Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 21-րդ առաջնության` բարձրագույն խմբի 17-րդ տուրի հանդիպումները: Կայացած 4 խաղերից 2 անգամ առավելության հասան հյուրերը, մեկ հանդիպում ավարտվեց ոչ ոքի արդյունքով, մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցեց տանտերերին: Ընդհանուր առմամբ կայացած 4 խաղերում գրանվեց ընդամենը 9 գոլ: Այժմ անդրադառնանք յուրաքանչյուր խաղին առանձին-առանձին:
Օգոստոսի 4-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, Երևանի "Փյունիկը" հյուրընկալել էր Դիլիջանի "Իմպուլսին": Խաղից առաջ քիչ թե շատ ֆավորիտ էր համարվւմ "Փյունիկը", սակայն հանդիպումն ընթացավ լրիվ այլ սցենարով: Արդեն հանդիպման 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ "Իմպուլսի" լեգեոնական, մակեդոնացի եզրային հարձակվող` Ֆիլիպ Տիմովը և առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում "Փյունիկը" փորձեց խույս տալ պարտությունից և հավասար արդյունքով գնալ ընդմիջման, սակայն չստացվեց: 2-րդ խաղակեսում էլ շատ ակտիվ էին "Փյունիկի" ֆուտբոլիստները, բայց տանտերերի մոտ չէր ստացվում վերջին դիպուկ հարվածը: Իսկ ահա հանդիպման 71-րդ րոպեին էլ, հյուրերի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած 20-ամյա երիտասարդ կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Միայն մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին "Փյունիկի" ֆուտբոլիստներից կարողացավ հաշիվը նվազագույնի հասցնել փոխարինման դուրս եկած 17-ամյա գյումրեցի հարձակվող Վյուլեն Այվազյանը: Այսպիսով` հանդիպումն ավարտվեց 1:2 ի օգուտ հյուրերի: Փաստորեն դիլիջանցիները կարողացան 3-րդ շրջանում տոնել իրենց 3-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակելով 32 միավոր ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում` իրենցից առաջ թողնելով միայն "Միկային" և "Շիրակին":
![]() |
"Փյունիկ"-"Իմպուլս" խաղից հատված |
Հաջորդ 2 հանդիպումները կայացան օգոստոսի 5-ին: Գյումրու քաղաքային մարզադաշտում իր բազմահազարանոց ֆուտբոլասերների բանակի դիմաց խաղադաշտ դուրս եկավ "Շիրակը", որի մրցակիցը գործող չեմպիոն Երևանի "Ուլիսն" էր: Հանդիպումից առաջ դժվար էր ենթադրություն կատարել թե որ թիմը կհասնի հաջողության, քանի որ "Ուլիսը" Շիրակի հետ հանդիպումից առաջ համալրվել էր 4 խաղացողներով, հենց "Շիրակից" հեռացած աջ պաշտպան Հովհաննես Գրիգորյանով, Դիլիջանի "Իմպուլսից" հեռացած կենտրոնական բրազիլացի պաշտպան Ջուլիանո Հիմենեսով, Բուլղարիայի "Չեռնոմորեցից" Հայաստան վերադարձած, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան`Սամվել Մելքոնյանով, և Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան վերադարձած, նորից Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող` Գալուստ Պետրոսյանով: Իսկ "Շիրակը" խաղին ներկայացել էր մեկ կորստով, ինչպես նշեցինք` թիմից հեռացել էր Հովհաննես Գրիգորյանը: Ինչևէ, խաղն ընթացավ բավականին լարված պայքարում: Առաջին խաղակեսում "Ուլիսը" զիջել էր խաղը տանտերերին, իսկ գյումրեցիները կարծես չէին ցանկանում լուրջ գործողությունների անցնել: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ գոլ չգրանցվեց: 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 3 գոլ: Առաջինը հյուրերին` հանդիպման 58-րդ րոպեին, առաջ մղեց Արսեն Բալաբեկյանը: Մրցակցի անակնկալ գոլը ստիպեց "Շիրակին" խաղալ: Մարզիչ Վարդան Բիչախչյանը դաշտ դուրս բերեց սենեգալցի կիսապաշտպան Լամին Լի Յորոյին, և այդ հանգամանքը շատ բուռն ընդունվեց երկրպագուների կողմից: Յորոն ակտիվացրեց խաղը հարձակման գծում և շատ արագ ձևակերպեց "դուբլ"` կամային հաղթանակ պարգևելով "Շիրակին" :
17-տուրի 4-րդ հանդիպումն էլ կայացավ Երևանի "Միկա" մարզադաշտում, որտեղ չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը` Երևանի "Միկան", ընդունել էր հետնապահ "Արարատին": Գրեթե ոչ ոք չէր կասկածում "Միկայի" հաղթանակին, սակայն փորձեց դրան խոչընդոտել նոր լիցք ստացած, որակյալ ֆուտբոլիստներով և գրագետ մարզչով համալրված "Արարատը": "Արարատի" խոչընդոտումը տևեց ընդամենը 75 րոպե, երբ փոխարինման դուրս եկավ "Միկայի" հարձակվող Սեմյոն Մուրադյանը, և մեկ րոպե անց գլխի դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Մնացած ժամանակահատվածում այլևս գոլ չգրանցվեց և "Միկայի" ֆուտբոլիստները առավելության հասան մրցակցի նկատմամբ 1:0 հաշվով:
![]() |
"Միկա"-"Արարատ" |
Այսպիսով` 17-րդ տուրից հետո, հավասար 38-ական միավորներ հավաքած "Շիրակն" ու "Միկան" շարունակում են ընթանալ առաջին 2 հորիզոնականներում, սակայն անձնական խաղերի արդյունքով և ավելի շատ գոլ խփած ու քիչ բաց թողած Գյումրիի "Շիրակը" պահպանեց առաջին հորիզոնականը:
Լուսանկարները` armfootball.com կայքի:
0 comments:
Post a Comment