Monday, August 13, 2012

Յուրա Մովսիսյանը հավասարվեց լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովին

Կայացան Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումները: Տուրը մեկնարկեց Կրասնոդարյան դերբիով, որտեղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ`  Մարկոս Պիցելիի, Արազ Օզբիլիսի և Դավիթ Մանոյանի  "Կուբանը" ընդունել էր մյուս կրասնոդարյան ակումբին` Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարին": Հանդիպումն անցավ լարված պայքարում և գրանցվեց 3 գոլ: Հանդիպման 38-րդ րոպեին "Կրասնոդարի" ավագ, վրացի պաշտպան` Ալեքսանդր Ամիսուլաշվիլին գնդակը ուղարկեց սեփական դարպասը և բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման  "Կուբանի" հաղթանակով` 1:0 հաշվով: 2-րդ խաղակեսում կրքերն էլ ավելի թեժացան, ծավալվեց անզիջում պայքար մինչև հանդիպման 81-րդ րոպեն, երբ "Կուբանի" կազմում փոխարինման դուրս եկած կոստառիկացի հարձակվող Մարկո Ուրենայի փոխանցումից հետո հանդիման հաշիվը կրկնապատկեց 23-ամյա ռուս կիսապաշտպան` Անդրեյ Իոնովը: Այդ գոլից ընդամենը 5 րոպե անց` 86-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրճատեց հանդիպման հաշիվը և նորից վերականգնեց խաղի ինտրիգը: Հանդիպման հաշիվը այլևս չփոխվեց և կրասնոդարյան դերբիում հաղթանակ տոնեց "Կուբանը" 2:1 հաշվով: "Կուբանի" հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ, և խաղն առանց փոխարինման անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան` Մարկոս Պիցելին, իսկ Կուբանի հետ նոր պայմանագիր կնքած 2 Հայաստանի հավաքականի  կիսապաշտպաններ` Արազ Օզբիլիսն ու Դավիթ Մանոյանը բացակայում էին "Կուբանի" հայտացուցակից: "Կրասնոդարի" կազմում էլ ամբողջ խաղն անցկացրեց առանց փոխարինման, իր թիմի միակ գոլն հեղինակած` Յուրա Մովսիսյանը:

"Կուբանը" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին և Վլադիկավկազում կմրցի "Ալանիայի" հետ, իսկ "Կրասնոդարը" օգոստոսի 18-ին Կրասնոդարում կհյուրնկալի Դոնի- Ռոստովի "Ռոստով" թիմին: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրից 3 հանդիպում կայացան օգոստոսի 11-ին: Առաջինը կայացավ տուրի գլխավոր կենտրոնական հանդիպումը` "Զենիթը" Սանկտ-պետերբուրգում հյուրնկալել էր Մոսկվայի "Սպարտակին": Այսինքն` խաղադաշտ էին դուրս եկել 2 առաջատարները, որոնք 3 տուրերից հետո վաստակել էին 9-ական միավոր: "Զենիթը", անգամ իր առաջատար Ալեքսանդր Կերժակովի բացակայությամբ, քարը քարի վրա չթողեց "Սպարտակին": Մոսկովյան ակումբը ստիպված եղավ 5 անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Հանդիպման 15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Կերժակովին փոխարինած հարձակվող` Մաքսիմ Կանունիկովը: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց, փոխարենը 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 4 գոլ: Նախ 52-րդ րոպեին խաղի հաշիվը կրկնապատկեց Մոսկվայի "Սպարտակի" նախկին կիսապաշտպան` Վլադիմիր Բիստրովը: Այնուհետև` 61-րդ րոպեին, հանդիպման հաշիվը եռապատկեց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան` Ռոման Շիրոկովը: Հանդիպման 67-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Վիկտոր Ֆայզուլինը և 4-րդ գնդակն ուղարկեց "Սպարտակի" դարպասը: "Սպարտակի" ջախջախման վերջակետն էլ դրվեց հանդիպման 88-րդ րոպեին, երբ Ռոման Շիրոկովը ձևակերպեց դուբլ, և 5-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: 5:0 հաշվով հաղթեց "Զենիթը" և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Օգոստոսի 11-ի նախավերջին հանդիպումը կայացավ Մոսկվայում, որտեղ "Լոկոմոտիվը" սեփական հարկի տակ ընդունել էր Վլադիկավկազի "Ալանիային": Թվում էր, թե Սլավեն Բիլիչի սաները հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն հյուրերը արժանի դիմադրություն ցույց տվեցին և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքիով` 2:2 հաշվով: Իսկ օգոստոսի 11-ի վերջին հանդիպումն էլ կայացավ Գրոզնիում, որտեղ տեղի "Թերեքը" սեփական հարկի տակ ընդունել էր Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի "Վոլգային": Իգոր Լեբեդենկոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին տանտերերը: Արթուր Սարկիսովը բացակայում էր "Վոլգայի" հայտացուցակից: Եվ ինչքան էլ որ ցավալի է, Արթուր Սարկիսովը դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել "Վոլգայի" կազմում: "Վոլգան" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին` Նիժնի Նովգորոդում կընդունի Մոսկվայի "Լոկոմոտիվին": Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի վերջին 4 հանդիպումները կայացան օգոստոսի 12-ին: Նախ` խաղադաշտ դուրս եկան մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող հարևաններ` Պերմի "Ամկարը" և Սարանսկի "Մորդովիան": Հանդիպման հաշիվը չբացվեց, և ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով` 0:0 հաշվով: Հաջորդը` Մոկվայում խաղադաշտ դուրս եկան "ԲԿՄԱ-ն" և Մախաչկալայի "Անժին": Հանդիպումն ավարտվեց բանակայինների հաղթանակով` 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփեց Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան` Զորան Տոշիչը, հանդիպման 74-րդ րոպեին: 4-րդ տուրի նախավերջին հանդիպումը կայացավ Կազանում, որտեղ "Ռուբինը" սեփական հարկի տակ ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ` Ռոման Բերեզովսկու Մոսկվայի "Դինամոյին": Ռոման Բերեզովսկուն հաջողվեց դարպասն անառիկ պահել ընդամենը 78 րոպե: Հանդիպման 78-րդ րոպեին տանտերերից խաղի հաշիվը բացեց Իսրայելի հավաքականի կիսապաշտպան Բիբրաս Նատխոն: Իսկ մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին էլ, տանտերերից հաշիվը կրկնապատկեց, և Ռոման Բերեզովսկու դարպասն 2-րդ գնդակն ուղարկեց Ռոման Երեմենկոն: Ռոման Բերեզովսկին անցկացրեց ամբողջ հանդիպումն առանց փոխարինման: Սա Բերեզովսկու 2-րդ անընդմեջ հանդիպումն էր դինամոյականների հիմնական կազմում: Մինչ այս հանդիպումը Բերեզովսկին նաև պաշտպանել էր "Դինամոյի" դարպասը, Եվրոպա Լիգա խաղարկության 3-րդ փուլի` շոտլանդական "Դանդի Յունայթեդի" հետ պատասխան խաղում: "Դինամոն" հաջորդ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ` Մոսկվայում, որտեղ կընդունի Գրոզնիի "Թերեքին": Իսկ 4-րդ տուրի վերջին հանդիպումն էլ կայացավ Դոնի Ռոստովում, որտեղ "Ռոստովը" տանտիրոջ կարգավիճակով հյուրնկալել էր Սամարայի "Կռիյլա Սովետովին": Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով սամարացիների հաղթանակով:
Այսպիսով` 4 տուրից հետո վաստակած 12 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Սանկտ Պետերբուրգի "Զենիթը": "Զենիթին" հաջորդում, և 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում Կազանի "Ռուբինը" վաստակած 9 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի "Սպարտակը" նորից վաստակած 9 միավորներով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիցելիի, Արազ Օզբիլիսի և Դավիթ Մանոյանի Կրասնոդարի "Կուբանը" վաստակած 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարն" էլ, վաստակած 6 միավորով տեղ է գտել 10-րդ հորիզոնականում: Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի "Վոլգան" վաստակելով 3 միավոր հանգրվան է գտել 14-րդ հորիզոնականում: Դե իսկ Ռոման Բերեզովսկու Մոսկվայի "Դինամոն" էլ, ոչ մի միավոր չվաստակելով եզրափակում է Ռուսաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Ի դեպ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն էլ, հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական:  Իր հերթական 4-րդ գնդակը խփելով, Հասյաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավասարվեց  լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովին:         

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons