Monday, October 8, 2012

Երրորդն ավելորդ էր Կլասիկոյում

Հերթական կլասիկոյում, որը արդեն 222-րդն էր, գերիշխում էր հենց 2 թիվը: Գլխավոր դերերում 2 ֆուտբոլիստներ էին, որոնք խփեցին 2-ական գոլեր: Իսկ այն, որ այս պահին երկու թիմերը հավասարապես ուժեղ են, 2 կարծիք լինել չի կարող:


Վերջին կլասիկոները դարձել են շատ ավելի կանխատեսելի ու տրամաբանական, միևնույն ժամանակ` արդարացի ֆուտբոլային իմաստով: Իրոք, «Կամպ Նոու»-ում տեսանք թիմերին այնպես, ինչպես իրականում իրենք կան այսօր. «Բարսան»` իր շարունակվող պաշտպանական խնդիրներով և նոր մարզչով, որը չգիտի ինչ կարելի է փոխել իրեն վստահված թիմի խաղում, և «Ռեալը», որի խաղը կախված է այն բանից, թե ինչքանով են ֆուտբոլիստները հասկացել իրենց մարզչի բարդ մտահաղացումները: Իսկ երկու թիմերի նմանությունն այն է, որ անկախ ամեն ինչից երկու թիմերի հաջողությունն էլ կախված է երկու առանձին ֆուտբոլիստներից: Եվ երեկ, երբ վերը նշված գործոններով թիմերը հավասար էին, այդ երկու ֆուտբոլիստները նույնպես որոշեցին խաղաղ դաշինք կքնել, և կամ էլ չկարողացան միմյանցից ավելի ուժեղ գտնվել:

Խաղից առաջ ամենաքննարկվող թեմաները «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանի դիրքն էր և մրցաշրջանի սկզբում թիմերի միջև առկա բավականին մեծ տարբերությունը: Կատալոնացիների կազմում վերջիվերջո որպես կենտրոնական պաշտպան հանդես եկավ Ադրիանոն, ինչը շատ անսպասելի որոշում էր: Հասկանալի է, որ Ադրիանոն նույնիսկ իր` եզրային պաշտպանի դիրքում մեծ հաշվով «պաշտպան» չէ, իսկ ինչ է անելու նա կենտրոնում: Դրան գումարվեց այն, որ «Բարսայի» դասավորությունը խաղի մի շարք հատվածներում վերածվում էր 3-4-3-ի` Խորդի Ալբայի առաջ տեղաշարժերի պատճառով: 

«Ռեալը» վստահ սկսեց խաղը և առաջին րոպեներին տիրում էր նախաձեռնությանը: Իսկ երբ «Բարսան» հավասարեցրեց խաղը, կապտանռնագույնների «փոխարինող» կենտրոնական պաշտպանները թուլացրեցին զգոնությունը, և Ռոնալդոն բացեց խաղի հաշիվը: Վալդեսը չկարողացավ ոչինչ անել, և նրան մեղադրել մեծ հաշվով չարժե, քանի որ ոչ ոք էլ նրանից ավելին չէր սպասում: Իսկ ումից որ սպասվում էր ավելին, արեց ավելին: Մեսսին շուտով կարողացավ հավասարեցնել հաշիվը: Թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվով, սակայն «Բարսան»` առանց Դանի Ալվեշի, որը վնասվածք ստացավ և փոխարինվեց: 

Երկրորդ կեսում թիմերը շարունակեցին իրենց բնորոշ ֆուտբոլը խաղալ, սակայն շատ հանգիստ ու թեթև: Կլասիկոյին բնորոշ լարվածությունը երեկ ընդհանրապես բացակայում էր, թիմերը կարծես նախօրոք հաշվարկել էին միմյանց հնարավորությունները և հավասարության նշան դրել իրենց միջև` թողնելով արդյունքը Մեսսիի և Ռոնալդոյի վերջնական հաստատմանը: Վերջիններս էլ երկրորդ կեսում ևս մեկ անգամ փորձեցին ուղղումներ մտցնել վերջնական արդյունքի հաշվարկում. թվերը փոխվեցին, իսկ ահա հավասարության նշանը մնաց իր տեղում: Որպես հիշողություն Մեսսիի մոտ կմնա հիասքանչ գնդակը տուգանայինից, իսկ Ռոնալդոյին` 6 կլասիկոներում անընդմեջ աչքի ընկնելու հանգամանքը, ինչպես նաև հավանաբար ցավերը ուսի շրջանում: Դարպասապահները, ընդհանրապես, գուցե և ոչ մի դրական բան չունենան հիշելու այս խաղից, քանի որ երկու հոգով գրանցեցին ընդամենը մեկ սեյվ, որը բաժին հասավ տանտիրոջը` Վալդեսին: Արդյունք, որից գոհ են բոլորը, որը թղթի վրա ոչ մի բան չփոխեց. նույնն է մնում և թիմերի միջև միավորների տարբերությունը, և երկու ֆուտբոլիստների դիրքերը ռմբարկուների ցուցակում: 

Թերևս, վերջին երկու տարիներում կլասիկոների նման մեծ քանակն էր պատճառը, որ այս մրցաշրջանի առաջին բախումը առանձնապես ինտրիգային չստացվեց, սակայն մինչև մարտ թիմերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու և կհասցնեն միկրոճակատամարտերի մեծ ցուցակ կուտակել:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons