Monday, September 3, 2012

Հայաստանի 21-րդ առաջնությունը հատեց հասարակածը

Հայաստանի 21-րդ առաջնությունը հատեց հասարակածը: Թիմերն անցկացրին 21-րդ տուրի իրենց հանդիպումները: Նշենք, որ չեմպիոնության հիմնական պայքարը ընթանալու է "Միկայի" և "Շիրակի" միջև, որոնք իսկապես միավորների ահռելի տարբերությամբ պոկվել են իրենց մրցակիցներից: "Միկան" 3-րդ հորիզոնականում ընթացող "Իմպուլսին" գերազանցում է 12 միավորով, իսկ "Շիրակը" կորցրած միավորներն էլ հաշվի առած 10 միավորով է գերազանցում: Չնայած պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ֆուտբոլը անակնկալների խաղ է և ամեն ինչ էլ կարող է դեռ տեղի ունենալ: Այժմ անդրադառնանք 21-րդ տուրի հանդիպումներին: Տուրն աչքի ընկավ միջին արդյունավետությամբ և կայացած 4 խաղերում գրանցվեց ընդամենը 8 գնդակ: Այսինքն` մեկ խաղում միջինը 2 գոլ: Հետաքրքիր մի հանգամանք ևս` 4 խաղերից 3ն ավարտվեց ոչ ոքի արդյունքով, և որ ամենահետաքրքիրն է առաջին 2 հորիզոնականներում ընթացող թիմերը չկարողացան հաղթել իրենց մրցակցներին: Այսպիսով` անդրադառնանք Հայաստան 21-րդ առաջնության 21-րդ տուրի հանդիպումներին առանձին-առանձին:
Տուրը սկսվեց սեպտեմբերի 1-ին, և կայացավ 2 հանդիպում: Առաջինը հետնապահ "Արարատը" հյուրընկալել էր Երևանի "Փյունիկին": Սա տուրի միակ հանդիպումն էր, որ ավարտվեց կողմերից մեկի հաղթանակով, և այդ հաղթանակը ուղեկցեց հյուրերին: Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը չբացվեց: 2-րդ խաղակեսում "Փյունիկի" գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը 2 ճիշտ փոփոխություն գուշակեց, որն էլ տվեց իր ցանկալի արդյունքը: Հանդիպման 72-րդ րոպեին հաշիվը բացեց փոխարինման դուրս եկած 17 ամյա հարձակվող Վիուլեն Այվազյանը, իսկ 2-րդ գնդակը խփեց և "Փյունիկի" վերջնական հաղթանակն ապահովեց Դավիդ Մինասյանը հանդիպման 83-րդ րոպեին: Նույն օրը նույն ժամին կայացավ նաև 2 մրցաշարային հարևանների մրցավեճը: Խաղադաշտ դուրս եկան "Ուլիսն" ու "Բանանցը": Այս թիմերը տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 6-րդ և 7-րդ հորիզոնականներում: Եթե հաշվի առնենք "Բանանցի" սերնդափոխության ժամանակաշրջանը, մի փոքր կարելի է հասկանալ իրենց ցույց տված արդյունքները, բայց ինչպես հասկանալ գործող չեմպիոնների 6-րդ հորիզոնականում հայտնվելու փաստը, եթե թիմը միայն պաշտպանել է չեմպիոնության հիմնական կորիզը կազմող ֆուտբոլիստներին, և դեռ ավելին` ուժեղացվել է մի քանի ֆուտբոլիստներով: Իհարկե եղել են նաև հեռացող ֆուտբոլիստներ, որոնք իսկապես մեծ դեր էին կատարում "Ուլիսում": Դրանք էին`  ռուս դարպասապահ Վլադիմիր Մալկովը և կիսապաշտպան Գեորգի Կրասովսկին: Իհարկե արդարության դեմ չմեղանչելու համար նաև պետք է նշել, որ թիմում չափազանց մեծ թիվ են կազմում և ամբողջ առաջին շրջանում թիմին հետապնդում էին վնասվածք ստացած ֆուտբոլիստների քանակը: Ինչևէ, անդրադառնանք հանդիպմանը: Այս խաղում էլ առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, փոխարենը 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 4 գոլ: Խաղի 51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց "Բանանցի" երիտասարդ կիսապաշտպան Լևոն Անանյանը, իսկ 73-րդ րոպեին նույն Անանյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Արտակ Դաշյանը: Թվում էր, թե "Բանանցը" կտանի երկար սպասված հաղթանակը, բայց եղավ այն ինչ եղավ: Հանդիպման 76-րդ րոպեին տանտերերի ավագ կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը կրճատեց հանդիպման հաշիվը, իսկ 79-րդ րոպեին էլ կոնգոցի լեգեոնական Լիե Պատոն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքիով` 2:2 հաշվով:

Առաջատարների մասնակցությամբ հանդիպումները կայացան սեպտեմբերի 2-ին: Գյումրիում "Շիրակը" սեփական հարկի տակ ընդունել էր Դիլիջանի "Իմպուլսին": Առաջին կեսի 23-րդ րոպեին տանտերերի պաշտպան Հրայր Մկոյանը առաջ մղեց գյումրեցիներին, սակայն 74-րդ րոպեին հյուրերի հարձակվող Արթուր Բարսեղյանը վերականգնեց հաշվի հավասարությունը և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: Իսկ ահա միանձնյա առաջատար "Միկան" էլ սեփական հարկի տակ ընդունեց Կապանի "Գանձասարին": "Միկա" մարզադաշտ եկած հանդիսականները այդպես էլ ականատես չեղան խփված գոլի և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով` 0:0 հաշվով:
Անդրադառնալով մրցաշարային աղյուսակին նշենք, որ հասարակածից հետո 21 խաղից վաստակած 48 միավորով "Միկան" շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 20 խաղից վաստակած 43 միավորով Գյումրիի "Շիրակը" 2-րդն է: Փաստորեն գյումրեցիները կորցրած միավորներով ընդամենը 2 միավոր են զիջում "Միկային", սակայն այդ միավորները վաստակելու համար դեռևս պետք է հաղթեն "Բանանցին": Իսկ լավագույն եռյակն էլ եզրափակում է Դիլիջանի "Իմպուլսը" 21 խաղից վաստակած 36 միավորով: Նշենք, որ հենց "Իմպուլսի" հարձակվող Նորայր Գյոզալյանն է խփած 11 գնդակներով հանդիսանում լավագույն ռմբարկու: 2-րդ տեղում է "Փյունիկի" երիտասարդ հարձակվող Վիուլեն Այվազյանը  խփած 10 գնդակներով, որը իր գոլերի առյուծի բաժինը խփել է փոխարինման դուրս գալով, դե իսկ լավագույն եռյակն էլ եզրափակում է "Շիրակի" սենեգալցի կիսապաշտպան Լի Յամին Յորոն խփած 9 գնդակով:
Ամփոփելով առաջին խաղաշրջանը հույս ունենանք, որ 2-րդ խաղաշրջանում այսինքն` մնացած 21 տուրերում մեզ ավելի դիտարժան ու հետաքրքիր հանդիպումներ են սպասվում, և յուրաքանչյուր տեղի համար պայքարում էլ հետաքրքիր և առողջ մրցակցություն կլինի:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons