Saturday, August 11, 2012

Լոնդոն-2012. Մեքսիկայի հավաքականը նվաճեց օլիմպիական ոսկին

Մեքսիկայի հավաքականը դառնում է օլիմպիական չեմպիոն, իսկ բրազիլական «ոսկե» երիտասարդությունը տուն կվերադառնա ընդամենը արծաթե մեդալներով. Գոլիզեում բլոգը ամփոփում է լոնդոնյան օլիմպիադայի ֆուտբոլի մրցաշարը:

Վաղն արդեն 30-րդ ամառային օլիմպիական խաղերը կդառնան պատմություն, իսկ մեքսիակացի ֆուտբոլիստները մի փոքր շտապեցին ու կերտեցին իրենց պատմությունն այսօր: Մեքսիկայի հավաքականի հաղթանակը անակնկալ էր համարվում մրցաշարից առաջ, սակայն մեքսիկացիների մի քանի խաղերից հետո պարզ դարձավ, որ այս թիմը հսկայական ներուժ ունի, որը կբավարարի նույնիսկ ոսկե մեդալների համար: Բրազիլիան այս անգամ էլ չկարողացավ նվաճել օլիմպիական ոսկին, և ստիպված է սպասել տնային օլիմպիադային` Ռիո դե Ժանեյրոյում: Իսկ բրոնզե մեդալները բաժին հասան կորեացիներին, ովքեր երեկ կարողացան առավելության հասնել ճապոնացիների նկատմամբ: 
3-տեղի համար խաղ.
Հարավային Կորեա 2-0 Ճապոնիա
1-0` Պակ Չու Յուն (38'), 2-0` Կու Չա-Յոլ (58')
Հարավային Կորեայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ ճապոնացիների նկատմամբ` երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Ասիական երկու թիմերը հիանալի մրցաշար անցկացրեցին, դրսևորեցին իրենց որպես կազմակերպված և մեծ ապագա ունեցող թիմեր, որոնք հետագայում աննկատ չեն մնա նաև առավել պրոֆեսիոնալ և լուրջ առաջնություններում, մասնավորապես 2014-ին` Բրազիլիայում:

Եզրափակիչ`
Բրազիլիա 1-2 Մեքսիկա
0-1` Պերալտա (1'), 0-2` Պերալտա (75'), 1-2` Հալկ (90')
Բրազիլիան սկսեց խաղը ֆավորիտի կարգավիճակով, սակայն այդ կարգավիճակը պահպանել կարողացավ ընդամենը 30 վայրկյան: Հենց այդքան պահանջվեց մեքսիկացիներից հաշիվը բացելու համար: Ռաֆայելի` անհաջող հետ փոխանցումից հետո գնդակը հասավ Օրիբե Պերալտային, ով դիպուկ հարվածով գրավեց դարպասը: Առաջին րոպեին ընդունած գնդակը առանձնապես չանհանգստացրեց բրազիլացիներին: Նրանք այս մրցաշարում արդեն երկու անգամ արագ գնդակ էին ընդունել, սակայն հետագայում կարողացել էին հաղթանակ տանել: Այս անգամ էլ Նեյմարն ու թիմակիցները չշտապեցին գրոհի նետվել, այլ խաղարկում էին գնդակը և սպասում հարմար պահի: Եվ միայն բրազիլացիների մարզիչ Մանո Մենեզեսի «պրոֆեսիոնալ» աչքը նկատեց, որ այդ հարմար պահը այդպես էլ չի գա, քանի որ մեքսիկացիները շատ հուսալի են պաշտպանվում: Մենեզեսը արդեն 30-րդ րոպեին մարտի նետեց Հալկին, որից հետո միայն բրազիլացիները կարողացան որոշ վտանգավոր պահեր ստեղծել: Հիշատակման արժանի են Հալկի կրակոցը հեռվից և Մարսելոյի շեղ հարվածը հարմար դիրքից: 

Երկրորդ կեսի սկզբնամասում բրազիլացիները բավականին ակտիվ էին, հատկապես ջանասիրաբար էին պայքարում Նեյմարը և Հալկը: Սակայն խաղակեսի միջնամասում մեքսիկացիները կարողացան խաղը տանել մրցակցի կիսադաշտ և նույնիսկ վտանգավոր պահեր ունենալ: Մի դեպքում Պերալտան նույնիսկ գրավեց դարպասը, սակայն` խաղից դուրս վիճակից: Մի քանի րոպե անց նույն Պերալտան տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը` դառնալով խաղի հերոսը: Բրազիլացիների վիճակը ավելի ծանրացավ. երկու գոլի առավելությունը հետ բերելը իրոք շատ դժվար էր, քանի որ մեքսիկացիները գործում էին շատ գրագետ և ուղղակի բրազիլացիներին հնարավորություն չէին տալիս խաղալու իրենց ֆուտբոլը: Ազատ տարածքները շատ քիչ էին, իսկ առանց դրա բրազիլացիներն անկարող եղան լուրջ վտանգ ստեղծել մրցակցի դարպասին: Բրազիլացիների միակ հաջող գրոհը ձեռնարկվեց խաղի վերջին րոպեին, և Հալկը վարպետորեն օգտագործեց հնարավորությունը: Ավելացրած ժամանակում շատ լավ հնարավորություն ստացավ Օսկարը, սակայն նրա գլխով հարվածը շեղ էր: Մարկ Կլատենբուրգի սուլիչից հետո արդեն մեքսիկացիները ցնծում էին, քանի որ հաղթել էին օլիմպիական ոսկին, և հաղթել էին արժանիորեն: 

Բրազիլիայի հավաքականը մրցաշարի ողջ ընթացքում համարվում էր չեմպիոնի գլխավոր հավակնորդը, և հեշտությամբ իրար ետևից հաղթում էր իր բոլոր մրցակիցներին: Արդյունքում հենց այդ թեթևությունը չար խաղ խաղաց բրազիլացիների հետ, որովհետև ծանր պահին արդեն նրանք չկարողացան հավաքվել և իրականում փոխել խաղի ընթացքը իրենց օգտին: Հենց այդ` ինչ-որ բան փոխելու կարողությունն է սովորական ֆուտբոլիստներին դարձնում հերոսներ, այլ ոչ թե խաբքերի մեծ հավաքածուն կամ գոլառատ ֆուտբոլը թույլ մրցակիցների դեմ: Արդյունքում` մեքսիկացիները հերոսներ են, և դա ապացուցում են նաև իրենց կրծքին հայտնված ոսկե մեդալները, իսկ բրազիլացիները` ընդամենը վառ աստղեր: 
Զուտ ֆուտբոլային առումով նույնպես բրազիլացիները զիջեցին մեքսիկացիներին: Բրազիլացիների հեշտ հաղթանակները թույլ չէին տալիս նկատել թիմում առկա խնդիրները և մրցաշարի ընթացքում շտկել դրանք: Իսկ խնդիրները մեծ մասամբ պաշտպանությունում էին: Մինչ եզրափակիչ խաղը բրազիլացիները 5 գնդակ էին ընդունել, ինչը իրոք շատ է նման մակարդակի թիմի համար: Հարձակման գծում էլ, բրազիլացիների «Պլան Ա»-ն միշտ տալիս էր իր արդյունքը երեք գոլերի տեսքով, և ուրեմն «Պլան Բ» պետք չէր: Պարզվեց` պետք էր, սակայն վերջին խաղում դա մշակել կամ խաղարկել «պենտակամպիոնները» չհասցրեցին: Ինչ վերաբերում է մեքսիկացիներին, պետք է նշել, որ Տենայի թիմը շատ հաշվեկշռված և խելացի ֆուտբոլ էր խաղում` հավասարապես արդյունավետ գործելով բոլոր գոտիներում: Պաշտպանությունը ղեկավարում էր վետերան Սալսիդոն` մի խումբ երիտասարդ «զինվորներով», խաղը առջևի գծում կազմակերպում էր Մարկո Ֆաբիանը, իսկ գրոհները եզրափակում էին Դոս Սանթոսը կամ Պերալտան: Թիմը տակտիկապես գերազանց էր գործում, կարողանում էր իր ձեռքում պահել խաղի ընթացքը, բացի այդ երկրպագուներին նույնպես ձանձրանալու առիթ չէր տալիս: Արդյունքում մեքսիկացիները պարգևատրվում են ոսկե մեդալներով մի այնպիսի հետաքրքիր մրցաշարում, ինչպիսին օլիմպիական խաղերն են:

Ավարտվեց օլիմպիական ֆուտբոլի մրցաշարը` թողնելով շատ վառ հիշողություններ և բազմաթիվ նոր անուններ, որոնց հետագայում կհանդիպենք ֆուտբոլային աշխարհում: Շնորհակալ ենք, որ հետևեցիք Լոնդոնյան խաղերին «Գոլիզեում» բլոգի հետ:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons