Monday, November 5, 2012

Ա սերիա 2012-13. Թարմացումները տեղադրված են

10 խաղ շարունակ իտալական թիմերը փորձում էին գտնել իրենց տեղը Ա սերիայի ընթացիկ մրցաշարում` ջանալով տեղավորել նաև անցած մրցաշրջանից և տրանսֆերային ամառից «հետ գցած» անպետք իրերով լի ճամպրուկները: «Յուվենտուսը» իր հետևից մրցաշարային աղյուսակի վերնամաս էր քարշ տալիս արդեն 49-խաղանոց անպարտելի շարքը, «Ինտերը» դժվարությամբ մեկը մյուսի հետևից ազատվում էր անցած մրցաշրջանում ձեռք բերած հիվանդություններից, «Ուդինեզեն» Չեմպիոնների լիգայի համին կարոտ թափառում էր ներքին հորիզոնականներում,  իսկ «Միլանը» կարծես դեռ «լռվել-մնացել» էր տրանսֆերային պատուհանում` գոնե մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք գցելու ակնկալիքով: «Նապոլին» իր ճամպրուկում դեռ փնտրում էր Էյզեքուել Լավեսսիին, իսկ ահա հռոմեական թիմերն էլ փորձում էին իրենց ճամպրուկներում տեղավորել նոր մարզիչներին, որոնք իրենց հերթին դատարկ չէին եկել. արդյունքում նրանց ճամպրուկները նորմալ չեն փակվում և երբեմն «պայթում են», ինչպես այս տուրում «Լացիոյի» դեպքում: Մի շարք թիմեր էլ սկսել էին առաջնությունը բացասական միավորների կամ «բացասական» մարզիչների բեռով: 


Եվ ահա 11-րդ տուրում «ջղաձգված Կալչիոն» վերջապես որոշեց սեղմել F5 կոճակը և նորից գործարկեց A_serie_2012-13.exe ֆայլը: Այո, այս տուրը իրավամբ կարելի է համարել առաջնությունում իրական պայքարի սկիզբը: Դրա հիմնական պատճառը, իհարկե, Թուրինում կայացած հանդիպումն էր: «Յուվենտուսի» 49 խաղ տևած անպարտելի շարքը հասավ իր ավարտին Իտալական դերբիում, որտեղ «Ինտերը» ցուցաբերեց ֆուտբոլային զորեղ կամք և ճարպիկ տակտիկական լուծումներ: Չնայած խաղի հենց առաջին րոպեին մրցավարական սարսափելի սխալին, որի արդյունքում «Յուվեն» առաջ անցավ հաշվի մեջ, Անդրեա Ստրամաչիոնին կարողացավ լուծում գտնել այս դժվարին խնդրին և վերջում ցնծալ իր տարիքին, բայց ոչ իր կարգավիճակին հատուկ հիացմունքով: «Ինտերը» այս խաղում աչք փակեց միանգամից երկու հզոր հանգամանքների` «Յուվեի» անպարտելի շարքի և մրցավարական սխալների շարունակվող համաճարակի վրա: Սա իսկապես պատմական իրադարձություն դարձավ, և բեկումնային դարձավ նաև Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի համար: Ստրամաչիոնիի թիմը ընդգծվեց որպես չեմպիոնական պայքարում հաղթանակի իրական հավակնորդ` «Յուվենտուսի» կողքին: Մյուս կողմից այս հաղթանակը թույլ չտվեց «Յուվեին» առաջ պոկվել և «Ինտերից» բացի մյուս թիմերին նույնպես դուրս թողնել չեմպիոնական պայքարից:


«Յուվենտուսն» էլ այս պարտության համար ամենաշատը ափսոսաց` ռեկորդային արդյունքը կորցնելու պատճառով: Իսկ խաղային տեսակետից այս պարտությունը վերջին անհաջող խաղերից հետո անխուսափելի էր թվում, և դա ավելի շատ դրական ազդեցություն կարող է ունենալ թուրինյան ակումբի վրա, քան բացասական: «Ծեր սենյորայի» ցուցադրած ֆուտբոլը խաղը խաղի հետևից ավելացնում էր շեղումը Կոնտեի ժամանակաշրջանի ցուցադրած խաղից, և կուտակված խնդիրներին պետք էր վերջապես լուրջ մոտեցում ցուցաբերել: Ի վերջո, մրցավարական սխալների տհաճ շարքը նույնպես «բեռ» էր դարձել առաջատարի համար: Հիմա «Յուվենտուսի» ֆուտբոլիստները պետք է նորովի սկսեն կառուցել իրենց խաղը, առանց լարվածության 49 խաղանոց բեռի: Հիմա արդեն թիվ մեկ խնդիրը հաղթելն է, և ոչ թե չպարտվելը: Կոնտեի մոտալուտ վերադարձը նույնպես խթան կարող է լինել ակումբի համար: Ճիշտ է, այս ամենը չի նշանակում, որ «Յուվեն» հաջորդ տուրից սկսած սկսելու է հաղթել բոլորին ու հասնել չեմպիոնական տիտղոսին, հնարավոր է նաև հակառակ սցենարը, սակայն այն, որ «Յուվեին» այս թեթևացումը անհրաժեշտ էր, դժվար է ժխտելը:


Տուրի մյուս կարևոր իրադարձության հեղինակը նույնպես միլանյան ակումբ էր. «Միլանը» վերջապես իր երկրպագուների համար «Սան Սիրոյում» ակումբի փառահեղ անցյալը հիշելու առիթ տվեց` 5-1 հաշվով հաղթելով «Կիեվոյին»: «Միլանը» անցկացրեց բարձր որակի խաղ, գրոհում էր շատ հետաքրքիր ու բազմազան, ինչը ապացույցը այն է, որ բոլոր հինգ գնդակները խփեցին հարձակման գծի հինգ տարբեր խաղացողներ: Սա հենց այն հաղթանակն էր, որ պահանջում է «Միլանի» բոլոր երկրպագուներին նախկինի պես հավատալ իրենց թիմի հաջողություններին, ընդհուպ մինչև «Սկուդետտո», իսկ այս ամենի համար միակ պատասխանատուն Մաքս Ալեգրին է:


«Նապոլին», որը տուրեր առաջ հանդես էր գալիս որպես «Յուվենտուսի» հիմնական մրցակից չեմպիոնական պայքարում, շարունակում է ապացուցել, որ իրենց այնուամենայնիվ ինչ-որ փոքր բան պակասում է: Այս տուրում այդ «փոքր բանը» արժեր 2 միավոր: «Ֆիորենտինան», ընդհակառակը, ցույց է տալիս, որ մարզիչ Մոնտելլան ինչ-որ կարևոր մասնիկ է ավելացրել «ֆլորենցիական մեխանիզմի» մեջ, որը թիմին դանդաղ, սակայն բավականին վստահ քայլերով վեր է տանում մրցաշարային աղյուսակում: Հռոմեական թիմերը շարունակում են ցուցաբերել իրարամերժ, շատ դեպքերում ծայրահեղական արդյունքներ: Ամեն դեպքում, երկու թիմերին միավորում է մեկ հատկություն` ցանկացած պահի այս թիմերի պաշտպանությունները կարող են ուղղակի վերանալ խաղադաշտից ու բաց թողնել մեծ թվով գոլեր: Ամեն դեպքում թիմերը դեռ կարող են կարգավորել իրենց խաղերը և լրջորեն հավակնել մրցանակային տեղերի, իսկ նրանց գլխավոր այցեքարտը տաք հարձակողական ֆուտբոլն է:


Ամփոփելով` փաստենք, որ այս տուրը իտալական Ա սերիան դարձրեց իրականում անկանխատեսելի, ինչը անհրաժեշտ պայման է առաջնության հետաքրքրությունը և որակը պահպանելու տեսակետից: Կալչիոյում խնդիրները շատ են, երկրպագուների հետաքրքրությունն էլ նվազել է, սակայն հիմա պայքարը նոր ուժով է բորբոքվելու, և դա միայն Ա սերիայի օգտին է: Հաջողության հասնելու համար թիմերը դեռ շատ ջանք պետք է թափեն, դեռ շատ պետք է ստեղծագործեն, դեռ շատ հանճարեղ մարտավարական քայլեր պետք է կատարեն, պետք է նվիրվեն մինչև վերջին կաթիլ արյունը քրտինքը: Իսկ այս ամենը, համաձայնեք, իրավամբ դիտարժան է:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons