Monday, September 24, 2012

Ա սերիա. 4-րդ տուրի տեսություն

«Յուվենտուսը» 4-րդ տուրից հետո կարողանում է առաջ պոկվել մրցակիցներից, իսկ «Սան Սիրոյում» սեփական պատերը ավելի շատ խանգարում են միլանցիներին, քան օգնում: Գոլիզեում բլոգը ամփոփում է Իտալիայի առաջնության 4-րդ տուրը: 


Տուրի գլխավոր խնդիրը

Իտալական առաջատար ակումբները անցած շաբաթ առաջին հանդիպումներն էին անցկացրել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլերում: Դրա հետ մեկտեղ` հաջորդ` 5-րդ տուրը կայանալու է սեպտեմբերի 25-27-ին, այսինքն այս թիմերը լուրջ խնդիր ունեին ֆիզիկական բավարար մակարդակի ներկայանալու այս հանդիպումներին: Իսկ դրա համար պետք էր արդյունավետ վերադասավորել ուժերը: Առաջին անգամ այս մրցաշրջանում «երկար» պահեստայինների նստարանի խնդիրն առաջ եկավ, որն էլ փաստորեն լուծում գտավ միայն «Յուվենտուսի» մոտ: Առանց մի քանի առաջատարների «Ծեր սենյորան» ամեն դեպքում կարողացավ հերթական երեք միավորը վաստակել և 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մյուս թիմերից միայն «Ուդինեզեն» կարողացավ հաղթանակ տանել, ընդ որում «Միլանի» նկատմամբ, «Նապոլին» ոչ ոքի ավարտեց խաղը, իսկ «Ինտերը», «Լացիոն» և ինչպես արդեն նշել էինք` «Միլանը» պարտություններ կրեցին:


Մեկնարկ ապագայի համար

«Յուվենտուս» 2-0 «Կիեվո»
«Յուվեի» կազմում այս խաղում հանգստանալու հնարավորություն էր տրվել Պիրլոյին, Լիխշտայներին և Վիդալին: Պիրլոյի դիրքում իր նորամուտը նշեց Պոգբան: Իհարկե, դեռ միանշանակ չէ, որ Պիրլոյի դիրքում մարզիչները տեսնում են հենց Պոգբային, բայց ակնհայտ է, որ «Յուվեն» սկսում է փորձարկումներ անել` աստիճանաբար վերացնելու համար թիմի խաղի կախվածությունը Պիրլոյից: Որոշումը միանգամայն արդարացված է և բխում է թիմի երկարաժամկետ զարգացման շահերից: Սակայն, հարց է արդյոք, կստացվի դա «Յուվեին», թե ոչ: Խաղին անդրադառնալով` պետք է կրկնել մի անուն` Ֆաբիո Կուալիարելլա: Հարձակվողը, որի մասին ժամանակավորապես մոռացել էին, դարձավ դուբլի հեղինակ և ապահովեց թիմի հաղթանակը: Այս խաղում կայացավ նաև Բենտդների նորամուտը, ով փոխարինեց հենց Կուալիարելլային: «Յուվենտուսը» հաղթահարեց հերթական արգելքը և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, ընդ որում` արդեն միայնակ:


Քննություն Ալեգրիի համար

«Ուդինեզե» 2-1 «Միլան»
Չեմպիոնների լիգայում «Անդերլեխտի» հետ տնային ոչ ոքիից հետո Իտալիայում խոսում էին, որ «Ուդինեզեի» դեմ խաղը որոշիչ է լինելու Մաքսիմելիանո Ալեգրիի համար, և այն ձախողելու դեպքում մարզիչը կհեռացվի աշխատանքից: Չնայած եվրագավաթային հանդիպումներից հետո «Միլանը» 2 օր ավել էր հանգստացել մրցակցից, Ալեգրին չկարողացավ հանձնել այս քննությունը, սակայն անմիջապես խաղից հետո «Միլանի» ղեկավարությունը շտապեց հայտարարել, որ Ալեգրիին «վերաքննության» հնարավորություն է տրվում: Ալեգրին մյուս փորձելու է առաջին հաղթանակը տանել «Սան Սիրոյում» իր նախկին թիմի` «Կալյարիի» նկատմամբ, իսկ Ֆրանչեսկո Գվիդոլինի «Ուդենեզեն» առաջին հաղթանակն է տանում այս մրցաշրջանում:

Մյուս արդյունքները
«Պարմա» 1-1 «Ֆիորենտինա»
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռոնկալյայի հիասքանչ գնդակից հետո խաղի ընթացքում նշանակվեց երեք 11 մետրանոց, որից իրացվեց միայն մեկը: «Պարմայի» հարձակվող Խայմե Վալդեսը միայն երկրորդ փորձից կարողացավ գրավել դարպասը, իսկ «Մանուշակներից» վրիպեց առաջնության գլխավոր ռմբարկու Յովետիչը: Խաղը դրամատիկ ստացվեց, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր ոչ մի կողմի համար:
«Կատանիա» 0-0 «Նապոլի»
«Նապոլին» Եվրոպա լիգայում խփած 4 գնդակներից հետո ոչ մեկը չէր պահել 2-րդ րոպեից 10 հոգով խաղացող «Կատանիայի» համար: Արդյունքում նեապոլցիները կորցրեցին երկու միավոր և առաջատարի դիրքը կիսելու իրավունքը:
«Բոլոնիա» 1-1 «Պեսկարա»
«Դելֆինները» վաստակում են իրենց առաջին միավորը առաջնությունում, իսկ Դիամանտին և թիմակիցները ափսոսում են բաց թողնված հաղթանակի համար: 
«Ատալանտա» 1-0 «Պալերմո»
«Պալերմոյի» նոր մարզիչ Ժան Պիեռ Գասպերինիի նորամուտը չստացվեց, սակայն նա դեռ ժամանակ կունենա աշխատելու նոր թիմի հետ:
«Ինտեր» 0-2 «Սիենա»
«Սիենան» դեռ ոչ մի անգամ չէր հաղթել «Ինտերին», իսկ վերջինս, ինչպես և «Միլանը», այս մրցաշրջանում դեռ չի կարողանում հաղթանակ տոնել «Սան Սիրոյում»:
«Սամպդորիա» 1-1 «Տորինո»
«Սամպդորիային» չհաջողվեց շարունակել հաղթական մեկնարկը, սակայն ամեն դեպքում թիմի ցուցադրած արդյունքը գովելի է:
«Լացիո» 0-1 «Ջենոա»
«Լացիոն» նույնպես չկարողացավ վերականգնել ուժերը եվրագավաթային հանդիպումից հետո և առաջին պարտությունը կրեց առաջնությունում թափ հավաքած «Ջենոայից»:
«Կալյարի» ?-? «Ռոմա»
Խաղը հետաձգվեց մարզադաշտի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Արդեն այսօր «Ռոմայի» ղեկավարությունը որոշում կայացվեց տանտերերին տեխնիկական պարտություն արձանագրելու մասին դիմում ներկայացնելու ԻՖՖ:
Սիենայի ֆուտբոլիստները Կասսանոյին չեն խնայում
«Յուվենտուսը» 4-րդ տուրից հետո առաջ է պոկվում մրցակիցներից և դառնում է միանձնյա առաջատար: Հաջորդ տուրում, արդեն վաղը «Ծեր սենյորան» մրցելու է 5-րդ հորիզոնականում հանգրվանած «Ֆիորենտինայի» հետ: Մրցաշարային աղյուսակում անսովոր պատկեր է ստեղծում «Միլանը», որը 15-րդ տեղում է:

Որպես հավելում` առաջարկում ենք դիտել հերթական տուրի լավագույն գոլերից երեքը.
1. Կուալիարելլայի «մկրատը»
2. Ռոնկալյայի հեռահար հարվածը
3. Էլ Շարավիի գոլը «Ուդինեզեի» դարպասը

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons