Իսպանիայում տնտեսական ճգնաժամ է, և այս տրանսֆերային ամառը Լա Լիգայի թիմերի համար եղավ առավել շատ կորուստների, քան ձեռքբերումների տարի: Մեծ թվով առաջատար ֆուտբոլիստներ լքեցին իրենց թիմերը, սակայն մենք փորձել ենք առանձնացնել նրանցից 15-ին, ովքեր իրոք կարող էին շատ բան փոխել մեկնարկած մրցաշրջանում: Գնացինք.
15. Ռաուլ Տամուդո - "Պաչուչա"
"Էսպանյոլի" լեգենդ Ռաուլ Տամուդոն որոշեց շարունակել կարիերան մեքսիկական "Պաչուչայում": Բարսելոնյան երկրորդ թիմի երկրպագուները կշարունակեն հիշել իրենց նախկին ավագին որպես թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:
14. Լուիս Ամարանտո Պերեա - "Կրուս Ասուլ"
Մեքսիկայի ճամփան է բռնել Լա Լիգայի ևս մեկ վետերան` "Ատլետիկոյի" կոլումբիացի պաշտպան Լուիս Պերեան: Վերջինս Իսպանիայում անցկացրած իր 8 մրցաշրջանների ընթացքում բազմաթիվ անգամ անհաղթահարելի խոչընդոտ է հանդիսացել նույնիսկ ամենահզոր հարձակվողների համար: Պերեան "Ատլետիկոյի" կազմում նվաճել է նաև բազմաթիվ տիտղոսներ, որոնցից վերջինը այս տարվա Եվրոպա լիգայի գավաթն էր:
13. Էստեբան Գրաներո - "Քուինզ Պարկ Ռեյնջերս"
Մադրիդի "Ռեալի" սանը, երեք մրցաշրջանների ընթացքում չգտնելով իր տեղը հիմնական կազմում, որոշեց տեղափոխվել Անգլիա: Գրաներոն տեղ գտավ Մարկ Հյուզի թիմում` միանալով Պարկ Ջի Սունգին, Բոսինգվային և Ժուլիո Սեզարին:
12. Իբրահիմ Աֆելլայ - "Շալկե 04"
Հոլանդացին Բարսելոնայում անցկացրած իր 18 ամիսների ընթացքում այդպես էլ չմարսեց կատալոնյան ֆուտբոլային փիլիսոփայությունը: Գերմանիայում արդեն Աֆելլայը կփորձի վերահաստատել իր բարձր կարգը:
11. Սալոմոն Ռոնդոն - "Ռուբին"
Սկսելով անցած մրցաշրջանը պահեստայինների նստարանին` վենեսուելացի հարձակվողը կարողացավ Ռուուդ վան Նիստելռոյից խլել տեղը հիմնական կազմում և դառնալ "Մալագայի" լավագույն ռմբարկու 11 գոլերով: Այս տարի, սակայն, նա որոշեց շարունակել կարիերան Ռուսաստանում:
10. Նուրի Շահին - "Լիվերպուլ"
Սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ մարդ չի հասկանում` իրականացավ արդյոք իր երազանքը, թե ոչ: Շահինը երիտասարդ տարիքում հայտնվել էր Արքայական ակումբում, սակայն թիմի մի մասը դառնալ չկարողացավ և այժմ մեկ տարի բախտը փորձելու է "Լիվերպուլում": Գուցե և "Ռեալի" հիմնական կազմի "ուղեգիրը" թուրք ֆուտբոլիստը կարողանա նվաճել հենց "կարմիրների" կազմում` ցուցադրելով լավ ֆուտբոլ:
9. Մարկոս Սեննա - "Վիլյառեալը" այս մրցաշրջանն անցկացնելու է Սեկունդայում
Իսպանիայի հավաքականի կենտրոնի երբեմնի առաջատարներից մեկը` Մարկոս Սեննան, այն ֆուտբոլիստներից էր, ովքեր չլքեցին խորտակվող "Դեղին սուզանավը": Սեննան օգնելու է իր թիմին` արդեն մյուս մրցաշրջանում վերադառնալու Լա Լիգա, իսկ այս տարի մենք ցավոք նրան չենք տեսնի:
8. Մեհմետ Թոփալ - "Ֆեներբախչե"
Պաշտպանական ոճի թուրք կիսապաշտպանը "Վալենսիայում" անցկացրած երկու տարիներից հետո այնուամենայնիվ հասկացավ, որ իրեն առավել հարազատ է թուրքական ֆուտբոլը: "Ֆեներբախչեն" նրան սիրով ընդունեց իր կազմ` կնքելով 4 տարվա պայմանագիր:
7. Արունա Կոնե - "Ուիգան"
Կոտ դ'իվուարցի հարձակվողի ջանքերով "Լևանտեն" այս մրցաշրջանում մասնակցում է Եվրոպա լիգայի խաղարկությանը: Կոնեն Իսպանիայում անցկացրեց ընդհանուր առմամբ 5 մրցաշրջան` "Սևիլիայում" և "Լևանտեում", իսկ նրա հաջորդ կանգառը Անգլիայում է:
6. Միչու - "Սուոնսի Սիթի"
Իսպանացի տաղանդավոր ֆուտբոլիստը, նախորդ մրցաշրջանում աչքի ընկնելով "Ռայո Վալեկանոյի" կազմում, տեղափոխվեց Պրեմիեր լիգայի ամենաիսպանական թիմ: Այստեղ նա արդեն հասցրել է 3 խաղում դառնալ 4 գոլի հեղինակ:
5. Ռուուդ վան Նիստելռոյ - ավարտել է կարիերան
Հոլանդական ֆուտբոլի լավագույն գոլահարներից մեկը 2011թ. իր կարիերայի մայրամուտին հայտնվեց իսպանական "Մալագայում", սակայն մեկ տարի խաղալուց հետո որոշեց թողնել ֆուտբոլը: Ամեն դեպքում, իսպանացի ֆուտբոլասերները կհիշեն հոլանդացու` ոչ միայն "Մալագայում" անցկացրած մեկ տարին, այլև "Ռեալում" անցկացրած 4 մրցաշրջանները:
4. Լասսանա Դիարրա - "Անժի"
Անցկացնելով հիանալի տարիներ "Արքայական" ակումբում` Դիարրան փող աշխատելու է գնում Մախաչկալա:
3. Սեյդու Կեյտա - "Դալիան Աերբին"
Մալիիցի կիսապաշտպանը միացավ մի խումբ հայտնի ֆուտբոլիստների, որոնք իրենց կարիերան շարունակում են Չինաստանում:
2. Խավի Մարտինես - "Բավարիա"
Բիլբաոյի "Ատլետիկի" երկու տաղանդներից մեկը, ի տարբերություն Լիորենտեի, կարողացավ տեղափոխվել գրանդ-ակումբ: Սեպտեմբերի 2-ին` իր ծննդյան օրը, Մարտինեսը անցկացրեց իր առաջին խաղը "Բավարիայի" կազմում, որին ֆուտբոլիստը իր խոսքերով երկրպագում էր 1999 թվականից:
1. Սանտի Կասորլա - "Արսենալ"
Արսեն Վենգերը շարունակում է իր շուրջը հավաքել տաղանդավոր ֆուտբոլիստների: Կասորլան վերջին տարիներին իսպանական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից է, սակայն չնայած հավաքականում անցկացրած արդեն 46 հանդիպումների` Սանտին ունի տիտղոսների մեծ պակասուրդ: Հույսը կորցնելով "Մալագայից" հարձակվողը փորձելու է այդ պակասը լրացնել "Արսենալում":
Այս ֆուտբոլիստներից շատերի խաղը գուցե կարոտենք, մյուսները առավել հաջողակ կգտնվեն այլ թիմերում, բայց հուսանք Լա Լիգան այս տարի հերոսների պակաս չի ունենա:
0 comments:
Post a Comment