Sunday, November 4, 2012

Առաջատարները անսպասելիորեն ձախողվեցին

Հայաստանի 21-րդ առաջնությունում անցյալում մնացին 28-րդ տուրի հանդիպումները: Տուրն աչքի ընկավ ինտրիգային հանդիպումներով, և ինչ որ տեղ անակնկալ հաշիվներով: Կայացավ 4 հանդիպում, որոնց ընթացքում գրանցվեց 12 գոլ: Այսինքն` մեկ խաղում միջինը 3 գոլ: Այս տուրում ձախողվեցին 2 առաջատարները, փոխարենը` լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը հեղինակեց իր հերթական 2 գնդակները, և էլ ավելի անհասանելի դարձավ իր մոտակա հետապնդողների նկատմամբ: Այսքանով անդրադառնանք Հայաստանի 21-րդ առաջնության 28-րդ տուրի կայացած հանդիպումներին` առանձին-առանձին:


Տուրն սկսվեց նոյեմբերի 3-ին և կենտրոնական հանդիպումն կայացավ Արարատում` "Իմպուլսի" և "Շիրակի" միջև, քանի որ միմյանց դեմ էին դուրս եկել ընթացիկ առաջնության 3-րդ և 2-րդ հորիզոնականներում ընթացող թիմերը: Խաղն ընթացավ 2 տարբեր խաղակեսերով և ամեն մի խաղակեսում հաղթեց մի թիմ: Առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ տանտերերի` "Իմպուլսի" ֆուտբոլիստների, խաղային և տարածքային առավելությամբ: Արդեն հանդիպման 2-րդ րոպեին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը խփելով իր հերթական գնդակը հաշվի մեջ առաջ մղեց "Իմպուլսին": Հանդիպման 23-րդ րոպեին նույն Նորայր Գյոզալյանը խփեց իր 2-րդ գնդակը և "դուբլ" ձևակերպելով 2 գնդակի առավելություն տվեց "Իմպուլսին": Այսքանով դեռ առաջին խաղակեսի գոլերն չավարտվեցին, քանի որ 45+2-րդ րոպեին դիլիջանյան ակումբի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հաշիվը դարձրեց 3:0 և թիմերը գնացին ընդմիջման: Իսկ ահա 2-րդ խաղակեսը անցավ "Շիրակի" առավելությամբ, որի ֆուտբոլիստները, սակայն կարողացան իրենց առավելությունը վերածել ընդամենը 1 գոլի: Հանդիպման 50-րդ րոպեին "Շիրակի" կազմից հաշիվն "թրջեց" Անդրանիկ Բարիկյանը: "Իմպուլսը" հաղթեց 3:1 հաշվով և լուրջ քայլ կատարեց 3-րդ հորիզոնականում ամրապնդվելու համար, իսկ ահա "Շիրակը" պարտվելով շատ կարևոր 3 միավոր կորցրեց չեմպիոնական մրցավազքում:

Նույն օրը կայացավ ևս մեկ հանդիպում, որտեղ միմյանց դեմ խաղադաշտ դուրս եկան "Փյունիկն" ու "Արարատը": Տանտիրոջ կարգավիճակով հանդես էր գալիս "Փյունիկը": Նախորդ 2 տուրերում "Փյունիկը" կրել էր միայն պարտություններ, իսկ ահա "Արարատը"` նախորդ 2 տուրերի ընթացքում տարել էր միայն հաղթանակներ և հեռացել էր վերջին հորիզոնականից: Այսինքն` կարելի էր ասել, որ "Արարատի" ֆուտբոլիստների հոգեբանական վիճակն ավելի լավ էր քան` "Փյունիկի", սակայն տանտերերն էլ անպայման ձգտելու էին հաղթանակի, որպեսզի դուրս գային հոգեբանական ճգնաժամից: Առաջ անցնելով նշենք, որ "Փյունիկին" դա հաջողվեց և կարողացավ 1:0 հաշվով առավելության հասնել հյուրերի նկատմամբ: "Փյունիկի" միակ գոլն խփեց հիմնական կազմ վերադարձած պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդիպման 67-րդ րոպեին:
Վերջին 2 հանդիպումները կայացան հաջորդ օրը` նոյեմբերի 4-ին: Նախ` Կապանում նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր "Գանձասարը" սեփական հարկի տակ հյուրնկալել էր ընթացիկ առաջնության առաջատար "Միկային": Այս հանդիպումն ընթացավ գրեթե նույն սցենարով ինչ "Իմպուլս" - "Շիրակ" հանդիպումը: Այս խաղում ի տարբերություն "Իմպուլս"  -"Շիրակ" հանդիպման գրանցվեց ինքնագոլ, և 2-րդ խաղակեսում մյուս թիմը խփեց ոչ թե մեկ, այլ` 2 գնդակ: Այսպես` առաջին խաղակեսն այստեղ էլ անցավ "Գանձասարի առավելությամբ, որոնք ևս հեղինակեցին 3 գոլ: Հանդիպման հաշիվը բացվեց 7-րդ րոպեին, երբ "Գանձասարի" սևամորթ լեգեոներ Դիակարիտիա Դումբիան բացեց խաղի հաշիվը, 18-րդ րոպեին տանտերերի առավելություւնը սեփական դարպասն ուղարկած գոլով կրկնապատկեց "Միկայի" բրազիլացի պաշտպան Ալեքսը: Իսկ առաջին խաղակեսում իր թիմին 3 գնդակի առավելություն տվեց "Գանձասարի" հոլանդացի լեգեոներ Ռոժելիո Զեեդորֆը հանդիպման 27-րդ րոպեին: 2-րդ խաղակեսում ամբողջությամբ խաղն անցավ "Միկայի" ֆուտբոլիստներին: Հանդիպման 52-րդ րոպեին "Միկայի" հարձակվող Նարեկ Բեգլարյանը "թրջեց" հանդիպման հաշիվը: Իսկ հանդիպման 78-րդ րոպեին էլ "Միկայի" կազմում փոխարինման դուրս եկած հարձակվող Հենրիկ Հարությունյանը կարողացավ խփել իր թիմի 2-րդ գնդակը և հաշիվը հասցնել նվազագույնի: Մնացած ժամանակահատվածում "Միկային" այլևս ոչինչ չհաջողվեց անել և չկարողացավ օգտվել "Շիրակի" սայթաքումից, իսկ "Գանձասարն" էլ հաղթեց 3:2 հաշվով և ամրապնդվելով 5-րդ հորիզոնականում նորից պայքար է մղում լավագույն եռյակում հայտնվելու համար:
28-րդ տուրն ավարտվեց հերթական երևանյան դերբիով: Միմյանց դեմ մրցավեճի էին դուրս եկել "Բանանցն" և "Ուլիսը": 2 թիմերի անհաջող մեկնարկը ընթացիկ առաջնությունում թույլ չէր տալիս այս խաղում ֆավորիտ առանձնացնելու: 2 հավասար թիմերի մրցավեճն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Յուրաքանչյուր խաղակեսում գրանցվեց 1 գոլ: Առաջին խաղակեսի 24-րդ րոպեին գոլով աչքի ընկավ "Բանանցի" սան և "Բանանցի" նախկին հարձակվող Արսեն Բալաբեկյանը, որը առաջ մղեց "Ուլիսին": Միայն հանդիպման 82-րդ րոպեին "Բանանցին" հաջողվեց խույս տալ պարտությունից, երբ գոլ խփեց հիմնական թիմ վերադարձած Հայաստանի երբեմնի խոստումնալից ֆուտբոլիստներից մեկն` Արտակ Դաշյանը:

Հայաստանի 21-րդ առաջնությունում 28-րդ տուրից հետո անցկացրած 26 խաղից, վաստակած 18 միավորով 8-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ "Բանանցը", 27 խաղից վաստակած 20 միավորով "Արարատը" 7-րդն է, 6-րդ հորիզոնականում էլ մնաց "Ուլիսը" 27 խաղից վաստակած 30 միավորով: 5-րդ հորիզոնականում շարունակում է ընթանալ Կապանի "Գանձասարը" 26 խաղից վաստակած 37 միավորով, իսկ 4-րդ հորիզոնականում էլ "Փյունիկն" է 26 խաղից վաստակած 39 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 27 խաղից վաստակած 41 միավորով, 2-րդ հորիզոնականում Գյումրիի "Շիրակն" է  26 խաղից վաստակած 55 միավորով, իսկ առաջատարը նորից "Միկան" է 27 խաղից վաստակած 58 միավորով:
Առաջնության լավագույն ռմբարկուն Նորայր Գյոզալյանն է, որը դարձել է 17 գոլի հեղինակ, և իր մոտակա մրցակցին "Շիրակի" կոտդ'իվուարցի հարձակվող Իսմայիլ Ֆոֆանա Բեկոյին գերազանցում է 5 գնդակով, վերջինս խփել է 12 գնդակ:
Վերջում էլ պետք է նշել, որ առաջնության ինտրիգը պահպանվում է, քանի որ այս անգամ էլ վերնամասում գտնվող 2 առաջատարները անսպասելիորեն ձախողվեցին: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons