Sunday, November 11, 2012

"Շիրակը" դարձավ միանձնյա առաջատար

Հայաստանի 21-րդ առաջնության 29-րդ տուրն անցավ խելահեղ տեմպով և փոխվեց առաջատարը: Սակայն մինչ 29-րդ տուրը Նոյեմբերի 7-ին կայացան 2 հետաձգված հանդիպումները: Առաջինում` "Գանձասարը" Կապանում հյուրընկալեց և 1:0 հաշվով հաղթանակ տոնեց "Փյունիկի" նկատմամբ, իսկ "Բանանց" "Շիրակ" հանդիպումն էլ ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով: Իսկ 29-րդ տուրի կայացած 4  հանդիպումներն էլ անցան լարված պայքարում: Պատկերացրեք, որ կայացած 4 խաղերում գրանցվեց 14 գոլ: Այսինքն մեկ խաղում միջինը` 3.5 գոլ, ինչը կարծում ենք` շատ լավ արդյունք է Հայաստանի առաջնության համար: Այսքանով` անդրադառնանք կայացած 29-րդ տուրի արդյունքներին:
Հայաստանի 21-րդ առաջնության 29-րդ տուրը սկսվեց շաբաթ օրը և կայացավ մեկ հանդիպում: "Բանանցը" սեփական հարկի տակ ընդունել էր Դիլիջանի "Իմպուլսին": Խաղը ընթացավ հետաքրքիր սցենարով, և դրամատիկ պայքարում հաղթող ճանաչվեցին հյուրերը, որոնք ևս մեկ լուրջ քայլ կատարեցին լավագույն եռյակում մնալու համար:

Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց իսպանացի հարձակվող Դիեգո Կաստրոն: Սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին տանտերերը 2 գնդակ խփեցին և հաղթողի կարգավիճակով գնացին հանդերձարան: Խաղի 43-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Կարեն Հարությունյանը, իսկ հանդիպման 45-րդ րոպեին էլ տանտերերի 2-րդ գնդակը խփեց իր նշանառությունը վերականգնած Արտակ Դաշյանը: 2-րդ խաղակեսում խաղային և տարածքային առավելությունը ամբողջությամբ անցավ "Իմպուլսին", որոնք էլ կարողացան արդյունավետ օգտագործել իրենց առավելությունը: Հանդիպման 56-րդ րոպեին հյուրերի հարձակվող և Հայաստանի 21-րդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածից խփեց իր հերթական` 18-րդ գնդակը և վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Այսքանով հյուրերը չբավարարվեցին և բազմաթիվ ձեռնարկած գրոհներից մեկն էլ ավարտվեց գոլով: Հանդիպման 70-րդ րոպեին Եղիշե Վարդանյանի գոլի շնորհիվ "Իմպուլսը" հաղթեց 2:3 հաշվով և պահպանեց 3-րդ հորիզոնականը: 
29-րդ տուրի խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էին վերջին 3 հանդիպումները: Նախ` Կապանում "Գանձասարը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր "Արարատին": Այս խաղը շատ կարևոր նշանակություն ուներ "Արարատի" գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի համար, քանի որ վերջինս հենց "Գանձասարից" էր տեղափոխվել "Արարատ": Սակայն Խաշմանյանին այս խաղում ոչնիչ ապացուցել չհաջողվեց, քանի որ տանտերերը յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գնդակ 2:0 հաշվով առավելության հասան "Արարատի" նկատմամբ: Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ռոժելիո Զեեդորֆը հանդիպման  18-րդ րոպեին: Իսկ հանդիպման 89-րդ րոպեին էլ Դիեգո Լոմբա Ֆարիասը խփեց 2-րդ գնդակը և հաշիվը բերեց վերջնական տեսքի: Այս հաղթանակը Սևադա Արզումանյանի սաների համար 3-րդ անընդմեջ հաղթանակն էր Հայաստանի 21-րդ առաջնության շրջանակներում:

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Գյումրիում, որտեղ "Շիրակը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր "Միկային": Այս հանդիպման միավորների արժեքը շատ մեծ էր, քանի որ հաղթանակի դեպքում գյումրեցիները դուրս կգային առաջին հորիզոնական, իսկ մնացած ցանկացած արդյունքի դեպքում "Միկան" կպահպաներ առաջին հորիզոնականը: Մի խոսքով այս հանդիպումն ուներ առաջին հորիզոնականի արժեք: Հանդիպման առաջին կեսը անցավ կոռեկտ պայքարում և թիմերը գնացին ընդմիջման 0:0 հաշվի պարագայում: Հիմնական իրադարձությունները զարգացան 2-րդ խաղակեսում: Հանդիպման 63-րդ րոպեին իր լավագույն մարզավիճակը վերականգնած Հայաստանի հավաքականի թեկնածու` կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, զարգացնելով արագություն, պատ խաղարկելով խաղընկերոջ հետ, ներխուժեց "Միկայի" տուգանային հրապարակ և բացեց հանդիպման հաշիվը: Խփած գոլից հետո "Շիրակը" չհանգստացավ և չանցած 7 րոպե աջ եզրից Բեկոն հիանալի փոխանցում կատարեց "Միկայի" տուգանային հրապարակ և ձախ եզրում միայնակ մնացած Լամին Լի Յորոն հաշիվը դարձրեց 2:0` հօգուտ "Շիրակի": Այս գոլից հետո թվում էր թե կրքերը կհանդարտվեն, սակայն տանտերերը ձեռքբերածով էլ չբավարարվեցին: 76-րդ րոպեին մեն մենակ մնալով Կասպարովի դեմ դիմաց Անդրանիկ Բարիկյանը խփեց "Շիրակի" 3-րդ գնդակը, որը մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո պարզվեց վերջին գնդակն էր: "Շիրակը" հաղթեց խոշոր` 3:0 հաշվով և շրջանցեց "Միկային":
Հերթական երևանյան դերբիով ավարտվեց Հայաստանի 21-րդ առաջնության 29-րդ տուրը: Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում տանտիրոջ կարգավիճակով "Փյունիկը" հյուրընկալել էր գործող չեմպիոն "Ուլիսին":
Պահ` "Փյունիկ"-"Ուլիս" հանդիպումից
Նոյեմբերի 7-ին Կապանում "Գանձասարին" պարտվելուց հետո ոչ պատշաճ վարքագծի համար "Փյունիկի" գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, և "Ուլիսի" հետ խաղում "Փյունիկի" գործողությունները վերահսկում էր Վարդան Մինասյանը: "Իմպուլսի" և "Գանձասարի" հաղթանակները ստիպում էին "փյունիկցիներին" միայն հաղթանակ տոնել, որպեսզի շատ չհեռանային լավագույն եռյակում հայտնվելու մղվող պայքարից: Հանդիպման 28-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Գագիկ Պողոսյանը: Այս գոլից չեր անցել 4 րոպե, երբ 32-րդ րոպեին "Փյունիկի" պաշտպան Տարոն Ոսկանյանը խփեց իր թիմի 2-րդ գնդակը: Իսկ առաջին խաղակեսի 44-րդ րոպեին էլ հյուրերը կարողացան 11 մետրանոց հարվածի շնորհիվ կրճատել հաշվի տարբերությունը: 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Արսեն Բալաբեկյանը: 2-րդ խաղակեսում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, այն էլ հանդիպման ավարտման վերջին վայրկյաններին, երբ գոլի հեղինակ դարձավ "Փյունիկի" կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որն էլ հաշիվը բերեց վերջնական տեսքի և "Փյունիկը" հաղթեց 3:1 հաշվով:
Ամփոփելով 29-րդ տուրը նշենք, որ անցկացրած 28 հանդիպումներից հետո վաստակած 19 միավորով "Բանանցը" շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Նոյեմբերի 7-ին 26-րդ տուրից իրենց բաց թողած հանդիպումն անցկացրին նաև "Ուլիսն" և "Արարատը" և խաղն ավարտվեց անարդյունք ոչ ոքի` 0:0 հաշվով: Այդ իսկ պատճառով 29 տուրից հետո անցկացրած 29 խաղից վաստակած 21 միավորով "Արարատը" նախավերջին` 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ 6-րդ հորիզոնականում էլ "Ուլիսն" է 29 խաղից վաստակած 31 միավորով: 5-րդ հորիզոնականում է ընթանում "Փյունիկը" 28 խաղից վաստակած 42 միավորով, իսկ 4-րդն էլ "Գանձասարն" է նույնքան խաղից վաստակած 43 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 28 խաղից վաստակած 44 միավորով: 2-րդ հորիզոնական է նահանջել "Միկան" 28 խաղից վաստակած 58 միովորով: Հաղթելով հենց "Միկային" 28 խաղից վաստակելով 59 միավոր Գյումրին ներկայացնող` "Շիրակը" դարձավ միանձնյա առաջատար:



0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons