Tuesday, September 25, 2012

Պայքարն ավելի հետաքրքիր է դառնում

Արդեն պատմություն դարձավ Հայաստանի 21-րդ առաջնության 23-րդ տուրի հանդիպումները: Տուրը անցավ գոլառատ և հետաքրքիր պայքարում, և կայացած 4 խաղերում գրանցվեց 11 գոլ: Չեմպիոնության համար պայքարում վերականգնվեց ինտրիգը, քանի որ "Միկայի" սայթաքումից արդյունավետ օգտվեց "Շիրակը": Այսպիսով անդրադառնանք Հայաստանի 21-րդ առաջնության հանդիպումներին առանձին-առանձին:



23-րդ տուրի 2 հանդիպում կայացավ մի փոքր ավելի շուտ, քանի որ Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի սուպերգավաթը վիճարկվելու էր սեպտեմբերի 24-ին` հենց Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը: Քանի որ սուպերգավաթը վիճարկվելու էր Հայաստանի գործող չեմպիոն "Ուլիսի" և նախորդ առաջնության գավաթակիր "Միկայի" միջև, հենց այս 2 թիմերի մասնակցությամբ խաղերն էլ կայացան սեպտեմբերի 19-ին, որպեսզի  թիմերը  ժամանակ ունենան պատրաստվելու սուպերգավաթի վիճարկման կարևոր ստուգատեսին:
Առաջինը խաղադաշտ դուրս եկան լավագույն եռյակում գտնվող 2 թիմեր "Միկան" և "Իմպուլսը": Իհարկե, նայելով մրցաշարային աղյուսակին, որտեղ "Միկան" ընթանում է առաջին տեղում, իսկ "Իմպուլսն" էլ 3-րդն է, այս հանդիպումը կարելի էր անվանել տուրի կենտրոնական հանդիպումը: Խաղն աչքի ընկավ դիտարժանությամբ և գրանցվեց 4 գոլ, և որ հետաքրքիր է` գրանցված 4 գոլերն էլ խփվեցին վերջին 30 րոպեների ընթացքում: Հանդիպման 60-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը Նարեկ Դավթյանի գոլի շնորհիվ, սակայն 6 րոպե անց հերթական անգամ աշխատեց Ժոլտ Հոռնյակի "ոսկե" փոփոխությունը, քանի որ 66-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սեմյոն Մուրադյանը` խփելով իր 10-րդ գնդակը, և որ ամենահետաքրքիրն է` բոլորն էլ փոխարինման դուրս գալով: Հանդիպման 80-րդ րոպեին Անդրանիկ Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ "Միկան" առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն հյուրերը ամենևին չէին համակերպվում պարտության մտքի հետ, և 87-ր րոպեին բրազիլացի հարձակվող Դիեգո Կաստրոյի խփած գոլի շնորհիվ խույս տվեցին պարտությունից, իսկ հանդիպումն էլ ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով:

Կապանի "Լեռնագործ" մարզադաշտում Հայաստանի գործող չեմպիոն "Ուլիսը" հյուրընկալվել էր գործող բրոնզե մեդալակիր տեղի "Գանձասարին": Այստեղ էլ խաղադաշտ էին դուրս եկել Հայաստանի 20-րդ` ավարտված առաջնության 1-ին և 3-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը: Այս խաղի ելքը վճռվեց հանդիպման 63-րդ րոպեին, երբ հյուրերին առաջ մղեց Արսեն Բալաբեկյանը, և հանդիպումն ավարտվեց "Ուլիսի"` 0:1 հաշվով հաղթանակով:
Վերջին 2 հանդիպումները կայացան սեպտեմբերի 22-ին` շաբաթ օրը: Նախ` խաղադաշտ դուրս եկան ընթացիկ առաջնության առաջատարներից մեկը` Գյումրիի "Շիրակը" և հետնապահ "Արարատը": Արդեն իսկ տեղյակ լինելով "Միկայի" ոչ ոքի խաղալու հանգամանքին` "Շիրակի" ֆուտբոլիստները իրենց վրա էլ ավելի պարտավորության բեռն էին կրում այս խաղում անպայման հաղթելու և "Միկայի" հետ միավորների տարբերությունը կրճատելու համար: Իսկ "Արարատն" էլ իր առջև պայման է դրել հեռանալ վերջին հորիզոնականից և դուրս չմնալ Հայաստանի բարձրագույն խմբից, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խաղում "Արարատն" էլ "կենաց մահու" կռիվ է տալիս յուրաքանչյուր միավորի համար: Գյումրիում կայացած խաղում գրանցվեց միանգամից 5 գոլ, որոնցից 4-ը առաջին 33 րոպեների ընթացքում: Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ռաֆայել Պալտաջյանը գնդակը ուղարկեց սեփական դարպասը և առաջ մղեց հյուրերին: Բայց ընդամենը 12 րոպե պահանջվեց "շիրակցիներին" հանդիպման հաշիվը վերականգնելու համար, երբ գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն: 28-րդ րոպեին արդեն տանտերերին առաջ մղեց Անդրանիկ Բարիկյանը, որը արդեն ձեռք է բերել "Արարատի դահիճ" անվանումը, քանի որ վերջին տարիներին այս ֆուտբոլիստը շատ հաճախակի է գրավում "Արարատի" դարպասը:  33-րդ րոպեին հյուրերը Տիգրան Ոսկանյանի հստակ իրացված 11 մետրանոցի շնորհիվ նորից վերականգնեցին հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման ելքը վճռվեց 53-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Արա Մկրտչյանը և հաղթանակ պարգևեց տանտերերին` "Շիրակի" ֆուտբոլիստներին: Այս հաղթանակից հետո գյումրեցիները զգալիորեն կրճատեցին միավորների տարբերությունը  "Միկայի" հետ:

Տուրի վերջին հանդիպումը կայացավ Եվրոպական մրցասպարեզում Հայաստանի պատիվը բազմաթիվ անգամ պաշտպանած 2 թիմերի` "Փյունիկի" և "Բանանցի" միջև: Տանտիրոջ կարգավիճակով հանդես եկող "Փյունիկը" կարողացավ հաղթել "Բանանցին": Հանդիպման միակ և հաղթական գնդակը խփեց Դավիթ Մանոյանը հանդիպման 62-րդ րոպեին: Մանոյանը սկսել է կրել թիմի ավագի թևկապը "Փյունիկի" և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: Թիմում նոր "պաշտոնը" Մանոյանը նշանավորեց գոլով, և երիտասարդ ավագի համար սկիզբը կարելի է հաջողված համարել:
Դրվագ "Փյունիկ" - "Բանանց" հանդիպումից
Դրվագ "Փյունիկ" - "Բանանց" հանդիպումից /լուսանկարը` armsport.am-ի/
Այսպիսով ամփոփելով Հայաստանի 21-րդ առաջնության 23-րդ տուրը նշենք, որ չեմպիոնության համար պայքարում ինտրիգը սրվեց, քանի որ Գյումրիի "Շիրակը" կորցրած միավորներով այժմ ընդամենը 3 միավորով է զիջում "Միկային": "Իմպուլսի" ոչ ոքիից օգտվելով  և "Բանանցին" հաղթելով` "Փյունիկը"  կորցրած միավորներով ընդամենը 2 միավոր է զիջում 3-րդ հորիզոնականում ընթացող "Իմպուլսին", իսկ "Ուլին" ու "Արարատն" էլ սկսել են էլ ավելի արդյունավետ խաղալ նորանշանակ մարզիչների գլխավորությամբ:
Վերոշարադրյալից ելնելով հստակորեն կարող ենք ասել, որ Հայաստանի 21-րդ առաջնությունում պայքարն  ավելի հետաքրքիր է դառնում:   
   

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons