Monday, November 19, 2012

"Շիրակը" մեծացնում է միավորների տարբերությունը

Սակավաթիվ գոլերով ավարտվեցին Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրի հանդիպումները: Պատկերացրեք, որ կայացած 4 խաղերում գրանցվեց ընդամենը 5 գոլ: Այսինքն` միջինը մեկ խաղում ընդամենը` 1.25 գոլ: 4 խաղերից 2 խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով, մեկում հաղթեցին տանտերերը, մեկում էլ` հաղթանակն ուղեկցեց հյուրերին: Այսքանով անդրադառնանք կայացած 30-րդ տուրի հանդիպումներին:





Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրի հանդիպումներն սկսվեց Աբովյանի քաղաքային մազրադաշտում կայացած "Արարատ" - "Շիրակ" հանդիպումով: Վերջին հորիզոնականից խույս տված "Արարատին" անհրաժեշտ էր հաղթանակ, որպեսզի ինչքան հնարավոր է հեռանար վտանգավոր գոտուց, իսկ "Շիրակին" էլ հաղթանակն անհրաժեշտ էր` չեմպիոնական մրցավազքում հերթական 3 միավորը վաստակելու համար: Նախորդ տուրում "Արարատը" զիջելով "Գանձասարին" փորձում էր կորցրածը հետ բերել "Շիրակի" հետ խաղում: Գյումրեցիներն էլ նախորդ տուրում հաղթելով "Միկային" ավելի ոգևորված էին դուրս եկել խաղադաշտ և ձգտում էին ամեն գնով հասնել հերթական հաղթանակին: Հանդիպումը սկսվեց "Շիրակի" գրոհների առավելությամբ, բայց մերթ ընդ մերթ ակտիվություն էին ցուցաբերում նաև "Արարատի" ֆուտբոլիստները: Հանդիպման 3 միավոր վաստակելու արժեքը լավ իմանալով 2 թիմերն էլ գործում էին զգույշ, և պատահական չէ, որ առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց և թիմերը գնացին ընդմիջման, երբ  հանդիպման հաշիվը 0:0 էր: 2-րդ խաղակեսում թիմերն սկսեցին մի քիչ ավելի ակտիվ գործել, և "Շիրակի" ակտիվ գործողություններից մեկն էլ պսակվեց հաջողությամբ, երբ հանդիպման 52-րդ րոպեին սենեգալցի կիսապաշտպան Լամին Լի Յորոն բացեց խաղի հաշիվը: Մնացած ժամանակահատվածում հաշիվը այլևս չփոխվեց, և Գյումրիի "Շիրակը" հյուրընկալվելիս կարողացավ 0:1 հաշվով հաղթանակի հասնել "Արարատի" նկատմամբ:



Նույն օրը` նոյեմբերի 17-ին, կայացավ ևս մեկ հանդիպում: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան` "Հանրապետական" մարզադաշտում "Ուլիսը" հյուրընկալել էր Կապանի "Գանձասարին": Այս հանդիպման ժամանակ 2 թիմերի գլխավոր մարզիչներն էլ ապացուցելու բան ունեին: Հիշեցնենք, որ "Գանձասարի" գլխավոր մարզիչն է համարվում Սևադա Արզումանյանը, որը "Ուլիսի" հետ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի կոչումը, և միայն այս տարի ոչ բավարար արդյյունքներ ցույց տալու համար հեռացել էր զբաղեցրած պաշտոնից, իր տեղը զիջելով ներկայիս "Ուլիսի" գլխավոր մարզչի պաշտոնակատար Կարեն Բարսեղյանին, որը իր հերթին ձգտելու էր իր առավելությունը հաստատել Արզումանյանի նկատմամբ, իր թիմի տարած հաղթանակով: Նախորդ 3 տուրերում "Գանձասարի" տոնած հաղթանակներն հույս էին տալիս կապանցիներին, որ կարող են հաղթել նաև այս խաղում: "Ուլիսն" էլ իր հերթին էլ նահանջելու տեղ չունի և միայն յուրաքանչյուր տուրում հաղթանակի հասնելու պայմանում կկարողանա հյատնվել լավագույն եռյակում և իրավունք ստանալ մասնակցելու եվրոգավաթային հանդիպումների: Հանդիպման 3 միավորի արժեքը շատ բարձր գնահատելով 2 թիմերն էլ ամբողջ խաղի ընթացքում դրսևորեցին զգուշություն չդիմեցին ավելորդ ռիսկի և այդպես էլ հանդիպումն ավարտվեց, երբ լուսատախտակին զրոներ էին: Գոլազուրկ ոչ ոքին 2 թիմերին էլ պարգևեց 1-ական միավոր:
2 հանդիպում էլ կայացավ Նոյեմբերի 18-ին: Առաջինը` Արարատի "Այգ" մարզաբազայում Դիլիջանի "Իմպուլսը" հյուընկալել էր Երևանի "Միկային": Այս թիմերն էլ պայքարում են տարբեր նպատակների համար: "Իմպուլսին" հաղթանակն անհրաժեշտ էր 3-րդ հորիզոնականում ամրապնդվելու համար, իսկ "Միկան" էլ պայքարում է չեմպիոնի կոչման համար, և "Շիրակի" հաղթանակի լուրն էլ ավելի էր պարտավորեցնում "Միկային": Անդրադառնալով հանդիպմանը նշենք, որ հենց առաջին րոպեին հյուրերը` "Միկայի" ֆուտբոլիստները, Նարեկ Բեգլարյանի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Թվում էր, թե "Միկան" կկարողանա զարգացնել հաջողությունը և կտոնի հերթական հաղթանակը, բայց չստացվեց, փոխարենը գնդակ ընդունեց սեփական դարպասը: Հանդիպման 51-րդ րոպեին տանտերերի կազմում հանդիպման հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Ռումյան Հովսեփյանը: Այս խաղում այլևս հաշիվը չփոխվեց և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:
Եվս մեկ երևանյան դերբիով ավարտվեց Հայաստանի առաջնության 30-րդ տուրը: Երևանի "Բանանց" մարզադաշտում "Բանանցը" հյուրընկալել էր "Փյունիկին":  Հայտնվելով վերջին հորիզոնականում կարծես թե "Բանանցը" հասկացավ, որ էլ նահանջելու տեղ չունի և "Փյունիկի" հետ խաղում ցույց տվեց դիտարժան խաղ: Իսկ կորուստներով խաղին մոտեցած "Փյունիկնն" էլ գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանի հետ նախորդ տուրում հաղթանակ տոնելուց հետո ձգտում էր նաև հաղթանակի հասնել այս խաղում: Առաջ անցնելով նշենք, որ հյուրերին դա չհաջողվեց, քանի որ տանտերերը հասան չոր հաշվով հաղթանակի 2:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջին րոպեին "Բանանցին" առաջ մղեց Գևորգ Կարապետյանը, իսկ հանդիպման 66-րդ րոպեին էլ Արարատ Առաքելյանը խփեց տանտերերի 2-րդ գնդակը և հաշիվը բերեց վերջնական տեսքի:


Ամփոփելով Հայաստանի 21-րդ առաջնության 30-րդ տուրը նշենք, որ անցկացրած 30 խաղից հետո, և 30-րդ տուրում էլ "Շիրակից" պարտություն կրելով, 8-րդ հորիզոնական է նորից նահանջել "Արարատը" վաստակած 21  միավորով, 7-րդ հորիզոնականում է "Բանանցը" 29 խաղից վաստակած 22 միավորով: 6-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ գործող չեմպիոն "Ուլիսը" 30 խաղից վաստակած 32 միավորով: 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում "Փյունիկը" 29 խաղից վաստակած 42 միավորով, իսկ 4-րդն էլ "Գանձասարն" է 29 խաղից վաստակած 44 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 29 խաղից վաստակած 45 միավորով: 2-րդ հորիզոնականում է ընթանում "Միկան" 29 խաղից վաստակած 59 միավորով, իսկ առաջին հորիզոնականն էլ պահպանեց Գյումրիի "Շիրակը" 29 խաղից վաստակած 62 միավորով: Ինչպես տեսնում ենք` օգտվելով "Միկայի" սայթաքումից "Շիրակը" մեծացնում է միավորների տարբերությունը:


0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons