Wednesday, September 12, 2012

Բուլղարիա - Հայաստան. Ցավալի կանգառ Բրազիլիայի ճանապարհին

Հայաստանի հավաքականը Բրազիլիայի ճանապարհին նախ իրենից առաջ թողեց Բուլղարիային, ապա երկու անգամ կարմիր լույսի տակով անցավ: Տուգանքը վճարել մերոնք գուցե և չկարողանան, և դա կարող է ճակատագրական լինել:

Մեր հավաքականը ԱԱ որակավորման փուլի երկրորդ խաղում մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով զիջեց Բուլղարիայի հավաքականին: Խաղը ունեցավ շատ բուռն ընթացք, ընդհանուր առմամբ տեմպը կարող էր բավականին բարձր լինել, եթե շատ չլինեին խախտումները: Խաղը ընթանում էր թիմերի փոփոխական առավելությամբ, իսկ առավել արդյունավետ գտնվեցին տանտերերը, որոնք օգտագործեցին իրենց գոլային պահը: Առաջին կեսի վերջին րոպեներին արագ հակագրոհի արդյունքում Ստանիսլավ Մանոլևը խփեց խաղի միակ գնդակը:
Երկրորդ կեսում մերոնք որոշակի ակտիվացան, բայց ոչ մի լուրջ բան անել չկարողացան: Երկրորդ կեսն առավել աչքի ընկավ խաղացողների միջադեպով, որի պատճառով Մարկոս Պիցելլին և Դյակովը հեռացվեցին խաղադաշտից: Քիչ անց անվայել պահվածքի համար հեռացվեց նաև Գևորգ Ղազարյանը: Արդյունքում մեր հավաքականը պարտվեց, իսկ մյուս` Իտալիայի դեմ խաղին ներկայանալու է առանց երկու առաջատարների:


Խաղի մասին ավելին ասելն անիմաստ է, ավելի լավ է վերլուծել ու հասկանալ խնդիրները: Եթե նախորդ երկու-երեք հանդիպումներում մեր ֆուտբոլիստների ցուցադրած ծանր խաղը ընդունվում էր որպես դասեր ապագայի համար, ապա այս հանդիպումը վերջապես հասկացրեց բոլորիս, որ առկա խնդիրների առջև աչք փակելն արդեն անհնար է: Որոնք են այդ խնդիրները.
1. Էյֆորիա: Իրոք Հայաստանի հավաքականը մոտ մեկ տարի առաջ բոլորիս ցույց տվեց, թե ինչքան ուժեղ կարող է լինել հայկական ֆուտբոլը: Մի քանի խաղ շարունակ կրկնվող հաջողությունները ստիպեցին բոլորիս հավատալ, որ այս ամենը ուղղակի պատահականություն չէ: Բոլորս էլ վստահ ենք, որ մեր հավաքականին միտումնավոր չթողեցին Եվրո 2012: Մենք ունեինք հերոսներ, որոնք փայլուն տառերով գրեցին իրենց անունները հայկական ֆուտբոլի պատմության հերթական էջին: Սակայն պետք է հասկանալ, որ այդ էջն արդեն թերթվել է: Այսօր մեր հավաքականն արդեն սենսացիաներ կերտել չի կարող, քանի որ ցանկացած արդյունք կարող է որակվել ուղղակի որպես օրինաչափ: Այսօր մենք ունենք հավաքական, որի մասին չեն ալարում գրել ու նույնիսկ գովեստի խոսքեր շռայլել մեր մրցակից երկրների լրատվամիջոցները: Այսօր մեր առաջատար ֆուտբոլիստները իրենց առաջնություններում հեշտությամբ հայտնվում են ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականներում, և դա իրոք հպարտանալու առիթ է: Այս պարագայում արդեն, մեր ֆուտբոլիստներն ուղղակի պետք է կարողանան չկորցնել իրենց ու  չհայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսին է "էյֆորիա" կոչվածը: Մեր վերջին անհաջողությունները մենք անընդհատ կապեցինք մանր-մունր պատճառների հետ, սակայն առաջին հերթին մերոնց անհաջողության պատճառը ֆուտբոլիստների ընդհանուր թիմային կենտրոնացվածության բացակայությունն է: Մեր թիմը այսօր չի կարողանում կոնկրետ պահի միավորվել ու ողջ կազմով ինչ-որ խնդիր լուծել, քանի որ այսօր մեր ֆուտբոլիստին արդեն ավելի դժվար է հերոսանալ, որովհետև նրանից դա ուղղակի արդեն սպասում են: Մեր թիմը հիմա կարծում է, որ եթե իրենք արդեն հասել են պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակի, ուրեմն իրենց մոտ ամեն ինչ սկսելու է մեխանիկորեն աշխատել, ինչպես բարձրակարգ թիմերի մոտ է. պաշտպանությունը ինքն իրեն լուծելու է իր խնդիրները, իսկ գոլերն էլ իրենք-իրենց կստացվեն: Այնինչ` ոչ, քանի որ նույնիսկ հիմա մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ վաստակեն արյունով ու քրտինքով, ինչպես որ արել են միշտ:


2. Խակ պրոֆեսիոնալիզմ: Առաջին կետի շարունակությունն է` արդեն ֆուտբոլիստների անհատական մակարդակով: Մերոնք բավականին տաղանդավոր կոլեկտիվ են, սակայն պետք է հավաքականում յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասնի պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակի, որպեսզի կարողանա պատվով դուրս գալ ֆուտբոլային ցանկացած իրավիճակից: Այսօր օրինակ, մեր թիմը ունեցավ երկու կորուստ, ինչը այս պարագայում անթույլատրելի էր: Բացի այդ, խաղային բազմաթիվ դրվագներում դեռ նկատվում է մանր-մունր սխալներ, որոնք կարելի է շտկել ժամանակի ընթացքում: Երբ գործի կարևոր մասն արդեն արված է, հետագա զարգացումը հնարավոր է միայն "մանրուքներ" համարվող ասպեկտների կատարելագործմամբ, ինչին պետք է այսօր ձգտի մեր թիմը:


3. Սարգիս Հովսեփյան: Սարգիս Հովսեփյանը դեռ երկու-երեք տարի առաջ կարող էր անցկացնել հրաժեշտի խաղ, և մենք բոլորս կունենայինք հայկական ֆուտբոլի կարևորագույն դեմքերից մեկին մեծարելու հնարավորություն: Իսկ նա շարունակում է խաղալ, և տալիս է մեզ ճիշտ հակառակը` ամեն խաղից հետո նրան փնովելու հնարավորություն, ինչը ոչ մեկիս էլ հաճելի չէ: Հարցը այստեղ միայն խաղերի բացասական ելքը չէ, այլ այն, որ մեր այսօրվա հավաքականում դեռ կան այսպիսի երևույթներ, երբ մեկը կարող է արտոնյալ լինել: Դա ազդում է ոչ միայն ընդհանուր թիմային մթնոլորտի վրա, այլև հուսահատության պատճառ է դառնում նրա դիրքում հանդես եկող այլ հայ ֆուտբոլիստների համար, որոնք ինչքան էլ աշխատեն իրենց վրա, մեկ է` հավաքականում չեն հայտնվի: Եվս մեկ հանգամանք` կապված Հովսեփյանի հետ: Եթե նրա խաղադաշտ դուրս գալու հիմնավորումներից մեկը նրա` փորձառու ավագ լինելու հանգամանքն է, ապա այդ դեպքում ուր էր երեկ մեր ավագը ընդհարման ժամանակ և ինչ արեց նա իր ֆուտբոլիստներին հանգստացնելու համար:


4. Տակտիկական թարմություն: Արդեն որերորդ խաղն է, ակնհայտ երևում է, որ մերոնց մոտ ինչ-որ բան չի ստացվում: Մերոնք խաղում են ու փորձում են ստեղծել ինչ-որ բան, բայց ֆուտբոլային "կապերը" մի տեսակ թույլ են, գնդակի տեղափոխման սխեմաները լավ չեն աշխատում: Առաջին հայացքից դա թվում է սովորական խոտան, բայց քանի որ սա շարունակական է, պարզ է դառնում, որ սա առավել բարդ տակտիկական խնդիր է: Այդ խնդիրը Վարդան Մինասյանը փորձում է լուծել ոչ թե տակտիկայի, այլ խաղացողների փոփոխության միջոցով, ինչպես օրինակ Մալթայի խաղում դաշտ դուրս բերելով Սարկիսովին կամ երեկ` Պիցելլիին: Իրականում խնդիրը ոչ թե անհատների մեջ է, այլ տակտիկայի, որը մի տեսակ կանխատեսելի ու խոցելի է դարձել մրցակիցների կողմից: Այստեղ արդեն իրականում կտեսնենք, թե ինչի է ունակ Վարդան Մինասյանը:
Պարտությունը ամեն դեպքում ցավալի ստացվեց, քանի որ կորցրեցինք ոչ միայն երեք միավոր, այլև երեք կարևոր ֆուտբոլիստներ Իտալիայի դեմ խաղից առաջ: Լևոն Հայրապետյանը վնասվածք ստացավ, իսկ Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիցելլին որակազրկվեցին: Ամեն դեպքում, հուսանք Երևանում մենք ուրախանալու առիթներ կունենանք, այլ ոչ թե խնդիրներ բարձրաձայնելու:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons