Sunday, September 16, 2012

"Միկան" պոկվում է առաջ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականի խաղից հետո 15-ին վերսկսվեց Հայաստանի 21-րդ առաջնության 2-րդ կեսը: 4 հանդիպումներն էլ կայացան նույն օրը` սեպտեմբերի 15-ին: Կարելի է ասել տուրն աչքի ընկավ արդյունավետությամբ և կայացած 4 խաղերում գրանցվեց 15 գնդակ: Այսինքն` մեկ խաղում միջինը 3.75 գնդակ: Այժմ անդրադառնանք 22-րդ տուրի հանդիպումներին առանձին-առանձին:
Առաջինը խաղադաշտ դուրս եկան Դիլիջանի "Իմպուլսը" և Երևանի "Բանանցը": Հաշվի առնելով այն հանգամանքը, որ "Բանանցը" շատ ցածր արդյունավետություն է ցուցաբերում ընթացիկ առաջնությունում, իսկ "Իմպուլսն" էլ ընթանում էր 3-րդ տեղում, այս խաղում ակնհայտ ֆավորիտ համարվում էր "Իմպուլսը": Սակայն խաղի ընթացքը ցույց տվեց, որ "Բանանցը" բոլորովին համաձայն չէր "Իմպուլսի" ֆավորիտ լինելու հանգամանքին: Հանդիպման 17-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Կարապետյանը: Սակայն տանտերերից ընդամենը 5 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար, երբ 22-րդ րոպեին "Բանանցի" նախկին հարձակվող Նորայր Գյոզալյանը գոլի հեղինակ դարձավ: Նույն Գյոզալյանը իր նախկին թիմի դարպասը  խփեց նաև 2-րդ գնդակը, այս անգամ հանդիպման 44-րդ րոպեին և ձևակերպելով "դուբլ" առաջ մղեց տանտերերին: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց և թիմերը գնացին ընդմիջման 2:1` դիլիջանցիների հաղթանակով: Թվում էր, թե 2-րդ խաղակեսում "Իմպուլսը" կզարգացնի իր հաջողությունը, սակայն հանդիպման 75-րդ րոպեին Հայաստանի հավաքականի թեկնածու Արարատ Առաքելյանը վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:
"Իմպուլս"-"Բանանց" խաղին զուգընթաց խաղադաշտ դուրս եկան նաև "Արարատի" և "Գանձասարի" ֆուտբոլիստները: Կապանցիները խաղին մոտեցել էին լուրջ կորուստներով, մասնավորապես խաղից բացակայում էին Արմեն Տատինցյանը, Արտաշես Զաքարյանը, Հայրապետ Ավագյանը, Դեյան Վուկոմանովիչը, Արա Խաչատրյանը և Ալեն Համբարձումյանը, իսկ տանտերերը խաղին մոտեցել էին մարտական կազմով: Այս խաղում նաև ապացուցելու բան ուներ տանտերերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, որը մինչև "Արարատի" ղեկն ստանձնելը գլխավորում էր հենց Կապանի "Գանձասարը": Կարելի է ասել տանտերերի կիսապաշտպան Տիգրան Ոսկանյանը բարձր պահեց Աբրահամ Խաշմանյանի պատիվը, երբ 68 րոպեների ընթացքում 3 անգամ ստիպեց "Գանձասարի" ֆուտբոլիստներին գնդակը հանել սեփական դարպասից, և ձևակերպեց "հեթ-տրիկ": Գոլերը խփվեցին հանդիպման` 35-րդ, 47-րդ և 64-րդ րոպեներին: Վերջին գոլը Ոսկանյանը խփեց 11 մետրանոց հարվածից, իսկ հյուրերին հաջողվեց միայն կրճատել հանդիպման հաշիվը, երբ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբա Ֆարիասը:


Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ "Միկա" մարզադաշտում, որտեղ առաջնության 2 առաջատարները` "Միկան" և "Շիրակը" մրցեցին միմյանց դեմ: Հաշվի առնելով 2 թիմերի առաջնության առաջատար լինելու հանգամանքը, և միավորների տարբերությունը` 2 թիմերն էլ մոտիվացված էին խաղադաշտ դուրս եկել: Հանդիպման 21-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Արեգ Ազատյանը, սակայն հանդիպման 41-րդ րոպեին հյուրերի հարձակողական ոճի կիսապաշտպան Արա Մկրտչյանը վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը, և թիմերը գնացին ընդմիջման 1:1 հաշվի պարագայում: 2-րդ խաղակեսում "Միկայի" գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը հերթական անգամ օգտագործեց իր պահեստային լավագույն տարբերակը և խաղադաշտ դուրս բերեց Սեմյոն Մուրադյանին: Սլովակիայի "Տատրանից" "Միկա" վերադարձած Նարեկ Բեգլարյանը հանդիպման 77-րդ րոպեին նորից առաջ մղեց տանտերերին, իսկ հանդիպման 84-րդ րոպեին էլ հերթական անգամ աշխատեց Հոռնյակի փոփոխությունը և աչքի ընկավ Սեմյոն Մուրադյանը: 3:1 հաշվով հաղթանակ տարավ "Միկան":


"Միկա" - "Շիրակ" խաղից հետո տուրի ևս մեկ կենտրոնական հանդիպման ժամանակ միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն "Ուլիսը" և փոխչեմպիոն "Փյունիկը"` "Ուլիսի" հարկի տակ: Հանդիպումն ավարտվեց գործող չեմպիոնների խոշոր հաշվով հաղթանակով: Հանդիպման 28-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Սամվել Մելքոնյանը, 84-րդ րոպեին "Ուլիսի" առավելությունը կրկնապատկեց Դավիդ Գրիգորյանը, իսկ հանդիպման 90-րդ րոպեին էլ իր թիմի 3-րդ գնդակը խփեց և "Ուլիսին" 3:0 հաշվով հաղթանակ պարգևեց Նորայր Սահակյանը:


Այսպիսով` ամփոփելով Հայաստանի 21-րդ առաջնության 22-րդ տուրը, նշենք, որ "Արարատը" հաղթանակի շնորհիվ վաստակեց 11 միավոր, սակայն շարունակում է ընթանալ վերջին` 8-րդ հորիզոնականում: 7-րդ հորիզոնականում վաստակած 16 միավորով շարունակում է ընթանալ "Բանանցը", 6-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցնում "Ուլիսը" վաստակած 23 միավորով: 5-րդ և 4-րդ հորիզոնականներում նույնքան` 30 ական միավորներով ընթանում են "Գանձասարն" ու "Փյունիկը": Լավագույն եռյակը բացում է "Իմպուլսը" վաստակած 37 միավորներով, 2-րդ հորիզոնականում է գտնվում "Շիրակը" 43 միավորով, դե իսկ հաղթելով "Շիրակին" և վաստակելով 51 միավոր "Միկան" պոկվում է առաջ: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons