Thursday, August 9, 2012

Լոնդոն-2012. Ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի տեսություն

Բրազիլացիները հերթական երեք գնդակներն են խփում և պատրաստվում նույնը կրկնել եզրափակիչում Մեքսիկայի դեմ, իսկ ասիական թիմերը կպայքարեն ընդամենը բրոնզե մեդալի համար. "Գոլիզեում" բլոգը ամփոփում է օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչները:

Լոնդոն-2012-ի ֆուտբոլի մրցաշարը գրեթե մոտեցել է իր հանգուցալուծմանը, և հենց այս փուլում որոշիչ գործոն դարձան պրոֆեսիոնալիզմը և խաղամակարդակը: Այս գործոնները ասիական թիմերի օգտին չէին, և վերջիններս իրավացիորեն զիջեցին իրենց մրցակիցներին: Երիտասարդական թիմերի մակարդակում խաղային կարգապահությունը և կազմակերպվածությունը կարևոր, բայց առաջնային դեր չեն խաղում, առավել մեծ է ակտիվ հարձակողական գործողությունների և անհատական տեխնիկայի դերը, որով աչքի ընկան ամերիկյան երկու մայրցամաքները ներկայացնող ֆուտբոլիստները: Կիսաեզրափակիչ փուլը ցույց տվեց ասիացիներին, որ իրենք դեռ շատ պետք է աշխատեն լուրջ արդյունքների համար, միևնույն ժամանակ հավելելով, որ մինչ այս գործադրած ջանքերը տվեցին իրենց արդյունքները` հնարավոր բրոնզե մեդալների տեսքով:


Ճապոնիա 1-3 Մեքսիկա
1-0` Օցու (12'), 1-1` Ֆաբիան (31'), 1-2` Պերալտա (65'), 1-3` Կորտես (90')
Կիսաեզրափակիչ այս հանդիպումը աչքի ընկավ առավել լարված ու հետաքրքիր պայքարով, քանի որ, ի տարբերություն մյուս մրցավեճի` այստեղ ակնհայտ ֆավորիտ չկար: Ճապոնացիները 12-րդ րոպեին անակնկալ կերպով առաջ անցան. հեռվից հուժկու հարվածով Օցուն գրավեց մեքսիկացիների դարպասը: Մեքսիկացիները ակտիվացան, և Դոս Սանթոսի երկու աններելի վրիպումներից հետո 31-րդ րոպեին Մարկո Ֆաբիանը անկյունայինի խաղարկումից հետո գլխով գնդակն ուղղեց դեպի դարպասը: Երկրորդ կեսի սկզբում ճապոնացիները սկսեցին ակտիվանալ, սակայն մեքսիկացիները ոչ միայն հաղթահարեցին ասիացիների ճնշումը, այլև կարողացան իրենք առաջ անցնել հաշվի մեջ: Օրիբե Պերալտան, խաղընկերոջ ջանքերով խլելով գնդակը մրցակցից, հեռու տարածությունից գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Ճապոնացիները նետվեցին հետ բերելու կորցրածը, սակայն մեքսիկացիների պաշտպանությունը առանձնապես սուր գործողությունների հնարավորություն չտվեց մրցակցին: Դրա փոխարեն, վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Կորտեսը չհամակերպվեց այն մտքի հետ, որ իրեն դաշտ են դուրս բերել ընդամենը ժամանակ շահելու համար, և ներխուժելով ճապոնացիների տուգանային հրապարակ, վերջակետ դրեց հանդիպմանը: Եթե երկու թիմերից էլ հանենք հեռվից կատարած հարվածներով խփված անակնկալ գնդակները, կստանանք այն հաշիվը, որը արտացոլում է ուժերի իրական հարաբերակցությունը խաղադաշտում: Իսկ մեքսիկացիները շարունակում են աճել յուրաքանչյուր խաղի ընթացքում, և եզրափակիչին կներկայանան որպես արժանի մրցակիցներ ցանկացած թիմի: 



Բրազիլիա 3-0 Հարավային Կորեա
1-0` Ռոմուլո (38'), 2-0` Դամիաո (57'), 3-0` Դամիաո (64')
Հարավային Կորեայի հավաքականը, զրկելով ֆուտբոլային աշխարհին Բրազիլիա-Մեծ Բրիտանիա դիմակայությունից, փորձեց ինքնուրույն դեմ դուրս գալ բրազիլացիներին: Սակայն վերջիններս ասիացիներին հաղթահարեցին ինչպես հերթական մրցակցի` նույն երեք գնդակներով: Ընդ որում կորեացիները չկարողացան խփել ոչ մի պատասխան գնդակ: Բրազիլացիների ոչ լուրջ ճնշումը բերեց առաջին գոլը արդեն 38-րդ րոպեին: Երկրորդ կեսում կորեացիների որոշակի ակտիվացումը սկսեց անհանգստացնել բրազիլացիներին միայն այն ժամանակ, երբ մրցավարը չնշանակեց ակնհայտ 11 մետրանոցը իրենց դարպասին: Բրազիլացիները որոշեցին արագ փակել բոլոր հարցերը, իսկ կատարողի դերում Լեանդրո Դամիաոն էր: Նա իր երկու գոլերով բրազիլացիներին դուրս բերեց մրցաշարի եզրափակիչ, իսկ իրեն` ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնական: Բրազիլիան եզրափակիչում կհանդիպի Մեքսիկային, և դա կլինի բրազիլացիների` այս մրցաշարում երևի թե ամենադժվար խաղը:


Օգոստոսի 10-ին ասիական թիմերը կորոշեն բրոնզե մեդալակրին, իսկ ահա ոսկու համար պայքարող Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականներին լեգենդար "Ուեմբլին" կընդունի օգոստոսի 11-ին: Եզրափակիչում հետաքրքիր դիմակայությունը ապահովված է, քանի որ իրար դեմ են դուրս եկել արագ ու հարուստ տեխնիկական արսենալով զինված բրազիլացիները և կրակոտ ու տոկուն մեքսիկացիները, որոնցից ամեն ինչի կարելի է սպասել:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons