Thursday, November 15, 2012

Հայաստանի հավաքականի ավագի թևկապը` Հենրիխ Մխիթարյանին

Երեկ` նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած  Հայաստան - Լիտվա խաղում մեր հավաքականի վերջին տարիների առաջատար ֆուտբոլիստ և անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանը իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց: Հայաստանի հավաքականում Սարգիս Հովսեփյանի դերն իրոք անգնահատելի էր ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես ավագ: Հիմա արդեն մեր ֆուտբոլի հավաքականը իր կայացման ճանապարհը պետք է շարունակի առանց իր փորձառու ավագի, և այդ պարտականությունները պետք է վստահվի մեկ ուրիշ խաղացողի: Ուրախությամբ պետք է նշել, որ մեր հավաքականի ցուցադրած ֆուտբոլը քիչ թե շատ թիմային է, և հիմնված չէ վառ արտահայտված առաջատար ֆուտբոլիստի վրա, և այս պարագայում ավագի դերում կան մի քանի համարժեք տարբերակներ: 
«Գոլիզեում» բլոգը փորձեց հարցման միջոցով պարզել հայ երկրպագուների կարծիքը ավագի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Ֆուտբոլասերների հետաքրքրությունը, բավականին մեծ էր, հարցմանը մասնակցեց 232 ընթերցող: Ներկայացնենք հարցման արդյունքները.
3. Յուրա Մովսիսյան /11 ձայն - 4.72%/

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող մեր հարձակվողը իրոք առաջատար է թիմի առջևի գծում: Մովսիսյանի հայտնվելը մեր հավաքականում էականորեն հզորացրեց հայկական հավաքականի հարձակողական բռունցքը, և մեր թիմին դարձրեց վտանգավոր մրցակից ցանկացած հավաքականի դեմ: Յուրան վաստակել է նաև բազմաթիվ երկրպագուների սերը և մեծ հեղինակություն է վայելում հայ ֆուտբոլասերների շրջանում: Չնայած անհրաժեշտ որակների առկայությանը` որպես թիմային առաջնորդ Յուրան առայժմ պահեստային տարբերակ է հավաքականի ավագի համար:

2. Ռոման Բերեզովսկի /101 ձայն - 43.35%/

Սարգիս Հովսեփյանը, իր հրաժեշտի խաղում լքելով խաղադաշտը, ավագի թևկապը հանձնեց հենց Ռոման Բերեզովսկուն: Իրավամբ, Բերեզովսկին ավագի թևկապի թեկնածու է ոչ միայն իր հարուստ ֆուտբոլային փորձի կապիտալի, այլև իր խարիզմատիկ բնավորության և բազմաթիվ անգամներ ստանձնած հուսալի փրկարարի դերի շնորհիվ: Նույնիսկ մեր հավաքականի ամենածանր տարիներին, երբ մեր ֆուտբոլասերները ոչ միշտ հնարավորություն ունեին ուրախանալու մերոնց գոլերի համար, նրանց միակ ուրախությունը երբեմն հենց Բերեզովսկին էր իր հերոսական գործողություններով: Բերեզովսկին ավելի քան փորձառու է թիմն առաջնորդելու համար: Ռոմանի օգտին չխոսող միակ հանգամանքը մեր դարպասապահի տարիքն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ վերջինս կլքի հավաքականը առաջիկա մեկ կամ առավելագույնը երկու տարիների ընթացքում, գուցե և շատ ավելի շուտ: Պետք է արդյոք մեր հավաքականին նոր ավագ կարճ ժամանակահատվածի համար` մեր ընթերցողների  43.35%-ի կարծիքով` ԱՅՈ: 

1. Հենրիխ Մխիթարյան /111 ձայն - 47.64%/

Վերջին տարիների հայկական ֆուտբոլի ամենավառ փայլող աստղը` Հենրիխ Մխիթարյանը, ըստ ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքի, ամենահարմար թեկնածուն է հավաքականի ավագի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին` Հենրիխն արդեն բավականին հարուստ փորձ է կուտակել: Բացի այդ Հենրիխի կարևորությունը հավաքականում տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Դժվարին պահերին ֆուտբոլիստը կարողանում է իր վրա վերցնել խաղը, ինչը գերակա հատկանիշ է հավաքականի ավագի համար: Հենրիխը փայլում է նաև իր մարդկային հատկանիշներով, ֆուտբոլային հանրությանը հայտնի է որպես օրինակելի ֆուտբոլային կերպար: Մխիթարյանը առանձնանում է հավաքականում իր առաջատարի դերով, և ունակ է առաջնորդելու երիտասարդ հավաքականին: Հենց դա է պատճառը, որ մեր ֆուտբոլասերները Մխիթարյանին մի փոքր տարբերությամբ գերադասել են Ռոման Բերեզովսկուց /ընդամենը 10 ձայն/:

Քվեարկության ամբողջական արդյունքները.
Հայաստանի հավաքականի ավագի թեկնածուներ
Այլ տարբերակների թվում մեկական ֆուտբոլասերներ նշել էին Ռոբերտ Արզումանյանին և Վալերի Ալեքսանյանին:
Ինչևէ, շնորհակալություն ենք հայտնում բլոգի ընթերցողներին ցուցաբերած ակտիվության համար: Այս տարի մեր հավաքականը արդեն ավարտել է իր ելույթները, և մեր ապագա ավագին մենք կտեսնենք արդեն հաջորդ տարի:


1 comments:

Blog News said...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons