Tuesday, December 4, 2012

Հայաստանի առաջնությունում բոլոր հորիզոնականների համար պայքարը սրվեց

Ավարտին մոտեցան Հայաստանի առաջնության 32-րդ տուրի հանդիպումները, որոնք նաև վերջինն էին 2012 թվականի շրջանակներում, մնացած 10 տուրերը կկայանան 2013 թվականի գարնանը և դրանով կավարտվի Հայաստանի 21-րդ առաջնությունը: Այս առաջնությունից հետո Հայաստանի առաջնությունն կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով: Այժմ` անդրադառնանք 32-րդ տուրի կայացած հանդիպումներին: Տուրն աչքի ընկավ միջին արդյունավետությամբ, և կայացած 4 խաղերում գրանցվեց 8 գոլ: Այսինքն` մեկ խաղում միջինը 2 գոլ:

Հայաստանի 21-րդ առաջնության 32 տուրը  մեկնարկեց դեկտեմբերի 1-ին Արարատի "Այգ" մարզաբազայում կայացած "Իմպուլս" - "Արարատ" հանդիպումով: Հանդիպումն ընթացավ հետաքրքիր պայքարում, սակայն գրանցվեց ընդամենը մեկ գոլ,  այն էլ հանդիպման սկզբում հենց առաջին րոպեին, երբ աչքի ընկավ "Արարատի" հարձակվող Գևորգ Նռանյանը` գրավելով դիլիջանցիների դարպասը: Հանդիպման ընթացքում 2 թիմերի կողմից էլ եղան դարպասի գրավման բազմաթիվ առիթներ, բայց հանդիպման հաշիվն այդպես էլ չփոխվեց և "Արարատը" տոնեց անակնկալ հաղթանակ հյուրընկալվելիս հաղթելով "Իմպուլսին" 0:1 հաշվով:


Դեկտեմբերի մեկին կայացավ ևս մեկ հանդիպում Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, որտեղ մրցավեճի դուրս եկան Հայաստանի գործող չեմպիոն "Ուլիսն" և չեմպիոնության համար պայքարող "Միկան": Այս հանդիպման ընթացքում ևս գրանցվեց ընդամենը մեկ գոլ, և նյարդային պայքարում կարողացավ հաղթող դուրս գալ "Միկան": "Միկայի" հաղթական գնդակն խփեց Վարդգես Սաթումյանը հանդիպման 85-րդ րոպեին:
Տուրի նախավերջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 2-ին, երբ Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում "Փյունիկը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կապանի "Գանձասարին": Այս հանդիպումը ուներ 3-րդ հորիզոնականի արժեք, քանի որ "Իմպուլսը" զիջելով "Արարատին" գործնականում կորցրել էր 3-րդ հորիզոնականը ձմեռային ընդմիջմանն ընդառաջ: Այս խաղի միավորների արժեքը բարձր էին գնահատում 2 թիմերն էլ, դրա համար խաղն ընթացավ հանգիստ պայքարում և 2 թիմերն էլ չէին ուզում ավելորդ ռիսկի դիմել: Սակայն հանդիպման 20-րդ րոպեին բացվեց հանդիպման հաշիվը, և հաշվի մեջ առաջ անցան Կապանից ժամանած հյուրերը Դիակարիդիա Դումբիայի գոլի շնորհիվ: Մնացած ժամանակահատվածում "Գանձասարը" անցավ խորը պաշտպանության, իսկ "Փյունիկն" էլ սկսեց տիրել գնդակին և ստացավ հսկայական տարածքային առավելություն: Կարծես թե ավելի գրագետ էր Սևադա Արզումանյանի ընտրած տակտիկան, և երբ ընթանում էր հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեն "Գանձասարի" ֆուտբոլիստները կարծես թե ժամանակից շուտ հավատացել էին իրենց հաղթանակին և դրա համար պատժվեցին, քանի որ "Փյունիկից" հանդիպման հաշվի հավասարակշռությունը կարողացավ վերականգնել Դավիդ Մանոյանը հանդիպման 94-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:


Հայաստանի 21-րդ առաջնության 32-րդ տուրն ավարտվեց և թիմերը գնացին ձմեռային ընդմիջման դեկտեմբերի 3-ին Երևանի "Բանանց" մարզադաշտում կայացած "Բանանց"  - "Շիրակ" հանդիպումով: Այս հանդիպման միավորների արժեքը ևս բարձր էր 2 թիմերի համար էլ, քանի որ "Միկան" հաղթել էր մրցակցին և "Շիրակի" հետ միավորների տարբերությունը կրճատել հասցրել էր 2-ի, իսկ "Արարատն" էլ հաղթելով մրցակցին շրջանցել էր "Բանանցին" և վերջինս հայտնվել էր վերջին հորիզոնականում, ու միայն չպարտվելու դեպքում հետ կվերադարձներ 7-րդ հորիզոնականը: Տուրի ամենագոլառատ պայքարում տանտերերն առաջին 6 րոպեների ընթացքում 2 անգամ կարողացան գրավել գյումրեցիների դարպասը Հովհաննես Համբարձումյանի և Արարատ Առաքելյանի գոլերի շնորհիվ: Սակայն առաջ անցնելով նշենք, որ անգամ 2 գնդակի առավելությունը հաղթանակ չապահովեց "Բանանցի" համար, քանի որ "Շիրակը" նախ` 42-րդ րոպեին Իսմայել Ֆոֆանա Բեկոյի գոլի շնորհիվ  կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև` 55-րդ րոպեին էլ, Լի Յամին Յորոն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարությունը: Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չարձանագրվեցին և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով:
32-րդ տուրի կայացած հանդիպումներից հետո անդրադառնալով մրցաշարային աղյուսակին պետք է նշել, որ վերջին` 8-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ "Արարատը" 32 խաղից վաստակած 24 միավորով, 7-րդ հորիզոնականում էլ տեղ է գտել "Բանանցը", որը ևս 32 տուրից հետո վաստակել է ընդամենը 24 միավոր: 6-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ գործող չեմպիոն "Ուլիսը" 32 տուրից վաստակած 32 միավորով: 5-րդ հորիզոնականում գտնվում է "Փյունիկը" 32 խաղից վաստակած 46 միավորով, 4-րդ հորիզոնական է նահանջել Դիլիջանի "Իմպուլսը" 32 խաղից վաստակած 48 միավորով: Լավագույն եռյակը բացում է "Գանձասարը" 32 խաղից վաստակած 48 միավորով: 2-րդ հորիզոնականում գտնվում է "Միկան" 32 խաղից վաստակած 66 միավորով: Իսկ "Շիրակն" էլ ձմեռային ընդմիջումից առաջ շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում 32 խաղից վաստակած 69 միավորով: Հետևելով մրցաշարային աղյուսակին պետք է փաստել, որ Հայաստանի առաջնությունում բոլոր հորիզոնականների համար պայքարը սրվեց: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons