Sunday, October 28, 2012

Հայաստանի 21-րդ առաջնությունում 2 առաջատարները ակնհայտ առաջ են նետվում

 Փոքր ընդմիջումից հետո "Գոլիզեում" բլոգը նորից Ձեզ է ներկայացնում Հայաստանի 21-րդ առաջնության հերթական տուրը: Կայացան 27-րդ տուրի հանդիպումները, սակայն թիմերը անցկացրել են 26 հանդիպում, քանի որ հետաձգվել էին 26-րդ տուրի հանդիպումները: 27-րդ տուրում տեղի ունեցավ  մրցաշարային աղյուսակում հարևան հորիզոնականներում գտնվող թիմերի փոփոխություն: Տուրն աչքի ընկավ միջին արդյունավետությամբ և կայացած 4 խաղերում գրանցվեց ընդամենը 9 գոլ: Այսինքն` մեկ խաղւոմ 2.25 գոլ: Այսքանով անդրադառնանք 27-րդ տուրի կայացած հանդիպումներին` առանձին-առանձին:


Հայաստանի 21-րդ առաջնության 27-րդ տուրը սկսվեց հետնապահների խաղով: Վերջին հորիզոնականոււմ ընթացող  "Արարատը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում ընթացող "Բանանցին": Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հիանալի և կայուն ելույթներով աչքի ընկնող "Արարատը" կարողացավ առավելության հասնել այս մրցաշրջանում երիտասարդացման ուղին ակնհայտորեն բռնած "Բանանցի" նկատմամբ: Հանդիպման 8-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից Ավետիք Կիրակոսյանի հեղինակած գոլը մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո պարզվեց, որ հաղթական էր "Արարատի" համար, որն էլ սեփական հարկի տակ հաղթելով "Բանանցին" նվազագույն` 1:0 հաշվով, շրջանցեց վերջինիս և դուրս եկավ 7-րդ հորիզոնական:
Խաղային առաջին օրը կայացավ ևս մեկ հանդիպում, որտեղ "Ուլիսը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Դիլիջանի "Իմպուլսին":
Պահ` "Ուլիս"-"Իմպուլս" հանդիպումից
Խաղը սկսվեց և հանդիպման առաջին կեսն անցավ "Ուլիսի" խաղային և տարածքային առավելությամբ, որն էլ տանտերերը կարողացան իրացնել 2 գնդակի առավելության հյուրերի նկատմամբ: Նախ` 28-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Արտակ Գրիգորյանը, այնուհետև` 45-րդ րոպեին, իր թիմի 2-րդ գնդակը խփեց Արսեն Բալաբեկյանը և թիմերը գնացին ընդմիջման, երբ "Ուլիսը" հաղթում էր 2:0 հաշվով: 2-րդ խաղակեսում "Ուլիսի" մարզիչներն Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ ընտրել էին "իտալական Կատենաչոյի" տարբերակը, այսինքն ամբողջ թիմով անցել էին պաշտպանության, որպեսզի պահպանեին հաղթական հաշիվը և վաստակեին 3 միավոր, առջևի գծում միայն թողել էին արագավազ Արսեն Բալաբեկյանին, որը պետք է փորձեր հակագրոհների ժամանակ իր արագության հաշվին դառնալ գոլի հեղինակ: Ինչպես և սպասվում էր 2-րդ խաղակեսի հենց սկզբից "Իմպուլսի" ֆուտբոլիստները նախահարձակ եղան, որպեսզի կարողանային հետ բերել կորցրածը: Դիլիջանցիները շատ ակտիվ էին և ունեցան դարպասն գրավելու մի քանի լավ առիթ, սակայն այս խաղում փայլեց "Ուլիսի" դարպասապահ Էդուարդ Հովհանիսյանը, որը բազմիցս կարողացավ իր թիմին փրկել վերահաս գոլերից: Միայն հանդիպման 82-րդ րոպեին "Ուլիսի" պաշտպանությունն տեղի տվեց և դարպասապահի դեմ դիմաց միայնակ դուրս գալով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի, իսկ իր խփած գոլերի քանակը հասցրեց 15-ի: Հանդիպման վերջին րոպեները իսկական մղձավանջի վերացվեցին "Ուլիսի" ֆուտբոլիստների համար: Մի քանի լավ պահ նորից ունեցան դիլիջանցիները, սակայն շարունակում էր իր բարձրության վրա մնալ և "Ուլիսի" պաշտպանությունը, և "Ուլիսի" դարպասապահ` Էդուարդ Հովհանիսյանը: Վերջինս կարծում ենք` իր լավագույն հանդիպումն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում: Հանդիպման վերջին վայրկյաններին "Ուլիսը" ստացավ 2 գոլային հնարավորություն: Նախ Դավիթ Գրիգորյանը, այնուհետև էլ փոխարինման մտած հարձակվող Գալուստ Պետրոսյանը միայնակ մնացին մրցակցի դարպասապահի դեմ և մնում էր դիպուկություն, սակայն 2 մենամարտերում էլ հաղթանակած դուրս եկավ "Իմպուլսի" դարպասապահ Գոռ Էլյազյանը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` "Ուլիսի" հաղթանակով:
2 առաջատարների մասնակցությամբ հանդիպումները կայացան խաղային 2-րդ  օրը և նույն ժամին: Նախ անդրադառնանք Գյումրում կայացած "Շիրակ" - "Գանձասար" հանդիպմանը:
 Առաջատար երկյակում մնալու և չեմպիոնության մրցավազքն շարունակելու համար "Շիրակը" հաղթանակի պարտավորվածությամբ էր դուրս եկել խաղադաշտ, իսկ "Գանձասարը" հաղթանակի դեպքում կմոտենար "Իմպուլսին" և կշարունակեր լավագույն եռյակում հայտնվելու պայքարը: Ֆավորիտի կարգավիճակով խաղադաշտ էր դուրս եկել Գյումրիի "Շիրակը", որն էլ կարողացավ ապացուցել իր ֆավորիտ լինելու հանգամանքը և 2 անպատասխան գնդակ ուղարկելով Կապանից ժամանած հյուրերի դարպասը, ինչպես նաև ցույց տալով գրավիչ ֆուտբոլ 2:0 հաշվով առավելության հասավ "Գանձասարի" նկատմամբ: Հանդիպման 6-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը, իսկ հանդիպման 58-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց և հաշիվը վերջնական տեսքի բերեց "Շիրակի" կոտդ'իվուարցի հարձակվող Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն:
Հայաստանի 21-րդ առաջնության 27-րդ տուրը ավարտվեց տուրի կենտրոնական "Միկա"- "Փյունիկ" հանդիպումով: Իմանալով իր գլխավոր մրցակցի և հետապնդողի` "Շիրակի" հաղթանակի հասնելու մասին լուրը "Միկային" ոչինչ" չէր մնում, քան առավելության հասնել "Փյունիկի" նկատմամբ և պահպանել առաջատարի դիրքը: Այս հանդիպումը իր բովանդակությամբ որոշ չափով նման էր "Ուլիս"-"Իմպուլս" հանդիպմանը, քանի որ ընթացավ գրեթե նույն սցենարով: Թիմերն անցկացրին 2 տարբեր խաղակեսեր: Առաջին խաղակեսում գերազանցում էր "Միկան", որն էլ իր տարածքային և խաղային առավելությունը վերածեց 2 գոլի: Նախ` աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը հանդիպման 39-րդ րոպեին, իսկ 41-րդ րոպեին էլ իր թիմին 2 գնդակի առավելության հասցրեց Վարդգես Սաթումյանը: 2-րդ խաղակեսում ամբողջությամբ տարածքային և խաղային առավելությունն անցավ "Փյունիկին", որն էլ իր հերթին կարողացավ միայն կրճատել հանդիպման հաշիվը Դավիթ Մանոյանի գոլի շնորհիվ հանդիպման 71-րդ րոպեին: "Միկան" հաղթեց, այսպես ասած, երևանյան դերբիում 2:1 հաշվով:
Անդրադառնալով մրցաշարային աղյուսակին` պետք է նշել, որ 27-րդ տուրից հետո 8-րդ հորիզոնականում է ընթանում "Բանանցը" 25 խաղից վաստակած 17 միավորով: Հաղթանակի շնորհիվ վաստակելով 20 միավոր անցկացրած 26 խաղերից "Արարատը" բարձրացավ" 7-րդ հորիզոնական, 6-րդ հորիզոնականում հաստատվեց և 3-րդ հորիզոնականում հայտնվելու քայլ կատարեց "Ուլիսը", որը 26 խաղից վաստակել է 29 միավոր: 5-րդ հորիզոնականում է Կապանի "Գանձասարը" 25 խաղից վաստակած 34 միավորով: 4-րդ հորիզոնականում է ընթանում "Փյունիկը", որը 25 խաղից վաստակել է 36 միավոր: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 26 խաղից վաստակած 38 միավորով, 2-րդ հորիզոնականում Գյումրիի "Շիրակն" է 25 խաղից վաստակած 55 միավորով, դե իսկ առաջատարն էլ "Միկան" է 26 խաղից վաստակած 58 միավորով:
Ամփոփելով 27-րդ տուրը պետք է նշել, որ հաղթանակների շնորհիվ Հայաստանի 21-րդ առաջնությունում 2 առաջատարները ակնհայտ առաջ են նետվում :
    
  

1 comments:

Blog News said...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons