Tuesday, September 4, 2012

Հայ ֆուտբոլիստները այս անգամ էլ անմասն չմնացին իրենց թիմերի հաջողություններում


Մունդիալ 2014-ի խմբային փուլի ազգային հավաքականների խաղերին ընդառաջ կայացան նաև Ուկրաինայի և Ռուսաստանի պրեմիեր լիգաների հերթական` համապատասխանաբար 8-րդ և 7-րդ  տուրի հանդիպումները:

Ուկրաինայի 8-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Ուժգորոդում, որտեղ Արթուր Եդիգարյանի և Եղիշե Մելիքյանի "Հովերլա Զակարպատիեն" սեփական հարկի տակ ընդունել էր Սիմֆերոպոլի "Տավրիային": Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով 2:1 հաշվով: Վերջապես "Հովերլա Զակարպատիեն" էլ կարողացավ հաղթանակ տոնել, սակայն դեռևս ընթանում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Արթուր Եդիգարյանը դուրս եկավ խաղադաշտ իր թիմի մեկնարկային կազմում և հանդես եկավ առանց փոխարինման, իսկ Եղիշե Մելիքյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 87-րդ րոպեին նախկինում հանրահայտ գերմանացի ֆուտբոլիստ Դավիդ Օդոնկորի փոխարեն, որն էլ հեղինակել էր տանտերերի 2-րդ գոլը: Այս խաղը միակն էր` նախատեսված խաղային առաջին օրվա համար:
Խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էր 4 հանդիպում: Առաջինը Կրիվոյ Ռոգում խաղադաշտ դուրս եկան տեղի "Կրիվբասը" և Մարիուպոլի "Իլյիչեվեցը": Հաղթանակը ուղեկցեց հյուրերին, որոնք հաղթեցին 1:2 հաշվով: Այնուհետև Լվովում խաղադաշտ դուրս եկան "Կարպատները" և Գևորգ Ղազարյանի, Կառլեն Մկրտչյանի և Արտակ Եդիգարյանի Դոնեցկի "Մետալուրգը": Նիկոլայ Կոստովի սաները սեփական հարկի տակ զիջեցին 0:1 հաշվով: "Մետալուրգի" հաղթանակին 90 րոպեների ընթացքում օգնեց Կառլեն Մկրտչյանը, որը դուրս էր եկել խաղադաշտ իր թիմի հիմնական կազմում, Արտակ Եդիգարյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 89-րդ րոպեին, իսկ Գևորգ Ղազարյանը ընդհանրապես բացակայում էր իր թիմի հայտացուցակից թեթև վնասվածքի պատճառով:
Այս խաղից անմիջապես հետո Օդեսայում տեղի ունեցավ "Չեռնոմորեց" - "Զարյա" հանդիպումը, որտեղ տանտերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին Լուգանսկից եկած հյուրերի նկատմամբ: Խաղային 2-րդ օրվա վերջին հանդիպումը կայացավ Պոլտավայում, որտեղ "Վորսկլան" հյուրնկալել էր առաջատարներից մեկին` Դնեպրոպետրովսկի "Դնեպրին": Խաղն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով: Վերջին 3 հանդիպումները կայացան սեպտեմբերի 2-ին: Նախ` խաղադաշտ դուրս եկան "Վոլին" և "Մետալիստ" թիմերը Լուցկի "Ավանգարդ" մարզադաշտում: Այս խաղը տուրի անակնկալն էր, քանի որ տանտերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին Ուկրաինայի գործող բրոնզեմեդալակիրների նկատմամբ: Այս խաղից հետո կայացավ տուրի և  Ուկրաինայի ամբողջ առաջնության կենտրոնական հանդիպումը` Ուկրաինայի "Սուպերկլասիկոն", որտեղ իրար հետ մրցում էին Դոնեցկի  "Շախտյորը" և Կիևի "Դինամոն": 

Հանդիպման 20-րդ րոպեին "Հանքափորներին" առաջ մղեց պաշտպան Ալեքսանդր Կուչերը, սակայն մինչ խաղավարտ հանդիպման 45-րդ րոպեին "Դինամոյական" ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը և հիմնական զարգացումները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: Հանդիպման 62-րդ րոպեին, օգտվելով Դարիո Սռնայի փոխանցումից, իր թիմին նորից առաջ մղեց Կուչերը, իսկ 81-րդ րոպեին էլ օգտվելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից Լուրիս Ադրիանոն խփեց իր թիմի 3-րդ գնդակը և հաշիվը բերեց վերջնական տեսքի` 3:1 հօգուտ "Շախտյորի": Դե իսկ տուրի վերջին հանդիպումն էլ կայացավ Կիևում, որտեղ տեղի "Արսենալը" սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Զապորոժեի "Մետալուրգի" դարպասը և մի փոքր սփոփեց կիևցի ֆուտբոլասերներին "Դինամոյի" պարտությունից հետո:
 Կայացած 8 տուրերից հետո բացարձակ արդյունքով Դոնեցկի "Շախտյորը" վաստակած 24 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ հորիզոնականում է "Դնեպրը" 18 միավորով, նույնքան միավորով Կիևի "դինամոյականները" 3-րդն են: Դե իսկ լավագույն ռմբարկուն էլ շարունաում է մնալ Հենրիխ Մխիթարյանը խփած 11 գնդակով:
Ռուսաստանում էլ կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Առաջինը Սարանսկում խաղադաշտ դուրս եկան "Մորդովիան" և Սանկտ Պետերբուրգի "Զենիթը": Գործող չեմպիոնները վստահ հաղթանակ տարան տանտերերի դարպասն ուղարկելով 3 գնդակ, որոնցից 2-ն իր հաշվին գրանցեց Ալեքսանդր Կերժակովը: 3 հանդիպում կայացավ սեպտեմբերի 1-ին: Նախ խաղադաշտ դուրս եկան առաջատարների խմբում ընթացող 2 թիմեր "Ռուբինն" ու "Թերեքը" Կազանի "Կենտրոնական" մարզադաշտում: Գրոզնիից ժամանած հյուրերն շատ "հանդուգն" գտնվեցին և հաղթեցին տանտերերին 1:2 հաշվով: Այս խաղին համընթաց Նիժնի Նովգորոդում Արթուր Սարկիսովի "Վոլգան" սեփական հարկի տակ ընդունեց Դոնի Ռոստովի "Ռոստով" ակումբին: Արդեն 29-րդ րոպեին տանտերերը հայտնվեցին ծանր կացության մեջ, քանի որ խաղադաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Բույվոլովը, և հյուրերը վաստակեցին 11 մետրանոց հարված: 30-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բլատնյակը: Սակայն տանտերերը` "Վոլգայի" ֆուտբոլիստները, խույս տվեցին պարտությունից հանդիպման 87-րդ րոպեին Սապոգովի գոլի շնորհիվ: Այս գոլին համահեղինակ էր նաև Արթուր Սարկիսովը, որը փոխարինման դուրս եկավ հանդիպման 57-րդ րոպեին: Այս խաղից հետո Վլադիկավկազում խաղադաշտ դուրս եկան տեղի "Ալանիան" և Պերմի "Ամկարը": Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Վերջին 4 հանդիպումները տեղի ունեցան սեպտեմբերի 2-ին: Նախ` Կրասնոդարում խաղադաշտ դուրս եկան Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարը" և Մոսկվայի "ԲԿՄԱ-ն": Հանդիպման 60-րդ րոպեին "բանակայինների" հարձակվող Ահմեդ Մուսան խփեց այս հանդիպման միակ և հաղթական գնդակը: Յուրա Մովսիսյանը դուրս եկավ խաղադաշտ իր թիմի մեկնարկային կազմում, բայց ոչինչ չկարողացավ անել: Այս խաղից հետո Մոսկվայում խաղադաշտ դուրս եկան Դան Պետրեսկուի գլխավորած վերջին 2 թիմերը Մոսկվայի "Դինամոն" և Կրասնոդարի "Կուբանը":

Իհարկե հայ ֆուտբոլասերներին այս խաղը հետաքրքրում էր այնքանով, որ 2 թիմերի կազմում էլ ընդգրկված են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ: "Դինամոյի" հայտացուցակից ընդհանրապես բացակայում էր Ռոման Բերեզովսկին: Փոխարենը "Կուբանի" հիմնական կազմում էր Մարկոս Պիցելին, իսկ  Արազ Օզբիլիսն էլ փոխարինման դուրս եկավ հանդիպման 73-րդ րոպեին և դարձավ իր թիմի հաղթական` 2-րդ գոլի հեղինակը: 1:2 հաշվով հաղթանակ տարան Կրասնոդարի "Կուբանի" ֆուտբոլիստները: "Կուբանի" հայտացուցակից ընդհանրապես բացակայում էր Դավիդ Մանոյանը, որը վերադարձել է Երևանի "Փյունիկ": Տուրի նախավերջին հանդիպումը տեղի ունեցավ Սամարայում, որտեղ "Կռիյլա Սովետովը" սեփական հարկի տակ հյուրնկալել էր Մախաչկալայի "Անժիին": Գուուս Հիդինկի սաներին հաջողվեց առավելության հասնել տանտերերի նկատմամբ 1:2 հաշվով: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 7-րդ տուրն ավարտվեց մոսկովյան հերթական դերբիով: Իրար դեմ էին մրցում "Լոկոմոտիվն" և "Սպարտակը": Սա նաև 2 մարզիչների հակամարտություն էր, քանի որ հենց մրցաշրջանի մեկնարկից առաջ "Լոկոմոտիվի" ղեկն ստանձնեց Խորվաթիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը, իսկ "Սպարտակը" սկսեց գլխավորել "Վալենսիայի" նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Ավելի հաջողակ գտնվեցին Բիլիչի սաները, որոնք կարողացան 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել:
Կայացած 7 տուրերից հետո Ռուսաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Հավասար 16-ական միավորներով առաջին և 2-րդ հորիզոնակններում են տեղ զբաղեցնում համապատասխանաբար "Զենիթն" և "Թերեքը", իսկ լավագույն եռյակը 15 միավորով եզրափակում ն Մոսկվայի "ԲԿՄԱ-ն": Լավագույն ռմբարկուներն էլ 4-ն են խփած 6 գնդակներով: Դրանք են` Ալեքսանդր Կերժակովը "Զենիթ", Դանիլո Նեկոն "Ալանիա", Բիբրաս Նատխոն "Ռուբին" և  Յուրա Մովսիսյան "Կրասնոդար":
Ամփոփելով Ուկրաինայի և Ռուսաստանի պրեմիեր լիգաների համապատասխանաբար 8-րդ և 7-րդ տուրերը` բնականաբար հաճելի հանգամանք է այն, որ  Հայաստանի հավաքականի ճամբար գալուց առաջ հայ ֆուտբոլիստները այս անգամ էլ անմասն չմնացին իրենց թիմերի հաջողության գործերում:


0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons