Sunday, August 5, 2012

Լոնդոն-2012. Ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի տեսություն

Մեծ Բրիտանիայի ժառանգությունը Անգլիայի հավաքականից, բրազիլացիների դժվարին հաղթանակը` նույն 3 գոլերով, Սենեգալի արժանի հրաժեշտը մրցաշարին, ինչպես նաև ձևավորված ասիաամերիկյան կիսաեզրափակիչ զույգերը` օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի մեր տեսությունում:

Օլիմպիական ֆուտբոլի քառորդ եզրափակիչ փուլն առանձնացավ շատ հետաքրքիր ու դրամատիկ դիմակայություններով: Հանդիպումները շատ դիտարժան ստացվեցին, առանձնացան անակնկալ զարգացումներով և անձնվեր պայքարով, և այս ամենն ընթացավ հարձակողական ֆուտբոլի ֆոնի վրա: Թիմերը ոչ մի պահ չէին վարանում գրոհի նետվել, և ներկայումս բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարերում առկա պրագմատիզմն ու փակ պաշտպանողական խաղը հեռու էր բրիտանական մարզադաշտերից, ինչը, միանշանակ, ամենալավ նվերն է ֆուտբոլային երկրպագուների համար: Իսկ առավել լավ նվեր իրենց երկրպագուներին մատուցեցին Ճապոնիայի, Մեքսիկայի, Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները, որոնցից երեքը տուն կվերադառնան օլիմպիական մեդալներով: 

Ճապոնիա 3-0 Եգիպտոս
1-0` Նագայի (14'), 2-0` Յոսիդա (78'), 3-0` Օցու (83')
Ճապոնիան այս խաղում հաստատեց իր համեմատաբար բարձր կարգը և լուրջ պատրաստվածությունը, որի շնորհիվ հայտնվել էր քառորդ եզրափակիչում: Խփելով արագ գնդակ` ճապոնացիները ետ քաշվեցին և զիջեցին գնդակը եգիպտացիներին, որոնց պարբերաբար հաջողվում էր լարվածություն ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Սակայն եգիպտացիների ցրված ու անկազմակերպ խաղը պաշտպանությունում թույլ տվեց ճապոնացիներին 41-րդ րոպեին շատ արագ ու վտանգավոր հակագրոհ կազմակերպել, որի արդյունքում եգիպտացիների պաշտպան Սամիր Սաադը վերջին հույսի խախտման համար արժանացավ կարմիր քարտի: Հենց այս պահն էլ որոշիչ դարձավ խաղում: Եգիպտացիները երկրորդ կեսում էլ ստիպված էին գրոհել, իսկ ազատ տարածքները պաշտպանությունում աննկատ չմնացին ճապոնացիների կողմից: Խաղի վերջում արդեն նրանք ավելացրեցին իրենց առավելությունը ևս երկու գոլերով և վստահորեն դուրս եկան կիզաեզրափակիչ:


Մեքսիկա 4-2 Սենեգալ
1-0` Էնրիկես (10'), 2-0` Ակինո (63'), 2-1` Կոնատե (69'), 2-2` Բալդե (76'), 3-2` Դոս Սանթոս (98'), 4-2` Էրերա (109')
Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը առավել վառ ու դրամատիկ ստացվեց: Մեքսիկայի աշխույժ ու աշխատասեր, միևնույն ժամանակ բավականին հասուն ֆուտբոլային կոլեկտիվին դեմ էր դուրս եկել տիպիկ աֆրիկական, աթլետիկ և մարտնչող Սենեգալի հավաքականը: Երկու թիմերն էլ շատ լավ էին դրսևորել իրենց խմբային փուլում` միաժամանակ ցույց տալով, որ իրենք դեռ ավելիին են ունակ: Չբացահայտված այդ ներուժի մի մասը ի ցույց դրվեց այս խաղում` դարձնելով այն մրցաշարի լավագույն դիմակայություններից մեկը: Առաջինը աչքի ընկան մեքսիկացիները. ստանդարտի խաղարկումից հետո Էնրիկեսը գլխով վարպետորեն շեղեց գնդակի ուղղությունը դեպի մրցակցի դարպասը: Սենեգալցիները տիրեցին խաղին և պարբերաբար սպառնում էին մեքսիկացիների դարպասին, սակայն արդյունավետ եզրափակումը բացակայում էր: Երկրորդ կեսում մեքսիկացիները կրկնապատկեցին հաշիվը, որից հետո միայն աֆրիկյան հարձակումը սկսեց պտուղներ տալ: Արդեն 76-րդ րոպեին հաշիվը հավասար էր, ընդ որում երկու գոլերից մեկը իր հաշվին գրանցեց մրցաշարի լավագույն ռմբարկուի հավակնորդներից մեկը` Մուսա Կոնատեն: Խաղը գնաց ավելացրած ժամանակ: Այստեղ առավել ուշադիր գտնվեցին մեքսիկացիները, ովքեր երկու անգամ վարպետորեն օգտագործեցին սենեգալցի պաշտպանների անիմաստ վրիպումները:  Սենեգալը, ինչպես ամբողջ խաղում գրոհել էր, այդպես էլ շարունակեց ողջ ավելացրած ժամանակում` ավարտելով մրցաշարը որպես մրցաշարի ամենահետաքրքիր, ամենապայքարող և կոլորիտային թիմերից մեկը: Իսկ իրենց ոչ պակաս կոլորիտային մրցակիցը կխաղա արդեն կիսաեզրափակիչում` ճապոնացիների դեմ:


Բրազիլիա 3-2 Հոնդուրաս
0-1` Մարտինես (12'), 1-1` Դամիաո (38'), 1-2` Էսպինոսա (48'), 2-2` Նեյմար (50', 11 մետր.), 3-2` Դամիաո (60')
Բրազիլացիները, խփելով արդեն ավանդույթ դարձած երեք գնդակները, հերթական հաղթանակը տարան, բայց առաջին անգամ մրցաշարում լուրջ խնդիրների առաջ կանգնեցին: Ինչպես նշել էինք մեր նախորդ տեսությունում, շատ հետաքրքիր կլինի տեսնել բրազիլացիների խաղը առավել ուժեղ մրցակիցների դեմ, և Հոնդուրասը անսպասելիորեն հանդես եկավ հենց այդ ուժեղ մրցակցի դերում: Այստեղ արդեն բրազիլացիների շքեղ և վստահ խաղը խամրեց, հատկապես հոնդուրասցիների առաջին գոլից հետո: Բրազիլացիները գործում էին ցրված և անկազմակերպ, ինչ-որ մտածված գործողություններ չէին նկատվում: Միայն հոնդուրասցի Վիլմերի հեռացումից հետո բրազիլացիները որոշակիորեն հանգստացան և կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն երկրորդ կեսում հոնդուրասցիները նոր անակնկալ էին պատրաստել. Էսպինոսան դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Բրազիլացիները վերջապես ինչ-որ սրություն մտցրեցին և արագ հավասարեցրեցին հաշիվը Նեյմարի 11 մետրանոցի շնորհիվ: Խաղի հետագա ընթացքը դարձավ բավականին անհետաքրքիր, քանի որ բրազիլացիների առավելությունը աստիճանաբար ակնհայտ էր դառնում: Արդյունքում բրազիլացիները 70-րդ րոպեին առաջ անցան Դամիաոյի գոլի շնորհիվ և հաղթանակ տարան, սակայն պետք է նշել, որ այս հաղթանակը նրանց տրվեց ոչ թե թիմային ֆուտբոլի, այլ առանձին ֆուտբոլիստների բարձր կարգի հաշվին: Իսկ Հոնդուրասը իրեն դրսևորեց որպես բավականին պինդ մրցակից, որին պակասեց ընդամենը մի քիչ փորձ և հաջողություն:


Մեծ Բրիտանիա 1-1 Հարավային Կորեա (11 մետրանոցներով` 4-5)
0-1` Չժի (29'), 1-1` Ռեմսի (36', 11 մետր.)
Կարդիֆի «Միլենիում Արենան» կրկին ընդունում էր Միացյալ Թագավորության հավաքականին` քառորդ եզրափակիչի` Հարավային Կորեայի դեմ խաղում, և կրկին ուելսցիները բախտ չունեցան առաջին րոպեներից դաշտում տեսնելու իրենց առաջատար Գիգզին: Վերջինս դաշտում հայտնվեց խաղի վերջում միայն` առաջնորդելու իր թիմին ավելացրած ժամանակում, իսկ հետո նաև` 11 մետրանոց հարվածաշարում: Սակայն ինչ աներ Գիգզը, եթե 11 մետրանոցներում ձախողվելու սովորությունը Մեծ Բրիտանիայի հավաքականը ժառանգել էր Անգլիայի հավաքականից: Ամեն դեպքում, շատերը կհամաձայնեն, որ բրիտանացիները պետք է ամեն ինչ ավարտեին 90 րոպեների ընթացքում, մանավանդ, որ դրա հնարավորությունը ունեին: Խաղի ընթացքում բրիտանացիների վաստակած երկու 11 մետրանոցներից Աարոն Ռեմսին իրացրեց ընդամենը մեկը` դառնալով խաղի անհաջողակներից մեկը: Նրան մենակ չթողեց Դանիել Ստարիջը, ով վրիպեց որոշիչ 11 մետրանոց հարվածի ժամանակ: Իսկ հարավկորեացի ֆուտբոլիստները դիպուկ իրացրեցին բոլոր հինգ հարվածները` այնպես, ինչպես դիպուկ են իրենց հայրենակից նետաձիգները և հրաձիգները այս օլիմպիադայում: Արդյունքում Հարավային Կորեան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նրան սպասում է Բրազիլիան: Իսկ բրիտանացիներին մնում է լավագույն հիշողությունները պահել այս հավաքականից, քանի որ գուցե և այն վերջինը լինի այս ձևաչափով: 


Կիսաեզրափակիչ փուլ (7 օգոստոս)
Մեքսիկա - Ճապոնիա
Հարավային Կորեա - Բրազիլիա
Կիսաեզրափակիչում ձևավորվել են ասիաամերիկյան երկու զույգեր: Խաղային առումով ամերիկյան թիմերը որոշակի առավելություն ունեն, սակայն մյուս կողմից էլ ասիական երկու թիմերը ողջ մրցաշարի ընթացքում դրսևորեցին իրենց որպես լուրջ պատրաստված և կազմակերպված կոլեկտիվներ: Ինչևէ, մեդալների համար պայքարը առջևում է, և հույս ունենանք, որ կիսաեզրափակիչում ևս կտեսնենք կրակոտ ու դիտարժան ֆուտբոլ:


0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons