"Գոլիզեում" բլոգը ամփոփում է կայքում անցկացրած հարցման արդյունքները, թե որ պաշտպանները կարող են ուժեղացնել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը: Հարցմանը մասնակցած ֆուտբոլասերները հայտնեցին տարաբնույթ կարծիքներ: Այժմ մենք կներկայացնենք առավելագույն ձայներ ստացած 3 պաշտպանների անունները և կփորձենք մեր տեսանկյունից ներկայացնել, թե որ պաշտպանը և ինչպես կկարողանա ուժեղացնել մեր հավաքականի ամենաթույլ օղակը:
3. Կամո Հովհաննիսյան /Փյունիկ/
3-րդ հորիզոնականում ձայների 15 տոկոս հավաքելով զբաղեցրեց Կամո Հովհաննիսյանը: Այս ֆուտբոլիստը աչքի է ընկնում արագությամբ և շատ լավ է միանում հարձակման ժամանակ: Իր խաղաոճով նման է Դոմենիկո Կրիշիտոյին, Ռոբերտո Կառլոսին և նման խաղաոճ ունեցող այլ հայտնի աստղերի: Այս ֆուտբոլիստը շատ լավ կատարում է ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ ձախ կիսապաշտպանի պարտականություններ: Բայց մեր կարծիքով Կամո Հովհանիսյանը լավագույն տարբերակը չէ պաշտպանության ուժեղացման համար, քանի որ պաշտպանության ձախ եզրը թերևս ամենաթույլ եզրը չէ: Այս դիրքում Հայաստանի հավաքական հրավիրվում են Լևոն Հայրապետյանն ու Արտակ Եդիգարյանը: Սակայն եթե վնասվածքը կամ որակազրկումը չխանգարի, այս եզրի լավագույն թեկնածուն Հայաստանի հավաքականի համար կարծում ենք` Լևոն Հայրապետյանն է, որը նաև մշտական խաղային պրակտիկա ունի Լեհաստանի բարձրագույն խմբի Գդանսկ քաղաքի "Լեխիա" ակումբում:
2. Դենիս Թումասյան /Ուրալ/
2-րդ հորիզոնականում ձայների 25 տոկոսը հավաքելով տեղ է զբաղեցնում Դենիս Թումասյանը: Թումասյանը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող Եկատերինբուրգ քաղաքի "Ուրալ" ակումբում: Այս թիմը շատ լավ է մեկնարկել ընթացիկ առաջնությունը և ընթանում է 2-րդ հորիզոնականում: Եթե "Ուրալը" կարողանա պահպանել 2-րդ հորիզոնականը, հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես կգա Ռուսաստանի պրեմիեր լիգայում: Ի դեպ "Ուրալում" է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը: Իսկ այժմ ավելի մանրամասն Թումասյանի մասին: Դենիսը ունիվերսալ պաշտպան է, սակայն իրեն համեմատաբար ավելի լավ է զգում պաշտպանության կենտրոնում: "Ուրալի" հաջողության գործում Թումասյանի վաստակը շատ մեծ է, քանի որ այս պաշտպանը ոչ միայն չեզոքացնում է մրցակցի վտանգավոր հարձակվեղներին, այլ նաև միանալով գրոհներին շատ հաճախ դառնում է նաև կարևոր գոլերի հեղինակ: Պատահական չէ, որ Դենիսը կրում է "Ուրալի" ավագի թևկապը, բայց այժմ Դենիսը ստացել է լուրջ վնասվածք և երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Համոզված ենք` այս պաշտպանը իսկապես շատ կուժեղացնի մեր պաշտպանությունը: Մեկ անգամ Դենիսը հրավեր ստացավ Հայաստանի հավաքականից, սակայն չկարողացավ ժամանել, քանի որ "Ուրալն" ուներ լեգեոներների սահմանափակման խնդիր: Այժմ ոչ մի խնդիր չկա հրավիրելու հետ կապված, իսկ ինքը Թումասյանն էլ ցանկություն հայտնել է խաղալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
1. Ալեքս /Միկա/
Առաջին հորիզոնականում առավելագույն թվով 40 տոկոս ձայն հավաքելով տեղ է զբաղեցնում "Միկայի" պաշտպան բրազիլացի, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Ալեքս Էնրիկե Դա Սիլվան կամ կարճ` Ալեքսը: Այս ֆուտբոլիստը արդեն երկար տարիներ է, ինչ հանդես է գալիս Հայաստանում` պաշտպանելով "Միկայի" գույները: Հիանալի կատարում է ինչպես աջ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի պարտականությունները: Հիանալի միանում է գրոհներին և դառնում է կարևոր գոլերի հեղինակ: Իհարկե Հայաստանի հավաքականի պաշտպանությանը մեծ օգուտ կարող է բերել, քանի որ շատ փորձառու պաշտպան է և մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ Ալեքսին կարող է դուրս բերել խաղադաշտ ինչպես աջ եզրում, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում, որոնք թերևս համարվում են մեր պաշտպանության ամենաթույլ կողմերը: Բնականաբար իզուր չէ նաև, որ Հայաստանի Հավաքականի ֆուտբոլասերների կարծիքով լավագույնը Ալեքսն էր:
Ընդհանուր արդյունքներ
Շնորհակալություն ենք հայտնում հարցման բոլոր մասնակիցներին և կոչ անում ավելի ակտիվ լինել: Մեզ հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, թե ով կարող է փոխարինել Սարգիս Հովսեփյանին որպես Հայաստանի հավաքականի ավագ:
0 comments:
Post a Comment