-3` Լոպես 76´, 2-3` Կապրարի 90´
«Պեսկարան», Ա սերիա վերադառնալով, կրում է երրորդ պարտությունը` հերթական անգամ իր դարպասն ընդունելով երեք գնդակ: «Դելֆինների» վերադարձը ուժեղագույնների մրցաշար առայժմ շատ անփառունակ է ստացվում, և միայն «Սիենայի» միավորների բացասական տարբերությունն է, որ փրկում է նրանց մրցաշարային աղյուսակի վերջին տեղում հայտնվելուց: Միակ դրական կողմը այս պարտությունից կարելի է համարել խփված երկու գնդակները, որոնք առաջիններն էին Ա սերիայում: Իսկ ահա «Սամպդորիան» հրաշալի է մեկնարկում առաջնությունը, և երեք տուրերից հետո դժվար է հավատալ, որ այս թիմը Բ սերիայից է հասել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, այն էլ ունենալով մեկ «բացասական» նշանով միավոր առաջնությունից առաջ:

Կամային հաղթանակ

«Ռոմա» 2-3 «Բոլոնիա»
1-0` Ֆլորենցի 6´,2-0` Լամելա 16´,2-1` Ջիլարդինո 72´,2-2` Դիամանտի 73´,2-3` Ջիլարդինո 90´
«Ռոմայի» համար խաղի մեկնարկը հրաշալի ստացվեց, քանի որ առաջին 16 րոպեներից հետո թիմն առջևում էր երկու գնդակի առավելությամբ: Սակայն պարզվեց, որ Զդենեկ Զեմանի սաները իրոք պատրաստ չեն կազմակերպված պաշտպանական գործողությունների, և նրանք նախ մեկ րոպեում կորցրեցին իրենց առավելությունը, իսկ հետո նաև բաց թողեցին երրորդ գնդակը և ցավալի պարտություն կրեցին: «Բոլոնիայի» կազմում արդյունավետ համագործակցությամբ աչքի ընկավ Դիամանտի-Ջիլարդինո զույգը, որոնք իրենց հաշվին գրանցեցին խփված գնդակները:



«Տորինո» 0-2 «Ինտեր»
0-1` Միլիտո 13', 0-2` Կասսանո 84'
«Ինտերը» առաջնության երրորդ տուրում արդեն երկրորդ անգամ էր մրցում Ա սերիա նոր վերադարձած թիմի հետ, սակայն «Տորինոյին» ոչ մի դեպքում «Պեսկարայի» հետ համեմատել չի կարելի: Թուրինյան թիմն ունի Ա սերիայում հանդես գալու հարուստ փորձ և կարող է արժանի դիմադրություն ցույց տալ ցանկացած մրցակցի, ինչն էլ արեց այս խաղում ևս: Ճիշտ է, «Ցուլերը» արագ գոլ ընդունեցին, սակայն Ռոլանդո Բիանկիի գլխավորությամբ թիմը թիմը շատ արժանի պայքարեց և բազմաթիվ տհաճ պահեր ստեղծեց Միլանից ժամանած հյուրերի համար: Սակայն վերջիններս իրենց բարձր կարգի հաշվին ևս մեկ անգամ աչքի ընկան և հաղթանակ տարան: Ստրամաչիոնին կարող է գոհ լինել իր խաղացողներից, քանի որ վերջիններս ամբողջ խաղի ընթացքում ուշադիր գործեցին և լուրջ սխալներ թույլ չտվեցին:

Տուրի մյուս խաղերը.
Գորան Պանդևը հաղթում է Անտոնիո Միրանտեի դեմ մենամարտը
Գորան Պանդևը հաղթում է Անտոնիո Միրանտեի դեմ մենամարտը
«Նապոլի» 3-1 «Պարմա»
«Պալերմո» 1-1 «Կալյարի»
«Ֆիորենտինա» 2-0 «Կատանիա»
«Սիենա» 2-2 «Ուդինեզե»

Թվեր.


Ջուզեպպե Սանինո
Ջուզեպպե Սանինո
  • «Պալերմոյի» մարզիչ Ջուզեպպե Սանինոն այս տուրում թիմի ոչ ոքի արդյունքից հետո հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նա դարձել է  «Պալերմոյի» ամբիցիոզ ղեկավար Մաուրիցիո Ձամպարինիի կողմից հեռացված արդեն 50-րդ մարզիչը: Նրա փոխարեն մարզիչ է նշանակվել Ժան Պիերո Գասպերինին:
  • «Ջենոա» -  «Յուվենտուս» խաղում հյուրերը եզրերից հասցրել են կատարել 52 փոխանցում դեպի տուգանային հրապարակ, ինչը ռեկորդային արդյունք է թոփ 5 եվրոպական առաջնություններում այս մրցաշրջանում: Զավեշտալին այն է, որ այդ փոխանցումներից և ոչ մեկը գոլով չավարտվեց:
  • «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին անցկացրեց իր 300-րդ հանդիպումը մարզչի կարգավիճակով:
Նոստալգիա
Լուկա Տոնի
Լուկա Տոնի
Իտալիայի հավաքականի նախկին գոլահար Լուկա Տոնին, վերադառնալով «Ֆիորենտինա», կրկին դարձավ գոլի հեղինակ: Հենց այստեղ էր Տոնին տարիներ առաջ փայլել իր տաղանդով և հայտնի դարձել Եվրոպայում: Վերջին տարիների անհաջող փնտրտուքներից հետո հարազատ ակումբի կազմում խփված գնդակը, անշուշտ, լավ հուշեր առաջացրեցին ինչպես Տոնիի, այնպես էլ «Մանուշակների» երկրպագուների մոտ:

Լավագույն գնդակները.
3. Էռնանեսի գոլը  «Կիեվոյի» դարպասը
2.Դիեգո Միլիտոյի գոլը «Տորինոյի» դարպասը
1.Դուշան Բաստայի գնդակը «Ուդինեզեի» դարպասը

Երրորդ տուրից հետո 4 թիմեր գրանցել են 3-ական հաղթանակներ և գլխավորում են մրցաշարային աղյուսակը` «Յուվենտուս», «Նապոլի», «Լացիո» և «Սամպդորիա»: Մինչ մյուս տուրը որոշ թիմեր անցկացնելու են հանդիպումներ Չեմպիոնների և Եվրոպա լիգաներում: Հատկապես նշանակալի է «Յուվենտուսի» վերադարձը ՉԼ, որի հենց առաջին խաղում թիմը կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons