Thursday, August 30, 2012

Իսպանիայի սուպերգավաթը գնում է Մադրիդ

Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ հանդիպումը ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 2-1, և մայրաքաղաքացիները կատալոնացիների դաշտում խփած մեկ ավել գոլի շնորհիվ հռչակվեցին սուպերգավաթակիրներ: Խաղը ընդհանուր առմամբ անցավ «Ռեալի» առավելությամբ, և հաղթանակը նրանց արժանի տրվեց:Անդրադառնանք խաղի զարգացումներին, ինչպես նաև փորձենք մի քանի եզրահանգումներ անել երկու սուպերկլասիկոներից հետո:


«Ռեալ» 2-1 «Բարսելոնա»
1-0` Իգուային 11´, 2-0` Ռոնալդո 19´, 2-1` Մեսսի 45´
«Ռեալը» շատ ակտիվ սկսեց խաղը, գործում էր շատ արագ և սուր: Սակայն եթե տանտերերի գրոհները մի կերպ հետ էին մղվում «Բարսայի» պաշտպանների կամ դարպասապահ Վալդեսի կողմից, ապա հակագրոհների դեպքում «Բարսայի» արժանի դիմադրությունը ուշանում էր: Կատալոնացիների երկու կենտրոնական պաշտպանների մեկական սխալները բերեցին 2-0 հաշվի, իսկ երրորդ պաշտպանը` Ադրիանոն, հնարավոր երրորդ գնդակը փոխանակեց կարմիր քարտով և լքեց խաղադաշտը: «Բարսելոնան» ուշքի եկավ 35-րդ րոպեին միայն, սակայն «տիկի-տական» շատ դժվար էր ստացվում, քանի որ տանտերերը փակում էին գրեթե բոլոր դիրքերը: Այս պարագայում խաղակեսի վերջնամասում «Բարսան» օգտագործեց երևի միակ հնարավոր տարբերակը` տուգանայինից ուղիղ հարվածը, որը հիանալի կատարեց Մեսսին: 
Երկրորդ կեսում «Բարսելոնային» ավելի ու ավելի դժվար էր խաղալ, իսկ «Ռեալը» շարունակում էր քրտինք թափել` հասցնելու համար բոլոր դիրքերում: Դրա հետ մեկտեղ «Ռեալի» ֆուտբոլիստները բազմաթիվ անգամ սպառնացին մրցակցի դարպասին, սակայն այս խաղում շատ լավ էր գործում Վիկտոր Վալդեսը: Մոուրինյոյի թիմը կարողացավ խաղը հասցնել հաղթական ավարտի և նվաճեց սուպերգավաթը:


Մրցաշրջանի առաջին տիտղոսը գնաց Մադրիդ: Մադրիդիստները ցնծում են, բարսաֆաները լուռ մտորում են գալիք մրցաշրջանի և Վիլանովայի մասին, իսկ մենք անենք մի քանի եզրահանգումներ  մրցաշրջանի առաջին կլասիկոներից հետո:
Անակնկալ մուտք, ճակատագրական ելք: 
Խաղից առաջ հայտարարված կազմերում «Բարսելոնայի» աջ եզրում խաղալու էր Դանի Ալվեսը: Խաղը սկսվեց, և առայժմ գոնե մեզ անհայտ պատճառներով այս դիրքում խաղաց Ադրիանոն, իսկ ձախից դաշտ դուրս եկավ Խորդի Ալբան: Վերջինիս առումով գուցե և առարկությունները ամենաքիչը լինեն, իսկ ահա Ադրիանոյի դիրքը դարձավ այն ամենաթույլ օղակը, որտեղից բզկտվեց «Բարսայի» պաշտպանությունը: Ճիշտ է, առաջին երկու գոլերը հենց այս դիրքից չծնվեցին, բայց Ադրիանոյի դաշտում անցկացրած 28 րոպեների ընթացքում կատալոնացիների պաշտպանության աջ եզրում «Ռեալը» ազատ էր իր գործողություններում: Ադրիանոն էլ ի վերջո չդիմացավ ճնշմանը և կատարեց ճակատագրական խախտումը:


Ո՞րն է խնդիրը: 
Եթե փորձենք հասկանալ «Բարսելոնայի» գլխավոր խնդիրը, ապա սուպերգավաթային առաջին խաղից հետո առավել համոզիչ էր դարպասապահի խնդիրը: Այս խաղում` հակառակը, Վալդեսը փայլում էր, իսկ գլխավոր խնդիրը պաշտպանությունն էր: «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին իրենց խաղը խաղալու համար պետք է առավելագույնը 1 մետր տարածություն, իսկ «Ռեալի» խաղը ենթադրում է գոնե 3 մետր տարածություն` արագ գործողություններ ձեռնարկելու համար: Մոուրինյոյի հանճարը գուցե հենց նրանում էր, որ այս խաղում «Բարսան» այդ երեք մետրը և նույնիսկ շատ ավելին «Ռեալին» տվեց շատ հանգիստ, իսկ մայրաքաղաքացիները, ընդհակառակը, պայքարեցին յուրաքանչյուր սանտիմետրի համար: Նույնիսկ Ինիեստային ու Չավիին հեշտ չէր արդյունավետ փոխանցումներ կատարելը, որովհետև հակառակորդը հասցնում էր փակել գրեթե բոլորին: Արդյունքը եղավ այն, որ առաջին կեսի 35 րոպեների ընթացքում «Բարսան» չկարողացավ սկսել իր խաղը, իսկ «Ռեալը» հասցրեց երկու գնդակ գրանցել, ինչը լիովին բավարար էր: 


Մոուրինյոն խաբու՞մ էր:
Խոսելով սուպերգավաթային խաղերի մասին` Մոուրինյոն նշել էր, որ առանձնապես չի կարևորում իր թիմի հաղթանակը: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղից հետո քչերը կհավատան, որ նա անկեղծ էր: «Ռեալի» ցուցաբերած նման ակտիվությունը և ինքնանվիրումը, ֆուտբոլիստների այդ հսկայական աշխատանքը չէին կարող ոչ կարևոր մի հերթական խաղում ներդրվել: Գուցե «մադրիդցիներին» տանջում էր նաև հաղթանակի ծարավը, որ ունեին նրանք մրցաշրջանի արդեն երեք խաղերից հետո: Մոուրինյոն ստիպել էր պաշտպանական գործողություններին մասնակցել նույնիսկ Ռոնալդուին և Իգուայինին, իսկ Խեդիրայի, Օզիլի և Խաբի Ալոնսոյի կատարած աշխատանքը իրոք ապշեցուցիչ էր: «Բարսային» իր խաղից զրկելու` Մոուրինյոյի ծրագիրը փաստորեն աշխատող էր, բայց այն պահանջում էր բացառիկ ջանքեր: Բնական է, այդպիսի ջանքեր, դրա հետ մեկտեղ նման կենտրոնացում և պրոֆեսիոնալիզմ ցուցադրել կարող են շատ քիչ թիմեր, սակայն փաստն այն է, որ դա հնարավոր է: Սա էլ ևս մեկ գլխացավանք Վիլանովայի համար:


Նորեկները:
Երկու ֆուտբոլիստներ այս խաղում առաջին անգամ բախտ ունեցան մասնակցել ֆուտբոլային մի այնպիսի ներկայացման, ինչպիսին է սուպերկլասիկոն: Ալեքս Սոնգը աչքի ընկավ մի քանի սխալներով և խաղաց միջին մակարդակի խաղ, իսկ ահա Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրած 10 րոպեների արդյունքում արժանացավ իր առաջին տիտղոսին: Այս երկու նորեկների խաղը ֆուտբոլային իմաստով դեռ վաղ է վերլուծել, իսկ ահա «Բարսայից» արժանի է հիշատակման մեկ այլ նորեկ` Խորդի Ալբան: Վերջինս բավականին լավ կատարեց իր պարտականությունները, արագ էր և շարժունակ, ընդհանուր առմամբ մարսել էր կատալոնյան խաղային փիլիսոփայությունը և հաջողությամբ փակում էր իր եզրը: 


Ի՞նչ դիտել այս խաղից հետո:
Իսպանիայի սուպերգավաթի երկու հանդիպումները փառահեղ ստացվեցին: Տեսանք հրաշալի ֆուտբոլ մեծագույն վարպետների կատարմամբ: Երկու հանդիպումների չորս խաղակեսերից առաջինն ու վերջինը գոլեր չունեցան, իսկ ահա մյուս երկու խաղակեսերը առանձնացան միանգամից 8 գոլերով: Տեսանք թե´ գլխով գոլ, թե´ 11 մետրանոց, թե´ տուգանայինից հարվածով գոլ, թե´ հեռացում, թե´ երկրպագու դաշտում, մի խոսքով տեսանք ֆուտբոլ` իր գրեթե բոլոր հետաքրքիր դրսևորումներով, ընդ որում այս որակի ֆուտբոլ խաղալ կարող են աշխարհում գուցե մոտ 50 վարպետներ, որոնցից 22-ը խաղում էին այս թիմերում: Այստեղ հարց է ծագում, ի՞նչ դիտել այս երկու հանդիպումներից հետո: Նույնիսկ Եվրոպայի սուպերգավաթը այս խաղից հետո այն շքեղությամբ չի փայլում, ինչ առաջ էր: Սուպերկլասիկոն ստվեր նետեց ողջ գալիք մրցաշրջանի վրա:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons