Friday, November 9, 2012

Եվրոպա լիգայի խմբային փուլում ամեն ինչ խճճված է

Եվրոպա լիգայի խմբային փուլի լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Եթե նախորդ առաջնություններում խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումներից հետո գրեթե ամեն ինչ պարզ էր դառնում, ապա այս առաջնությունում բացառությամբ մի քանի խմբերի դեռևս անհայտ է վերջնական իրավիճակը խմբային փուլի: Եվրոպա լիգայի 4-րդ տուրում տեղի ունեցան շատ հետաքրքիր հանդիպումներ, գրանցվեցին անակնկալ և օրինաչափ արդյունքներ: 
A խումբ "Անժի" 7մ., "Լիվերպուլ" 6մ., "Յանգ Բոյզ" 6մ., "Ուդինեզե" 4մ.: Այս խմբի 4-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Մախաչկալայում, որտեղ "Անժին" հյուրընկալել էր անգլիական հեղինակավոր ակումբներից մեկին` "Լիվերպուլին":
Պահ` "Անժի" -"Լիվերպուլ հանդիպումից, գնդակի համար պայքարում են Սթիվեն Ջերարդը և Սամուել Էտո'ոն
Հանդիպումն անցավ հետաքրքիր և անզիջում պայքարում: Լասինա Տրաորեի խփած գոլի շնորհիվ  հաղթեցին տանտերերը 1:0 հաշվով և խմբում դուրս եկան առաջին հորիզոնական, վաստակելով 7 միավոր շրջանցելով հենց "Լիվերպուլին": Հաշվի առնելով "Անժիի" ֆուտբոլիստների բարձր մակարդակը այս հանդիպման հաշիվը անակնկալ համարել չի կարելի, փոխարենը` անակնկալ գրանցվեց խմբի մյուս խաղում: "Ուդինեզեն" սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց շվեյցարական "Յանգ Բոյզին" և բարդացրեց խմբից դուրս գալու բոլոր գործերը: Դեռևս 4 թիմերն էլ հնարավորություն ունեն հաջորդ փուլ դուրս գալու, և մինչև վերջին տուրը դեռ այս փուլում հետաքրքիր իրադարձություններ են զարգանալու: 
B խումբ "Ատլետիկո" 9մ., "Վիկտորիա" 9մ., "Ակադեմիկա" 4մ, "Հապոել" 1մ.: Այս խումբն էլ զերծ չմնած անակնկալից, քանի որ խմբի ակնհայտ ֆավորիտ և առաջատար Մադրիդի "Ատլետիկոն" Պորտուգալիայում 2:0 հաշվով զիջեց "Ակադեմիկային": Պորտուգալացիները այս հաղթանակից հետո նոր հույս արթնացրեցին խմբից դուրս գալու համար: Իսկ ահա խմբի մյուս խաղում անկնկալ չգրանցվեց: Պլզենում "Վիկտորիան" սեփական հարկի տակ ընդունելով իսրայելական "Հապոելին" 4 անպատասպան գնդակ ուղարկեց, և 4:0 հաշվով հաղթանակ տոնեց Թել-Ավիվից ժամանած հյուրերի նկատմամբ: Ի ուրախություն հայ ֆուտբոլասերների այս խաղում Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մալաքյանը տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ հանդիպման 85-րդ րոպեից: Այս խմբի 2 առաջատարները շատ լուրջ քայլ են կատարել հաջոդ փուլ դուրս գալու, բայց պայքարին կարող է միջամտել նաև պորտուգալական "Ակադեմիկան":
C խումբ "Ֆեներբախչե" 10մ., "Բորուսիա" Մյունխենգլադբախ 5մ., "Օլիմպիկ" Մարսել 5մ., "ԱԵԼ" 1մ.: Այս խմբի առաջատար թուրքական "Ֆեներբախչեն" Ստամբուլում սեփական հարկի տակ ընդունելով խմբի հետնապահ կիպրոսյան "ԱԵԼ" ակումբին հասավ հեշտ հաղթանակի 2:0 հաշվով, և վաստակելով 10 միավոր վստահորեն գլխավորելով խմբային աղյուսակը: Ինչպես նաև  շատ լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար: Իսկ խմբի մյուս` կենտրոնական խաղում, Մարսելում մրցավեճի էին դուրս եկել տեղի "Օլիմպիկը" և Մյունխենգլադբախի "Բորուսիան":
Պահ` "Մարսել" "Բորուսիա" հանդիպումից, նկարում Ջոյ Բարթոնն ու Մայք Հանկեն են
Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հավով: Տեսականորեն դեռ "Ֆեներբախչեն" էլ հաջորդ փուլի ուղեգիր չի վաստակել, այնպես որ 3 թիմերն էլ մինչև վերջ պայքարելու են 2 ուղեգրերի համար: Բնականաբար լավագույն շանսը դեռևս ունի թուրքական ակումբը:
D խումբ "Նյուքասլ" 8մ., "Բորդո" 7մ., "Բրյուգե" 4մ., "Մարիտմու" 2մ.: Այս խմբի Բելգիայում կայացած "Բրյուգե" "Նյուքասլ" հանդիպումն ապացուցեց, որ Եվրոպա լիգայում նույնպես թույլ թիմեր չկան: Խաղի ֆավորիտ համարվող "Նյուքասլը" Բրյուսելում չկարողացավ հաղթել "Բրյուգեին": Ավելին խաղի ընթացքում "կաչաղակները" զիջելով  տանտերերին 2:0 հաշվով այնուամենայնիվ կարողացան խփել 2 պատասխան գնդակները և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով: Ի դեպ 4 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: Իսկ խմբի մյուս խաղում "Բորդոն" սեփական հարկի տակ հյուրընկալելով պորտուգալական "Մարիտմուին" կարողացավ հասնել հաղթանակի, հաղթելով նվազագույն` 1:0 հաշվով: Այս խմբում էլ դեռ պարզելու բաներ կան, քանի որ անգամ խմբի հետնապահ "Մարիտմուն" դեռևս հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունի:
E խումբ "Ստյաուա" 10մ., "Շտուտգարտ" 5մ., "Կոպենհագեն" 4մ., "Մյոլդե" 3մ.: Այս խմբի 2 խաղերում էլ հաղթեցին հյուրերը: Առաջինը` Նորվեգիայում հյուրնկալվելով "Մյոլդեին" Ռումինիան ներկայացնող "Ստյաուան: 1:2 հաշվով հաղթանակ տոնեց և վստահորեն սկսեց գլխավորել խումբը վաստակած 10 միավորով: Ինչը շատ լուրջ հայտ է հաջորդ փուլ դուրս գալու համար: Մյուս խաղում էլ, որը տեղի ունեցավ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, տեղի համանուն թիմը սեփական հարկի տակ զիջեց գերմանական "Շտուտգարտին": Այս խմբի ուղեգրերից մեկը ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Բուխարեստի "Ստյաուաին", իսկ մյուս ուղեգրի համար մինչև վերջին տուրը կպայքարեն մյուս 3 թիմերը:
F խումբ "Դնեպր" 9մ., "Նապոլի" 6մ., "ԱԻԿ" 4մ., "ՊՍՎ" 4մ.: Այս խմբում էլ 4-րդ տուրի հանդիպումներից հետո ամեն ինչ ավելի խճճվեց: Նախ` Նեապոլում "Նապոլին" սեփական հարկի տակ կարողացավ 4:2 հաշվով հաղթանակ տոնել խմբի առաջատար համարվող Դնեպրոպետրովսկի "Դնեպրի" նկատմամբ: Տանտերեի կազմում հանդիպման հերոս դարձավ և իր հաշվին "Պոկեր" գրանցեց, ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին:
Պահ` "Նապոլի" -"Դնեպր" հանդիպումից, Էդիսոն Կավանին խփում է իր 4 գնդակներից մեկը:
Իսկ խմբի մյուս խաղում գրանցվեց անակնկալ հաշիվ, քանի որ Հոլանդիան ներկայացնողց "ՊՍՎ"-ն 3-րդ տուրում սեփական հարկի տակ չկարողանալով հաղթել շվեդական "ԱԻԿ"-ին, 4-րդ տուրում Սոլնայում կայացած խաղում էլ 1:0 հաշվով զիջեց Շվեդիան ներկայացնող ակումբին և դժվարացրեց խմբից դուրս գալու հնարավորությունները: 4 թիմերն էլ իրատեսորեն կարող են հայտնվել հաջորդ փուլում, այդ իսկ պատճառով այս խմբի շատ հարցերի պատասխան դեռ կտան առաջիկա 2 տուրերը:
G խումբ "Գենկ" 8մ., "Վիդեոթոն" 6մ., "Բազել" 5մ., "Սպորտինգ" 2մ.: Այս առաջնության գլխավոր հայտնություններից մեկը հունգարական "Վիդեոթոնը" 3-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթելով շվեյցարական "Բազելին" նույն սխրանքը չկարողացավ կրկնել մրցակցի հարկի տակ: Սեփական հարկի տակ հյուրընկալելով "Վիդեոթոնին" Բազելը կարողացավ նվազագույն` 1:0 հաշվով, հաղթանակ տոնել հյուրերի նկատմմաբ: Խմբի մյուս խաղում էլ այս մրցաշարի Պորտուգալիայի գլխավոր հույս համարվող "Սպորտինգը" Լիսաբոնում հյուրընկալելով բելգիական "Գենկին" չկարողացավ հաղթանակ տոնել: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Այս ոչ ոքուց հետո "Սպորտինգը" նվազագույնի հասցրեց հաջորդ փուլում հայտնբվելու իր բոլոր հույսերը:
H խումբ "Ինտեր" 10մ., "Ռուբին" 10 մ., "Նեֆթչի" 1մ., "Պարտիզան" 1մ.: Թերևս այս խումբը համարվում է ամենապարզ խումբը կայացած 4 տուրերից հետո: Քանի որ արդեն իսկ պարզ են այն 2 թիմերը, թե որոնք են դուրս գալու խմբից: Բելգրադում հյուրընկալվելով տեղի "Պարտիզանին" Միլանի "Ինտերը" կարողացավ 1:3 հաշվով հաղթանակ տոնել տանտերերի նկատմամբ: Մյուս խաղն էլ, որ կայացավ Բաքվում նույնպես հաղթանակ տոնեցին հյուրերը` "Ռուբինի" ֆուտբոլիստները 0:1 հաշվով հաղթելով "Նեֆթչիին": Այս խմբում մնացել է պարզել մեկ բան թե առաջատար երկյակից, որ թիմն է դուրս գալու հաջորդ փուլ 1-ին հորիզոնականով:
I խումբ "Օլիմպիկ" Լիոն 12մ., "Սպարտա" 7մ., "Իրոնի Կիրյաթ" 1մ., "Ատլետիկ" 1մ.: Այս խմբում տեղի ունեցավ գլխավոր անակնկալը, քանի որ Եվրոպա լլիգա նախորդ խաղարկության եզրափակիչ դուրս եկած իսպանական "Ատլետիկ" Բիլբաոն, 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունելով Լիոնի "Օլիմպիկին" 2:3 հաշվով զիջեց, և անհնարինին հասցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:
Պահ` "Ատլետիկ"-"Լիոն" հանդիպումից, պայքարի բովում Գուրկուֆն ու Ագիրեչեն են
Իսկ խմբի մյուս խաղում` Շմոնայում, "Իրոնի Կիրյաթը" կարողացավ մեկ միավոր վաստակել Պրահայի "Սպարտայի" հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Այս տուրից հետո "Լիոնը" անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
J խումբ "Լացիո" 8մ., "Տոտենհեմ" 6մ., "Մարիբոր" 4մ., "Պանատինաիկոս" 2մ.: Այս խմբում վերջապես 3  ոչ ոքիներից հետո 4-րդ տուրում կարողացավ հաղթանակ տոնել "Տոտենհեմը": "Շպորները" սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան Սլովենիան ներկայացնող "Մարիբորի" նկատմամբ: Այս խաղը նաև կարելի է համարել տանտերերի հարձակվող Ժերմիեն Դեֆոյի "բենեֆիսը", քանի որ Անգլիայի հավաքականի  հարձակվողը խփեց իր թիմի 3 գնդակները և ձևակերպեց "հեթ տրիկ": Խմբի մյուս խաղում էլ Հռոմում "Լացիոն" կարողացավ խոշոր` 3:0 հաշվով, առավելության հասնել հունական Պանատինաիկոսի" նկատմամբ: 4-րդ տուրից հետո կարծես թե առանձնացան խմբի 2 ֆավորիտները, բայց դեռ 2 թիմերն էլ չեն ապահովել հաջորդ փուլի իրենց ուղեգիրը:
K խումբ "Բայեր" 10մ., "Մետալիստ" 10մ., "Ռուսենբորգ" 3մ., "Ռապիդ" 0մ.: Այս խմբում էլ մեկ պարզելու բան մնաց կայացած 4-րդ տուրից հետո: "Բայերը" Լեվերկուզենում 3:0 հաշվով հաղթելով Վիեննայի "Ռապիդին" ապահովեց հաջորդ փուլի իր ուղեգիրը: Խարկովում էլ` "Մետալիստը", 3:1 հաշվով հաղթելով նորվեգական "Ռուսենբորգին նույնպես ապահովեց հաջորդ փուլում իր տեղը: Մնաց միայն պարզել, թե "Բայերից" ու "Մետալիստից", որ թիմը դուրս կգա հաջորդ փուլ առաջին հորիզոնականով:
L խումբ "Հանովեր 96" 10մ., "Լեվանտե" 7մ., "Տվենտե" 3մ., Հելսիգբորգ" 1մ.: Այս խմբի առաջին խաղում Հանովերում տեղի համանուն թիմը 3:2 հաշվով հաղթելով "Հելսիգբորգին" ապահովեց հաջորդ փուլի իր ուղեգիրը: Իսկ խմբի մյուս խաղում էլ մյուս ուղեգրի համար պայքարող 2 թիմերի մրցավեճը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: "Տվենտեն" սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել "Լեվանտեի" համառ դիմադրությունը և հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Վերջում մնում է ասել մեկ բան կայացած 4-րդ տուրից հետո` Եվրոպա լիգայի խմբային փուլում ամեն ինչ խճճված է:

1 comments:

Blog News said...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons