Friday, August 24, 2012

Էլ Կլասիկո. Ճակատամարտ առաջին

Լա Լիգայի նոր մրցաշրջանին ընդառաջ՝ սուպերգավաթային կլասիկոն հավակնում էր դառնալ առաջիկա առաջնության ուղեցույցը, խաղ, որը արտահայտելու է երկու գրանդների ուժերի նախնական դասավորվածությունը, մեկնարկային դիրքերը մեծ մրցավազքից առաջ: Այս նպատակին ծառայելու համար իսպանական սուպերգավաթը ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ այն խաղարկվում է երկու հանդիպումներով՝ սեփական և մրցակցի դաշտերում: Բարսելոնյան հանդիպումը ստացվեց հետաքրքիր և բովանդակալից, սակայն դեռ բազում հարցեր թողեց պատասխան հանդիպման համար: Փորձենք ընդունել և ներկայացնել այն, ինչ տվեց մեզ առաջին հանդիպումը:

Բարսելոնա 3-2 Ռեալ
0-1՝ Ռոնալդու 55՛, 1-1 Պեդրո 56՛, 2-1 Մեսսի 70՛ 11մ, 3-1 Չավի 78՛, 3-2 Դի Մարիա 85՛
Անդրադառնալով մեկնարկային կազմերին՝ նշենք, որ նորեկներ այս խաղին չկային: Բարսելոնայի միակ հայտավորված ձեռքբերումը՝ Խորդի Ալբան, դաշտ դուրս եկավ երկրորդ կեսի միջնամասում միայն, իսկ մինչ այդ նրա դիրքում գործում էր Ադրիանոն:  Պաշտպանության ձախից գործում էր Դանի Ալվեսը, իսկ կենտրոնը Վիլանովան վստահել էր Պիկեին և Մասկերանոյին: Վերջինս փայլուն կատարեց իր պարտականությունները: Կիսապաշտպանությունում գործում էին Ինիեստան, Չավին և Բուսկետսը, իսկ առջևում Պեդրո, Մեսսի, Սանչես եռյակն էր: Ռեալի պաշտպանությունում ուղեղի ցնցում ստացած Պեպեի բացակայության պայմաններում գործում էին Ալվարո Արբելոան, Ռաուլ Ալբիոլը, Սերխիո Ռամոսը և Ֆաբիո Կոենտրաոն: Կենտրոնում խաղում էին Խաբի Ալոնսոն, Խեդիրան և Օզիլը: Ավելի առաջ՝ ձախից գործում էր Ռոնալդուն, աջից՝ Կալյեխոնը, իսկ հարձակման սուր ծայրում Բենզեման էր: 

Խաղը սկսվեց բավականին արագ տեմպով և գնդակի դինամիկ տեղաշարժերով: Վիլանովայի Բարսելոնային պահանջվեց մոտ 15 րոպե փոխանցում կատարող մեքենան գործի գցելու համար, և դրանից հետո տեմպը հանգստացավ: Բարսելոնան սկսեց տիրել գնդակին, և այդ պահից սկսած դժվար էր հիշել, որ Բարսայի ղեկին այլևս Գուարդյոլան չէ: Կատալոնյան տիկի-տական սկսեց նյարդայնացնել մադրիդցիներին, և վերջիններս սկսեցին կոպտության դիմել: Սկզբում զոհի դերում մշտապես հայտնվում էր Բուսկետսը, և մրցավարը, տեղյակ լինելով ֆուտբոլիստի դերասանական որակներին, չէր դիմում քարտերի օգնության: Իրավիճակը փոխվեց, երբ Բարսան ավելի առաջ գնաց, և Չավիի դեմ խախտումը կոպիտ լինելուց բացի կարելի էր որակել նաև որպես վերջին հույսի: Ալոնսոյի դեղին քարտը հետագայում շարունակվեց Արբելոայի և Ալբիոլի զգուշացումներով: Այս խախտումները ստիպեցին հիշել հիասքանչ Ռոնալդինյոյին, քանի որ Բարսան մի քանի վտանգավոր դիրքում տուգանայիններից ոչ մեկը վտանգավոր պահի վերածել չկարողացավ: Բարսայից զգուշացվեց Մասկերանոն՝ նույն վերջին հույսի խախտման համար: Իսկ ընդհանուր առմամբ Բարսան տիրում էր գնդակին և կարողացավ մի քանի սուր պահեր ստեղծել: Հարվածներ նույնպես եղան, սակայն Կասիլյասը տեղում էր: Իսկ Ռեալը կարող էր առանձնանալ սուր հակագրոհներով, որոնք շատ արագ էին հասնում Վալդեսի տուգանային հրապարակ, սակայն մտածված ու արդյունավետ եզրափակում չունեին: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց: 

Երկրորդ կեսում խաղին անհրաժեշտ էր ինչ-որ բեկումնային պահ, որովհետև թիմերը առավել ստեղծարար գործողությունների այդ պահին ընդունակ չէին: Նույն տեմպով մի քանի րոպեներից հետո Ռեալը ստացավ անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո Ռոնալդոն գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: 

Անակնկալը ծիլ տվեց և տեղում ոչնչացավ, քանի որ ընդամենը մեկ րոպե անց Բարսան հավասարեցրեց հաշիվը: Պեդրոն էր պատասխան գոլի հեղինակը, որը մադրիդիստները դեռ երկար են հիշատակելու որպես խաղից դուրս վիճակից խփված: Հետագայում խաղը շարունակվեց հիմնականում նույն տրամաբանությամբ: Ռեալը շարունակում էր հաճախակի խախտել, սակայն 70-րդ րոպեին մրցավարը որոշեց լրջորեն միջամտել խաղին և Սերխիո Ռամոսի խախտումը Ինյեստայի դեմ համարեց 11 մետրանոցի արժանի խախտում: Մեսսին անվրեպ իրացրեց հարվածը: Քիչ անց Չավին առաջ պոկվեց ու մեն-մենակ մնալով Կասիլյասի դեմ՝ զարգացրեց իր թիմի առավելությունը: Այս երկու գնդակները ի տարբերություն առաջին երկուսի՝ առավել համադրելի էին խաղի տրամաբանության հետ, սակայն, միաժամանակ, խաղի տրամաբանությունը հուշում էր, որ ամեն դեպքում Ռեալը այսչափ թույլ չէ Բարսելոնայից: Վերջինիս դարպասապահ Վիկտոր Վալդեսը իր անտրամաբանական գործողությունով որոշեց վերականգնել խաղի տրամաբանությունը և նվազագույնի հասցրեց իր թիմի առավելությունը պատասխան խաղից առաջ: Երկրորդ կեսը առանձնացավ հինգ գոլերով և անակնկալ զարգացումներով: 

Խաղից հետո մնում է ասել միայն, որ թիմերը մնացել են նույն մակարդակի վրա, ինչ նախորդ մրցաշրջանում էին: Խաղացին երկու հավասարազոր թիմեր, որոնցից յուրաքանչյուրը յուրաքանչյուր պահի կարող է հաղթել և արժանի կլինի դրան: Սպասենք սուպերգավաթային պատասխան և որոշիչ խաղին, գուցե դա ուժերի այլ դասավորվածություն կառաջադրի: Իսկ իրականում, սպասել պետք է դեռ 37 տուր, սպասել՝ ոչ թե ձանձրանալով ու րոպեները հաշվելով, այլ հիանալով և նույնիսկ վայրկյանները վայելելով:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons